ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Ինքնազրույց.
ինքնադատման փորձ
Իմը պատմվածքն է: Նրանում ապրում է իմ մարդը, ես էլ: Իմաստուն խորհրդատվության մեջ արարվում է երկիրդ` միշտ ականջալուր այստեղ ապրողի կանչերին: Ո՞վ է, որ ի զորու է գրելու այն բառը, որը նկարեն է, ընկալելի է անում ծառի ու երկնի թռչունի մտածությունը, մեղեդիացնում է երկրի ու բնակչի հավերժական հունչը տիեզերական անհայտությանը, կարողանալու է հայտնության մղել այդ անհայտը, որպեսզի միշտ մնաս հմայված նրա հոլովույթում` գեղարվեստի տողում ու հնչյունում:
Մեծարենցը հուշում է` փորձիր ինքդ էլ, ինչպես ես…
1. Այո՛, պատմվածքը: Ինչո՞ւ միայն այն և ոչ մի այլ ժանր արձակում, ասենք` վիպակը: Նկատի ունեմ, որ ամենահակիրճ գրվածքդ էլ նյութի ու գեղարվեստի պաշար է պարունակում, որը բացելիս-փռելիս կլինի հենց հարցիս ակնկալածը: Վախենո՞ւմ ես, որ կարող է ասելիքի խտությունը կորսվի, ընթերցողի զննին ընկալման հմայքը ջրիկանա: Դա ես կնմանեցնեմ հորդահոս գետի զսպվածությանը կիրճում, ինչը հետո փռվելու է հարթությունում: Անցե՞լ է հարթագրության ժամանակը:
– Ե՛վ անցել է, և՛ ոչ: Այդ հարցը գրողին կարելի էր տալ հարյուր, երկու հարյուր տարի առաջ էլ, երբ բուռն ծաղկում էր ապրում արձակագրությունը Եվրոպայում և Ռուսաստանում: Դիտենք Տոլստոյի և Դոստոևսկու դեպքում: Առաջինը նյութը շարադրում է շատ մանրակրկիտ, չվրիպելով մանրամասն իսկ կերպարը ստեղծելիս կամ գործողության տվյալ դրվագը: Դոստոևսկին մի տեղ նույնիսկ հեգնանքով նկատում է, թե Տոլստոյը նկարագրում է կնոջ կրծկալի կոճակն էլ: Նա լայն փռվածքի վրա ստեղծում է մարդկային հարաբերակցության պատմությունը, ինչպես Մաթևոսյանն է նկատել` տողը տողի վրա, չշտապելով: Հոգու դրաման, կրքերի բախումները բնականորեն գնում են իրենց հանգուցալուծումներին: Մեծ գրողի վեպ-էպոպեան հարթագրության մեջ է, բայց մեծ գեղարվեստում: Այս է, որ անհասանելի է մնացել իրեն ժամանակակից թե հետագա շատ գրողների հաստափոր գրվածքներում: Ուրեմն` տաղանդ: Առաջին պահ ինչո՞վ այդպիսին չեն Դոստոևսկու գործերը, իհարկե, իր ոճում: Այս գրողի գրելաձևում, սակայն, ինչպես պարզկա երկնքում են ամպրոպալից ամպերը խմբվում, դարձյալ տողը տողի վրա ահագնորեն կուտակվում են մարդկային հզոր լիցքերը, բախվելով` կայծակում այնպիսի դրամատիկ ուժով, որ ընթերցողդ այնուհետև մնում ես քննելիս, թե տաղանդը ոնց է բացահայտում հոգու անսպառ բռնկումները: Գլուխ առ գլուխ հասունանում է ողբերգական պատմությունը, ինչն էլ մարդու ճակատագիր է: Մեծ գրականության` անցյալ թե ներկա, ճշմարիտ ճանապարհն է: Ուրեմն` էլի տաղանդ: Այնպես որ` գեղարվեստական խտացումը առկա է և՛ հարթագրության, և՛ զսպված ոճի բացահայտումներում: Ինչո՞ւ չէ, մեր օրերում էլ գրողը կարող է խիզախել «հին» դասական կարգ-կանոնով, դրան միշտ է պատրաստ ընթերցողը, եթե ստեղծագործությունը միտված է նրա ընկալումների խորքայնությանը: Մեր օրերում, սակայն, տողի, մտքի, ոճի խտացումները այսօրվա մարդու սեղմված ժամանակի ու կենսագործունեության թելադրանքն են: Այո՛, իմ պատմվածքը միտում է մտքի ու բառօգտագործման խտության: Երբ հետ եմ դառնում, թե` հիսուն տարի առաջ այդ ժանրին այդպես դառնալս անսխա՞լ էր, գտնում եմ, որ` այո՛: Քանիցս եմ նշել, որ ինձ իմ թեմային ուղենշողը Հրանտ Մաթևոսյանն էր Երևանի Գնունի փողոցի տպարանի մեր համատեղ սրբագրական աշխատանքում: Այդ ժամանակ մեր սերնդի երիտասարդ գրողները հրապուրված էին արտասահմանյան գրողների մաներաներով, բայց ոչ Հրանտը: Մինչ այդ ընթերցել էի նրա «Ահնիձոր» ակնարկը և զգացել, որ պետք է «նմանվել» այդ ուղղությանը, և առաջին` «Իմ հեռո՜ւ աստղերը» պատմվածքը հավանեց ու արդեն որպես «Գրական թերթի» աշխատող` տպագրեց նա: Այն դուր եկավ գրական միջավայրին: Այդտեղից էլ բոլոր գրածներիս թեման իմ գյուղն է` մե՛րթ Թաղաշատ, մե՛րթ Թաղեր անվանումներով: Ես մեծ հեռաստան չէի բացելու, հենց սկզբից էի զգում, որ թեկուզ վիպակի չէի զորելու: Սակայն պինդ էր համոզումս` մի քանի էջանոց պատմվածքը եթե գրված չլիներ ասելիքով խիտ, խոր զգացման չմղեր, լինելու էր պարզունակ, մեկ շնչով ընթերցվող անցողիկ բան: Շատերն են ինձ ասում, որ գրածս մի ընթերցելով ամբողջությամբ տեղ չի հասնի, և դա ուրախացնում է: «Ինչո՞ւ չես ծավալում, վիպակ դարձնում»,- ասում են: Ես այդքանը մտածում էի, բայց չէի ձեռնարկելու, քանի որ չէի կարողանալու զատվել ոճի կաշկանդումից: Ոճը, ինչպես ասված է, ինքը մարդն է, ձեռքս չէր գնալու թեկուզ մեկ անհարազատ բառ գրելու: Բայց և համոզված եմ, որ եթե գրածդ կառուցիկ ու ճշգրիտ է, առանց բառի իսկ խճողման, պարզ է ու ընկալելի: Թող շարժի ընթերցողի միտքը, հասցնի գեղարվեստի հմայքներին, եթե, իրոք, դրանք առկա են գրվածքում:
2. Գրողներից ո՞ւմ ես համարել հավերժի ճամփորդներ: Նրանցից գրել սովորե՞լ ես:
– Նրանք շա՜տ-շատ են, բայց նախընտրածներս են Չեխովը, Թումանյանը, Դոստոևսկին, Սարոյանը, Շոլոխովը, Բակունցը, Մաթևոսյանը… Ինչպես տեսանելի է` ոճով նման և տարաոճ գրողներ. նրանք բոլորն են հեռավոր ապագայի ճամփորդներ: Մի անգամ ասել եմ, որ ես բնատուր տաղանդով օժտված չեմ եղել, գրականության բուռն սերն ու գրողական տենչն են ինձ հետամուտ պահել ստեղծագործելուն: Բծախնդիր տարվում էի, թե այս ու այն գրողն ինչպես է անում իր գործը, մի տեսակ դաս էի առնում բոլորից: Անուղղելի հրապուրված էի ամեն լավով: «Սովորում էի» գրել: Սա կարծես անհատույց չի թողնում ջանքդ: Նաև գիտեի, որ եթե մի որոշակի արժեքի հասել էի, այն ինձ ձեռագրի անհատականություն էր ապահովելու: Ինչպե՞ս չսովորես գեղջկական կյանքի ու բնանկարի թումանյանական, շոլոխովյան ու բակունցյան վերարտադրումներից, կերպարացնելու չեխովյան հումորից, Դոստոևսկու ցնցող դրամատիզմից, Սարոյանի ծփուն մարդասիրությունից, Պարոնյանի այրող հեգնանքից, ինչը կոչված է մաքրելու մարդուն անհաճո դրսևորումներից: Նրանք գեղարվեստականության սպասավորներն էին, ո՛չ, ասենք, մտավոր հոսքերի գրականության քրմեր, ովքեր փորձում են իբր նոր ուղղություններ բացել: Նրանք չեն օգտվում կերպարին բնորոշ ազգային կոլորիտայնությունից, հումորառատ խոսքից, մարդու առօրյա պահվածքից բխող մանրամասների գեղարվեստացումից, որոնք կենդանի շունչ են հաղորդում գրածին: Չափած-ձևած հոգեբանական ինտելեկտուալը մտավոր մարդկանց մի խմբի բաժինն է միայն: Թող զարմանալի չթվա, համաշխարհային հռչակ վայելած, Նոբելյան մրցանակի արժանացած շատ ստեղծագործություններ, իմ համոզմամբ, հեռու թե մոտ ապագաներում կորցնելու են վաստակած փառքը, գրավչությունը: Որովհետև թեկուզ մեծ մի ժամանակահատվածի համար են: Մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, մոգական ռեալիզմ, բայց` մեկ ու միակ հավերժական ռեալիզմ: Ամենանոր Սարոյանը մի քիչ Թումանյան չէ՞, մի քիչ Չեխով…
3. Պատմվածքներիդ արտահայտիչները, որոնք կգնահատի ընթերցողը:
– Մտահղացումը ապրած կյանքից` սկսած մանկության հուշումներից կամ մարդ-բնություն քո միջավայրից, եթե նույնիսկ կտրված ես այնտեղից: Չեմ ընդունում այն պատմվածքը, որի հեղինակը ճամփորդելով այս ու այն երկրում` գրի է առնում գլխով անցած դեպքը: Ինչքան էլ «հետաքրքրաշարժ»` այն մնալու է որպես պատմված դեպք, քանի որ չի շնչավորելու օտար միջավայրը գեղարվեստի գրավչությամբ: Ստեղծիր երկիր-եզերքիդ գեղարվեստական դիմանկարն այնպես, որ այլազգին գրածդ ընթերցելով` երազի գեթ մեկ անգամ լինել այնտեղ, ինչպես բոլորս կուզենք Թումանյանի Լոռին (1): Ստեղծագործությունդ լինի խղճի գրականություն: Թե՛ դու` հեղինակը, թե՛ ընթերցողը մեծ խղճահարությամբ տոգորվեք կյանքի հարվածներից ստորացված մարդու նկատմամբ: Շատ ընթերցողներ են ինձ հավաստել, որ դա իմ գլխավոր արժանիքն է (2): Մարդու դրամատիկ կերպար` անգամ նրա կատակերգական վիճակում, ինչը պատճառում է հոգու ողջ խճանկարը: Եթե գրվածքում մարդը չի կերպարանում` մնում է շարժվող, խոսող մեկը, ոչինչ չներշնչող շրջապատին (3):
Կերպարը` չափավոր կոլորիտայնությամբ, ավելի` հոգեբանական: Չափից դուրս ազգային բնականացումը վնասում է նրա համամարդկային ընկալմանը (4): Լեզվական կատարելություն, հայերենդ շնչի բարձր գեղարվեստականությամբ, ոչ հոդվածային բառուբանով, բնաշխարհիկ կերպարիդ կենդանի խոսքով, հագեցած երկրիդ մտածությամբ ու մտահոգությամբ: Գիրդ լինի հարուստ, շատ բան ասի, տողդ լիքը, բառդ իմաստուն: Լեզուն է արթնացնում ընթերցողի համակրանքն ու սերը (5): Իմ թեմայի ժամանակը 1950-60-ականներն էին, երբ խորհրդային գրական պարտադրումներն արդեն հետ էին մղվում, և նոր, բայց հին արժեքները` դանդաղ վերադառնում, մեզանում` Չարենցի ու Բակունցի ավանդները: Թեև մթնոլորտը դեռ խորհրդային, դեռ կաշկանդված գրաքննությամբ, չունեմ գեթ մեկ պատմվածք, որը գրված լինի պարտադրված թեմայով և պատկերմամբ: Զգալի շատ են մերօրյա իրականությունից հղացվածներս (6): Ոճական ձևախաղեր չեմ արել, շարադրանքը զերծ եմ պահել ընթերցողին իբր գրավիչ անհարկի, ասենք` սեռական-կրքային պատկերումներից: Ձգտել եմ այն մտայնությանը, որ գրական գործը դաստիարակող, բարության մղող արժեք է ի սկզբանե: Հպարտանում եմ, որ կերտել եմ հայ աշխատավոր գեղջուկ կանանց ազնվական կերպարների մի ամբողջ շարք: Մեծ սեր, խորունկ բարոյականություն: Բունինի նմանատիպ շարքի կանայք ավելի կրքի նվիրյալներ են, ինչպես վայել է ռուս իրականությանը, թեկուզ գեղջկական: Մեծ գրողը ավելի կնամեծար է, պաշտամունքի հասնող: Ռուս կինը ազատ է, չբռնադատված իր ողբերգականության մեջ էլ: Նրա վիպակ-պատմվածքներում առկա չէ խղճահարույց բնույթը, ինչը իմ սիրած մաներան է (7): Հրաժարում մաշված հանգուցալուծումներից, ինչպես դա նկատվել է «Լիտերատուրնայա գազետայում» լույս տեսած Ալլա Տեր-Հակոբյանի «Откланение от нормы» հոդվածում (8): Կնշեի թեկուզ անհամեստ մի նկատառումս էլ. գրողը պիտի լեզվաոճական, բառօգտագործման, մտածության մթնոլորտ ստեղծի իր գրական միջավայրում: Կարծում եմ, այդպիսի տպավորություն թողել եմ գրող ու լրագրող ընկեր-ժամանակակիցներիս ստեղծագործական ձեռագրում (9): Ահա և հարցի գուցե ոչ սպառիչ պատասխանը:
4. Անակնկալ չէ՞ր ընթերցողի, նաև քեզ համար պոեզիային դիմելը, այն էլ 70-ին մոտ տարիքում: Բանաստեղծական երկու ժողովածուն բավարա՞ր են որպես բանաստեղծ էլ հիշատակվելու:
– Երկու դեպքում էլ` այո՛: Գրողի կյանքում լինում է մի շրջան, երբ նա օտարանում է իր ներշնչանքին ու ցած է դնում գրիչը: Շատ գրողներ են «հոգնել» չափածոյից ու դիմել արձակին կամ դրամատուրգիային և` հակառակը: Դա օգնում է վերադարձնել ստեղծագործական լիցքերը: Այո՛, ինձ համար անակնկալ էր չափածոյին դառնալը: Ներշնչեցին մանկության, պատանության օրրանում գտնվելս, հարազատ հանդերում լինելս, նյութապես գոյատևելու ջանքերս, երբ հող էի մշակում, կով պահում, խոտ հարում, բոստանը մշակում, և վերադառնում էին հուշերը, լցնում հոգին: Եվ հին կածաններում, ձոր ու բարձունքում այցելում էին քեզ բանաստեղծական տողեր, դարձիր տուն և գրի առ: Զարմանալիորեն «թեթև ու հեշտ» գրվեցին հարյուր վաթսուն բանաստեղծությունն ու հարյուր քառյակը: Այստեղ է, որ ապրված ասելիքն է ոգիացնում գրելու ջիղդ: Երբ այլևս սպառված էր բանաստեղծելու կիրքը, զգացի, որ կարոտում եմ արձակին: Խոստովանում եմ, հետչափածոյական արձակս այն է, ինչին կուզեի հասնել: Դուրս էի եկել նոր թարմ ներշնչանք ու մտածողություն: Այդ պատմվածքներում է, որ ավելի կերպարի հոգեբանականն է, քան չափից ավելի բնականացումը, ավելի ընկալելի այլազգի ընթերցողին էլ: Երկու ժողովածուն, այո՛, բավարար է հիշատակվելու որպես բանաստեղծ, եթե ընթերցողը վերջին էջը շրջելուց հետո ամփոփվում է ինքն իրենում և հետադարձ վերապրում այն հոգեպարար զգացումները, որ պատճառում են բանաստեղծական տողերը և եթե, իրոք, պատճառում են: Չեմ վարանում ասել, որ այդ տողերը չեն զիջում պատմվածքիս տողերին, կատարելությամբ կարող է գերազանցում են, քանի որ իմաստավորելու, չափավորելու, հանգավորելու, վանկավորելու դժվարություններում ավելի ես մտասևեռվում` գտնելու ամենաարտահայտիչ բառերը, որոնցով հարուստ է հայերենը, ուղղակի պիտի հասու լինես դրանց և դժվարանալիս չգրես պակաս արտահայտիչը, որ առաջ անցնես: Գտնում եմ, որ ստեղծել եմ հայ դասական ավանդներին համահունչ հոգեվերլուծական պոեզիա: Այն իմն է, չի հիշեցնում որևէ մեկին, ուղղակի խոսքի կատարելությամբ ձգտել եմ Տերյանին, հոգեվերլուծությամբ` Թումանյանին: Այն քիչ չէ: Եթե քիչը բարձունք է հանել Դուրյանին և Մեծարենցին, ուրեմն բավարար է տեղ գրավելու իրեն արժանի դարակում: Լավ է քիչ, բայց լավ: Մեծն Լոռեցու պատանեկան շրջանի շատ բանաստեղծություն ու պոեմ իր որակը չեն, բայց ճանապարհ են հարթել դեպի հանճարեղություն, միևնույն է` ընթերցողի տեսադաշտից դուրս են դրանք: Ահա մեկ նմուշ իմ «Ինքնազրույց» ժողովածուից.
Բանաստեղծի սլացքը-աստղերի զարմանքը
Տիրոջ արքով, վարք ու կարգով
Անցնում եմ ողջ տիեզերքով…
Աստեղային զարմանք չորս դին.
«Ո՞վ է, ի՞նչ է անում թափառ,
Մենավոր ու անկառավար…
Նա է` հոգնած մի Երկրային,
Բայց նա ինչո՞ւ վարք ու կարգով,
Այն էլ նույնիսկ տիրոջ արքով
Մեր անհունն է չափում քայլով,
Ասես անհոգ, շուգ ու փայլով…
Բայց նա չէ՞ որ հոգնած ու հեգ,
Հայացքը մեզ պարզած անելք,
Ելք է փնտրում իր Երկրից,
Ինքն իրենից, ջրից, հրից,
Իր բյուրավոր շնորհներից,
Ծագող-մթնող իր օրերից…
Ինքն իրենից ինչպե՞ս ելավ,
Մեզ էլ շնորհ արեց, անցավ,
Ո՞ւր է սուրում անվերադարձ,
Անպատասխան ու ոգեբաղձ…
Կա՞ մեր ծիրում իրեն հայտնի,
Մեզ դեռ անհայտ առեղծված մի…»:
5. Քո գրական հրապարակախոսությունը, որը կոչում ես երկրորդ ներշնչանք:
– Այն իմ երկրորդ հրապուրանքն է արձակից ու պոեզիայից հետո: Գրել եմ ոչ քիչ հոդվածներ, որոնցում դառնում եմ այն ներքին ու նրբին ազդակներին, որոնք ստեղծագործությունը` պատմվածք թե բանաստեղծություն, հաղորդակցում են ընթերցողի սրտի պահանջին: Դրանք մոտավորապես այն են, ինչը մանրամասնեցի որպես պատմվածքներիս արտահայտիչներ. կատարյալը անհասանելին է, չափի զգացումը, կերպարը, տաղանդի դասերը, ինչը-ինչպեսը և այլն: Դրանք քննել եմ դասական ավանդների տեսանկյունից` միշտ հավատարիմ սկզբունքին` թե նորամուծությունը գրականության զարգացման շարժիչ է, եթե ժամանակ անց դասվելու է մեծ արժեքներին:
6. Գնահատվե՞լ ես:
– Ոչ: Չէի ցանկանա անիմաստ գովերգվել, այլ` քննադատորեն վերլուծվել: Ուրիշ էր 1960-70-ականների գրաքննադատման մակարդակը: Գրածդ ընթերցում էին ոչ միայն մի քանի գրող ու լրագրող: Ունեցել եմ լավ ընթերցողների շրջանակ, լինում էին արձագանքներ` գրավոր ու բանավոր: Անտես չէր արվում պատմվածքդ: Գրողական խմբերով ընթերցողների հետ հանդիպման էինք գնում հեռավոր գյուղեր, ու երբ անծանոթ մեկը հավանության խոսք էր ասում, զգում էիր, որ նա է անկեղծ գնահատողը: Խոսքս երևանյան շրջանիս մասին է: Ինչևէ, եթե գրականության ժամանակ չէ, ի՞նչ գնահատություն պիտի ակնկալես: Չկա գրական պատշաճ մթնոլորտ, որում ընդգրկված լինի ընթերցող ժողովուրդը: Ոչ ոք մեղավոր չէ, բուռն մթնոլորտն է առաջադրում տաղանդին ու այն անշահախնդիր գնահատողին: Կան չգնահատվելու այլ պատճառներ: Իմ դեպքում դրանցից մեկը նշել է Համլետ Մարտիրոսյանը. «Քեզ պահում են Հրանտ Մաթևոսյանի ստվերում»: Շնորհակալություն նրան, Վարդան Հակոբյանին, Ժաննա Բեգլարյանին, էլի մեկ-երկուսին, ովքեր անտես չեն թողնում գրածդ:
Մի հոդվածում հիշել եմ Սարոյանի խոսքը. «Ես գիտեմ շատ հրաշալի գրողների, ովքեր չգիտեմ ինչու գնահատված չեն»: Սրան «որպես պատասխան» հիշեմ Տիգրան Պետրոսյանի նկատումը. 1959-ին ԽՍՀՄ շախմատի չեմպիոնը Երևան գալով` հանդիպման էր պետական համալսարանում: Բազում հարցերից մեկին` ինչո՞ւ նույնիսկ գրոսմայստեր մոտիկ ընկերներդ` Գելլերը, Ավերբախը և այլք, չեն ուզում, որ չեմպիոն դառնաս, Պետրոսյանը` «Բոլորն այսպես են մտածում. եթե ես չեմ հաղթում Բոտվիննիկին, թող մնա ինքը»: Խեղճ սիրելի պատանի Մեծարենց, երևի տաղանդդ է պատճառը եղել, որ գրական շրջապատդ անտես է արել այն, ու դու ինքնադատման փորձ ես արել, արժանիորեն ու արժանապատվորեն գնահատել ինքդ քեզ: Եվ երևի քո օրինակին է հետևել քեզ պաշտող Չարենցը, ով նույն միջավայրից էլի խռովյալ` հպարտորեն իրեն չկամեցողներին առերես գրավոր հավաստել է իր բարձրությունը նրանցից: Ինչ իմանաս` նույն ազնիվ զայրույթից մղվա՞ծ չի բարձրաձայնել Սարոյանը. «Իմ գրվածքները նորից ու նորից կհայտնաբերվեն»: Քի՞չ է ինքն էլ արժանացել բթամտության: Էլի շատերը…
Ոչինչ, ստեղծագործողին հավերժ ուղեկից երևույթ է, դու շարունակիր գրել մեկ լավ բանաստեղծություն ու մեկ լավ պատմվածք, և գրականությունը մեկ առաջընթաց քայլ կանի` քեզնից շնորհակալ:
7. Գրողը պարտավոր է նոր բառաստեղծման…
– Այդպիսիք տասնյակներով կհաշվվեն` սկսած առաջնեկ «տոհմականչից», որը դարձավ խորագիր գրքերիս, չհաշված բազում բառերի նորովի հնչեցումները նույնիսկ հոդվածներումս:
8. Վերջը, հետո՞…
– Մրջյունն ու մեղուն հետոյի մասին չեն մտածում: Դու գործդ արա, պարտավոր ես անել: Հետոն` հետագային: Թե մի բան արել ես` կիմաստավորի այն: