Գարունը հոգնեց գարուն լինելուց,
Ծերուկ կանաչը լրիվ ճերմակ է:
Կային, բայց արդեն ննջում են վաղուց,
Ոչնչից ինձ են ողջը կտակել:
Ընկերդ ո՞վ է՝ անձիդ պես սիրես,
Ո՞ւր է աղքատը, որ շապիկս տամ –
Մասնավոր կա՞րգ է, թե՞ դասական ծես –
Փոխեփոխ այտեր ապտակապատկան:
Ասում են՝ ուրիշ բան էլ է ասել,
Բայց ծուլացել են Ղուկասն ու Եղիան,
Նա, որ բերել էր տերունական սեր՝
Ահ ու սարսափ են հավելել վրան:
Հիմա տալիս է պատմական դասեր
Փայտերը խաչող ծանոթ հրեան.
– Թե չգմեինք, ու նա դառնար ծեր՝
Կտայիք Աստծո անունը նրան:
* * *
Թվաց մոտ է, բայց հեռվից պիտի գար,
Անհամբեր էի նրան սպասում,
Լուսնին պատճենված մի լուսանկար
Հիշողությունն էր արևի պարզում:
Գիշերը երգ էր – հեշտ էր երազել,
Հետո պարպվում էր հեքիաթի խեցին,
Ինձ բաժին հասած կանացի վարսեր
Գանձատուփիս մեջ միայն մնացին:
Աշխարհը իմն էր, այլք էին ապրում,
Բարեհոգաբար հանդուրժում էի,
Ափսոս՝ ճամփեքին կորցրի մարդուն
Հրայրքների մեջ խժդժումների:
Ափսոս: Բայց մեկ է՝ չի կարող չգալ
Սպասումների երթում երկարող՝
Մարմնի և հոգու վերջին տիրակալ
Խաղաղությունը ամենակարող:
* * *
Թանձրացող մի բան լուռ ճոճվում է,
Կողքից ասում են ամպհովանի –
Սերովբեների սուրբ կոչումն է –
Հլու են, Տե՛ր, քո հրամանին:
Երփներանգ էին, էլ գույն չունեն,
Պակասն են քաշում ինչ-որ բանի,
Խամրած օրերս, որ հնչում են,
Իբր դեր ունեն դեռ պիտանի:
Սերը սակավ է, ու սոսկում են
Հոգիներն այնտեղ շարված հերթի:
Նրանց ուրացանք ու ոսկուն ենք
Տվել պատիվը մեծ շքերթի:
– Բարի լույս,- եթե դեռ կարող եք
Ամեն բան ի սեր շրջել նորից,
Իմ սանիկներն եք, ձեր քավորն եմ՝
Հույս ու Հավատ եմ բերել Հորից:
* * *
Մավրի պես ես էլ թաշկինակ տվի,
Հուսալով՝ մի օր կխեղդեմ նրան,
Բայց նա պիեսը գիտեր անթերի՝
Աչքի լույսի պես պահպանում էր այն:
Գիշերվա խավար ճամփեքով տարա,
Եվ վերադարձն էր թվում անհնար,
Բայց հոտոտելով իմ տեղը գտավ՝
Շուրթերին ժպիտ, աչքերի մեջ փայլ:
Արկածեարկած ինչե՜ր չարեցի,
Նետեցի անգամ ջրերը վարար,
Բայց ելքը գտար, ու վերադարձին
Նա դարձել է կին ու դարձել է մայր:
* * *
Անտառից արջն էր՝ մեղր էր ուզում,
Ես էլ թարսի պես շտապում էի…
Քաղցած թողեցի նրան երազում՝
Զարթնելով ճանճի նուրբ հպումներից:
Կապույտ էկրանից զռզռում էին –
Կլիպ էր – ճերմակ ազդրեր ու կրծքեր,
Ընթացք են տվել այս զեռուններին,
Եվ ամենուր են արդեն խցկվել:
Պճնվենք, այսօր տոն է լինելու,
Ինչ-որ ամյակն է մեր մոլորակի,
Արևն ու հետո աստղերն են գալու
Ընթրիքին՝ իրենց շուքով հրակիր:
Ափսոս, ծուռթաթին սոված թողեցի,
Գոնե երազս փոխանցվեր մեկին.
Դրա բաժինը թե չճարեցինք՝
Մեղրի տեղ կուտի մեր մոլորակին:
* * *
Գնում էր, որ գար՝ սպասում էի,
Գործ կար, վերջացներ՝ նստեինք հացի,
Նա պիտի ապրեր բոլորից երկար –
Մասնավոր կարծիք սիրահարվածի:
Մեր պանդոկային կյանքը սողանք էր,
Անտառներով ենք հիմա ծավալվում,
Ադամին Աստծուց տրված տեղանքը
Գտա, բայց արդեն կողս չի ցավում:
Լավ է՝ խաբվեց ու խնձորը կերավ –
Իմ հորն ու մորը չէի տեսնի
Արարչի մտքում այս ամենը կար,
Մենք համբերատար սպասում էինք:
Էս ո՞ւր եմ հասել… Ժպտերես եկավ,
Արևը իջավ մեր աղուհացին,
Ես սիրելու եմ ավելի երկար,
Քան նա՛ սիրեց իր կողից ծնվածին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
(քաղաքական և սիրային զեղումներով)
1.
Արտարժույթով մեր արժույթը առա,
Մի այլ արժույթով էլ չփոխեցի,
Բայց տնտեսական շրջադարձ եղավ.
Այս արժույթն արդեն էն արժույթը չի:
Այս արժույթն արդեն էն ուժը չուներ,
Ապականվել էր բարձր սղաճով,
Ընդունենք վերից հղվող ողջույններ՝
Կառավարության օսլայված աջով:
2.
Բորսայում էր, կրքոտ սակարկում էր,
Կուրսն էր ամրագրում խալխի փողի,
Չքնաղ կին էր, երկրի այս անկումը
Չէր դիպել իր կյանքի լուսե շողին:
Պառլամենտի վերջին որոշումը
Որպես ապահարզան տրվեց ազգին.
– Գնա ապրիր, ինչպես լքված շունը՝
Մեր հինավուրց, մեր քաջ, մեր թանկագին:
Փողոցային կայտառ եռուզեռ է.
Էստեղ առ ու մի քայլ էն կողմ ծախիր:
Սակարկում է հիմա վերջին սերս՝
Ուշք չդրած սիրո ակնածանքին:
* * *
Սա իմ փողոցն է՝ Գարնանային –
Այստեղ ջահել են, խենթ ու սիրուն,
Ջահի պես կախվել օրերս հին՝
Խամրող ընթացքն են լուսավորում:
Թեժ կրակներ են այստեղ վառվում,
Ջրերն են զարկվում ժեռ ափերին,
Եվ ալիքների խորքից հառնում՝
Ձեռքերն է պարզում ծանոթ փերին: