Ժողովրդական խոսք կա, որն ասում է` մինչև 19 տարեկան բանաստեղծություններ չգրելը ամոթ է, իսկ 19-ից հետո գրելը՝ ավելի ամոթ: Պոեզիայի միջազգային օրվա ցերեկույթ-մրցույթի մասնակիցները փաստեցին, որ պոեզիան տարիք չի ճանաչում: «Լօֆթ Գյումրի» գրական ակումբը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի հետ համատեղ, Պոեզիայի միջազգային օրը նշեց տարբերվող ձևաչափով: Պոեզիայի ճախրանքին զուգընթաց, կազմակերպվեց մեկ բանաստեղծության մրցույթ, որի բոլոր 7 մասնակիցներն էլ Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի գրական ստուդիայի սաներն էին: Ժյուրիի կազմում էին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանը, դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանը և պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ, ՇՊՀ պատմության ամբիոնի դասախոս Արմեն Հայրապետյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի սահմանած 1-ին մրցանակին և հատուկ վկայագրի արժանացավ երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Հակոբյանը: Նրան մրցանակներ և վկայագրեր շնորհեցին նաև ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը և «Լօֆթ Գյումրի» գրական ակումբը: Մյուս մասնակիցները ևս ձեռնունայն չհեռացան. «Լօֆթ Գյումրին» բոլորին շնորհեց նվերներ: Մեր մասնակիցներն ապացուցեցին, որ պոեզիան դուրս է գալիս իրականության սահմաններից և ամբողջացնում է զգացմունքները, հույզերը, երազները…
Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ