1. Անցած տարին հարուստ էր մեծ ու փոքր, կարևոր և անկարևոր քաղաքական ու մշակութային իրադարձություններով: Սակայն, իմ կարծիքով, դրանցից կարևոր է եղել միայն մեկը` Եվրախորհրդի հետ կնքված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը: Գոնե արտաքնապես տպավորությունն այնպիսին է, որ վերջապես մեր իշխանությունները հանդգնեցին դուրս գալ Ռուսաստանի «եղբայրական» ճիրաններից և ինքնուրույն որոշում ընդունել: Ճիշտն ասած, մինչև վերջին պահն սպասում էի, թե մերոնք հանկարծակի կհրաժարվեն այն ստորագրելուց, ինչպես եղել է բազմաթիվ անգամներ: Իհարկե, այնքան էլ ինքնուրույն չէր այդ որոշումը: Գուցե Ռուսաստանի իշխանությունները, գտնվելով Եվրոպայի և ԱՄՆ-ի ճնշման տակ, ստիպված են եղել Հայաստանին թույլ տալ կատարելու այդ քայլը: Սակայն կարևորն այն է, որ այդ քայլն արվել է, և դա ինձ համար մեծագույն իրադարձություն է, եթե մեր խեղճ ու կրակ իշխանություններն ամեն ինչ չթողնեն թղթի վրա, ինչպես շատ որոշումներ ու պայմանագրեր:
2. Ստեղծագործական, անձնական կարևոր իրադարձություններ նույնպես եղել են: Ամենակարևորը, որ կարողացել եմ ավարտին հասցնել վեպս: Այն մինչև հիմա գրածներիցս սիրելի է ինձ համար: Իմ կարողության սահմաններում ամենաընդգրկունը` լայնությամբ և խորությամբ, տիեզերական և աշխարհային…