Նոր տարին բացում է վաղվա օրվա վարագույրը։ Տարին կվարգի նժույգի նշանի տակ։ «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» վերածվում է նամակատարի։ Գրողները գրում են մաղթանք ցանկությունները` հուզմունքով և հավատով։ Անցյալը դուռը փակում է ճռռալով։ Հանրությունը երկփեղկված է, օրը` անորոշ։ Եկող տարին փոփոխությունների տարի է։ Ընտրությունները կորոշեն ապագայի ընթացքը։ Անցնող տարին խաղաղ էր, բայց մեր հոգիները փոթորկված են։ Նոր գործեր դժվար են ստեղծվում։ Ես համոզված եմ, կհաղթահարվեն բարդությունները, հայ ժողովուրդը կբռնի վերելքի ուղին։ Իզուր չեն անցնի պատմության դասերը, կգտնենք Արիադնայի կծիկը` լաբիրինթոսից դուրս գալու համար։ Շատ կարևոր է ունենալ բարեկամներ և ավելացնել նրանց թիվը։ Բայց ամենակարևորը սեփական ուժերին հենվելն է։ Մեզ շոյում են օտարների արձագանքը մեր ժողովրդի մասին։ Կարծում եմ՝ ավելի կարևոր է մեր ներքին համախմբումը։ Պատասխանատվությունը յուրաքանչյուր բառի համար, որը հնչում է հանրային տիրույթում։ Համացանցը օգտագործենք համախմբվելու, այլ՝ ոչ թե պառակտելու համար։ Գրողը հավատում է խոսքի ուժին։ Ամենակարևոր գյուտը գիրն է` քարե գրքից մինչև ժամանակակից թղթե կամ թվային գիրքը։ «ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ» ասույթը նույնանում է «ԱՐՎԵՍՏԸ, ԳԻՐՔԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ» մտքին։
