ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՏԵՍԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐՈՒՄԻ ՈՒԺԸ
Գիտամանկավարժական աշխատանքին երիտասարդի նույն ավյունով նվիրված պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը նախ` իրեն բնորոշ պարզ հումորով է անցկացնում սերնդափոխության` անընդհատ հիշեցվող պարտադրանքը` ասելով, թե բանասերին միշտ ոչ այնքան սիրելի թիվը մարդուց դուրս գոյություն ունեցող մի վերացարկում է, որը շատ բան չի կարող ասել նրա կարողությունների ու նվիրումի մասին: Իսկ եթե տարիքը պիտի պարտադրի երբեմն տրվել հուշերին, ապա անցած ճանապարհի ու վաստակի մեջ միայն մեկ-երկու փաստի մասին է հպարտությամբ խոսում: Դրանցից մեկն այն է, որ ինքը ծնվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի սարերում` խոտ ու ճյուղերից սարքած քողտիկում, ուր անտառն անգամ նահանջել էր և մնացել ներքևներում, իսկ վերևում շատ մոտիկ երկնքի կապույտն էր, կողքիդ` ալպյան կանաչը: Այսպիսի ակունքից սերվելն արդեն պարտադրում է անկեղծ նվիրում և հարաբերություն ամեն ինչի մեջ:
Ինքնագոհության մյուս փաստն այն է, որ փայլուն ուսումնառությամբ ու արդյունքով դպրոցն ավարտելիս ուսուցիչներն ու շատ մտերիմ-բարեկամներ տարակուսեցին բանասեր դառնալու որոշման վրա, փորձեցին համոզել, որ պետք է տղային վայել` ճարտարագետի, իրավաբանի կամ այլ մասնագիտություն ընտրել: Եվ հիմա էլ զարմանում է, թե ինչպես ուժ գտավ` այդ դժվարին արգելքը հաղթահարելու և ճիշտ ճանապարհով ընթանալու: Երկու այս ուժեղ սկիզբը կանխորոշեցին ապագան, մնացածը աշխատասիրության անելիքն էր, որ Վ. Սաֆարյանը ուներ և ունի: 1970-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտեց, դեկան և հայ գրականության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մ. Մկրյանը ապագա անելիքների անորոշ ծրագրի մասին հարցնելուց հետո ասաց, որ ամբիոնին հատկացրած լեկցիոն ասիստենտի տեղը երկու տարի է պահել է արժանի թեկնածուի համար. այդպես Վ. Սաֆարյանի ճանապարհը մեկընդմիշտ կապվեց ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի հետ:
1974 թ. պաշտպանեց «Փավստոս Բուզանդը և հայ նոր գրականությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, որը որոշ առումներով կանխագծեց նրա հետագա անելիքները հայ միջնադարյան և նոր գրականության ուսումնասիրման ասպարեզում: Հեշտ չէր ինքնահաստատման ուղին. ժամավճարով, կես հաստիքով ու լրիվ դրույքով դասախոսական տարիները 1981 թ. հիմնավորվեցին դոցենտի պաշտոնով: 19-րդ դարավերջի և 20-ի սկզբների, ինչպես նաև հայ հին և միջնադարյան գրականություն է դասավանդել բանասիրական,ռոմանագերմանական բանասիրության, արևելագիտության, ժուռնալիստիկայի, աստվածաբանության ֆակուլտետներում: Գիտահետազոտական աշխատանքը շարունակել է միջնադարի հայ գրականության բնագավառում, 1990 թ. հրատարակել է «Կիլիկյան Հայաստանի գրականությունը» մենագրությունը, և այս երկրորդ գրքի բարձր գնահատականի վկայությունը եղավ այն, որ ամբիոնի ուղղակի պարտադրանքով այն ներկայացվեց պաշտպանության` որպես դոկտորական ատենախոսություն: Երբեմն կատակով ասում է, թե իր կենսագրության նշանավոր փաստերից մեկն այն է, որ եղել է Խորհրդային Միության վերջին դոկտորը:
1993 թվականից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում շարունակում է աշխատել պրոֆեսորի հաստիքով: Ինչպես գրականության շատ երևույթներ, այնպես էլ շրջապատող մարդկանց ու կյանքը հոգեբանի բնատուր ունակությամբ տեսանելու կարողությունը ձևավորեցին վաստակավոր մանկավարժին, ում բարությունն ու խստապահանջությունը, ճիշտ կգնահատվեն դրանք թե ոչ, իր մանկավարժական աշխատանքի արժևորումներն են: Բարեխղճությամբ մասնակցելով ֆակուլտետի կազմակերպչական աշխատանքներին, որպես մեթոդխորհրդի նախագահ, ֆակուլտետի խորհրդի անդամ և այլն, Վ. Սաֆարյանը նվիրումն ու ինքնադրսևորման ազատությունը տեսնում է համալսարանական լսարանում, որին ծառայելու է կոչված նաև իր գիտահետազոտական աշխատանքը:
Հրատարակել է վեց գիրք, 70-ից ավելի հոդվածներ: Միջնադարի գրականության մշակութաբանական էության նորովի քննություններն ամբողջացան «Միջնադարի հայ գրականության պարբերացման հիմունքները» մենագրության մեջ, ուր ժամանակի ընդհանուր աշխարհայեցողական կանոնների համատեքստում վերլուծվում են հեղինակային մտածողության ինքնատիպությունները, ըստ այդմ` բովանդակության, պատկերի, նաև ժանրի ու կոմպոզիցիայի զարգացման բնորոշ ընթացքը, ինչը հստակեցնում է պարբերաբաժանման հիմունքները` որոշակիորեն ստվերագծելով նաև նոր գրականության սկզբնավորման այս կամ այն կողմը: Այս գիրքը և մանկավարժական երկարամյա փորձը հիմք դարձան` ԵՊՀ հրատարակությամբ վերջերս լույս ընծայելու «Հայ միջնադարյան գրականություն» ուսումնական ձեռնարկը:
Հայ նոր ու նորագույն գրականության մի շարք ստեղծագործությունների ուսումնասիրության դիտակետը ոչ միայն երկի կառուցվածքի, կերպավորման արդիական սկզբունքների մեթոդաբանությունն է, այլև հոգեվերլուծական յուրահատկությունների դիտարկումները: Այս առումով, դեռևս 2001 թ. լույս տեսած «Գրողի և կերպարի անհատականությունը» մենագրությունը խորքային քննություն է ներառում ստեղծագործություններում գրողի «թաքուն» ներկայության, կերպարների հոգեբանության մեջ նրա բնավորության ներթափանցումների և դրանց հոգեվերլուծական առանձնահատկությունների մասին: Լավ ընդունված այս գրքի պահանջարկը այսօր էլ կա, իսկ վերահրատարակման առաջարկին պատասխանում է ուսերը թոթվելով:
Հայ գրականության պատմության ընդգրկուն շրջանների ուսումնասիրությունը` հեղինակների, ժամանակների ու խնդիրների մեծ տարողությամբ, ի վերջո Վ. Սաֆարյանի ուշադրությունը բևեռեցին մշակութաազգաբանական որոշակիության վրա: Միջազգային ու տեղական գիտաժողովներում կարդացվեցին զեկուցումներ, գրվեցին հոդվածներ Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Լևոն Շանթի, Վիլյամ Սարոյանի, արդի գրականության հեղինակներից` Հրանտ Մաթևոսյանի, Լևոն Խեչոյանի և այլոց մասին: Հայոց նորօրյա ճակատագրի վայրիվերումները ստիպեցին շատ խնդիրների պատասխաններ փնտրել մեծերի` Խորենացու, Աբովյանի, Թումանյանի, Չարենցի խոսքերում, նորից ու նորովի տեսնել և ցույց տալ խորհուրդը գոյաբանական հարցերի` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում: Այս և այլ հարցերի ու պատասխանների գեղարվեստական կատարման վերլուծությունն է ներկայացնում «Գրականության բազմաձայնությունը» ժողովածուն, որը նաև մի մասնակի ամփոփագիրն է ավելի քան 40 տարվա գիտահետազոտական աշխատանքի: Եվ այն, որ պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը նույն մտահոգությամբ կազմել է հոդվածների նոր ժողովածու` «Գրականության պատմության դրվագներ», որը հրատարակության է սպասում, հաստատում է վաստակավոր մանկավարժի գիտական ներուժը, և մղում է նրա գործընկերներին ու ուսանողներին` ցանկանալու եռանդի ու նվիրումի նույն ճանապարհը:
Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր