Հրանտ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ
Վճռված էր արդեն, Ամանորը Մեղրիում եմ դիմավորելու` աղջիկներիս հետ, իհարկե, աշխարհի կործանումից հետո: Ճիշտն ասած, չէի էլ պատկերացնում, թե աշխարհի վերջն ինչպես է գալու, բայցևայնպես, այդ մեծ արհավիրքին գերադասելի էր գնալ միայնակ: Սակայն, փառք Աստծու, ամեն ինչ բարեհաջող անցավ, ու երկիրը կապրի ևս այնքան, որքան ապրել է: Գոնե գիտնականներն այդպես են ասում…
Ծննդավայր: Սկիզբը քո և օրրանը: Հարազատ լեռներ ու այգիներ: Գետի խշշոցը լսվում էր նո՜ւյն խաղաղությամբ: Ձյուն չկար, միայն Լիճքի ու Տաշտունի լեռներն էին ձյուն հագել և մառախլապատ էին` ինչպես ամպոտ ու մռայլ օրերին:
Նոր տարին անցել էր արդեն, անցել էր սովորական օրերի նման, այն տարբերությամբ միայն, որ բոլորի տներում սեղաններն առատ էին ու ծանրաբեռ և անհամբեր սպասում էին ուտող-խմողներին:
Փոքր Թաղի մեր տան պատշգամբից երևում էր գրեթե ամբողջ Մեղրին` ծայրից ծայր, և այդ տեսարանը ես միշտ էլ համարել եմ յոթ հրաշալիքներից մեկը: Հիմա չեմ նկարագրելու, եթե որևէ մեկը կասկածում է, կարող է գալ ու համոզվել: Ամենավերջում, հավերժ տխրամած Արաքսի մերձակայքում, Բերդին Քարն է, որ իմաստունի նման խորհում է աշխարհի անցած-գնացած դարերի մասին և մարդկանց, որ հերթով գալիս-գնում են, իսկ ինքը հավերժ է ու հաստատուն:
Մեղրի գետը հիմա խաղաղ է վշշում, նրան ոչինչ չի շտապեցնում, ձմեռ է, և ափերն էլ մրսած են: Գարնանն ուրի՜շ կլինի. կարթնանա գազանը և դղրդալով ու ահռելի քարեր գլորելով կսլանա: Փոքրիկ դաշտերը կլցվեն մանուշակներով, և ծառերը կծաղկեն:
Պարզ է, հիշողություններս նույնպես ծաղկեցին: Ամեն գարնան այդպես էր լինում: Գարունը մեզ համար էր գալիս, ծառերը մեզ համար էին ծաղկում:
Ես վճռել էի նաև, որ Մեղրի այս այցելության օրերին Մեծ Թաղ` Բազար կամ Բուլվար չեմ բարձրանալու: Կորած ծանոթ-բարեկամ-հարազատներս և հիշողությունները նրանց մասին այնքան շատ էին, որ ինձ ակամա գամում էին պատշգամբին, և քայլ անգամ անել իմ անցյալին ընդառաջ` պարզապես անզոր էի: Եվ այդ պահին էր երևի, որ որտեղից որտեղ հիշեցի պատմության ուսուցիչ Գրիգոր Փարսադանյանին. նրան պատերազմից հետո աքսորեցին, որտեղից այլևս չվերադարձավ: Հիշում եմ նրա ճերմակ ու ցաքուցրիվ մազերը և ձայնը, որ մինչև հիմա էլ զրնգում է ականջներիս մեջ:
– Ա՛յ ժողովուրդ,- գրեթե գոռում էր նա զարմացած ու տխրադեմ հավաքվածներին` այդ նույն Բազարի կամ Բուլվարի մոտ,- քո այս էշերին, իմ կարծիքով, մարդ դարձրի, բայց, չէ՛, այս նույն էշերը հիմա ինձ տանում են: Ա՛յ ժողովուրդ, մնաք բարով…
…Ու տարան: Ասում են` երբ այս աշխարհից հեռացած որևէ մեկին հիշում ես, ապա նրա հոգին հայտնվում է, և դու ակամա զգում ես նրա ներկայությունը: Ես ո՞ր մեկին հիմա հիշեմ. Մարտունի՞ն, Մելսի՞ն, Սեյրանի՞ն, Ալֆիկի՞ն, Սպոյի՞ն, Մելսինայի՞ն: Ո՞ր մեկին: Դրա համար էլ վերև չբարձրացա, որպեսզի նրանց բացակայությունը չզգամ: Այնտեղ` Բազարում և Բուլվարում, իմ կյանքի էն լավ տարիներն են անցել, անցել են նրանց հետ, որ հիմա չկան: Նրանք չկան, և այնտեղ արդեն ինձ ոչ ոք չի դիմավորում: Եվ ինչպե՜ս Գրիշա Ալեքսանյանը հասկացավ դա: Ինձ համար անհասկանալի էր. նա ավելի փոքր էր ինձանից և, այսպես ասած, մեր շրջապատից չէր:
Սակայն Դավիթն այդպես չէր մտածում, նրա համար մեր այդ սերունդն այնքան օրինակելի էր, այնքան միահամուռ ու միակամ, որ նմանվելու ցանկություն է ունեցել, և իրեն մեզանից անջատ ու հեռու չի պատկերացրել:
– Այո՛, Գյուլասարյա՛ն ջան, ես հասկանում եմ քեզ, արդեն չկան նրանք, և ոչ մի ուժ էլ չի կանչում, ո՛չ Բուլվարի հազարամյա չինարների խշշոցը, ո՛չ ջրավազանի շատրվանը թույլ, ո՛չ էլ հինավուրց բուրջերի ավերակները: Այդ ամենը ասես իրենց հետ տարան:
Լավ ու պատկերավոր ասաց: Սակայն հիշողությունները մնացին ու եփվում են իմ մեջ:
Ի դեպ, գիշերը պատշգամբից երևում էր, թե ինչպես են լույսերը սարերի եզրերով բարձրանում դեպի հին ամրոցի բուրջերը: Ասես վերջին գրոհի էին կանչում, վերջին ճակատամարտի: Չգիտեմ, ինձ թվում է, թե այդ ամրոցն ու բուրջերը ոչ թե Դավիթ Բեկի ժամանակներից են, այլ ավելի հին են, շատ հին, քանի որ Արաքսի այն ափին մի ամբողջ բերդաքաղաք կա` շրջապատված պարսպով, իր մեջ առած պարսկական մի մեծ գյուղ: Դա Ատրպատականում է, ինչպես հանգուցյալ արձակագիր Հովհաննես Ղուկասյանն էր ասում՝ մեր Փայտակարանում: Ու դա խելքին մոտ է ավելի:
Գիշերային Մեղրին այսքան լուսառատ չէի տեսել: Փողոցները, որքան որ երևում էին, լուսավոր էին, ինչպես երբեք: Դա Ամանորի կապակցությամբ չէր, քանի որ Ամանորն արդեն հին տոմարով էր անցել նաև, սկսվել էր հունվարի երկրորդ կեսը, և Մեղրին էլի լուսավորված էր: Լույսերի շարքը իջնում էր գետափ, այնտեղ, ուր հիմա կանգնած է Մեծն Փարամազի տուֆե արձանը` ամբողջ հասակով: Շուրջը պուրակ է նորատունկ ծառերով և խոստանում է դառնալ մեղրեցիների ամառային հանգստավայր: Հիշում եմ` քաղաքապետարանից Սիրուն Սարգսյանի հետ Շենիձոր թաղամասով բարձրացանք մինչև Քիրեզի աղբյուր, երկար փնտրեցինք Փարամազի տունը, վերջապես գտանք, բայց հին-հինավուրց դարպասի վրա մեծ կողպեք էր կախած, փակ էր, ու ներս մտնել չկարողացանք` այդպես էլ չիմանալով, թե ինչ կար ներսում: Փարամազն այդտեղ շատ քիչ է ապրել, տրվել է ազգային-ազատագրական պայքարին: Մի անգամ միայն գնացել է տուն` կնոջն ու դստերն այցելության. դուստրը անգամ հորը չի ճանաչել: Նույն գիշերն էլ հեռացել է, քանի որ հետապնդվում էր: Մեծ ապստամբություն էր նախապատրաստվել, որն ի վերջո տապալվեց հայի մատնությամբ, և Մեծն Փարամազին իր քսան զինակիցների հետ թուրքերը կախել են Ստամբուլի Սուլթան Բայազիդ հրապարակում` 1915 թվին:
Մեղրեցիները գիտե՞ն իրենց մեծ համերկրացու մասին:
Գուցե:
Արձանը կանգնեցրել են նրա իսկ ստեղծած Սոցիալ-հնչակյան կուսակցության անդամները` Բեյրութից: Չգիտես ինչու, մտածում էի՝ նախկին Մեղրուց ի՞նչ է պահպանվել: Սակավահող է Մեղրին, լեռներ են, էլի սարեր ու լեռներ, և դրանց լանջերին՝ տներ: Այդ տները ամառները փթթում են կանաչի մեջ: Բերրի հողերում մեղրեցին տուն չի կառուցել: Ժայռը փորել է, պատ շարել, տներն ասես բխել են ժայռերից: Հողն ափսոսացել են: Հիմա այդպես չէ: Հիմա տները սփռված են բոլոր հողամասերով, ամեն մարդ տուն է շինել ի՛ր հողում, ի՛ր ուզած ձևով: Լավ, չարժե ծավալվել: Վերջին հաշվով, մարդիկ տներ են կառուցել: Սակայն, հասկանո՞ւմ եք, սակավահող Մեղրիում, մի տեսակ, շռայլորեն են կորսվում բերրի հողատարածքները:
Հունվարի 14-ի առավոտից առատ, խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, այնքան առատ, ասես շուրջբոլորը շղարշով էր պատվել, հազիվ նշմարվում էր Բերդին Քարը, իսկ Լիճքի ու Տաշտունի սարերը պարզապես չէին երևում: Այդպիսի ձյուն երբեք չէի տեսել, Մեղրու համար անսովոր էր:
Ձյունը միանգամից էլ դադարեց, ասես չէր եղել, Բերդին Քարը ուրվագծվեց, ճերմակած ծառերն ընդառաջ եկան, երևաց նաև գինու գործարանը` իր պարսպով, գեղեցիկ սյունաշարով և հսկայական տակառներով: Այսօրվա պես հիշում եմ գործարանի շինարարությունը: Ընկերներով հաճախ էինք գնում Գործարանային թաղամաս ու հետևում, թե ինչպես են օր օրի պատերը բարձրանում: Եվ ուրախանում էինք անկեղծորեն, որ ահա մեր հարազատ Մեղրիում պահածոների, բոժոժի գործարանների կողքին ավելանում է ևս մեկը` գինունը…
Երկարեց կարծես: Հիշողությունները վրա են տվել, և դրանցից կարծես պրծում չկա:
Սակայն այս պահին ահա, երբ մայիս է սկսվել, և երկինքն ու լեռները պարզ են` ինչպես գարնանային անձրևից հետո, ես որտեղից որտեղ հիշեցի Ավո և Ադել ամուսիններին, որոնք Երևան չված մեղրեցիներ էին և վերադարձել էին, որպեսզի վերակենդանացնեն Մեղրու մշակույթը: Ես հիմա սա բառացի եմ հասկանում, քանի որ նրանք կորած անցյալից պեղեցին-հանեցին Մեղրու ազգագրականը` երգ ու պարի, խաղիկների, որմնանկարների և հնամյա այլ իրերի տեսքով: Կարճ ժամանակ անց, ուղղակի անցյալի խորքից, անասելի ջանքերով ու ինքնամոռաց պեղեցին-հանեցին Գողթն գավառի` այդ գողտրիկ տարածքի կորած համարվող մշակութային նմուշները և ներկայացրին դրանց տերերին: Մեղրու երգի-պարի ազգագրական համույթը իր հայտնագործած տարազով ելույթ ունեցավ մշակույթի տանը: Մարդիկ ուրախությունից ու կարոտից լաց եղան… Համույթը ելույթ ունեցավ ոչ միայն Հայաստան աշխարհում, այլև Լեհաստանում և այլուր…
Նվիրյալ ամուսինները ազգագրական համույթի իրենց փնտրտուքներում ու հայտնագործություններում ոչինչ չէին հետապնդում, ոչ մի շահույթ` Գողթն գավառի, ներառյալ նաև Ագուլիսի, Ազայի, Ապրակունիսի և այլ գյուղերի նմուշները. երգերը, խաղիկները երկարամյա լռությունից հետո կրկին հնչեցնելուց բացի: Հիմա նրանք չկան. կախարդական մի ձեռք սուզեց ասես հավիտենական լռության մեջ, և… վերընձյուղելու ոչ մի հույս:
Ամեն ինչ չքացավ մի ակնթարթում:
Մեղրու մշակույթի տունը կամաց-կամաց փլուզվում է: Ամեն տարի պիտի որ վերանորոգե՞ն, վերակառուցե՞ն: Ինչպես հիվանդանոցը: Ամեն տարի պիտի կառուցեն: Որոշումը կա, փաստաթղթերը կան, տեղը կա, ընտրված է… Ամեն տարի:
Իսկապես երկարեց: Եղանակը լավ է ու տրամադրող: Ամանորն անցավ, գարունն անցավ, ամառը կանցնի… և այսպես շարունակ: Ամեն ինչ փոխվում է, կյանքը մեզ առաջ է մղում, սակայն, չգիտես ինչու, թվում է, թե համառորեն տեղում կանգնած ենք: