ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, քաղաք, Վրաստանի համանուն շրջանի վարչական կենտրոնը (բն.` 8,3 հզ., 2014): Թումանյանի ժամանակներում գավառական քաղաք էր` 5 հզ. բնակչությամբ:
Թումանյանն Ախալքալաք այցելել է 2 անգամ. 1-ինը` 1895-ի նոյեմբերին` Ալեքսանդրապոլ մեկնելու ճանապարհին: Հյուրընկալվել է Ստեփան Վարդանյանի տանը: Հետևյալ օրը նրա պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ նա արտասանել է իր «Երկու սև ամպ» և «Ժպտուն աչքեր» բանաստեղծությունները և վերջինը գրի առել ու ընծայագրով նվիրել է հյուրընկալ տանտիրոջ 16-ամյա դստերը` Երանյակ Վարդանյանին, որը գավառական ասեկոսեների պատճառ է դարձել: 2-րդ անգամ Ախալքալաք եկել է 1901-ին Աբասթումանից, որտեղ նա սովորաբար հանգստանում ու բուժվում էր: Նպատակը նախ տեղի հայերի կյանքին ու կենցաղին մոտիկից ծանոթանալն էր, ապա իր ծրագրած «Փարվանա» և «Թմկաբերդի առումը» լեգենդներին առնչվող տեղավայրերն անձամբ տեսնելը, որոնց մասին նրան պատմել էին Գրիգոր Վանցյանը և ուրիշներ:
Օգոստ. 13-ին կամ 14-ին Թումանյանը գիշերով հասել է Ախալքալաք և հյուրընկալվել Վարդան Շահպարոնյանի տանը: Նա քաղաքում արժանացել է ջերմ ընդունելության, ամեն օր ճաշի ու ընթրիքի հյուրասիրությունների հրավիրվել, շատերի ընտանեկան ալբոմներում բանաստեղծություններ է գրել: Դա այնքան նկատելի էր, որ ոստիկանությունն սկսել է հետաքրքրվել բանաստեղծով: Նա 5 օր շարունակ շրջել է Ախալքալաքի սար ու ձորերում, հիացել բնության տեսարաններով. «Ինչ-որ ուրախ տրամադրություն է ստեղծվում, կարծեք ժպտում է երկինքը,- ասել է,- Բիբլիական Եդեմը հենց էս է, որ կա»:
Վեցերորդ օրը խմբով մեկնել են Գյումուրդա (Գումբուրդո)` այնտեղից Թմկաբերդի ավերակները դիտելու, որը քաղաքից հեռու է մոտ 15 կմ: Ամբողջ ճանապարհին նա հատվածներ է արտասանել «Թմկաբերդի առումից» ու «Հազարան բլբուլից», ապա արտահայտել թևեր ունենալու, սավառնելու ցանկություն. «Ախ, ինչ լավ կլիներ, եթե մարդիկ թևեր ունենային կամ թևերին փոխարինող մի բան»,- ասել է, ապա ուղեկիցներ Վ. Շահպարոնյանին, Ջալալ Տեր-Գրիգորյանին և մյուսներին բացատրել է ավերակները տեսնելու իր ցանկության պատճառը. «Չէ՞ որ ես զորքերի ու ճակատամարտի մասին եմ գրում, պիտի անձամբ տեսնեմ` բերդի մոտ հարմարություն կա՞ զորք շարժելու…»: Գյումուրդայի բարձունքից բանաստեղծը հեռադիտակով դիտել է Քուռի կիրճի վեհ ու ահարկու գեղեցկությունը: Այդ պահին նրան լուսանկարել է Ջ. Տեր-Գրիգորյանը. լուսանկարում նա նմանվում է առաջնորդող զորահրամանատարի:
Այդ վայրերի գեղեցկությունից հմայված` Թումանյանը որոշ նշումներ է արել ծոցատետրում, ապա խոտերի մեջ պառկել ու ասել է. «Ա՜խ, թևեր, թևեր… այստեղից ուղղակի կթռչեինք Թմկաբերդ»:
Ախալքալաք վերադառնալով` Թումանյանը Շահպարոնյաններին խնդրել է Թմկաբերդի մասին ավանդույթներ պատմել` իր իմացածին առանձին մանրամասներ ավելացնելու համար, բայց նոր ոչինչ չի լսել. նրանց բոլոր պատմությունները ծանոթ էին Թումանյանին:
Նա շրջել է նաև Ախալքալաքին մերձակա վայրերում, եղել Տավշան թափա բլրակի վրա, ձուկ բռնել Թափարվանի գեղատեսիլ հովտում, խմել Աբլարի աղբյուրների ջրից:
Ախալքալաքից բանաստեղծը Ջավախեցու ուղեկցությամբ գնացել է Գանձա, որտեղից վերադարձել է օգոստ. 24-ին, մնացել ևս մեկ շաբաթ և մեկնել Ալեքսանդրապոլ:
Հաջորդ օրը Թափարվան գետի ափին` Վ. Շահպարոնյանի ջրաղացի շենքի դահլիճում, ճաշկերույթ-հանդես է կազմակերպվել, որին մասնակցել է շուրջ 150 մարդ: Թումանյանն այնտեղ բարձր տրամադրությամբ արտասանել է այդ օրերին ախալքալաքցիների մասին գրած բանաստեղծությունը: Հանպատրաստից ստեղծագործել ու արտասանել է, որոնք երկար մնացել են շատերի հիշողության մեջ:
Ախալքալաքից բանաստեղծը մեկնել է ջերմ զգացողություններով: «Իմ տանտիրուհին ինձ ճամփու դրեց մի հեռացող որդու նման, և առհասարակ ամբողջ ընտանիքը: Հետս պաշար էին դրել. էլ գաթա, մրգեղեն, գինի…»,- գրել է նա Օլգա Թումանյանին ուղղված նամակում:
Թումանյանի հետ ախալքալաքցիների ջերմ կապերը պահպանվել են նաև հետագայում, այդ մասին է վկայում այն փաստը, որ 1902-ին Ղազարոս Աղայանի ծննդյան 60-ամյակի հանդիսությանը Ախալքալաքից որպես պատվիրակ ընտրել են նաև նրան (Գր. Վանցյանի հետ): Իսկ ավելի ուշ` Հայրենակցական միությունների միության շրջանակներում տարբեր առիթներով անդրադարձել է տարածաշրջանի հայության խնդիրներին:

***
ԳԱՆՁԱ, գյուղ Ախալքալաքի գավառում (այժմ` Վրաստանի Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանում): Վահան Տերյանի ծննդավայրը: Թումանյանը Ղազար Ջավախեցու հրավերով և ուղեկցությամբ 1901-ի օգոստ. 22-ին Ախալքալաքից եկել է Գանձա` անձամբ տեսնելու Փարվանայի պալատը, որը, ըստ ավանդության, գտնվում էր Փարվանա լճում (գյուղից մոտ 3 կմ հս): Այցելության մասին պահպանվել է Ջավախեցու նամակ-հրավերը, որին ի պատասխան` Թումանյանը գրել է. «Ղազար ջան, գալիս եմ Փարվանայի փերիներին տեսնեմ, կգաս Ախալքալաք, որ առաջնորդես»: Ճանապարհն անցնելու էր Աբուլի փեշերով` մոտ 35-40 կմ, որը պետք է ձիով անցնեին: Ջավախեցին բանաստեղծին առաջարկել է իր աշխույժ նժույգը, որից Թումանյանը հրաժարվել է. «Չէ, Ղազար ջան, էդ խելառի հետ գլուխ չունեմ ես, ինձ համար էշի երիշով մի խելոք ձի գտիր, Հիսուսի պես հանգիստ նստեմ վրան, դու էլ Պետրոս առաքյալի նման առաջ ընկիր ու հարթ, հանգիստ ճանապարհով տար ինձ Երուսաղեմ»:
Մեծ ու փոքր Արագյալ գյուղերն անցնելուց հետո իջել են ձիերից ու ոտքով բարձրացել Սբ Հովհաննեսի սարը, որտեղից բացվել է Փարվանա լճի տեսարանը: Նրանով բանաստեղծը պարզապես հիացել է. «…Պուշկինի արձանի պես ձեռքերը խաչած կրծքին` որպես բնության սքանչելի գեղեցկությունը լրացնող զարդերից մեկը, իր բարձր հասակով քարացել էր Սբ Հովհաննեսի կատարին ու արծվի խորաթափանց հայացքը հառել էր դիմացը` նազանքով խլվլացող հմայիչ այդ լճի խորքերը»,- հիշում է Ջավախեցին: «Ես կարծում էի, թե Լոռուց գեղեցիկ տեղ չկա աշխարհում… Ձեր էս Ջավախքն անցավ Լոռուց… էն էլ` առանց ծառ ու թփի»: «Փարվանայի» փերիներին տեսնելու հեռանկարով ոգևորված` նա մե՛կ բանաստեղծություններ է արտասանել, մե՛կ անեկդոտներ պատմել բլրի գագաթին:
Գիշերով հասել են Ջավախեցու հոր` Սուքիաս Տեր-Գրիգորյանի տունը, իսկ հաջորդ առավոտյան, այդ տանը բանաստեղծին դիմավորելու հավաքված ուսուցիչների բազմության (10-15 հոգի) ուղեկցությամբ, գնացել են Փարվանա: Լիճը, որ սովորաբար միշտ պարզ ու վճիտ է եղել, այդ օրը բանաստեղծին դիմավորել է «ձագը կորցրած վագրի պես» մռնչալով, հուժկու ալիքներով: Եվ նրանց` նավակով լճի խորքը դուրս գալու և Փարվանա իշխանի սպիտակ ապարանքը տեսնելու ծրագիրը «խափանվել է»: Թումանյանը լճափի քարերից մեկի վրա նստել և երկար նայել է ալեծուփ լճին. այդ քարը տեղի ժողովրդի հիշողության մեջ ցայսօր մնացել է որպես Թումանյանի քար:
Հետդարձի ճանապարհին Թումանյանը լուռ էր, իսկ տուն հասնելով` նա անմիջապես առանձնացել է և գրել «Փարվանայի» նախերգանքը: Եվ միայն երեկոյան հաղթանակած դուրս գալով «կանգնեց սեղանի գլխին ու աջ բազուկը արծվի թևի պես մեկնելով` կանչեց».
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել
վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր`
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ճաշն անցել է Թումանյանի թամադայությամբ: Սեղանի շուրջ ծավալվել է աշխույժ զրույց, որին մասնակցել է նաև տեր Սուքիասը: Թումանյանը շատ է հավանել նրան` գյուղական քահանային ոչ բնորոշ արտակարգ զարգացածության համար, և մյուս 2 օրը լուսացրել է նրա հետ զրուցելով: Նրանց միջև ստեղծվել է ջերմ ու տևական բարեկամություն:
Թումանյանը Գանձայից Ախալքալաք է վերադարձել օգոստ. 24-ին:

***
ՋԻՎԱՆԻ, Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենգոյան (Լևոնյան, 1846, գ. Կարծախ, Վրաստանի Ախալքալաքի շրջան -1909, Թիֆլիս), հայ աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրը, ժող. երգիչ: 2500-ից ավելի երգի հեղինակ է, որոնցից առավել տարածված են 40-ը («Ձախորդ օրեր», «Հովիկ», «Խելքի աշեցեք», «Ընկերը», «Մայրիկ», «Ով սիրուն, սիրուն», «Ծիրանի ծառ», «Անի», «Սասունա սար» ևն):
Թումանյանն իր առաջին հրատարակած գիրքը` «Բանաստեղծություններ» ժողովածուն (1890), 1892-ին ուղարկել է աշուղին` Ալեքսանդրապոլ, հետևյալ ընծայագրով` «Յուր սիրելի երգիչ աշուղ Ջիվանուն նվեր Հովհաննես Թումանյանից», իսկ գրքի 4-րդ` ազատ էջում գրել է հետևյալ ոտանավորը (գիրքն այժմ պահվում է ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի Գարեգին Լևոնյանի ֆոնդում):
Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո ձայները` երգիդ հարազատ,
Լի են հուզմունքով անկեղծ ու ազատ:
Երբ հայրենիքն է քո երգում խոսում,
Կամ նրա վհատ որդին արտասվում,
Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված
Հպարտությունը իմ հզոր նախնյաց…
Բայց, ասա, ինչու դու սեր երգելիս
Ինձ վրա տանջող թախիծ է գալիս:
1 մայիսի, 1892թ.
1895-ից հետո, երբ Ջիվանին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, իր խմբով երգել է Սբ Գևորգ եկեղեցու դիմացի Հաշտոնց Գասպարի սրճարանում, ուր այցելել է նաև Թումանյանը: Իսկ Ջիվանին հաճախ (նաև խմբով) մասնակցել է Թումանյանի կազմակերպած խնջույքներին, որի մասին ուշագրավ հիշողություններ է գրել Շիրվանզադեն:
Նրանց հանդիպումներից ուշագրավ է հյուրընկալությունը Կոմիտասին Էջմիածնում 1904-ի հունիսին, երբ բանաստեղծը Օշականից եկել էր Կոմիտասի հետ հանդիպելու` «Անուշ» օպերայի հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով: Կոմիտասի «գողտրիկ» բնակարանն այդ օրերին վերածվել էր «Վերնատան» և Էջմիածնի մտավորականության հավաքատեղիի, որտեղ կազմակերպվել են գրական ասուլիսներ, տիրել է ընդհանուր ոգևորություն, հավաքները տևում էին ամբողջ գիշեր:
Ջիվանին նույնպես մասնակցել է այդ հավաքներին, երգել իր «Ես մի ծառ եմ ծիրանի» և «Սասունա սար» երգերը, իսկ Կոմիտասի խնդրանքով` նաև Շիրինի «Այգեպանը», որը երգահանը ձայնագրել է: Նրանց զրույցն այնուհետև, Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով, շարունակվել է Ներսիսյան լճի մոտ, որտեղ դասերից հետո Կոմիտասի քառաձայն երգչախումբը համերգ է տվել հյուրերի և հատկապես Թումանյանի համար, իսկ Ջիվանին երգել է «Բարի, գեղեցիկ, առաքինի…» երգը: Համերգից հետո Կոմիտասը Թումանյանին և Ջիվանուն կառքով ուղեկցել է կայարան, որտեղից նրանք միասին մեկնել են Թիֆլիս:
Թումանյանի հետ Ջիվանու վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1908-ի հոկտեմբերի 8-ին, երբ Իզմիրլյան կաթողիկոսի ընտրությանը մասնակցած արևմտահայ պատգամավորների առջև աշուղը ելույթ է ունեցել ծանր հիվանդ վիճակում (դրանից հետո նա այլևս անկողնուց չի վերկացել):
Իսկ վերջին դրվագը կապված է Ջիվանու թաղման հետ. այդ օրը` 1909-ի մարտի 1 (14)-ին, Թումանյանը և Ավ. Իսահակյանը սգերթի մասնակիցներին ողջունել են Մետեխի բանտից` թաշկինակները թափահարելով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։