1. 2017 թ. ամենակարևոր քաղաքական իրադարձությունն, անշուշտ, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրն է, որը դեռ 2013-ին պիտի վավերացվեր: Մի քիչ ուշ եղավ, բայց, բարեբախտաբար, ոչ ուշացած: Ես էլ, շատերի նման, շունչս պահած սպասում էի: Վերջապես մեր ժողովուրդն ու իշխանությունը կարողացան իրենց վճռական խոսքն ասել: Զարմանք է հարուցում, որ Մոսկվան այս անգամ չմիջամտեց: Բայց լրատվամիջոցները չդիմացան և անցան բարեկրթության բոլոր սահմանները: Մոռանում են, որ գործ ունեն անկախ պետության, հինավուրց ու քաղաքակիրթ ժողովրդի հետ: Սովոր չեն: Ոչինչ: Կսովորեն ու կընտելանան: Ի՞նչ է տալու մեզ այդ համաձայնագիրը`
ա. անվտանգություն
բ. լրջագույն բարեփոխումներ
գ. Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի աջակցություն:
Կարճ ասած` դուռ կբացվի դեպի Եվրոպա: Հուսանք, որ այս անգամ ակտիվ գործունեություն կծավալենք: Աշխարհն արագ փոխվում է, և պիտի պատրաստ լինել ամեն տեսակ անակնկալի: Եթե արևելցուն բնորոշ կրիայի քայլերով շարժվենք, մեր երազած հանգրվանին չենք հասնի:
2. Մշակութային կյանքում բարեփոխումներ նկատելի չեն: Հուսանք և սպասենք:
3. Ես ամբողջովին նվիրվել եմ գրականությանը: Պոեզիան իմ կյանքն է: Բայց հիմա հիասթափություն եմ ապրում: Ինչ է, ստեղծագործելը ինքնանպատա՞կ է դառնում: Վաղուց սպասում էի գրքիս ծննդին: Բայց մշակույթի նախարարության նոր որոշման համաձայն հետայսու խիստ սահմանափակ քանակությամբ է տպագրվելու գիրք, այն էլ` հանձնաժողովի կողմից արտոնելու դեպքում: Այսինքն` հեքիաթի հերոսի պես պիտի անցնես մազե կամրջով ու ասեղի անցքով, մինչև հասնես ցանկալիին: Եթե պետությունը չի աջակցելու, հովանավոր չունեցող գրողն ինչպե՞ս գիրք տպագրի: Էլ չգրի՞: Մենք Գրի ժողովուրդ ենք: Հնուց անտի գրքով ենք նաև ապրել ու հարատևել: Հետևությունը թողնում եմ ընթերցողին: