Մանասե / «Օրփեոս»

Սրանք հատվածներ են մեր «Օրփեոս» գրվածքից, որ երկար ժամանակ է ինչ գրվում է ու դեռ չեմ կողմնորոշվում ի՞նչ ժանրի մեջ է «խցկվելու»: Բոլոր դեպքերում, ընկալեք որպես «ֆրագմենտներ»:

Տոլստոյ և «Տոլստոյներ»
Մենք փորձով ենք տեսնում` մարդը մեռնի նրանից… որ ապրել է: Ապրել է ու մեռնում է: Մենք ոչ մի փորձով չենք տեսնի` մարդը մեռնի իր այն կարծիքից, որ ինքը Լև Տոլստոյն է: Ահա, ինչո՞ւ միանգամայն բնական եմ համարում, որ «Տոլստոյները» ավելի շատ են, քան ապրողները Լև Տոլստոյ դառնալու համար:

Մեռելոցներ ու տոներ
«Գերեզմանատուն եկեղեցու բակո՞ւմ…», «Չէի՞ր տեսել…», «Դե այ այսպե՜ս…», «Ի՞նչը այսպես…», «Այսպես գերեզմանաքարերի միջով եկեղեցի մտնել… չէի տեսել», «Չէ, դու դա չէիր ասում…», «Ես հենց էնպես…», «Հենց էնպե՞ս…», «Չէի տեսել…», «Ուզում էիր ասել…», «Ի՞նչ էի ուզում ասել…», «Գերեզմանատուն եկեղեցու բակում չի լինում…», «Լինում է, միայն թե…», «Դե, այս «միայն թե»-ն է քեզ նեղում…», «Երանի միայն ինձ նեղեր…»:
Մեռելոց: Տոն: Մեռելոց: Հարությունից Մեռելոց: Մեռելոցից Հարություն: Գերեզմանոցից եկեղեցի: Եկեղեցուց գերեզմանոց: Կարճ միացում:

Գրամոլություն և վարպետություն
Ըմբռնումներիդ համար, որ գրականության տեսակ են ձևավորում քո մեջ, երբեք մի՛ ուրացիր գրամոլության դերը: Գրամոլությունը շփոթել են շատ գրելու հետ: Մի նվազ գրքի հեղինակն էլ կարող է գրամոլ կոչվել, եթե այն անպետքություն է: Լավ գրականության շատը չկա: Մինչև նախապես գրամոլ չլինես, հետո չես կարող գրչիդ ամեն շարժումի ճակատագրվածը հասկանալ: Վարպետության ուղին անցնում է նախնական գրամոլուցքի միջով: Այդ մոլուցքով են տարված եղել սկսնակ գրամոլներ, հետագայում մեծ վարպետներ Գորկին ու Պաստեռնակը, Բալզակն ու Ֆլոբերը:
Ես անձամբ վարպետություն խոստացող գրել-ջնջելուց եմ ներքաշվել այս խայտառակության մեջ:

Շտայներ և խոզապուխտ
Գլուխները, որ շարունակվում են խոհանոցային կաթսաներում, բարեբախտաբար, մոռանում են գիտակցության մասին, որ կրում են իրենց մեջ… ո՜չ, ո՜չ, շտապեցի «կրում են…» ասելով… որ չե՜ն կրում իրենց մեջ, որովհետև մինչ գլուխները խոզամսի գոլորշիներում են լողում, գիտակցությունը, այնուամենայնիվ, շարունակվում է տիեզերքում:

Քուն և հիպնոս
Քունը մեր ցերեկով տեսածների հիպնոսին չդիմանալն է: Այնքան մոգակա՜ն է բաց աչքով այս կյանքը տեսնելը, որ չենք դիմանում ու հիպնոսվում ենք: Մենք չենք քնում: Մենք հիպնոսվում ենք: Հետազոտությունը, որ ես կատարել եմ հիմնավորելու համար սա, ապացույցներ ունի, որոնցից փորձառումի դիմացածը ամենքիս հայտնի փաստն է. երբ հիպնոսից [սխալմամբ քու՜ն կոչված] մեզ վերադարձնում են արթմնի վիճակի, մենք չենք դադարում օր ցերեկով մեզ երևակայել Նապոլեոն:

Լայքեր և լակեյներ
Ես իսկապես փոշմանեցի այս բառերը ճիշտ արտասանությանս վրա` այն չէի ասում, ինչ կուզեի ասած լինել ցույց տալու համար վիր/հտուալ ստրկամիտները ովքե՞ր են ֆեյսբուքում:
Ինձ «ուղղեց» նա` բարձր տրամադրությամբ թույլ բանաստեղծություններ գրող ազգակցուհիս.
-Գիտե՞ս, – ասաց, – ես ֆեյսբուքում ինչքա՜ն լակեյներ ունեմ:
Լայքի ու լակեյի տարբերությունը շփոթելով նա շշմեցուցիչ ճիշտ կետին խփեց, քան ես, որ այդ օտար բառերի միջև որևէ կապ չեմ տեսել:
Մեր գրական ըմբռնումների չափանիշը այսօր ազդված է [ու ազդու՜մ է այլ չափանիշների վրա] լայք-երից ու լակեյ-ներից:

Կանտ և տեռորիստներ
Պատճառաբանելով, թե ինքը այժմ ծայրեծայր լցված է Կանտի բարդություններով և ուզում է թարգմանել այդ բարդությունները, նա այդպես էլ Կանտից չվերադարձավ մեր երեկոյան հանդիպման:
Տհաճ վիճակից ինձ ազատեց համակերպումս այն մտքին, թե ինչքա՜ն լավ է, որ Կանտը այդքան բարդ է ու դժվար են «վերադառնում»: Ի՜նչ աղետ կլիներ, եթե նա պարզ լիներ, մի երկու սատանեքով չէր բավարարվի համաշխարհային գրականությունը, այն կհեղեղվեր փիլիսոփայական տեռորիստներով: Աշխարհը վերափոխելու նրանց ցանկությունները լռեցնելուն, առանց այդ էլ, չկարողացան նպաստել ո՛չ գերմանացիք, ո՛չ էլ ռուսները, ու կարելի է կարծել, փրկվել եմ, որ Կանտից «վերադարձողների» մեջ մնացել է մեր հանդիպմանը չներկայացած հայ ուսանողը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, նա վերադառնա՞ ապագայում, ինչպես հայ վիպագրությունն է «վերադառնում» Եվրոպայից:

Պատերազմներ ու արևային ցիկլեր
Ուշաթափությունները լինում են. A – արևի տակ, օրինակ, գեներալ Գլինոեցկիի ուշաթափությունը, որ արևահարվեց, գիտակցությունը կորցրեց ու մեռավ: Եվ B. պատերազմների «օբյեկտիվության» տակ ուշաթափվածներ, թե պատերազմները սկսում ու ավարտվում են ըստ «արևահարումների»:

«Ի շրջանս յուր» և ոջիլներ
Կարող եք վստահ լինել, ինչ էլ պատահի, համենայն դեպս, ձեզ չի պատահի սարսափելին, երբ «ի շրջանս յուր» եք, ուղղակի գլխապտույտից չեք զգա ինչե՜ր են բազմանում ձեզ վրա: Օրինակի համար, տեսեք` ինչքա՜ն ժամանակ է Երկիրը իր առանցքի շուրջ է պտտվում ու ոչ մի սարսափելի բան նրա հետ չի պատահել, միայն թե ամեն մի «ի շրջանս յուր»-ից հետո ավելի բարենպաստ է դառնում իր վրա ոջիլների բազմացմանը:

Ցիտատների մասին
Մենք չգիտենք` մեր ճշմարտությունը հաստատելու համար վկայության կանչված հեղինակը, եթե իր կամքով լիներ, կցանկանա՞ր վկայակոչվել, – մենք չգիտենք ու վստահում ենք նրան մեր գրի մեջ, ու երևի թե նախ` մեր խոսքը վստահելի դարձնելու ընթերցողի մոտ, քան ճշմարտությո՞ւն է ասում մեր «վկան», թե՞ ոչ: Այսպես շատ էր պատահում մարքսիզմի դասականներին մեջբերելիս:
«Գետերը պետք է երկու ափ ունենան»: Մավրն է ասել: Չմոռանա՜լ, որ Մավրն է ասել ու անվերապահորեն դիպված է երախտագիտությանս այս բարենպաստ առիթից օգտվելու, որ եթե Մավրն է ասել, քիչ է ի գիտություն ընդունելը, թե ինչ է ասել Մավրը, հիշելը քիչ է, չմոռանալը դեռ ա՜յն չէ կրթված լինելու համար, պետք է ասվածը այնպես ընդգծել [շողացնե՜լ մարգարիտը], որ նրա շողքի տակ երկար ժամանակ նվաստացած մնան, ասենք, մի շարք մտքեր, որ Մավրը չի ասել: Տեղում տառատեսակը փոխելուց հետո, – թող ճչա կոնտեքստում, թե սա ով է ասել, – անհրաժեշտ է հետևի ծանոթագրություն, նույնքան երկար ժամանակ իր ծավալի տակ նվաստացած պահելու բուն նյութը, որ ինչպիսին էլ լինի, չարժե իր ծանոթագրությանը, ուր Մա՜վրն է ասել` գետերը պետք է երկու ափ ունենան… ձեզ զրկած չլինելու համար հաղորդվեք մի մարգարտի, որ ողջ արևմտաեվրոպական փիլիսոփայությունն է շողացնում:
Իսկ դուք դեռ… Միքայել Նալբանդյա՜ն…:
Բազում են կանչվածները …գրատախտակի մոտ, ուր քննություն առնողը Մավրն է:
Կանչվածներից մեկը ասաց` սակավներից ես եմ, որ ընտրյալ եմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.