Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը գրող-բարերարի դպրոցում / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Համաձայնեք, որ հազվադեպ հանդիպող բառակապակցություն է՝ գրող-բարերար: Սովորաբար, գրողն ինքն է կարոտ մնում որևէ բարերարի սրտացավ աջակցության: Այնուամենայնիվ, այդպիսիք կան, և նրանցից մեկն է գրող, գրադատ, ազգային-հասարակական գործիչ, Ամերիկահայ գրողների միության նախագահ Թորգոմ Փոսթաճյանը:
Հիշում եմ Անկախացումից շատ չանցած՝ Հայաստանի գրողների միության համագումարում նախագահ ընտրված Վահագն Դավթյանի խոսքը. «Նախագահի պաշտոնում պետք է ձգտեմ երկու նպատակի՝ ստեղծել ՀԳՄ հրատարակչություն և տպարան: Եթե չստացվի, հրաժարական կտամ»: Ժամանակները դժվարին էին, և, ցավոք, հնարավոր չեղավ իրագործել իր երազանքը: Բայց գրեթե մեկ տասնամյակ անց՝ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի և Սյուրմելյան կտակի հոգաբարձու Թորգոմ Փոսթաճյանի համագործակցությունը տվեց իր արդյունքը՝ Հայաստանի գրողների միությունն ունեցավ իր «Լևոն Զ. Սյուրմելյան» տպագրատունը: Բայց ամեն բան դրանով ոչ միայն չավարտվեց, այլև բեղմնավոր շարունակություն ունեցավ: Թ. Փոսթաճյանը խոստովանել է, որ դրանից հետո «տարին մեկ կամ երկու անգամ Հայաստան այցելելը» իր համար դարձել է կենսական անհրաժեշտություն: «Հայրենասիրական ծարավս հագեցնելուց բացի, այս այցելությունները կատարում էի և դեռ կատարում եմ պարտականություն իրագործելու նպատակով»,- գրել է նա: Իսկ պարտականությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին մերձակա Բաղրամյան և Բերքաշեն գյուղերի միջնակարգ դպրոցի հովանավորությունն էր՝ մոտ 550 աշակերտների և 50-ից ավելի ուսուցիչների ուսումնական և աշխատանքային պայմանների բարելավումն ու դպրոցի արդիականացման ծրագիրը: Արդյունքում հիմնավոր վերանորոգվել է դպրոցի շենքը, կահավորվել, հարմարեցվել կրթական հաստատության ժամանակակից պայմաններին, որի շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել ամենաբազմազան միջոցառումներ: Ընդ որում՝ կրթական բնագավառի նկատմամբ սրտացավությունը պատահական չէ Թ. Փոսթաճյանի համար. Ամերիկայի մեջ երկար տարիներ վարել է կրթական և ազգային պաշտոններ, եղել է Լոս Անջելեսում սկիզբ առած ամենօրյա հայ վարժարանների առաջին ստեղծողներից, Մեսրոպյան նախակրթարանի և երկրորդական վարժարանի հիմնադիրներից մեկն ու առաջին տնօրենը:
Եվ ահա Բաղրամյանի դպրոցի տնօրեն Ռուզան Թադևոսյանի հեռախոսազանգը հրավիրում է ապրիլի 28-ին հերթական, բայց այս օրերի համար, իր բառերով՝ չափազանց պատասխանատու հանդիսության՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախկին պատասխանատու աշխատակից, լրագրող Արթուր Նավասարդյանի հետ մեկնում ենք Բաղրամյան՝ Թորգոմ Փոսթաճյանի անվան դպրոց: Այս անունը, մի տեսակ, միավորում է մեզ՝ Արթուրը գրող-բարերարի վաղեմի համախոհն ու բարեկամն է, նրա հայրենանպաստ ձեռնարկումների աջակիցը: Ինձ համար Թորգոմ Փոսթաճյանը նախ և առաջ հայրենակից է՝ ծնված պատմական Արաբկիրի Վանք գյուղում, Արաբկիրում է ծնվել և իր պատանեկությունն անցկացրել նաև հայրս: Բացի այդ, ես անվանի գրողի հետ հանդիպել եմ Ծաղկաձորում՝ պարբերաբար կազմակերպվող սփյուռքահայ գրողների համաժողովներից մեկի ժամանակ, լավ ծանոթ եմ նրա գրական վաստակին ու ազգաշեն գործունեությանը: Եվ հիմա ես էլ, Արթուրն էլ ափսոսում ենք, որ նա հասկանալի պատճառով (հաջորդ տարի մարտին լրանում է գրողի ծննդյան 90-ամյակը) ներկա չի լինելու այս հանդեսին: Բայց տեղ հասնելուն պես, մեզ անակնկալ էր սպասում՝ հանդիսությանը մասնակցելու էր ժամանել Թ. Փոսթաճյանի՝ Բեյրութում բնակվող հորաքրոջ որդին՝ Ավետիս Նալբանդյանը, տիկնոջ հետ: Մեր կարճատև զրույցից պարզվեց, որ նա ևս շատ հայրենասեր մարդ է, մի քանի անգամ եղել է պատմական Արաբկիրում, Վանք գյուղում, քաջատեղյակ է իր նշանավոր ազգականի հայանվեր գործերին:
Միջոցառումն սկսվեց դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների ուժերով կազմակերպված՝ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված թատերականացված ծրագրով (գրականության ուսուցչուհի Անիկ Մովսիսյանի ղեկավարությամբ): Ապա ելույթ ունեցողները՝ տողերիս հեղինակը, Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքի հոգևոր հովիվ տեր Եփրեմը, Արթուր Նավասարդյանը, Ավետիս Նալբանդյանը, խոսեցին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ մարդկության դեմ գործված այդ ահավոր ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման, միլիոնուկես անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու և արդար պահանջատիրության մասին, հույս հայտնեցին, որ այսօրվա դպրոցական սերունդը կշարունակի հետապնդել և, ի վերջո, տրամաբանական հանգրվանին հասցնել համախմբվելու և միաբան ու միասնական ուժերով պատմական հայրենիքը վերանվաճելու հայության երազանքը:
Ըստ արժանվույն հիշատակվեց նաև դպրոցի բարերար Թորգոմ Փոսթաճյանի անունը, նրա իրագործումները, նաև այն, որ նա ջանք չի խնայում այլ բարերարների ևս ներգրավելու դպրոցի կյանքի բարելավման գործին: Երախտագիտությամբ հիշեցին, մասնավորապես, գրողի վաղեմի բարեկամ, մեծագույն բարերար Վահագն Հովնանյանի և նրա տիկնոջ այցելությունը դպրոց՝ 2007 թ. սեպտեմբերի 12-ին, որի ընթացքում, հանդիպումներից ջերմորեն տպավորված և խանդավառված, խոստացել է «դպրոցին կից հողատարածքի վրա, աշակերտների մարզական առաջադիմության համար, մարզադաշտ կառուցել»: Մինչև այսօր էլ դպրոցում երախտագիտությամբ են հիշում մեծ բարերարի գնահատական-խոսքերը. «Վահագն Հովնանյանը դպրոցը նմանեցրեց բուրումնավետ ծաղկանոցի, ուր հայ մանուկները մեղվի նման կրթական մեղր են ամբարում իրենց հոգիներում: Նրանք ամբարած այդ կրթական մեղրը հետագայում պիտի բաշխեն հայ ժողովրդին: Նա գնահատեց նաև ուսուցչական կազմին, որոնք մեր լեզուն, մեր մշակույթը և պատմությունը ուսուցանում են դպրոցականներին»:
Այդ օրը աշակերտներն ու մանկավարժները, հանդիսության բոլոր մասնակիցները իրենց հետ տարան գլխավոր դասը՝ 100-ամյա ողբերգության հիշատակումը ինքնանպատակ չէ, այլ կարևոր հանգրվան համազգային միասնության ու կամքի, հայ պետականության շուրջ համախմբման և նվիրական նպատակների իրագործման ճանապարհին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։