ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ / Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

1933-1953 թթ. հայ գրողների, գրական գործիչների կյանքն ու ստեղծագործությունն անցավ ստալինյան քաղաքական բռնաճնշումների պայմաններում: Ամեն ինչ սկսվեց խիստ գրաքննությամբ, ինչի հետևանքով արգելվեցին գրքեր, նախնական հարցաքննությունների ենթարկվեցին առանձին գրողներ: Մամուլում և ժողովներում միմյանց դեմ ուղղվեցին քաղաքական մեղադրանքներ և սկսվեցին ձերբակալությունները: Այս տեսակետից առանձնահատուկ է 1937 թ. ապրիլի 17-21-ին գումարված հայ գրողների ընդհանուր ժողովը, ուր բոլորը խոսում էին բոլորի դեմ: Եվ, ասենք, Հրաչյա Քոչարի մեղադրանքներն այսպիսին էին. «Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր»,«Եղիշե Չարենցը քար է` ընկած մեր գրականության ճանապարհին, ինչքան շուտ դեն նետենք այդ քարը, այնքան մեր ճանապարհը ավելի բաց ու ազատ կլինի»,
Քաղաքական բռնությունը որպես երկիրը հնազանդության մեջ պահելու ղեկավարման ձև բոլշևիկները որդեգրեցին սկզբից ևեթ` անմիջապես հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Դա սկսվեց քաղաքացիական կռիվներով, հետո ուղղվեց բոլշևիկների պիտակավորած «դասակարգային թշնամու» դեմ, որոնց մեջ էին քաղաքի և գյուղի ունևոր խավի ներկայացուցիչները, հոգևորականությունը, նախկին զինվորականությունը` հատկապես սպայական կազմը, նախկինում այլ կուսակցությունների անդամագրվածները, հին մտավորականությունը, անհնազանդները:
Հեղաշրջումով սկսված քաղաքական բռնությունների այս ալիքը շարունակվեց և նոր ձև ու բովանդակություն ստացավ Ստալինի իշխանության տարիներին (1924-1953): Ստալինյան բռնությունների գագաթնակետը 1937 թվականն է: Այս տարի լրանում է պետական գործունեության աստիճանի հասցված այդ ոճրագործության 80-րդ տարին: Ստալինյան բռնությունների ամբողջ համակազմը մարդկության դեմ գործված հանցանք է, որը պետք է գիտակցվի լրիվ ընդգրկումով, մանրամասների հարացույցով և դատապարտվի:
Հայ ժողովրդի մնացորդները նոր-նոր էին փրկվել թուրքական եղեռնից, երբ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ընկան բոլշևիկյան քաղաքական հալածանքների շուրջկալի մեջ: Հարավից Թուրքիան էր, հյուսիսից` Ռուսաստանը, որ, ձեռք-ձեռքի տված, ուզում էին բնաջնջել հայ ժողովրդին: Չմոռանանք Քեմալ Աթաթուրք-Լենին քաղաքական և ռազմական դաշինքը, որ ամեն ինչ ուղղեց և՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, և՛ նորաստեղծ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դեմ:
Հայաստանը տոկաց` կորցնելով տարածքներ և զոհ տալով իր զավակներին: Եթե պետական քաղաքականության վերածված թուրքական 30-ամյա ցեղասպանության (1894-1924) խորհրդանշական տարեթիվը համարում ենք 1915 թ. ապրիլի 24-ը` Պոլսում և մյուս քաղաքներում հայ մտավորականության ձերբակալության օրը, ապա ստալինյան բռնությունների խորհրդանշական օրը 1936 թ. օգոստոսի 9-ն է: Այնտեղ թուրքական եղեռնն էր, այստեղ` խորհրդային:
Մենք հստակորեն պետք է գիտակցենք, որ 1936 թ. օգոստոսի 9-ը հայ ժողովրդի համար նույնն է, ինչ 1915 թ. ապրիլի 24-ը` որպես հայ գրողների, ընդհանրապես մտավորականության և պետական ու կուսակցական գործիչների ընդհանուր ձերբակալության օր: 1915-ին թուրքական հալածանքներն էին, որոնք ավարտվեցին հայ ժողովրդի ազգային ցեղասպանությամբ, 1936-ից սաստկացած խորհրդային բռնություններն էին, որոնք ընդգրկեցին ազգաբնակչության բոլոր շերտերը, բազմահազար բնակչության կյանք արժեցան` այս անգամ որպես գաղափարական ցեղասպանություն:
1920-1953 թթ. ՀԽՍՀ-ից ձերբակալվածների, գնդակահարվածների և աքսորվածների թիվը հասնում է 56.000-ի, 1949-ին ՀԽՍՀ-ից աքսորված հայերի թիվը 13000 է, ամբողջ ԽՍՀՄ-ից` 16000: Նյութերն ամփոփված են 19359 դատական գործերում, որ միասին կազմում է 40000 հատոր:
1946-1948 թթ. հայրենադարձված 89500 հայերից 1000-ին ներկայացվեց քաղաքական մեղադրանք, ինչին հետևեց նրանց աքսորը կա՛մ Ալթայի, կա՛մ Կրասնոյարսկի երկրամասեր:
Թուրքական ցեղասպանության 1,5 միլիոնի դիմաց սրանք, իհարկե, փոքր թվեր են, բայց չմոռանանք, նախ թվաքանակով կրճատվել էր նաև հայ ժողովուրդը և ապա ամբողջ ԽՍՀՄ-ի բազմազգ բնակչության ընդգրկումով այդ թիվն անցնում է տասնյակ միլիոններից:
Թերթենք պատմության պահոցների էջերը: Ձերբակալությունների գագաթնակետը 1936 թվականն էր, գնդակահարություններինը` 1937-1938 թվականները: Ըստ վիճակագրության` 1937 թ. հունիս – 1938 թ. հուլիս ամիսներին` 13 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 57 վայրկյանը մեկ գնդակահարվել է մեկ մարդ: Պատկերն այս է`
մեկ օրում 1516 գնդակահարություն,
մեկ ամսում` 46996,
մեկ տարում` 553340,
13 ամսում` 600236:
Մեկ այլ տվյալ հուշում է, որ աքսորվածների միայն 5 տոկոսն է կենդանի մնացել ու ետ վերադարձել:
Միայն գրական ոլորտից Հայաստանում ստալինյան քաղաքական բռնությունների է ենթարկվել շուրջ 70 մարդ, ցուցակը կազմել եմ: Այդ 70-ից մեկը Ակսել Բակունցն է, մյուսը` Եղիշե Չարենցը:
Բակունցը 1936 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին Մոսկվայում Համո Բեկնազարյանի հետ նկարահանման էր նախապատրաստում «Զանգեզուր» շարժանկարի բեմարքը, երբ օգոստոսի սկզբին կանչեցին Երևան, հարցաքննեցին, մեղադրեցին, կուսակցությունից հեռացրին ու ձերբակալեցին: Բակունցին խմբակային գործունեության մեղադրանք ներկայացվեց (մեղադրական գործ 4131, ֆոնդ3036, 8 հատորով, 384 վավերագիր):
Այս խմբի մեջ էր հայտնի կուսակցական գործիչ, տարբեր տարիների` լուսավորության ժողկոմ, մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, համալսարանում տնտեսագիտության դասախոս, նախատեսվող «Հայկական հանրագիտարան»-ի գիտական խորհրդի անդամ Ներսիկ Ստեփանյանը: Խումբը նրա անունով էլ կոչվում էր` «Ստեփանյանի հանցավոր խումբ»:
Այստեղ էր նաև այդ տարիների ՀԳՄ առաջին քարտուղար, դարձյալ կուսակցական գործիչ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը:
Դատավարության ընթացքում հոլովվում են ժամանակի գրական-մշակութային շատ նշանավոր գործիչների անուններ:
Մեղադրական եզրակացությամբ Բակունցը եղել է`
«1. …հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպության անդամ, որը 1934 թ. դեկտեմբերի 1-ին սպանել է Կիրովին և հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդեմ ՀամԿ(բ)Կ և խորհրդային իշխանության,
2. 1930 թ. Չարենցի հետ կազմակերպել է հակահեղափոխական գրողների կազմակերպություն: 1933 թվականից գլխավորել է կենտրոնը, որը նպատակ ուներ սպանելու Ստալինին, նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դեմ,
3. Կազմակերպությունը կապված էր Մոսկվայի կենտրոնի հետ (Վաղարշակ Տեր-Վահանյան և ուրիշներ)» [3, էջ 55]:
Բակունցի գնդակահարությունը իրականացրել են դատավճիռը նրան հայտնելուց մեկ օր հետո: Մեկ ամբողջ օր Բակունցն սպասել է իր մահվանը: Ի՞նչ է մտածել, ի՞նչ ապրումներ է ունեցել, ինչպե՞ս է դիմացել…
Այդ գիշերը Բակունցի կյանքի վեպն է:
Բակունցի գնդակահարության տեղի հարցը շատ տեսակետներ է հարուցել: Բակունցի դատական գործի մեջ այդ կապակցությամբ վկայություններ չկան և ըստ ժամանակին ընդունված գործավարության, չպետք է լինեին: Բակունցի գնդակահարության տեղի վերաբերյալ եղել են պարականոն վկայություններ և զրույցներ: Այդ մասին կա միմիայն մեկ ստույգ վկայություն, որ պահպանվել է Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակում:
Մահարու խոսքի ստուգությունը կասկածի ենթակա չէ, որովհետև բանտում նրան և մի քանի այլ ձերբակալված գրողների պատմել է ՆԳԺԿ-ի պետ Մուղդուսու գլխավորած պատժիչ խմբի Բակունցին գնդակահարողներից մեկը` Երևանի բանտի պետ Սահակ Ասլանովը, ում այդ ժամանակ ևս ձերբակալել էին և պետք է գնդակահարեին: Ըստ այդմ` Բակունցին գնդակահարել են Երևանում Թոխմախ լճի մերձակայքում [4, էջ 340]:
Պահպանվել են Բակունցի հարցաքննությունների 10 արձանագրություն, բանտից ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն, ՀԽՍՀ-ում ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի լիազոր, պետանվտանգության մայոր Մուղդուսուն, նաև Անդրկովկասյան զինվորական հանձնաժողովի դատախազի անուններով հասցեագրած 4 դիմում: Գործում զետեղված են նաև ցուցմունքներ այլ քաղբանտարկյալների հարցաքննություններից, առերեսման, դատական նիստերի, զինվորական հանձնաժողովների խորհրդակցությունների այլևայլ արձանագրություններ, մեղադրական եզրակացություն, դատավճիռ, գնդակահարությունն ի կատար ածելու տեղեկանք և այլ նյութեր:
Ակսել Բակունցի կյանքն ընդհատվեց թռիչքի մեջ` 38 տարին նոր էր բոլորել, երբ գնդակահարվեց` մեղադրվելով ժամանակի բոլոր մեղքերի մեջ` որպես «ժողովրդի թշնամի», «ազգայնամոլ», «ահաբեկիչ», «հակահեղափոխական» և «տրոցկիստ»: Ձերբակալվել է 1936 թ. օգոստոսի 9-ին, գնդակահարվել է 1937 թ. հուլիսի 8-ին:
Հիմա տեսնենք, թե այս ամենի մեջ ինչպես է երևում այս արտակարգ նուրբ ու զգայուն գրողի ու մարդու, իր հայրենիքի նվիրյալ քաղաքացու կերպարը: Այս տեսակետից եղած նյութերը լուսաբանելու կարևոր նախադրյալ են նաև Բակունցի արդարացման կապակցությամբ նրա կնոջ` Վարվառա Չիվիջյանի վկայությունները` գրված 1955 թվականին [2, էջ 324-331]:
«Կալանքի ժամանակ նրա հետ ունեցել եմ երեք տեսակցություն` 1936 թ. սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին և նոյեմբերին»,- գրում է կինը և ներկայացնում: Առաջին հանդիպման ժամանակ Բակունցը «քիչ էր փոխվել , զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում է ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր» [2, էջ 328]:
Հոկտեմբերի այցելության ժամանակ Բակունցի սպիտակեղենը տանը լվանալիս շապիկի վրա նկատում է արյան հետքեր: Այնուհետև. «Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, ում գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր` կորցնելով ինքնատիրապետումը, քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը»:
Բակունցը կնոջն է վերադարձրել Մոպասանի երկերի ռուսերեն ժողովածուն (առաջին երեք ամիսներին թույլատրել են գեղարվեստական գրականություն), որի մեջ զետեղված «Պարան» նորավեպի առանձին բառերի տակ կինը նկատել է մատիտով նշված կետեր, իսկ լուսանցքները սեղմված-ընդգծված էին եղունգով. «բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը»:
Բակունցն արդեն նույնական չի եղել, նրան այնքան էին տանջել, որ փոխվել էր:
Երրորդ այցելության ժամանակ, արդեն մահապատժի սպասումով, իրեն պահել է հանդարտ: Կնոջը հարցրել է Մոպասանի նորավեպի մասին. «Հը՛, ընթերցե՞լ ես…»: «Ծանր է»,- պատասխանել է կինը: Բակունցը շարունակել է. «Ամուր եղիր, հաշվիր, որ վթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»:
Վերջին երկու այցելություններին ներկա է եղել նաև 12-ամյա որդին` Սևադան, ում հետ շատ կապված էր: Դիմելով տղային` ասել է. «Դու շա՞տ կամաչես եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան: դու մի ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պիտի կարմրես»:
Կինը մտաբերում է նաև իր վերջին այցելությունը. «1937 թ. հուլիսի 18-ին չընդունեցին իմ տարածը, ասելով, որ Բակունցն արդեն աքսորվել է» [2, էջ 329]:
Խաբել են, քանի որ 10 օր առաջ արդեն գնդակահարվել էր:
Իսկ խաբելը, ինչպես միշտ, նաև այդ տարիներին պետական քաղաքականություն էր: Հետո, ավելի ուշ, Բակունցի մոր հարցումին պատասխանել են, որ նրա որդին մահացել է 1945-ի նոյեմբերին: Հեորթական խաբեությունը:
Ավելացնենք, որ որպես «ժողովրդի թշնամու» կին 1937 թ. սեպտեմբերի 17-ին ձերբակալել են նաև Վարվառա Չիվիջյանին, 8 ամիս առանց հարցաքննության պահել բանտում, հատուկ խորհրդակցության որոշմամբ ութ տարով աքսորել Տեմինկովյան ճամբար, որտեղից վերադարձել, բնակվել է Գորիսում` Բակունցի հայրական տանը և զբաղվել որդու դաստիարակությամբ: Նրա ձերբակալությունից հետո բռնագրավել են Երևանի տունը` անապաստան թողնելով որդուն և քաղցկեղով հիվանդ մորը, միաժամանակ տանելով նաև Բակունցի ձեռագրերը:
Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում բանտից Բակունցի գրած չորս դիմումները: Առաջին բավականին ծավալուն դիմումը գրված է 1936 թ. հոկտեմբերի 6-ին` ձերբակալությունից երկու ամիս անց: Պատմում է 1933 թվականից Չարենցի հետ իրենց խզված կապի մասին, երբ վերջինս քննադատել է հայ «ազգային մտավորականության տիպեր»-ին երգիծող իր ստեղծագործությունը: Խզումը խորացել է 1934-ին գրականության լեզվի հարցերի քննարկման դիսպուտում` «հենց գրական լեզվում Չարենցն ինքը ազգայնամոլության հետևորդ է»:
Խզումն էլ ավելի է խորանում 1933 թ. ապրիլին «Գրական թերթ»-ում Մկրտիչ Արմենի տպագրած «Չարենցի և հարակից հարցերի մասին» խորապես ազգային բնույթ ունեցող հոդվածից իր հրաժարում-դժգոհությամբ: Այս կապակցությամբ հիշեցնում է իր ինքնաքննադատական ելույթները, մտաբերում է Չարենցի դեմ իր ելույթը` Գրողների միության անդամությունից հրաժարվելու վերջինիս 1935 թ. մարտի 8-ի հայտարարության քննարկմանը:
Չարենցի հետ գրական և մարդկային տարաձայնությունների խորացման իրական դրդապատճառները բերելով` ավելացնում է. «…Ես ստեղծագործաբար վաղուց եմ գիտակցել խմբակային միջավայրի ամբողջ կործանարարությունը, ինչի համար էլ խզեցի կապերս Չարենցի, իսկ մինչև նա` գրողների ամբողջ խմբի հետ»[1, էջ 241]:
Այնուհետև Բակունցը խոսում է խիստ մեկուսացման պայմաններում գտնվելու հոգեբանական ահավոր ծանրության մասին, հաջորդում է իր վիճակի գիտակցման ինքնախոշտանգող բարձրաձայն մենախոսությունը. «Փաստը մնում է անշրջանցելի. Ես մեկուսացված եմ: Այստեղից սկսվում է ամոթի տանջալի գիտակցումը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը: Օտարված եմ հանրությունից, ամոթն ստվեր է նետում նաև արված լավի վրա, ստվերում քո մասին եղած հիշողությունը, երկրի վրա աղմկում է ուրախությունը և, ինչպես կրճոններ ճոխ սեղանից, քեզ են հասնում առանձին անհստակ պատառիկներ: Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես` գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում:
Մտքերը հեռուն են գնում, իսկ ինչ կլինի հետագայում. ահա կվերջանա նախաքննությունը, ինչ է սպասվում հետո: Երբ ես հարցնում եմ, թե ինչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…» [1, էջ 243]:
Բակունցն իրեն նմանեցնում է մի մարդու, ով աղոտ հոյսի հետ մեկտեղ նաև «մահվան հոտ է առնում»: Բակունցն ասում է` ես օճառի գործարանի տնօրեն չեմ, որ որտեղ էլ աքսորեք, ինձ համար միևնույնը լինի, ես գրող եմ` կապված որոշակի լեզվի ու միջավայրի հետ, ուստի խնդրում եմ եթե ինձ աքսորելու եք` աքսորեք Հայաստանի ծայրամասերից մեկը, և ոչ թե օտար մի տեղ:
Գրողը սրանով հուշում է, որ իրեն աքսորեն և ոչ թե գնդակահարեն. «Ինձ գրելու ու կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գի՜րք ու մատի՜տ տվեք: : Թողեք, որ ես մնամ Խորհրդային Հայաստանի հավատարիմ շունը» [1, էջ 245]:
Նախավերջին դիմումը վերաբերում է իր դեմ Նաիրի Զարյանի գրած զրպարտչական հոդվածներին, որոնց ինքն այլևս չի կարող պատասխանել: Իսկ Զարյանը Բակունցի դեմ տպագրել է մեկ տասնյակից ավելի չարախոսություն ու կեղծիք: Ասում է` եթե դրանք ճիշտ լինեն` «Հրամայե՛ք, ընկեր՛ ժողկոմ, որպեսզի ծեծեն ինձ…» [1, էջ 269]:
Վերջին դիմումում, որ գրել է գնդակահարությունից 5 օր առաջ, այլևայլ հարցերի հետ մեկտեղ խոսում է իր գրած-ավարտած «Էրիմենյան մանրէ» կամ «Հայկական մանրէ» վիպակի մասին: Վիպակը ժամանակին շատերի ձեռքով է անցել` Խանջյան, Պետհրատի տնօրեն, առանձին գրողներ, բայց այն առ այսօր հայտնաբերված չէ:
«Մեղադրական եզրակացություն»-ը (6. 08. 1937) Բակունցին զրկում է ապրելու հույսից: Ըստ այդմ` նա «հակահեղափոխական տրոցկիստական նացիոնալիստական տեռորիստական կենտրոնի անդամ է», կենտրոնը պետք է ահաբեկչական գործողություններ կատարեր ընդդեմ ՀամԿ(բ)Կ և խորհրդային իշխանության ղեկավարների: Իբր այդ խումբն է 1934-ի դեկտեմբերի 1-ին կազմակերպել Կիրովի սպանությունը և նախապատրաստում էր համապատասխան ահաբեկչական գործողություններ ընդդեմ Ստալինի ու Բերիայի: Իբր Չարենցի հետ մեկտեղ ստեղծել էր հակախորհրդային գրական կազմակերպություն, կապված է եղել Մոսկվայի տրոցկիստական կենտրոնի հետ:
Գործը լսվել է փակ դատական նիստում, դատավճիռը` պատժի առավելագույն չափ` գնդակահարություն, ինչն էլ իրականացվում է 1937 թ. հուլիսի 8-ին:
Բակունցը պաշտոնապես արդարացվել է 1955 թ. մարտի 2-ին:
Հայտնի է, թե ինչ տանջալի ձևերով էին ստալինյան դահիճները դատապարտվածներից ցուցմունքներ կորզում, այնքան տանջալի, որ ոմանք չէին դիմանում օրեր շարունակ երկարող ամեն տեսակի հոգեբանական կտտանքներին, ծեծ ու ջարդին և, ուշքի չգալով, ավանդում էին հոգին:
Աշխարհի մեկ վեցերորդ մասում ծավալվող այս դառնաղի ողբերգության ամբողջ մահաշունչ ինդուստրիան հետագայում պատկերեցին գրողները` ստալինյան հալածանքներից նախկին տուժածները: Այս տեսակետից ոչ միայն գեղարվեստական, այլև հանրագիտական նշանակություն ունի Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈՒԼագ արխիպելագ» բազմահատոր վեպը: Հրաշալի է Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակն ու սիբիրյան պատմվածքների շարքը: Գրվեցին նաև բազմաթիվ այլ հրաշալի վեպեր, վիպակներ, հիշողություններ:
Բայց այս ամենն ավելի ուշ` անհատի պաշտամունքը հաղթահարելուց հետո: Դժվարը հենց նույն դժոխքի մեջ դժոխքի մասին գրելն էր: Եվ, այո՛, ստալինյան հալածանքների բովում ևս գրվեցին գործեր, որոնց հեղինակները գիտեին, որ զոհ են գնալու արյունոտ նախճիրին:
Այդպիսիներից էր իրոք հերոսական այնպիսի մի հանճար, որպիսին Եղիշե Չարենցն էր:
Ահա իր գրական ու հոգևոր բարեկամի` Ակսել Բակունցի ծանր փորձության օրերին, երբ Չարենցը դեռ ձերբակալված չէր, բայցև հայտարարում էր` որտեղ իր ընկերները, այնտեղ էլ ինքը, գրեց իր լավագույն բանաստեղծություններից մեկը, որ մահվան դարանակալ կարմիր աչքերին նայող իրենց թանկ ընկերության սրբազան աղոթքն ասես լինի: Սրանով Չարենցն իր վճռական ո՛չն ասաց իրեն ու Բակունցին իրար դեմ հանող ամեն տեսակի մեծ ու փոքր չեկիստների սադրանքներին:
Ահա այդ գլուխգործոցը` գրված 1936 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը.
Ա. Բ-ին
…Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջնջելի գրերն հնադարյան,-
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված`
Խորհուրդների համար մշտահմա,
Որպես խորհուրդը մեր նայիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար – և լուսեղեն`
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հա՛ր աննյութեղեն,-
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,-
Այս ամենի համար,- և «Ծիրանի»
Հազարամյա փողի համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում,- և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո`
Հնչելու է երգեր եղբայրական,-
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար,- և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին-
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ,-
Երբ դեռ դու այր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…
[5, էջ 164-165]:
Չարենցը 1937-ի զոհերից է, ում հանդեպ հալածանքներն սկսվեցին 1933-ին` «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելանքով: Դրան հաջորդեցին հարցաքննություններ, այնուհետև նրան վտարեցին Գրողների միությունից, հեռացրին զբաղեցրած պաշտոնից, մեկուսացրին գրական կյանքից, դադարեցրին գրքերի տպագրությունը, այդ թվում` Մոսկվայում և Թիֆլիսում ռուսերեն թարգմանական ժողովածուները, հռչակեցին քաղաքականապես անվստահելի անձ, հսկողության պայմաններում հրամայեցին քաղաքից չբացակայել, մամուլում քննադատեցին թե՛ իրեն և թե՛ իր գրական խմբի անդամներին ու համակիրներին, թունավորեցին կենցաղը, մղեցին ծայրահեղ արարքների, ի վերջո, ձերբակալեցին, բանտում հարցաքննության փոխարեն դաժան հաշվեհարդար տեսան նրա հանդեպ, ուր և 1937 թ. նոյեմբերի 27-ին ավանդեց հոգին:
Այս ամենով հանդերձ Չարենցի կյանքի վերջին տարիներն արտակարգ հարուստ են տարատեսակ ստեղծագործություններով, այդ թվում իրեն` Ստալինին և ստալինյան վարչակարգը քննադատող բազմաթիվ գեղարվեստական էջերով ու տարատեսակ գրություններով: Այս տեսակետից առանձնացնենք «Որպես գորշ, դեղին տերևներ…», «Կար մի պոետ միամիտ» տողերով սկսվող պոեմները, մահ ու մայրամուտ գուժող երգերը, իր ժամանակի քաղաքական գործիչների գրական դիմանկարները, մինչև կալանավորվելը, այնուհետև բանտում գրած բազմաթիվ էպիգրամներ ու բանաստեղծություններ, այդ թվում` «Օ, մանկիկներ մեր լույս», «Հոտ է գալիս կրկին արյան», «Կեսօր», «Բարձրավիզ կոշիկներ հագին»,«Թիֆլիսցի կինտոն», «Միջնադարյան կացին», հիշատակենք «Դոֆինը նայիրական» սոնետների շարքը` նվիրված Թիֆլիսում Բերիայի կողմից ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի սպանությանը: Կան նաև բազմաթիվ այլ գործեր: Դրանցում Ստալինը ներկայանում է որպես ռուս ցարերի գահը զավթած թիֆլիսցի մի նեղճակատ կինտո, որպես մարդկանց գլխատող միջնադարյան կարմիր կացին, որպես հատակի տակից պոետին լրտեսող բեղերը սրած մի տարական, որպես մարդկային արյունով ճաշ եփող խոհարար, որպես 150 միլիոնանոց երկիրը` ԽՍՀՄ-ը, մի արջի նման պարեցնող կրկեսի ծաղրածու, որպես խրոմե սապոգներով ժողովրդին տրորող բռնապետ, որպես մարդկային գանգերով հաղթանակի բուրգ` ջաբուլգա կառուցած մի դահիճ, որպես ժամանակին բանաստեղծական փորձեր արած մի նոր Ներոն կամ Նեռ` հակաքրիստոս, որպես Մարքսի հետ ոտք մեկնող մի քաղաքական ելուզակ, որպես մեր մտքի որձակը լափող հրեշ… Ահա բանտում 1937-ին գրած «Թիֆլիսցի կինտոն» բանաստեղծության վերջին տները.
Սև կառքի կառապան լկտի,
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մեր մտքի,
Զրկում է մեզ հունտից ազգային:
Ի՞նչ անի նստվածքը ռամիկ
Կավատի դավից անտեղյակ,
Արև էր, դառել է մահիկ,
Աշխարհում մնացել մենակ:
Օ, ո՞ւր եք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եվ եղավ չըլսված մի Նեռ
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն:

Գրականություն
Գասպարյան Դ., Ակսել Բակունց: Կյանքը և ստեղծագործությունը, Ե., «Զանգակ», 2009, 544 էջ:
Գասպարյան Դ., Հայ գրականություն, գիրք 6-րդ, Ե., «Տիգրան Մեծ», 2017, 736 էջ:
Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը և մյուսները, Ե., «Ապոլոն», 1994, 727 էջ:
Մահարի Գ., Սիբիրական: Արձակ, չափածո, նամակներ, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 2009, 710 էջ:
Չարենց Ե., Անտիպ և չհավաքված երկեր, Ե., ԳԱ հրատարակչություն, 1983, 712 էջ:

3 thoughts on “ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ / Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։