ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆ՝ «ՀՈԳՈՒ ՏՐՈՅԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ…» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լույս է տեսել Նորայր Ադալյանի վերլուծական գրքույկը Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի կյանքի և ստեղծագործության մասին: Այն ընդգրկում է հեղինակի շուրջ մեկուկես տասնամյակ առաջ մտահղացած էսսեն՝ «Իմ եղբայր Ադալյանը» վերնագրով, հայերեն և ռուսերեն: Գրքույկը փոքրածավալ է, բայց տարողունակ: Եվ ունի ավելի ընդհանրական խորագիր՝ «Ռուբեն Ադալյանի ժամանակը և տարածությունը (անշրջանակ դիմանկարի փորձ)» Եր., Վան Արյան, 2018, 95 էջ: Հայերենը երրորդ հրատարակությունն է, ռուսերեն լույս է տեսնում առաջին անգամ (թարգմ.՝ Գ. Կուբաթյան):
Խորագրերի տարբերությունը բխում է հեղինակի այն խոստովանությունից, որ գրքույկը գրվել է՝ հաղթահարելով «արյան հարազատի քաղցր նեղմտությունը», արվեստագետին դիտելով «օտար հարազատի աչքով, որն ի մասնավորի զուգահեռում տեսնում-զգում է նաև պատկերի ընդհանրականությունը, ինչ հարաբերում է հայրենի երկրին, մարդկությանը, /…/ ժամանակին»: Մեր կողմից ասենք, որ սա, թերևս, հասցեագրվում է Նորայր Ադալյան գրողին, գրականագետ-արվեստագետին չճանաչող, այս դեպքում՝ առավելապես ռուսալեզու օտար ընթերցողին, քանզի ճանաչողները քաջ գիտեն նրա անկաշառ սկզբունքայնությունն ու օբյեկտիվությունը, լավատեղյակությունը գրականության և արվեստի աշխարհում կատարվող արդիական զարգացումներին, մտածողության լայնությանն ու խտությանը, նաև… բնավորության համեստությանը, որով խոր ու դիպուկ, միանգամայն արվեստագիտական իր վերլուծություններն ու մեկնաբանությունները ընդամենը «մտորումներ», «դիտարկումներ», մինչև անգամ «մակերեսային նշագրումներ» է որակում:
Սակայն, թերևս, բնական է թվում նաև հարցը, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է հենց ինքը գրիչ վերցրել ու ստանձնել իր տաղանդաշատ նկարիչ եղբոր արվեստի քննության ու գնահատման առաքելությունը, որը վաղուց արհեստավարժ նկարչագետների պարտքն ու գործը պիտի եղած լիներ: Բանն այն է, որ Ռուբեն Ադալյանի մասին «քիչ չի գրվել», բայց սակավ հոդվածներում է փորձ եղել «թափանցելու նկարչի էութենականության մեջ…», գտնելու նրա «բազմաթիվ անհայտներով հավասարման լուծումը»: Ահա թե ինչու՝ «մեծ տխրություն է, նաև ցավ, մեր հասարակական գիտակցությանը, որ հաճախ ուշ ենք տեսնում այն, ինչ ունենք, մեր հարստությունը: Եվ ուշանում ենք»: Այս բացն է, ահա, որ փորձ է անում լրացնել Նորայր Ադալյանը իր էսսեով, որը բացի նկարչի անձին ու գործին վերաբերող վերլուծականներից, պարունակում է նաև ընդհանրապես մեր կյանքին, արվեստին, մտածողությանն ու բարոյականությանը առնչվող լուրջ ու արդիական հարցադրումներ:
Բնութագրելով Ռուբեն Ադալյան արվեստագետի էությունն ու խառնվածքը՝ Ն. Ադալյանը նախ նկատում է, թե «Նրա էներգիան այնքան հզոր է, որ լուսավորում է ժամանակ ու տարածություն», և ապա՝ գծում այդ ամենը բացող բանալի բառ-գաղափարների պայմանական մի շղթա՝ կազմված Ազատություն-Գեղեցկություն-Դրամա-Սեր-Հոգի բնորոշումներից:
Այս ամենի հիմքում ընկած Ազատության գաղափարը նկարչին համակել է պատանեկան տարիներից: 2000 թվականի սեպտեմբերին Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացված իր գրաֆիկական ու կոլաժ աշխատանքների հետահայաց անհատական ցուցահանդեսում նա որպես սկիզբ ներկայացրել էր դեռևս 1941-ին, երեխա ժամանակ գծագրած «Լամպով նատյուրմորտը»՝ «Միայնակ լամպ՝ աղոտության մեջ»: Առանց, թերևս, գիտակցելու, որ իր ստեղծագործական հետագա կյանքը լինելու է պայքար հենց Լույսի ու Գեղեցկության համար: Եվ ապա՝ տարիներ անց, արդեն Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Ռուբեն Ադալյանը՝ «իր ներքին ձայնի թելադրանքով», նկարազարդել է Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը, իսկ 1956 թվականին, իբրև դիպլոմային աշխատանք ներկայացրել «Ավարայրի ճակատամարտը» հսկայածավալ գեղանկարը, որը, ցավոք, չի պահպանվել «մեր տաղանդավոր անփութության պատճառով»: Ի դեպ, բնորոշ է, որ դեռ ստալինյան բռնատիրությունից չազատագրված այդ շրջանում ոչ ոք չի ցանկացել լինել այդ աշխատանքի ղեկավարը, և Ռուբեն Ադալյանը միայնակ է իրականացրել այն, որը, սակայն, Մարտիրոս Սարյանի նախագահած հանձնաժողովը միաձայն գնահատել է գերազանց:
Վերլուծելով այդ, ինչպես նաև «Դոն Քիշոտ», «Սուսերամարտիկուհին», «Կանչը» և այլ գեղանկարների բովանդակությունը, Ռուբեն Ադալյանի ստեղծագործական ճանապարհի առաջին փուլը գրքույկի հեղինակը բնորոշում է որպես «ներքին ազատության գաղափարի նկարչական կերպարի որոնման շրջան»: Քանզի համոզված է, որ «նյութական Տրոյայից» ավելի դժվար է «հոգու Տրոյայի բացահայտումը՝ ազգ ներկայացնող ներքին մարդուն, նրա ազատության ձգտումներն ու բուն ազատությունը»:
Նշված խնդիրների համատեքստում Նորայր Ադալյանը շեշտադրում է կոմֆորմիզմի՝ որպես պատեհապաշտության, հարմարվողականության վնասակար էությունը, որին հետևողները փորձում են հետին թվով սրբագրել անցյալը, ինչպես ինքն է արտահայտվում՝ «ընդդիմադիր աշխատել՝ դուր գալու միշտ էլ հսկայական տարածություն զբաղեցնող ամբոխին»: Արդյունքում «ընդդիմադրությունը, որ ըստ էության կյանքն ու հասարակական գիտակցությունն առաջ շարժող, նորոգիչ գործողություն է, մեզանում զգալիորեն արժեզրկվեց…»: Ընդ որում, Ն. Ադալյանը խոսում է ոչ միայն քաղաքական՝ «լոկ պետական իշխող կարգ ու կանոններին ուղղված հակազդեցություն» հանդիսացող, այլև «հոգևոր ընդդիմադրության» մասին, որն արտահայտվել է միշտ «գրականության, արվեստի, գիտության ասպարեզներում»: Նրանցից մեկն էր Ռուբեն Ադալյանը, ով «ակնառու ընդդիմադիր եղավ» կերպարվեստի բնագավառում», իր մտածական շարժումներով, յուրաքանչյուր գույն ու գծագրությամբ հակառակվելով նկարչության քարացած պատկերացումներին, որոնք ո՛չ դասական էին և ո՛չ իսկ արդիական, այլ՝ ժամանակին կից»: Նման ճշմարիտ ընդդիմադիրների շարքում նա իրավամբ հիշատակում է նաև Պարույր Սևակին՝ գրականության, և Ավետ Տերտերյանին՝ երաժշտության մեջ: Այդպիսի ընդդիմադիրները, ըստ Ն. Ադալյանի, ունեն ժամանակի խորքային ըմբռնում ու զգացողություն և ժամանակն ավելի լավ են ճանաչում, քան «ժամանակահաշվիչները»: Մասնավորապես, Ռուբեն Ադալյանը «գիտի նրա արյան բաղադրությունն ու անատոմիան», իր «երրորդ աչքով» տեսնում է «ժամանակի սիրտ ու մտքի յուրահատուկ, այլ ժամանակներից էականորեն տարբերվող գործողությունը, որն անտեսանելի է երկու պարզ-հաղորդակցական աչքերին…»: Այստեղից արդեն մի քայլ է դեպի ռեալիզմի առավել խորքային ըմբռնումը, որով Ռուբեն Ադալյանը «սահման չի քաշում ռեալիզմի և աբստրակտ հայեցության միջև, (…) այլ շաղախում է նրանց, տարրալուծում իրար մեջ՝ ստանալով գեղագիտական մի նոր վիճակ, ինքնահատուկ իրապաշտություն»: Ռեալիզմի նման ըմբռնումը, իհարկե, պաշտպանել և պաշտպանում են նաև անցյալի ու ներկայի շատ արվեստագետներ: Ն. Ադալյանը բերում է Ռոժե Գարոդիի «անափ ռեալիզմի» տեսության օրինակը: Բայց խորքային կամ համապարփակ, Բոդլերի արտահայտությամբ՝ «միաժամանակ և՛ իրատեսական, և՛ տրանսցենդենտալ» արվեստի կողմնակիցներ էին նաև ինքը՝ Բոդլերը, Ստենդալը, Զոլան, Վ. Թեքեյանը, Կ. Զարյանը և ուրիշներ: Հայտնի է Մ. Մեծարենցի ընդվզումը իր պոեզիան «անպատճառ» որևէ իզմ-ի նեղ սահմանների մեջ պարփակելու փորձերի դեմ: Նույն տեսակետն է պաշտպանում նաև Ն. Ադալյանը, երբ, ճշմարիտ մեծերին նկատի ունենալով, գրում է. «Անշուշտ, արվեստի կանոնակարգումն անհրաժեշտ ու օգտակար գիտություն է, սակայն չի՞ թվում, որ արվեստագետներին քաղաքացիություն տալով այս կամ այն իզմ-ի տարածքում, մենք աղքատացնում ենք նրանց»: Նման եզրահանգման համար հիմք է ծառայում նաև գրքույկի հեղինակի այն դիտարկումը, որ վերը հիշատակված «բառագաղափարական» շղթայի օղակները իրարից մեկուսացված չեն, այլ՝ սերտորեն փոխներթափանցված, դոմինանտ ունենալով Սերը, քանզի «նրա գիծն ու գույնն այդքան կախարդիչ չէին երգի՝ առանց սիրո ծովում թաթախվելու», և Դրաման, որը Ռուբեն Ադալյանի նկարչությունը բովանդակավորում է «բացառիկ խոր ու ընդգրկուն դրամատիզմով»:
Նորայր Ադալյանն իր վերլուծություններում իրավամբ չի շրջանցում նաև արվեստում ազգայինի խնդիրը: «Կա մի տարածված մտայնություն, որին հետևում են նախ մեր կերպարվեստին մոտ կանգնած օտարներ,- գրում է նա,- թե հայոց նկարչությանը, իբրև ազգային-հոգևոր ֆենոմենի, առանձնահատուկ կերպով բնորոշ են առարկայական ու երփնագրային պայծառ գույները, որոնք Սարյանը հասցրեց բարձրագույն հնչեղության»: Նա ո՛չ հաստատում և ո՛չ էլ մերժում է նման մտայնությունը, սակայն հիշեցնում է, որ «այդ նույն գույներով նկարել է ֆրանսիացի Մատիսը և միջինասիական ամբողջ նկարչական համագործակցությունը»: «Այդ դեպքում» «պայծառը» որքանո՞վ է ազգային, որով հաճախ կշռում-գնահատում ենք մեր ազգայինի չափաբաժինը և բացարձակացնում»,- հռետորական հարց է տալիս նա՝ նկատելով նաև, որ «Սարյանի ազգայինն ավելի պետք է տեսնել հոգու տիրույթներում, որով նա ներքին էութենականությամբ հարազատանում է Թումանյանի աշխարհին»: Ավելին, նա համոզված է, որ «Ազգայինը, մինչև իսկ հազարամյա մշակութային ավանդներ ունեցող ժողովրդի մոտ, ինչպիսին մենք ենք, փակ ու ավարտված երևույթ չէ, այլ միշտ բաց ու շարունակելի՝ նոր բացահայտումների համար»: Այս լույսի տակ էլ, ահա, քննելով Ռուբեն Ադալյանի ստեղծագործությունը՝ գրողը հաստատում է, որ նրա նկարչությանը «բնորոշ չեն մեր ավանդական ծիածանային գույները՝ հատկապես կարմիրի, դեղինի ու կապույտի շեշտադրությամբ, այն աչքի է ընկնում մոխրագույնի, լույսի և մթության սահմանագծային երանգներով, որոնց մթնոլորտում առարկան ավելի իր խորքում է, քան մակերեսի վրա»: Բացի այդ, նա հորդորում է նկարչի ազգային պատկանելությունը որոնել նաև նրա «գեղարվեստական ոճի, կառուցվածքի, գաղափարների, աշխարհընկալման, սիրող հոգու, ինչու չէ՝ նաև գունադրման ամբողջական համակարգում»: Ամբողջ ասվածը, ի վերջո, նրան բերում է այն եզրահանգման, որ հանձին Ռուբեն Ադալյանի արվեստի, «մեր առջև հարստացված ազգայինն է՝ իր նորաշունչ կերպարով»:
Գրքույկի հեղինակը Ռուբեն Ադալյանի ստեղծագործության գնահատության ոլորտում «էական բացթողում» է համարում նաև այն, որ նկարչի արվեստը մինչև այժմ դիտարկվել է ոչ թե իր ամբողջության, «խորապես ապրված բոլոր հանգրվանների միասնության» մեջ, այլ «միայն այս կամ այն շրջափուլում», մինչդեռ «Նա ամեն «կանգառում» եղավ իր նման, իսկ բոլորում՝ իր հավաքական ոգին»:
Հարցադրումներ են սրանք, որոնք իրենց հրատապությունը չեն կորցրել նաև այսօր և կարող են մղել նոր մտորումների ու բացահայտումների: Մի դեպքում, սակայն, թերևս, մեզ թույլ տանք չհամաձայնել հեղինակի հետ, երբ նա համոզմունք հայտնելով, որ Ռուբեն Ադալյանի ո՛չ հորիզոնական, այլ ուղղահայաց՝ «մարդու և վերերկրային ձայների միջև» հոգևոր առնչությունը ներկայացնող նոր որակի ազգային արվեստը «պիտի դուրս գա միջազգային ասպարեզ», այնուամենայնիվ, եզրակացնում է՝ «Սակայն ապրողներիցս և ոչ ոք դա չի տեսնելու»: Թերևս, այս եզրակացությունը հիմնված է արդի հայ նկարչագիտության մակարդակի նկատմամբ նրա, մեղմ ասած, ոչ այնքան բարձր կարծիքի վրա, քանզի ցավով հաստատում է, թե «20-րդ դարի հայ նկարչագիտությունը, հատկապես վերջին տասնամյակներում, ամբողջությամբ վերցրած արժանի չեղավ հայրենիքի, նաև աշխարհի հետ լիաձայն խոսող իր նկարչությանը, որ չի կարելի ասել գրականագիտության և մասամբ երաժշտագիտության վերաբերյալ: Որոշ բացառություններով, նա մեր ժամանակակից նկարչության ժամանակակիցը չդարձավ»: Նման գնահատականի ետևում տեսնելով ավելի շատ ակտիվանալու, օբյեկտիվ գնահատության չափանիշների կիրառման կոչը նկարչագետներին, «հայացք և ոչ նայվածք ունեցող արվեստաբան քննադատների» ավելացման պահանջը, ապավինենք, սակայն, այն փորձված ճշմարտությանը, թե, ի վերջո, հենց ժամանակն է ամեն ինչի արդար դատավորը, և լավատեսորեն հուսանք, որ ժամանակը կտա առաջադրված հարցի բուն պատասխանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.