Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ՌԵՔՎԻԵՄ
Սև սամումը եղեռնական
մոլեգնում է Արցախա
սուրբ լեռների մեջ:
Վարդան Հակոբյան
Մի բուռ խավար թաղելով հողում՝
սպասում են (թուրքերը),
թե ուր որ է բուսնելու է լուսաբացը,
այնինչ ելնո՜ւմ են հողաթմբից ծաղիկներ
Ոսկորի…
Ռոբերտ Եսայան
Մոխրի հորիզոն, շատրվան ցավի,
Դիվային կրքեր և անհայտի դո՜ւռ…
Հայաստա՛ն…
Ճակատագրի ափը
հիշատակի ճի՜չն է:
Մուրճի հարվածներ՝
Ճառագայթի սպիտակ սալերին…
Դարբնոցում ոգու
վերածնվո՜ւմ են գրերը հայոց…
Եվ ճառագո՜ւմ է վեմը Անհունի…
Հողը
քո անվան տառերից ծլարձակող հո՜ւնդ է…
Եվ ծառը ոգու մի փոթորիկ է,
որ ծաղկել է հիմա
այս տարածության ըմբռնումից դուրս…
Հայաստան…
Հավատի նորահայտ խաչ է,
ազատության միակամ ե՜րթ է
գաղափարների քաոսի վրա…
Եվ հայացքիս թաքստոցում
ծաղիկն համբուրում է
ծնո՜ւնդը վաղվա:
Եվ գոյության տենդից ժայթքող արցունքները
հավատի խաչքարե՜ր են…
Մորմոքների վիհ, լույսի պատարագ,
կարոտների ծիր և Անհունի կա՜նչ…
Հայաստան…
Ապագայի ոտնաձայները
համբույրների դռներ են,
ապագայի ոտնաձայները
հավատամքի խաչեր են,
ապագայի ոտնաձայները
հույսի աշտարակներ են…
Սերս դառնում է աչքը հավքերի,
իսկ ստվերիս ճյուղերը
մոխիրնե՜ր են…
Հիշողության խաչքա՛ր է
անունը տարածության:
Վարդերի խոլ հրդեհների միջից
ցայտում են աստղերը հուշերի,
և ոսկրափայլը անշիրիմ զոհերի
փորձում է ճերմակ իր սավաններում
բարուրել ու փրկե՜լ
հավատը վաղվա…
Աշխա՜րհ, աշխա՛րհ…
Ոգու անապատ, երազի անդունդ,
կարոտի հրդեհ և հողմի գագա՜թ…
Հայաստա՜ն…
Աներկինք երազները
ավերված լուսամուտնե՜ր են:
Սև ձեռք:
Կարմիր խիղճ:
Կապույտ անուն:
Փշրվող խաչքարերն են վերածվում
մոռացության ավազների…
Համբուրում ես
ծաղիկը տարածության,
և խղճիդ վիհերից բարձրանո՜ւմ է
հրեշտակը Հույսի…
Հայացքս՝ թիրա՛խ,
ուր մխրճվում են
ճիչերն Անհունի:
Փլվո՜ւմ են դարպասները արքայական դարերի…
Ցավն իր լույսո՜վ է ճանապարհորդում…
Խոսքն իր բեռներն է նետում անդունդը…
Հետքերիս վրայով գլորվում է երկինքը՝
լուսավորելո՜վ խավարը Խղճի…
Գետի ընթացքը ծանրաբեռնվո՜ւմ է
դիակով հույսի:
Քարերը դռներ են մեղքաքավության:
Գիշերվա պատյանն է քարշ տալիս հողմը
դեպի դատարկություն:
Վայրենի ոգու սմբակների տակ կոխկրտվո՜ւմ են
մագաղաթե բիբերը քո պատմության:
Հայաստան…
Համբուրում ես
ծնո՜ւնդը բառի՝
որպես բաբախող ոգին իրերի:
Ազատության լո՜ւյսն է աղաղակում
եկեղեցիներիդ քարե բռունցքներում:
Պարիսպներիդ լռության մեջ փաթաթվում են
հրեշտակները
և լսո՜ւմ սրտի զարկերը տառապյալ հողի…
Արցունքիդ մեն մի կաթիլի տակ
փլվում է տանիքը
մրջնանոցի…
Հայաստա՜ն…
Ոխի անապատ, կայծակնահար ծառ,
մոլոր ուղևոր ու ցավի անտառ…
Հարության հրեշտակները տանում են
տողերիս ոսկորները՝
որպես ջահե՜ր…
Խոշտանգված դեմք է իմ ճանապարհը,
որի արցունքները քարե՛ր են գլորվող…
Հիշատակի ճի՜չ է քո ամեն բառը…
Թո՛ղ քաոսն իր թևերով հարվածի
դահիճ-փողոցներին,
ուր հայի տները դամբարաննե՜ր են…
Մահվան հրդեհն է տարածում մագիլները…
Նորածնի բարուր: Աչքերի փոխարեն՝
կայծկլտացո՜ղ մոխիրներ,
որոնք քե՛զ են նայում խորքից պատմության…
Տենդի հրդեհն է տարածում մագիլները…
Քաղաքական խաղերն ավարտվում են միշտ էլ
փոքր ազգերի տեղահանությամբ
կամ բնաջնջմամբ
լրիվ, մասնակի՜.
նայած թե խոշոր տերությունների
շահերի հողմը ո՞ր ուղղությամբ է մարտավարելու…
Հայաստա՛ն,
քաղաքականությունդ
թիզ առ թիզ կո՜ւլ է գնում
նավթային ախորժակին
Կասպիական ձկան,
ո՞ւր է Թուր-Կայծակին,
որով պիտի որոշվեր
սահմանագիծը իրականության:
Փողոցում ընկած հայացքդ բարձրացնում եմ,
դնում ժամանակի հենարանների վրա:
Տոհմածառիդ ճյուղից կաթկթող արյունը
իմ երա՜զն է:
Ահա թիրա՛խը:
Քո խիղճը
բեկո՜ւմն է
ներքնատեսության…
Փախստականի՜ երկինք, նստակյաց Խավար,
տառապանքի խորան և տանջանքի Հովազ…
Հայաստա՜ն…
Հայացքիդ անդունդը
լցվո՜ւմ է
ճիչերով
աքսորյալների…
Ընկնող վարագո՜ւյր է
մահն Առաջնորդի,
որով ջնջում ենք անվերջանալի՜
հետքերն Աղետի…
Բառերը բանտեր են,
որոնցից կորզո՜ւմ եմ ազատությունը իմ լեռնաշխարհի…
Պտտահո՜ղմ է
իմ ձայնը:
Քամիները
կտուցներով կարմիր
խմբանկարն են պատռոտում
զոհերի,
պատմության և իրականության միջև
ձգվո՜ւմ է
խավարը,
և դիվահար են լինում ձկները.-
կարթերից
կախվա՜ծ են լուսաբացները…
Հայաստա՛ն…
Զարմանքն Արարչի՝
մի զոհասեղան,
ուր փլուզվո՜ւմ է
ամեն հենարան…
Երկրում և երկնքում
օրորոցներն են փշրվում հրեշտակների:
Վերածննդի հետքերով վազում է
պատարա՜գը լեռների:
Ես իմ քայլերով
հասունացնում եմ ռիթմերը ժամանակի:
Արյան կաթիլներից ելնո՜ւմ է
եկեղեցին:
Զանգի ղողանջներով վերադառնում է
խիղճը աքսորյալ:
Հայաստա՜ն…
Ձեռքերի ճիչեր
Պատերի ճերմակ աղերսանքի վրա
թքում է
դևը
Հավատի անդաստաններ
որ կոխկրտում է գարշաշունչ հողմը
Մեղքի անդեմ զորքը
խրախճանում է
փողոցների կույր խոռոչներում
Եվ բարբարոսի դիմակն ընկնում է
կուռքերի կարմիր հետագծի վրա
Տենդի ճանապարհ, փակագիծ հույսի,
աղոթքների սյուն և դեգերող սեր…
Հայաստա՜ն…
Դարերը վիհեր չե՛ն
այլ՝ զսպանակ Ասքի,
քարտեզն անդունդ չէ՛,
այլ՝ ճանապա՜րհ Ելքի…
Իմ տառապանքից ցայտում են աստղերը…
Իմ հիշողությունը թարթվող աչքերն է մագաղաթների…
Մենք սերմեր ենք ցանել
մեր որբ ճակատներին,
համաճակատ հերկից
ծով հավա՜տ ենք հնձել…
Հայաստա՛ն
Ես հատում եմ սահմանը Խղճի:
Եղեռնական անտառներով ես տանում եմ
ոսկորները նախնիներիս,
որ շիվերի՜ պես տնկեմ ազատագրված հողում…
Բողբոջո՜ւմ են ճյուղերն իմ հիշողության…
Նախնիներիս հետքերում մոմեր եմ վառում,
ինչպես… տաճարո՜ւմ…
Հայաստա՛ն…
Մորթվող հորիզո՜ն է
իմ ամեն բառը,
և ընթերցարան՝
երկնային կա՜նչը,
հայացքը քարի:
Մոլեռանդության փրփրած ալիքը
քշում-տանում է հավատամքի սյունը…
Եվ ժամանակը արյունոտո՜ւմ է
թևն հրեշտակի:
Եվ ես իմ ցավից մի քայլ առա՜ջ եմ
ընթանում հիմա:
Զսպաշապի՛կ է
խիղճը աշխարհի:
Ելքը ծաղի՜կն է…
Իմ լեռնաշխարհը հենվում է դարին
օրհնվա՜ծ տառով,
ճիչով ծնվողի՜…
Պատմության ճիչից արթնացած երա՜զ՝
Երկի՛ր Հայաստան…
Մորմոքների վիհ, լույսի պատարագ,
կարոտների ծիր և Անհունի կա՜նչ…
Հայաստա՛ն…
