Հայի հոգին՝ մշտապես պոեզիայով լեցուն

Մարտի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան: Դահլիճում ներկա գրողների, ուսուցիչների, աշակերտների, պարզապես պոեզիայի նվիրյալների համար մեկական նոր բանաստեղծությամբ ելույթ ունեցան ՀԳՄ անդամ բանաստեղծները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել Պոեզիայի միջազգային օրը հանդիպումներ կազմակերպելը ՀԳՄ-ում և հարակից Պոեզիայի պուրակում, ասաց. «Հայի՝ արևելյան հրաշալի լույսերով, գույներով, խաղերով լեցուն հոգին մշտապես պոեզիայով է արտահայտվել»: Ապա խոսքն ուղղելով երիտասարդներին, դպրոցականներին՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ նրանք պետք է կարողանան ամրակայել հավատը պոեզիայի հանդեպ՝ ընթերցելով դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները: «Ընթերցելը նախ և առաջ անհրաժեշտ է ձեզ, ինքներդ ձեզ եք հասունացնում որպես մարդկային ինքնություն, գեղեցիկ տեսակ, և կյանքում ձեզ դա միշտ օգնելու է մարդկանց հետ հարաբերվելիս, ընդհանրապես, ձեր գոյությունն ընկալելիս: Պոեզիան ձեր հոգու համար է»,- վստահեցրեց ՀԳՄ նախագահը:
Ըստ Արևշատ Ավագյանի՝ պոեզիան օգնում է դրսևորելու սեփական էության, ներաշխարհի այն զգացողությունները, որոնք կապվում են սիրո, լույսի, գարնանային տրամադրությունների և սիրո միջոցով վերարտադրվելու, կյանքի շարունակությունն ապահովելու գաղափարի հետ: «Ուզում եմ, որ այսօրվա խորհրդի մեջ ունենանք այն զգացողությունը, որ կյանքի հարատևության, շարունակականության մեջ պատկերավոր խոսքը, բանաստեղծական խոսքը եղել և մնում է կարևոր արարչագործության շարունակությունը, որովհետև Աստված արարեց Տիեզերքը, աստղերը, երկինքն ու երկիրը, իսկ մարդը նմանակում է արարչագործության հրաշքը»,- ասաց նա:
Օրը պոեզիայի տոնի վերածեցին Արտեմ Հարությունյանը, Շանթ Մկրտչյանը, Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը, Նանեն, Մանիկ Աճեմյանը, Վահան Անդրեասյանը և ուրիշներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։