1. Քաղաքական իրադարձություն… Քաղաքական իրադարձություններ տեղի են ունենում այն հասարակություններում, որոնք դինամիկ են զարգանում… Մենք իներցիայի ժողովուրդ ենք, ոչ թե դինամիկայի: Իսկ իներցիոն ժողովուրդներն ապրում են «հերոսական» անցյալով: Օրհասական պահերին միանում է մեր ինքնապաշտպանական դինամիկան, ու մենք (թե՛ հավաքական, թե՛ անհատական մակարդակներում) սխրագործություններ ենք կատարում: Հետո մի քանի տասնամյակ, դար կամ հազարամյակ կարող ենք ապրել՝ գովերգելով այդ դրվագները: Միգուցե սա (իներցիոն լինելը) արդեն ծերացած ազգի ախտանիշ է, բայց նման դեպքերում ամեն ինչ կիսատ-պռատ է ստացվում, ինչպես ասոցացման ամորձատված համաձայնագիրը, կախյալ անկախությունը, անընդհատ կրակող զինադադարը, ապրիլյան «ազատ ու թափանցիկ» ընտրությունները` իրենց 10000 դրամանոց պերճանքով ու անփոխարինելի «էլիտայի» թշվառությամբ, ինչպես Սասնա ծռերի ապստամբության օրերին բազմահազար բազմության ներկայությունն ու այդ նույն բազմության բացակայությունը նույն Սասնա ծռերի դատավարության ժամանակ… Մեզ մոտ խորքային քաղաքական ոչ մի իրադարձություն չկա, զուտ իներցիա է… Քաղաքական, առավել ևս՝ իրադարձություն, Հայաստանում կարող է լինել միայն դինամիկ զարգացումների ժամանակ:
2. Տարին դեռ չի ավարտվել: Ես դեռ սպասումներ ունեմ այս տարվա իրադարձություններից: Մշակութային իրադարձությունների մեջ ամենակարևորն ընտրելու ժամանակ դեռ ունեմ:
3. Սպասում եմ թարգմանություններիս հերթական հատորի լույսընծայմանը: Հիմնականում 20-րդ դարասկզբի ռուսական պոեզիա (այս տարի երեք հատոր է լույս ընծայվելու): Հիմա չեմ գրում, քանի որ զգում եմ, որ տողիս ընդերքն ու կյանքը հակոտնյա են: Ծեծված, սովոր հանգ ու ռիթմով հեռու չես գնա (սա միայն ինձ չի վերաբերում, սա համախտանիշ է), բազմաշերտ ու բազմածալ կյանքն ընդգրկող հայացքի բացակայությունը մեզ բոլորիս կարող է նեղմիտ դարձնել… Դրա համար էլ Աստված ինձ համահեղինակ է տվել, երկուսով ենք ստեղծագործում. ես ու 3 տարեկան դստրիկս… Միայն մեզ համար…