ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐԸ
Անմոռուկները համերգ են տալիս,
Մի գերմարդկային, շքեղ մի համերգ,
Նրանց երգերը երկնքից գալիս
Ու երկրի վրայ դառնում են… տարե՜րք:
Անմոռուկները ժպտում են տխուր,
Յետոյ աչքերից թափում են ցողեր,
Սրտերը նրանց տրոփում յախուռն,
Իսկ հոգիները` արձակում շողե՜ր:
Անմոռուկները տենչում են անբառ,
Որ չմոռանանք մենք նրանց յաւէտ,
Անմոռուկների դեմքը` սուրբ խաչքար,
Անմոռուկների յուշը`խնկաւետ…
Անմոռուկները` անուններ` անմոռ,
Անմոռուկները` թերթեր կապտաթոյր,
Անմոռուկները` սրտերում յար հուր,
Անմոռուկները` անմեղ տխրութիւն…
Անմոռուկները` անմոռացութիւն,
Մեր լինելութեան վկաներ անմահ,
Անմոռուկները` յաղթականութիւն,
Անմոռուկների Դարն է սա, ահա:
21-ՐԴ
Մութ երկնքից կախւած է
Մի դեղնամած-անուրախ լիալուսին,
Մի երեսը նման է մարդու,
Դարձերեսը` Գայլի…
Ու ողջ գիշերւայ ընթացքում
Բզկտւում է մարդը,
Մարդը անպաշտպան
Գայլի ժանիքներում սուր,
Գայլի ճանկերում կեռ,
Բայց դեռ
Մի կերպ ապրում-դիմանում է
Ոչ մեռած-ոչ անմե՜ռ…
Էլ ինչո՞ւ չես ծագում
Փրկութեան ուշացած արեւ.
Հասել է դարը քսանմէկ,
Բայց շուրջը բզկտւած այս մարդու
Տակաւին մութ է ու մէգ…
ԴԷՊԻ Ո՞ՒՐ, ԱՇԽԱՐՀ
Այդ ո՞ւր ես գնում, աշխարհ խելագա՛ր,
Այդպէս սրարշավ գնում ես այդ ո՞ւր,
Դու քեզ կարծում ես
գիտութեան հանճար
Եւ Լուսնից, Մարսից
հասել ես Սատուրն:
Այդ ո՞ւր ես վազում, աշխարհ խելագա՛ր,
Մարդու դէմ ելած` տմարդ անզգամ,
Միլիոնաւորներ դարձան սովագար,
Եւ համաճարակ ու մահ ողբական…
Աշխարհ խելագա՛ր, ասա՛, յո՞ երթաս,
Ամենուր արիւն, ահեղ պատերազմ.
Բուերի կռինչ, աւերակ, օրհաս,
Խաղաղութիւնը` անհաս մի երազ:
Օ՜, բարոյազուրկ ու մթար աշխարհ,
Գեղեցիկ սեռի գիրգ
ստինքների ու յետոյքների
Խելառ մրցոյթով ո՞ւր ես ընթանում,
Ով գիտի, գուցէ զեխ առնիների
Անտես մրցոյթով ես հպարտանում…
Լափում են իրար ջոջերն աշխարհի
Մի կտոր իւղոտ պատառի համար,
Թոյլը ի ծնէ միշտ «պարտւի» պիտի,
Ուժեղը պիտի «յաղթանակի» յար…
Այդ ո՞ւր ես գնում, խելագա՛ր աշխարհ,
Հողագունդ իմ խեղճ
ոտնատակ այնքան,
Ծառը քո ծարաւ, կենդանին` անճար,
Քո ջուրն ու հողը քամուն պիտի տան`
Ջոջերն աշխարհի
այնքան անպիտան…
Խեղճ իմ Հողագունդ
«գիտութեան» գերի,
Յաճախ յիշում ես քարանձաւը քո,
«Գիտութիւնը» քեզ մատնեց մեծ չարի,
Ուրախութիւնդ վերածեց սգոյ:
Խելագա՛ր աշխարհ, այդ ո՞ւր ես գնում,
Անդունդ է տանում այս ճամբան մթին,
Մեծամտութեամբ զուր ես յանդգնում,
Փառամոլութիւնն հանիր քո մտից…
Խելագա՛ր աշխարհ, խելքի եկ դու շուտ,
Քանի որ ուշ չէ, ու կայ փրկման ելք,
Վկայ` սովահար այս խեղճ
որբուկի արցունքը վճի՛տ,
Այլապէս ոչ մի փրկութեան
նշոյլ չես գտնի երբե՛ք…
ՄԱՏՆԵՐՍ
Մատներս տանեմ ծամիկներիդ մէջ,
Անբոյր մատներս բուրաւէտանան,
Թող ինչքան ուզեն նախանձեն բախտիս
Բարի հրեշտակն ու չար սատանան:
Ձեռքերս բռնեն ձեռքերդ ծաղիկ,
Շողէ նատներդ շոյեն ափերս,
Շուրթերս ունկիդ շշնջան տաղիկ,
Տաք համբոյրը քո ինձ նւէր բերես:
Մատներս սահեն բրոնզէ մաշկիդ,
Աչքերիդ խորքում նկարս գտնեմ,
Մերկութեամբ շքեղ շողացող ով կին,
Թող ուխտաւորս տաճարդ մտնեմ…
Կաթիլ մի արցունք գլորւի այտիդ,
Որի շողանքից ես մարգարտանամ,
Ելնեմ աշխարհի երկար այս ճամբի
Սիրոյ բոլոր փակ դռները բանամ…
Մատներս տանեմ ծամիկներիդ մէջ
Ու քնքշագին այդ անտառում կորչեմ,
Մոլորւեմ թանձր մշուշներում թաց,
Մոլորութեան մեջ անունդ կանչե՛մ…
ՔՇՒԱԾ ՄԻ ՏԵՐԵՒ
«Ոչ»-ի բեռան տակ կքեցի երկար,
Փշրւեց սիրտս, հոգիս փշրւեց,
Գիտէի սէրն այդ, չէ, գլուխ չի գայ.
Նա քո մէջ փոքր էր, ու իմ մէջ էր մեծ…
Ես չէի կարող ընկերդ մնալ,
Քեզ սիրում էի մեծագոյն սիրով,
Կամ քեզ ունենա՛լ,
կամ մի՛շտ ձեռքից տալ
Ու մի կեանք վառւել քո սիրոյ հրով:
«Ոչ»-ի բեռան տակ կքեցի երկար,
Ուստի ստիպւած հեռացայ անդարձ,
Վերջալոյսի մէջ ցաւոտ արցունք կար,
Տաքսին քեզ տարաւ, ինչպէս մի քշւած
Աշնան դեղնագեղ տերեւ հողմավա՛ր…