Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1. Ժամանակային որոշակի հեռավորություն է անհրաժեշտ որևէ իրադարձության կարևորությունը գնահատելու համար. լինի քաղաքական, մշակութային թե այլ ոլորտ:
Որքան էլ ուզենամ, իրադարձային մշակութային ձեռնարկ (լավ իմաստով) չեմ կարող մատնանշել, թեև ինձ համարում եմ անուղղելի լավատես: Իսկ ահա 2017 թ. եղավ մի որոշում, որը բացահայտորեն խփեց գրականության, ասել է` նաև մշակույթի դեռևս մաքառող թիկունքին: Խոսքը գեղարվեստական գրքերի տպագրությանը պետական աջակցություն տրամադրելու դադարեցման մասին է: Ի՛նչ կունենանք արդյունքում` կտեսնենք շատ մոտ ապագայում: Որքա՞ն ժամանակ պետք կլինի այս ձեռնարկի տխուր հետևանքները վերացնելու համար` կհասկանանք ավելի ուշ…

2. Իսկ ահա մեր իրականության մեջ ընթացիկ տարում քաղաքական խոշոր իրադարձություն ունեցանք: Խոսքը նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի կնքման մասին է, որը նոր հնարավորություններ ու զարգացման նոր ձևաչափ է բացում մեզ համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթակներում: Սրանով մենք ավելի կմոտենանք Եվրոպայի դռներին: Ե՞րբ կբացվեն դրանք մեր երկրի առաջ: Այդ դռներից անդին, բացի դրական փոփոխություններից, գուցե ինչ-ինչ փորձություններ էլ կան մեզ վերապահված. այս հարցերի գնահատականները ևս վաղը կունենանք… Ափսոս միայն, որ այսօրվա Եվրոպան տարբերվում է երեկվանից թե՛ կայունության և թե՛ որակական իմաստով: Բայց ամեն դեպքում մեզ չպարտադրված այս ճանապարհի վերջում լույս եմ տեսնում…

3. 2017 թ. ստեղծագործական առումով մեզ համար շատ հետաքրքիր նախագծերի իրականացման տարի եղավ: Դրանցից մեկը, իրոք, կարելի է ընդգծել և համարել կարևորագույնը: Խոսքը «ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ» ամենամյա գրական-երիտասարդական մրցանակաբաշխության հիմնադրումն ու անցկացումն էր, որն իր նշանակությամբ հավակնություն ունի կոչվելու Հանրապետական գրական-երիտասարդական մրցանակաբաշխություն: Մենք առանձին-առանձին ծանոթ էինք մեր երիտասարդներին, նրանց ստեղծագործություններին, սակայն մրցանակաբաշխության արդյունքում, երբ նրանց գործերից որպես խրախուսական մրցանակ ծնվեց «ՍՐԲԱԶԱՆ ԴՈՂ» բանաստեղծությունների ծաղկաքաղը, տեսանք, որ հրաշալի սերունդ է ձևավորվում (առաջին մրցանակակրին էլ հաշված` տասներկու երիտասարդ բանաստեղծներ):
Սա հրաշալի է: Սա աննախադեպ է, և կարծում եմ` ձեր ասածի պես` իրադարձային…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։