Ե՞րբ պիտի նորից
Ապրում է քույրս տնակում իր հին`
Աղոթք անելով Աստծուն ամեն օր,
Որ առողջ պահի իր զավակներին,
Որոնք ապրում են երկրում հեռավոր:
Ապրում է քույրս տնակում իր հին`
Մենակ ու մոլոր` իր ցավերի հետ,
Փորձում հասկանալ միտքը աշխարհի,
Իր բաժին կյանքի իմաստն անհեթեթ…
Ամեն մարդ, իրավ, տերն է իր բախտի,
Պահապանը իր օջախի ու տան,
Իր հող ու ջրի, իր կալ ու արտի,
Քանի ապրում է ու շնչում է նա:
Սակայն շուրջը այս ի՞նչ է կատարվում,
Այս ո՞ւր են գնում տուն ու տեղ թողած,
Մեր ու մանուկով աշխարհում ցրվում,
Իբր` որտեղ հաց, այնտեղ էլ դու կաց…
Ապրում է քույրս տնակում իր հին,
Իսկ զավակները հեռվում են հիմա,
Մահը ամուսնուն տարավ իր բարի,
Եվ ինքը այսպես մնաց մեն-մենակ…
Եվ գիշեր-ցերեկ լուռ խորհում է նա.
Ո՞վ է փակելու ճամփան այս գաղթի,
Գյուղն իր ե՞րբ պիտի նորից շենանա,
Թե՞ կրկին պիտի սատանան հաղթի…
Ութնյակներ
Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը,
մանավանդ մայր. մայրն ամեն ինչ է:
Հովհ. Թումանյան
Եզակի բախտ է, իրա՛վ,
Ունենալ լավ մայր ու կին,
Որ խաղա՜ղ պահեն, սիրո՜վ,
Մեր օջախն ու մեր հոգին:
Մայրերն են, որ աշխարհում`
Զորությամբ իրենց կաթի,
Մեր ճամփին լո՜ւյս են վառում,
Ուժ տալիս մեր հավատին…
***
Լավ կին ես ընտրել` կյանքում
Լավ օջախ, տուն կունենաս,
Արարման ճիգ ու ջանքում
Թռիչք ու հուն կունենաս:
Ինչ դժվար օրեր էլ գան,
Ինչ հոգսեր դուռդ բախեն,
Թիկունքիդ ամուր մի բերդ,
Օջախիդ` սյուն կունենաս:
***
Ինչ կուզեի Ձմեռ պապից,
Ձյունանուշից այս սուրբ պահին.
Տարիներից իմ մանկության
Մի քանի ժամ նվեր տային…
Թոռնիկներիս թևը մտած,
Տոնածառի շուրջը անհոգ,
Նրանց նման շուրջպար բռնած`
Ինքնամոռաց թռվռայի…
***
Մաճ չես բռնել եթե դու,
Հերկ չե՛ս ունենա,
Հողին տվել սերմացուդ,
Բերք չե՛ս ունենա:
Սիրուց թե չես տառապել,
Վերք չես ունենա,
Հոգեբուխ ու սրտահույզ
Ե՛րգ չես ունենա…
***
Ես գիտեմ` ո՜վ էլ լինի,
Նախ իր ծառն է ջրելու,
Ուրիշի ցորենը, չէ՛,
Ի՛ր խոտն է տուն կրելու:
Որքան էլ քաղցած լինի
Օտարը` ծեր կամ ջահել,
Նախ մո՛րը իր հարազատ,
Որդո՛ւն է կերակրելու…
***
Ամեն մարդ էս աշխարհում
Պետք է իր գինն իմանա,
Նորի հետ մշտանորոգ,
Անցյալն ու հինն իմանա:
Եվ որպես սրբազան պարտք`
Պատմության գիրքը կարդա,
Իր երկրի՛, ժողովրդի՛
Ծննդյան հի՛մնն իմանա…
***
Ծնվել ես նրա համար,
Որ մի բան, մի գործ անես,
Աշխարհի ծուռն ու թերին
Շտկելու մի փորձ անես:
Քրտինքդ խառնես հողին,
Նրանով զորեղանաս,
Թև տաս հաց արարողին,
Մի սերմ էլ ինքդ ցանես:
Քառյակներ
Թե չորացավ գետը մի օր, փորած հունն է մնալու,
Կառուցողը աչքը փակեց` շքեղ տունն է մնալու,
Անցողիկ է մարդն աշխարհում,
հիշեք խոսքը իմաստուն.
Չար ու բարի գործը նրանց և անունն է մնալու…
***
Հավատի հետ մարդ պիտի Սեր ունենա,
Երազանքի լուսե թևեր ունենա,
Եվ որպեսզի ճախրի ազատ ամենուր,
Հայրենի հող, Երկիր ու Տեր ունենա:
***
Երգը պիտի սիրտ ունենա ու հոգի,
Որ մարդու մեջ սեր ու կրքեր բորբոքի,
Թե բառերը հունցված չեն հույզ-շաղախով,
Մարմին են լոկ` արդեն մեռած, անհոգի:
***
Գագիկ Գինոսյանին
Դու քո ե՛րգը, դու քո պա՛րը պահպանիր,
Իմաստախոս քո բարբառը պահպանի՛ր,
Սրբություն է հայրենի տունն աշխարհում,
Նրա մամռած հիմնաքարը պահպանի՛ր…
***
Չորացել է ծառը, սակայն դեռ շնչել է ցանկանում,
Շուրջը փթթող թոռ-ծոռներին ճանաչել է ցանկանում,
Գարնան հրաշք զարթոնքի մեջ`
կյանքի ծարավը սրտում,
Գուցե վերջին, վերջին անգամ կանաչել է ցանկանում:
***
Ինչ էլ լինի` մայր-ծնողից քաղցր ու անուշ բան չկա,
Սիրուց ծնված անկեղծ տողից
քաղցր ու անուշ բան չկա,
Դրախտավայր` ինչքա՜ն ուզեք,
գետ ու ծովեր, հովիտներ,
Հայրենիքի մի բուռ հողից քաղցր ու անուշ բան չկա:
***
Ծառերի սուգ, ծառերի լաց` անտառում,
Լոկ կոճղեր են հիմքից հատած անտառում,
Ովքե՞ր են մահ բերել կանաչ հեքիաթին`
Սև ձեռքերով կացինն առած` անտառում…
***
Իմ ողջ կյանքում փնտրեցի հավատի խունկ, հույսի դեղ,
Մարդկանց, որ իմ ճամփեքին դառնան
փարոս ու կանթեղ,
Խորհուրդ արի մտովին Մեծերի հետ… և նորից
Իմ Ուսուցիչը մնաց Թումանյանը հանճարեղ…
Լա՛վ է «Չորացել է ծառը…» քառյակը: