Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Մարդ-ստվերը
Նա քայլում է փողոցով՝
մտազբաղ ու սևեռված,
անպատասխան հարցերի ու
տագնապների ալիքը
չտեղավորելով հոգու ներսում,
իսկ ստվերը հետևում է իրեն,
հետապնդում համառորեն,
քանզի այդպես է կամենում
իր համար ոչինչ չարժեցող արևը:
Հետո տագնապների ալիքը
դուրս է հորդում իրենից,
խառնվում ստվերին,
որը խտանում է՝
դանդաղեցնելով նրա քայլերը:
Ստվերը մոտենում է, ձուլվում մարդուն,
ով այդպես էլ «չկողմնորոշվեց»
ՄԱՐԴ մնալ-չմնալու,
խիղճն աղբամանը նետել-չնետելու
լաբիրինթոսում՝
մնալով իր խղճմտանքի
և թշվառության գերին:
Ստվերն ամբողջովին
կլանում է մարդուն,
ով աստիճանաբար կորցնում է
հստակ ուրվագծերը
ու միանում իր նման
բազմաթիվ մարդ-ստվերներին:
Իսկ երկրի տերերը
շարունակում են
դրախտավայր դարձնել
Հայրենիքը…
միայն ու միայն իրենց համար:

***
Երբ թանձրանում է ճահիճը,
ուժգնանում են կռկռոցները
տագնապահար գորտերի:
Նրանց ձայները լսում են շատերը,
բացի ականջակալներ կրող
«ինտելեկտուալ» դուրսպրծուկներից,
որոնց համար կյանքը
մանր վայելքների
զարդանախշ ու փոքրիկ մի կղզի է՝
առանց մայրցամաք
տանող նավակների,
բացի պոետներից,
որոնց հոխորտանքի տարածքը
անցյալ ժամանակն է,
իսկ միակ առաքինությունը
գլանաշերտային ակնոցները՝
ներկան չերևակող,
բացի ֆեյսբուքյան մատրոսովներից,
ովքեր չեն զգացել վառոդի հոտը
և իրենց փեշի տակ են պահում
տնաբույծ որդիներին,
սակայն պսևդոհայրենասիրական
գրառումներ են անում մշտապես,
ժխտելով Դարվինին,
քանզի իրենց դեպքում
մարդը կապիկից չի առաջացել,
այլ նապաստակից…
Ի՞նչ են գուժում գորտերի կռկռոցները,
ինչո՞ւ ենք խեղդվում
ընչաքաղցության ու որկրամոլության
թանձրացող ճահճում՝
ամենևին չի հետաքրքրում
իրենց դղյակների
պարիսպների ետևում
սեփական ազգի լուսավոր
տեսիլքները խժռող,
բորենիների և շնագայլերի հոգին
իրենց ներսում պատվաստած
սերտիֆիկացված սրիկաներին,
որոնց համար
երեսին նետված ճշմարտությունը
ընդամենը գորտերի
ձանձրալի կռկռոց է:

Խաբկանք
Փոքր բլուրը մեր աչքին
հսկա սար է երևում,
երբ անդրդվելի ու կույր
գորովանքի մշուշով ենք լցնում
մեզ բաժանող տարածությունը:
Մշուշը չի ցրվում,
երբ մոտենում ենք բլրին,
իսկ բարձրանալիս դյուրինությունը
վերագրում ենք
մեր ոտքերի և կամքի ամրությանը,
արդեն թվում է՝ մենք եթերում ենք:
Երբ բլրի գագաթին ենք,
մշուշը տեղափոխվում է ներքև,
ու շատ փոքր է երևում ամեն ինչ,
իսկ մարդիկ՝
օրվա վազքի հևաշարժերում,
չնչին են երևում՝ չնկատելու աստիճան:
– Ես բարձր, շատ բարձր
սարի գագաթին եմ,-
մտածում ենք՝ համոզված
ու ինքնավստահ՝
գահավիժելով ինքնախաբեության
անդառնալի անդունդը,
որն առաջացել է
սարի ու փոքր բլրի տարբերության
հոգեխեղված խաբկանքից:

Ընթերցանություն
Ես դուրս եմ գալիս
աղբակույտերից գորշ նեյնիմների,
ներողամտություն աղերսում հետո
իմ հոգնատանջ ու մշուշված աչքերից,
Նաև Մեծերից, որ լքել իրենց
ու դաժանաբար
ինձ ընծայված ժամանակի
մի հատվածը
ես վատնել եմ`
գրամոլներին կուլ գնալով:
Դուռս բացվում է աղմուկով,
և իմ սենյակն են լցվում
աննյութեղեն դեմքերն իմ սիրելի՝
Չարենց, Ուիթմեն, Էդգար Պո,
Գինզբերգ, Պոլ Վեռլեն,
Ռիլկե, Հյոռդեռլին…
Բոլոր-բոլորը, ում ես պահել եմ
մշտապես հոգուս մեջ…
Նրանց դեմքերի ժպիտները փառահեղ
մաքրում են հոգիս ու աչքերս,
և ես հանգիստ կարող եմ
նայել հայելուն,
որովհետև նրանք ինձ են
վերադարձրել
իմ դեմքն իրական,
որը գողացել էին
նեյնիմներ թխող գրամոլները՝
հորդորելով «դզել-փչել» իրենց
տեքստերը
գրոշների դիմաց:
Ես հայելու մեջ նայում եմ աչքերիս,
որոնց բիբերը լայնանում են,
մեծանում այնքան,
որ հանգիստ կարող եմ մտնել ներս
և լողալ մաքրամաքուր պոեզիայի
ծովերում ու օվկիանոսներում:

***
Երկրակեղևը ճեղքելով՝
ըմբոստաբար դուրս ժայթքած
երկնամետ լեռներ,
ծառեր, որոնք պահպանում են
իրենց երակներում
նորաբողբոջ ժամանակների՝
անտառ դառնալու երազանքը…
Հիշողությունները սոսափում են
ծառերի ճյուղերին և տերևներին,
որոնք պահպանում են
առաջին հպումների և զուգավորման
անջնջելի քաղցրությունն ու
հպարտությունը,
որ վահանն են հսկա սարի…
– Մենք արարվել ենք Տիեզերքի
փոշուց,-
լսվում է երկնքի
անսահմանությանը նայող
մարդկանց շուրթերից,
նույնն են շշնջում միմյանց ականջին
ծառերն ու թփերը,
նույնն են արձագանքում սարերը՝
հպարտ ու ինքնավստահ հայացքով…
Մենք արարվել ենք Տիեզերքի փոշուց:

Անքնություն
Լռության շեղբերը
թափանցում են աչքերիս մեջ,
և ես կտրտված եմ տեսնում
բոլոր պատկերները,
որոնք սպառնում են շեղվել
բնական հարթություններից՝
աղավաղելով իրենց նշանակության
տեսաուրվագծերը:
Փորձում են ինձ կլանել
կտրտված պատկերների
մեծացող ճեղքերը,
իրերը հրաժարվում են
ձեռքերիս հպումներից,
սակայն աներևույթ մի ուժ
քաջալերում է ոտքերիս ամրությունը.
ծավալվում են բանականության
միկրոալիքները,
ապա աղաղակում ձայներով
միաձույլ,
նրբասահ հանում են լռության շեղբերը
ցավատանջ իմ աչքերից՝
վերադարձնելով ինձ իրենց տիրույթը…
Թարթում եմ աչքերս,
որոնք լցվում են
արևի նորածին լույսով…
Փառք Երկնավորին,
կրկին Լուսաբաց է:

***
Ո՞վ է սպասում քեզ
ճանապարհի վերջում,
ի՞նչ է թաքնված լինելու
խորքերում նրա հայացքի,
որը հիշելու ես ընդմիշտ՝
քեզ հետ տանելով
ոլորտները վերերկրային…
Ծանր է քայլելը,
ապառնի մտասևեռումների բեռը
ծանրացնում է ոտքերդ,
դու չես տեսնում, չես լսում
ծառերի ճյուղերից ծորող
կանաչ երաժշտությունը,
որը հանգավորում են
լուսաբարբառ թռչունները,
չես տեսնում
կողքովդ սահող աղջիկների
կենսահորդ ժպիտները,
չես ապրում
նրանցում ընկղմվելու
հաճելի պատրանքը,
որը երկարացնում է ճանապարհը՝
երիզված նորահայտ ծաղիկների
տիեզերական բույրերով…
Ո՞վ է սպասում քեզ
ճանապարհի վերջում…
Նա չի շտապում,
դու էլ մի՛ շտապիր,
մի՛ խաթարիր
Նրա սպասման
անկրկնելի խորհուրդը:

Երկարակեցություն
Ներողամտության նրբածայր աքցանով
ես հանում եմ մեկ-մեկ
անտարբերության ասեղները,
որոնք խրել են իմ հոգում
բազմաթիվ մերձավորներս:
Վերքերը դժվար են սպիանում,
քանզի մոռացություն
կոչված դեղամիջոցը
տեղի է տալիս հիշողությանը:
Սակայն ես չեմ հանձնվում
և որոշել եմ հանել բոլորը…
Որքան էլ հոգնեմ և ձանձրանամ,
ստիպված եմ երկար ապրել,
որպեսզի հասցնեմ հանել
վերջին ասեղը, իսկ մինչ այդ
ամեն վերքի համար
մի նոր դեղամիջոց եմ հորինում…
Եվ ոչ ոք, ոչ ոք չպետք է իմանա
երկարակեցությանս գաղտնիքը:

***
Ձմռան ցուրտ երեկո.
նորից չկան ձայներ,
նորից չկան կանչեր,
լռություն է համակ՝
խորհրդավոր, որպես
գոց սպասման մի ծես…
Աչքերս չեն փակվում,
սակայն բաց է դուռը
պատեհ երազներիս.
լույսի մի թավ ջրվեժ
թափանցում է դանդաղ
պատուհանից իմ ներս…
Ու հարազատ դեմքեր
կարոտով ինձ նայում,
ապա գրկում են ինձ,
կրակներով լցնում
միայնությունս խուլ:
Աչքերս են փակվում,
ու նիրհելուց առաջ
հորս ձայնն եմ լսում.
– Երազելուց բացի,
փորձիր նաև ապրել:
Ո՞վ ես դու
Հանգամանքը կլանում են
իբրև վարկած,
վարկածին իրականության
ավիշ են ներարկում,
և քո վարքագիծը
մեկնաբանվում է այնքան հավաստի,
որքան, եթե ասեն, որ
ամեն անգամ գյուղացու հետ
մի այլմոլորակային
հող է մշակում այսինչ գյուղում
և խոսում նրա հետ իր բարբառով:
Երևակայությունը
ճյուղեր է արձակում
անիմանալի արագությամբ,
խճճում բոլոր հանգույցները,
որոնք կապում են քեզ
քո ինքնության հետ,
և շուտով պարզվում է,
որ դու ամենևին էլ Դու չես…
Իսկապես…
Ո՞վ ես դու:

***
Ձայնս հապաղում է՝
մոտենալով ունկերիդ,
ներս չի թափանցում,
և դու չես լսում այն բառերը,
որոնք միայն քեզ համար են ասվում:
Քո դեմքի շուրջը
անտեսանելի շերտ է ջերմության՝
տիեզերական ճառագայթներով,
որոնք հալում են բառերը
և ավելացնում աչքերիդ փայլին,
որոնց նայելով՝ ես կորցնում եմ
ժամանակի ու տարածության
բնական զգացողությունը՝
ոչ բանական, ուրիշ
ինքնամոռացության լաբիրինթոսում:
Անտեսանելի շերտը
տարածվում է նաև իմ դեմքին,
թափանցում ներս.
շարժվում են միայն շուրթերս,
իսկ բառերը լույսի են փոխարկվում,
հալվում մեր դեմքերին,
օծում մեր մարմինները,
դարձնում մեկ մարմին,
իսկ տիեզերքում
թափառում են մեր հոգիները՝
նոր վերադարձի լույսով ողողված:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։