«Ժամանակն է Ադրբեջանի հետ կոշտ լինել» վերնագրված հոդվածում` Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը և Freedom House կազմակերպության նախկին նախագահ Դեյվիդ Քրամերը, գրում են. «Այս օրերին Ադրբեջանից ստացվող բոլոր նորությունները վատն են: Այս տխուր փակուղին պետք է արագ վերացվի: Ադրբեջանցի պաշտոնյաները, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, պետք է պատժամիջոցների ենթարկվեն: ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է խոսքից գործի անցնեն»: Եվրախորհրդարանը վերջապես իր մեջ ուժ գտավ հաղթահարելու նավթի ու խավիարի մոգությունն ու առաջին անգամ համարձակվեց այդ երկրում իրերն իրենց անուններով կոչել, խիստ բանաձև ընդունելով մարդու իրավունքների և խոսքի ազատության կոպիտ խախտումների, այլախոհների նկատմամբ հետապնդումների, հալածանքների ու խոշտանգումների առնչությամբ, ինչին Ադրբեջանն անմիջապես հակադարձեց շանտաժով, խզելով կապերը Եվրախրհրդարանի, դադարեցնելով համագործակցությունը Եվրանեսթի հետ, մեղադրելով Եվրոպային հազարավոր մեղքերի և Ադրբեջանի նկատմամբ կանխակալ թշնամական վերաբերմունքի համար: «Եվրանեսթն արդեն վերածվել է ամորֆ մի ուժի,- շտապեց հայտարարել Ալիևը,- ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է համագործակցությունն այդ կառույցի հետ: Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը նույնպես կասեցվել է: Ահա մեր դեմ իրականացվող կեղտոտ արշավի պատասխանը»: Փորձագետները գտնում են, որ Բաքվի նման կոշտ դիրքորոշումն ավելի ներքին ճգնաժամային իրավիճակով է պայմանավորված, միաժամանակ հաշվի առնելով, որ Եվրամիությունն այս պահին հազիվ թե խոսքից գործողությունների անցնի, երբ առայժմ նրա գլխավոր խնդիրը գաղթականների ճգնաժամն է: Եթե նույնիսկ ինչ-որ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի որոշ չինովնիկների նկատմամբ, ապա դրանք նկատելի ազդեցություն չեն ունենա երկրի տնտեսության վրա, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին առկա իրողությունն հօգուտ իրեն շահարկել: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նավթի գների անկման հետևանքով երկրի տնտեսության ու հասարակության բարեկեցության հետընթացը ալիևյան կլանին ստիպում է ժողովրդին համախմբող նոր վտանգի գոյության պատկերացումը թեժացնել: Կար Հայաստանի ու Ղարաբաղի թեման, սակայն ներկայիս մարտահրավերների պարագայում հասարակությանը զոմբիացնելու հայկական գործոնը կարող է ազդեցության պակաս չափաբաժին պարունակել: Ադրբեջանական մամուլում արդեն վաղուց է շրջանառվում Եվրամիությանը թշնամու պիտակով ներկայացնելու քաղաքականությունը, իսկ ներկա առճակատումը օգնում է ամրապնդելու այդ գաղափարը, թեև բոլորին է հասկանալի, որ Բաքուն չի կարող միանգամից կապերը խզել Եվրոպայի հետ: Կան միջազգային պայմանագրեր, տնտեսական և աշխարհաքաղաքական շահեր, որոնց անտեսումը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Բաքվի ագրեսիվ վարքը բացատրելի է ընդամենը նրա նկատմամբ Արևմուտքի՝ մինչև այժմ եղած լիբերալ վերաբերմունքով, ինչը երբևիցե դուրս չի եկել մեղմաբարո հայտարարությունների շրջանակից: Քիչ ժամանակ է մնացել մինչև խորհրդարանական ընտրությունները, և պաշտոնական Բաքուն պատրաստ է առճակատման բոլորի և ամեն ինչի հետ: Պիտի սպասել նաև Հայկական և ԼՂՀ սահմանային միջադեպերի առավել սրվելուն: Արդեն իսկ ազերիների սադրանքները վերաճել են ռազմական հարաճուն գործողությունների՝ խախտելով հրադադարի բոլոր կանոնները: Մինչ ընտրությունները Բաքուն իր ագրեսիվ դիրքորոշումը չի մեղմի նաև Եվրոպայի նկատմամբ, առավելապես ներքին լսարանի համար շարունակելով պախարակել ու շանտաժել իրավապաշտպան կառույցներին: Եվրոպական երազանքը պղպջակ է ալիևյան հավակնությունների դեմ, թեև իրականում, Բաքվի հայացքը երբեք էլ Եվրոպայի կողմը չի եղել: Գնահատելով առկա իրավիճակը՝ փորձագետ, Deutsche Welle-ի սյունակագիր Իվան Պրեոբրաժենսկին նշում է, որ «Կրեմլը կփորձի որքան հնարավոր է ակտիվ օգտագործել Ադրբեջանի և Եվրամիության վեճը, հույս ունենալով Բաքվին վերադարձնել իր ադեցության ոլորտ, ինչի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանի առաջարկը և մասնակի կատարումը կատարյալ գործիք է Ռուսաստանի համար»: Սակայն գոնե մինչև ընտրությունների ավարտը անհավատալի է, որ որևէ գործիք կարող է փոխել Ալիևի ռազմավարությունը, որքան էլ Ադրբեջանն, ի հեճուկս Եվրոպայի, առերևույթ շողոքորթի Ռուսաստանին, թեև հնարավոր է, որ Ռուսաստանի «և՛ նալին, և՛ մեխին» քաղաքականությունն է, որ թույլ է տալիս Բաքվին իր ռազմատենչ հռետորաբանությունը ռազմադաշտ տեղափոխել: Այնպես որ, Ադրբեջանից ոչ թե վատ, այլ սարսափելի լուրերի պիտի սպասել:
Կարդալ նաեւ․․․
Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ
Աշնան առաջին տաքուպաղ օրերի մեջ մտովի ամբարում եմ լիաբեռն ու…
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
Անկախության 25 տարիները ափեափ լցված են Ղարաբաղով, մեր համազգային հոգածության…
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
ԸՆԴՎԶՈՒՄ Մեր երգերին նորից հառաչ է խառնվում, Մեր աղոթքը դառնում…
