Բարակում են, նվազում են
հորդ գետերը մեր բախտի,
կրկին դարից խռով հայեր
ցուպն են բռնում
պանդուխտի…
Գաղթ, բռնագաղթ, արտագաղթ, ներգաղթ, գաղթական-պանդուխտ, պանդուխտի եր- գեր… Հայոց բառաֆոնդում, մեր հարուստ բառապաշարում այդ բառերն օգտագործվում են դարեր շարունակ:
Դառն են պատմության դասերը: Երբ Հայասա երկրում մոլեգնել են պատերազմները, սովն ու այլ արհավիրքներ, տասնյակ հազարավոր հայեր գաղթել են Պարսկաստան, Վրաստան, Աղվանք, Բյուզանդիա, արաբական երկրներ, Կիլիկիա, Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպական և այլ երկրներ: Մեր հայրենակիցները մայր հայրենիք են ներգաղթել լոկ այն ժամանակ, երբ խաղաղ, շեն ու շռայլ են եղել հայրենիքն ու հայրենին, կամ վտանգներով լեցուն են եղել այն երկրները, որտեղ բնակվել են: Հայոց պատմության էջերում հայերի ներգաղթ է հիշատակվում Արտաշես Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Աշոտ Առաջին Բագրատունու թագավորության (885-900 թթ.) ժամանակներում: 1946-1950 թթ. բազմաթիվ սփյուռքահայեր գաղթեցին մայր Հայաստան: Ներգաղթի մենք ականատես եղանք 1988-1990 թթ., երբ Սումգայիթից, Բաքվից հալածված ու վիրավոր հայեր գաղթեցին հայրենիք, և վերջին երկու տարիներին, երբ Սիրիայում մոլեգնող պատերազմի պատճառով բազմաթիվ սիրիահայեր վերադարձան Հայաստան:
Մեր երկիրը թուլացել, հայոց շեներն ու բնակավայրերը ամայացել են հատկապես օտար նվաճողների մահասփյուռ արշավանքներից, բռնակալների կողմից կազմակերպված բռնագաղթերից: Զենքի ուժով հային ստիպել են թողնել իր օջախը, իր հանդն ու այգին և հեռանալ, մեկնել օտար երկիր: Այդպես վարվեց պարսից Շապուհ թագավորը հայոց Ջուղա քաղաքի բնակիչների նկատմամբ: Այդպես վարվեցին թուրք սուլթաններն ու փաշաները Արևմտյան Հայաստանի բնակչության նկատմամբ: 1895-1922 թթ. հայ ժողովրդի պատմական բնօրրանում կոտորելով, ցեղասպանության ենթարկելով շուրջ 1,5 միլիոն հայերի` նրանք բռնությամբ Արևմտյան Հայաստանից արտաքսեցին ավելի քան 2 միլիոն հայերի:
Հարյուր հազարավոր հայեր մահից փրկվելու, հարազատ բնօրրանները չլքելու նպատակով դավանափոխ եղան կամ թաքնվեցին, ծպտվեցին:
Այսօր Թուրքիայում ուծացած, ծպտված հայերի թիվն անցնում է 4 միլիոնից: Բռնագաղթից և արտագաղթից միլիոնավոր հայեր սփռվեցին աշխարհում, գոյացան սփյուռքահայ գաղթօջախներ աշխարհի բազմաթիվ երկրներում:
ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
ԱՐՏԱԳԱՂԹԸ ԵՎ ՍԱՍԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԵՐԸ
1988-ի երկրաշարժը, հայ-ադրբեջանական պատերազմը, բնակչության սոցիալական ծանր պայմանները պատճառ հանդիսացան նոր արտագաղթի: Վերջին 29 տարիներին գրեթե կիսով չափ արտագաղթել է Գյումրու բնակչությունը: Վիճակն առավել ծանր է Շիրակի մարզի բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում: Ողջի գյուղից գաղթել է 90, Երազգավորսից` 91, Ոսկեհասկից` 250 ընտանիք: Կիսով չափ դատարկվել են Անիպեմզա, Հայկաձոր և այլ գյուղեր: Անիի ենթաշրջանի Խարկով գյուղում բնակվում է մեկ ընտանիք: Շուտով այդ գյուղի անունը կջնջվի Հայաստանի քարտեզից: Ծանր վիճակում են Արփի լճի ենթաշրջանի գյուղերը:
Արտագաղթի ծանր հետևանքները նկատելի են նաև Լոռու, Տավուշի և այլ մարզերում: Եթե այդպես շարունակվի, ապա 25-30 տարի հետո Հյուսիսային Հայաստանը կդատարկվի, բանակում կնվազի զինծառայողների թվաքանակը, կիրականանան մեր թշնամիների կանխատեսումները: Մեծագույն ցավն այն է, որ երկիրը լքում են նաև երկիրը շենացնող շինականները, որոնց զավակները պաշտպանում են երկրի սահմանները: Հեռանում են հողից, երկրից խռոված շինականներ, և հազարավոր հեկտար վարելահողեր մնում են անմշակ, ով մնում է, հերկում, հնձում` ապավինած իր բազկին, նա է հերոս շինականը աշխարհաշեն մեր ազգի:
Շրջափակում, արտագաղթ, հիմա էլ` «Գարդասիլ» կոչվող պատվաստանյութով 13-ամյա հայ աղջիկների պատվաստման ծրագիր, որ ծրագրել և ծրագրում են մեր թշնամիները` կործանելու հայոց պետականությունը:
ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՈՒՄԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է
Ասում են, որ վերջին 30 տարում շուրջ մեկ միլիոն մարդ է գաղթել մեր հանրապետությունից: Ցավոք, երկրի ղեկավարությունն առ այսoր դեռ գործունեության հիմնարար, լիարժեք ծրագիր չի մշակել արտագաղթը կանխելու վերաբերյալ: Օրեր առաջ, հեռուստաեթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը կհասնի 4 միլիոնի»:
Մեծարգո նախագահ, տա Աստված, որ Ձեր կանխատեսումն ու ծրագրերը իրականանան, բայց անհասկանալի է, թե ինչպե՞ս, ի՞նչ ձևերով ու եղանակներով: Հնարավո՞ր է արդյոք առաջիկա 22 տարում երկրում ծնելիության մակարդակի բարձրացումով հասնել նման արդյունքի, երբ դեռ ծանր են ժողովրդի, հատկապես շիրակցիների սոցիալական պայմանները, ցածր է կենսամակարդակը: Գյումրիում դեռ հարյուրավոր ընտանիքներ տառապում են ֆիզիկապես և բարոյապես մաշված կացարան-տնակներում: Հավատացեք, չլիներ արտագնա աշխատանքը (խոպանը), հանրապետության հարյուրավոր բնակավայրերի բնակիչներ սովի կմատնվեին:
Հայ ժողովուրդն այսօր ունի 3 գերխնդիր: Առաջինը, որ 1000 տարի է, ինչ մտահոգում է ազգին` Արևմտյան և Արևելյան Հայաստանների միացումն է, հզոր Հայաստանի ստեղծումը, երկրորդը` արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, 3-րդ գերխնդիրն առնչվում է ԱՐՏԱԳԱՂԹԻՆ:
Մեծարգո այրեր հայոց աշխարհի, եթե ՀՀ Ազգային ժողովը, կառավարությունը, տեղական իշխանությունները կյանքի չկոչեն արտագաղթը կանխելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, ժողովրդի սոցիալական պայմանները բարելավելու նոր ծրագրեր, նոր ռազմավարություն` երկիրը կամայանա, ազգի թիվ 3-րդ գերխնդիրը կդառնա առաջինը: Կիրականանա մեր երևելի և աներևույթ թշնամիների գաղտնի ծրագիրը: Ուրեմն` ազգովի դեմքներս շրջենք դեպի Շիրակ, Լոռի, Տավուշ, մյուս մարզեր, աջակցենք, զորավիգ լինենք երկիրը շենացնող մեր շինականներին, անգործ ու անօթևան մեր հայրենակիցներին, կանխենք արտագաղթը: