Ամեն տարի այս օրերին Վրաստանի Հանրապետության Բոլնիս-Խաչեն հայաբնակ գյուղը քիչ ավելի մարդաշատ է դառնում. գալիս են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ, գալիս են տարբեր շեներից ու քաղաքներից, իսկ նրանց բոլորին միավորողը մեկն է՝ սերը Ղազարոս Աղայանի ու նրա ստեղծագործությունների հանդեպ: Եվ գյուղն էլ, հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, ընդունում է նրանց Աղայանի տուն¬թանգարանի հարկի տակ, և նորից հնչում են անմահ «Հիշողության» տողերը.
Ծիծեռնակը բույն էր շինում,
Եվ շինում էր, և երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս
Առաջվան բույնն էր հիշում…
Հարյուրավոր մարդիկ էին ներկա Աղայանի հայրական տան բակում 2000 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող հանդես-ցերեկույթին: Տուն¬թանգարանի տնօրեն Արթուր Պետրոսյանի հավաստմամբ՝ Աղայաններն այստեղ հաստատվել են տակավին 1770 թվականին: Իրենց նախնյաց ծննդավայրին այնքան նման այս գյուղում է հասակ առել նաև Ղազարոս Աղայանը. հենց հայրական տան հարևանությամբ է «սլլան» կամ զիզի քարը՝ քերծի մի հատվածում, և հենց այստեղ են ծնվել՝
«Արև, արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ» տողերը:
Գյուղի դպրոցի տնօրեն Մեխակ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ 120¬ամյա դպրոցում ներկայումս շուրջ երկու հարյուր երեխա է սովորում: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Քվեմո Քարթլիի՝ Բոլնիսի մունիցիպալիտետի ղեկավար Դավիթ Շերադազիշվիլին, ով հանդես եկավ նաև ելույթով, ողջ կյանքը հայ¬վրացական գրական կապերին նվիրած և ավագի իրավունքով հանդեսին հետևող Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Վան Բայբուրթը, Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահ, անխոնջ Ժորա Սնխչյանը, ով, ի դեպ, վարում էր ցերեկույթը, ինչպես նաև Վրաստանի մշակույթի նախարարության, հայ համայնքի ներկայացուցիչներ, ՎՀ ԱԺ պատգամավորներ, գյուղի նվիրյալ և այս միջոցառման ջատագով Ավետիք Ոսկանյանը: Յուրաքանչյուր ելույթ լի էր Աղայանի հանդեպ գնահատանքով և հարգանքով:
Հայաստանի գրողների միությունը ներկայացված էր Տիգրան Նիկողոսյան, Արտակ Ավագյան և Վահե Թորոսյան կազմով:
Ի թիվս այլոց, ելույթ ունեցավ նաև Տիգրան Նիկողոսյանը՝ ներկաներին փոխանցելով ՀԳ միության, ինչպես նաև Էդվարդ Միլիտոնյանի ողջույնն ու բարեմաղթանքները, ում հարկի տակ, ի դեպ, հասակ է առնում Աղայանի մի շառավիղը՝ թոռան թոռի որդին՝ երեքամյա Ավետիքը:
Երգ ու պարով, խոսք ու խոհով, իմաստությամբ լի օրը ևս մեկ անգամ հավաստում է, որ մարդկային կյանքն անցողիկ է, խոսքը՝ մնայուն… Իսկ գյուղն ապրում է և հիշում: Այս է գլխավորը:
Տ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ