ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ / Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՍարյանԳրքի ձևավորումը և ընդհանրապես գրքարվեստը հավասարապես կարևորվում է թե՛ գրական ստեղծագործության ընկալման և թե՛ արվեստագիտության տեսանկյունից, քանի որ մի շարք դեպքերում ընթերցողի մտապատկերում գրական տեքստին զուգահեռ ձևավորվում է տվյալ հերոսի կամ տեսարանի պատկերը, որով գրական հերոսին մենք պատկերացնում ենք ոչ միայն ըստ գրվածի, այլև համաձայն այդ թեմայով ստեղծված նկարի:
Գրքի ձևավորումը լինելով գրական տեքստի պատկերային արտահայտությունը, նկարչական մեկնաբանումը շատ դեպքերում օգնում է ընթերցողին ավելի լավ հասու լինելու տվյալ երկի ներքին էությանը, գրողի այս կամ այն տողի ու պատկերի բացահայտմանը: Արդյունքը շատ ավելի մեծ ու տպավորիչ է լինում, երբ իրար են գտնում դասական ստեղծագործությունը և մեծ նկարիչը:
Ասվածի բնորոշ օրինակն է «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գիրք-ալբոմը (2013 թ., «Տիգրան Մեծ», Երևան, 218 էջ): Գիրքը կազմել, նկարները ընտրել, ծանոթագրել և ներածական հոդվածը գրել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռ. Սարյանը: Գրքի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Ավետիք Իսահակյանը: Գրքի սկզբում դրված է արվեստագետ Վիլհելմ Մաթևոսյանի, «Մարտիրոս Սարյան. գրքային նկարազարդումներ» աշխատանքը: Այստեղ ներկայացվում են Սարյանի գրքային այն ձևավորումները, որոնք նկարիչը կատարել է 1920-30-ական թթ. Եղիշե Չարենցի պատվերով, երբ բանաստեղծն աշխատում էր Պետ­հրատում: Հոդվածի վերջում Վ. Մաթևոսյանի հարց ու պատասխանի ձևով երկխոսությունն է Սարյանի հետ, որում ներկայացվում են նկարչի ըմբռնումները գրքերի ձևավորման և գրական ստեղծագործության ինչ սկզբունքներով պատկերելու մասին:
Այնուհետև հաջորդում է Ռ. Սարյանի «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» հոդվածը, որում Սարյանի գրքային ձևավորումները ներկայացված ու վերլուծված են իրենց ամբողջության մեջ, կարելի է ասել մատենագիտական ընդգրկունությամբ: Այս աշխատանքի կարևոր արժանիքը և մեթոդաբանական ելակետն այն է, որ ոչ թե գրքային ձևավորումների գրական բնագրերից կտրված ինքնին արվեստագիտական վերլուծությունն է կատարված, այլ նկարը բխեցվել է բնագրից, որով յուրաքանչյուր պատկերի առանձնահատկությունները երկաստիճան վերլուծությամբ են բացատրված, մի կողմից թե գրողը ինչպես է պատկերել, և թե այն ինչպես է վերարտադրվել բեկվելով Սարյանի գեղարվեստական մտածողության մեջ: Նման աշխատանքը կարելի է անվանել գրականության և գրականագիտության վրա հիմնված արվեստագիտություն: Ցույց են տրվում Լերմոնտովի «Աուլ Բաստունջի» պոեմի այն տողերը, որոնց հիման վրա է Սարյանը նկարել Կովկասյան լեռները, և կամ թե Արևելքի հին աստվածուհի և կանացի տենչերի խորհրդանիշ Աստարտեն, որը բազում պատկերային արտահայտություններ ունի սկսած անտիկ աշխարհից, Սարյանը ինչպես է պատկերել Վլադիմիր Էլսների «Տափաստանային Աստարտա» բանաստեղծության տողերի հիման վրա:
Նման յուրահատկությունները վեր հանելու համար Ռ. Սարյանը դիմել է անգամ գրական ստեղծագործությունների բնագրային տարբերակներին: «Աբու-Լալա Մահարիի» ձևավորման մեջ անապատով ընթացող քարավանում Աբու-Լալայից բացի պատկերված են նաև նրա ծառաները, այնինչ Իսահակյանի պոեմում նա միայնակ է ընթանում ուղտերի քարավանի հետ: Պարզվում է, որ պոեմի ձևավորման համար Սարյանը օգտվել է Վ. Բրյուսովի «Поэзия Армении» ժողովածուի թարգմանությունից, որը կատարվել է պոեմի սկզբնական տարբերակից: Այստեղ համապատասխան հատվածում ասվում է.
Վերցրեց իր ուղտերի քարավանը,
Վերցրեց մի քանի հին սպասավորներ…
Նաև ցույց է տրվում անապատի և ուղտերի քարավանի Սարյանական ընկալումը, որով այս ձևավորման մեջ միաձուլվում են գրքի և վրձնի մեծ վարպետների միևնույն թեմայի և հասկացության վերաբերյալ ընկալումները:
Ինչ վերաբերում է ալբոմի կազմման սկզբունքներին, նշվում է, որ նկարազարդումների մեծ մասի արտատպությունները կատարված են բնօրինակներից: Վերջիններս եթե չեն պահպանվել, ապա պատկերները վերատպվել են Սարյանի ձևավորած գրքերից: Մի շարք դեպքերում բերված են ձևավորում էսքիզը և գրքում տպագրված համապատասխան նկարը, որը ցույց է տալիս տվյալ նկարի «գրքայնացման» անցած ճանապարհը:
«Մարտիրոս Սարյանի գրքարվեստն» ունի ժամանակային, թեմատիկ և գրքարվեստային ձևավորումների ընդգրկման մեծ շրջանակ՝ 1904-1969 թթ.: Այն միաժամանակ ներկայացնում է թե՛ Սարյանի ստեղծագործական վարպետության ընթացքը և աշխարհայացքն ու արվեստի տարբեր ուղղություններին հարելը և թե՛ արտացոլում է նոր շրջանի հայ գրքարվեստի և մեր ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը:
Ըստ ժամանակագրական ընթացքի, մեզ հասած նման առաջին ձևավորումը 1904 թ. Մոսկվայում կազմակերպված հայկական մի երեկույթի հրավիրատոմսն է, ուր արդեն երևում է Հայաստանի սարյանական բնաշխարհը՝ միախառնված հայ միջնադարյան արվեստի զարդամոտիվներին:
Սարյանի պատկերային համակարգում իր ուրույն տեղն ունի արմավենին, որը Արևելքի ու արևելյան մշակույթի խորհրդանիշներից էր: Սարյանը 1910-ական թթ. մի շարք ձևավորումներում ստեղծագործական վարպետ լուծմամբ սլացիկ և ճկուն արմավենին պսակված իր խոշոր տերևներով, դարձրել է գրքերի շապիկների պատկերային շրջանակը, որի ներսի գրադաշտում գրված են գրքային համապատասխան տվյալները:
Հայ կամավորների համար Ա. Սպենդիարյանի «Զինվորի երգը» նոտաների 1914 թ. առանձնատիպի շապիկին վիշապասպան Սուրբ Գևորգի համաքրիստոնեական և հայկական պատկերը Սարյանը օգտագործել է նորովի մեկնաբանմամբ: Գալարվող վիշապին իր մագիլների մեջ է առել արծիվը, որն ամենայն հավանականությամբ խորհրդանշում է ռուսական կայսրության արծիվը և վիշապին երկայն նիզակով միաժամանակ խոցում է հայկական գեղջկական տարազով հեծյալը, որը ներկայացնում է ռուսական բանակի կազմում մարտնչող հայ կամավորներին:
Ուղղակիորեն, առանց այլաբանության հենց հայ կամավորներն են պատկերված «Հայկական բանբեր» հանդեսի 1916 թ. շապիկին: Մեկ աչքը փակելով նշան բռնող զինվորներին Սարյանը պատկերել է կիսադեմով, կենտրոնացած նշանառու հայացքով հրացանները պարզած:
Հայ ժողովրդի ողբերգության հետ է առնչվում նաև Վ. Բրյուսովի «Поэзия Армении» անթոլոգիան, որի կազմի ձևավորումը նույնպես Սարյանն է կատարել: Պահպանվել է այս ձևավորման նաև 1915 թ. կատարված էսքիզը: Երկու նկարների համեմատությունը ցույց է տալիս, թե ինչ մանրակրկիտությամբ է աշխատել նկարիչը: Մուղնու XI դ. նշանավոր Ավետարանի համաբարբառային խորաններից մեկն ընտրելով որպես կազմ, ընթերցողին արյունոտ 1916 թ. նա տանում է դեպ հայ բանաստեղծության այն պայծառ և կախարդական աշխարհը, որի մասին գրքի առաջաբանում այնքան ջերմությամբ գրում է Բրյուսովը:
Սարյանի գրքարվեստի կարևոր մասն են գրողների դիմանկարները, որոնք մի շարք դեպքերում դառնում են ընթերցողներին հեղինակի ստեղծագործական ներաշխարհը տանող ճանապարհը:
Ձևավորումների հաջորդ խումբը սկսվում է 1914 թ. և Սարյանը հանդես է գալիս որպես սկսված նոր կյանքի արտացոլման տարեգիր, որի առաջին արտահայտությունն է 1924 թ. տպագրված «Կարմիր արև» դասագիրքը: Սկսած այս հրատարակությունից, Սարյանի 1920-30-ական թթ. ձևավորումներին բնորոշ է շարժման և ընթացքի պատկերումը: Այս ընթացքը դեպի նոր կյանք տարբեր ձևավորումներով արտահայտվում է պապի և թոռան քայլով, գութանով ու տրակտորով և սլացող շոգեքարշով:
Միևնույն նկարը, պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ ժամանակաշրջանի կոնտեքստում է հանդես գալիս, կարող է նրան համահունչ ընկալում և մեկնաբանություն ունենալ: Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծությանը Սարյանը քանիցս դիմել է սկսած «Կարմիր արև» դասագրքից: Գեղարվեստական տարբեր լուծումների մեջ սակայն հին օրհնությունը իրականում անցյալ է դառնում ընկուզենու տակ նստած ծերունիների առջև կանգնած կենսախինդ պատանիներով: Ընթերցողն ասես հավատում է, որ այս պատանիները տասնամյակներ անց նույն տխուր օրհնությունը չեն տալու կյանք մտնող նոր պատանիներին:
Սարյանի տարերքը իրեն հարազատ ձևերով է արտահայտվում հայ դասական գրականության ձևավորումներում: Այս առումով հատկանշական են Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունների» և Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների» ձևավորումները, որոնց շապիկներում մեկ անգամ ևս վեր է հառնում Հայաստան աշխարհը իր լեռների բարձրաբերձ սլացքով, արևելյան հանդարտությամբ և կախարդական հմայքով:
Նույն այս շարքին պետք է դասել և հայկական ժողովրդական հեքիաթների 1929, 1933 և 1937 թթ. հրատարակությունները, որոնք լինելով հեքիաթների հեքիաթային մեկնաբանությունները, միաժամանակ հայկական կյանքի, կենցաղի ու սովորույթների ասես հայելային արտացոլումը լինեն, տասնամյակների հեռավորությունից ձեռք բերելով նաև ազգագրական կարևորություն, քանի որ հարազատորեն վերարտադրում են հայ գյուղաշխարհի արդեն անցյալ դարձած կացութաձևը:
Մի ողջ պատկերաշար ենք գտնում Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» վիպակի ձևավորումներում: Սարյանը ձևավորումները կատարել է ըստ վիպակի տարբեր դրվագների, ստեղծելով սյուժետային նկարներ:
Արդեն մի այլ աշխարհ են ներկայացնում Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի 1932 թ. ռուսերեն հրատարակության նկարազարդումները: Նրանցից առաջինը Կարսի պատկերն է Չարենցի նկարագրած միջնաբերդով ու Առաքելոց եկեղեցիով: Երկրորդը հարազատորեն վերարտադրում է սկսված Առաջին աշխարհամարտից ազգային ակնկալիքները և երրորդը՝ այդ ամենի փլուզումը «նաիրական» գաղթով, որի առաջ բերած հոգևոր երկրաշարժից սասանվում են անգամ քաղաքի շինությունները:
Խորհրդային Հայաստանի իրականության հետպատերազմյան շրջանն են ներկայացնում Մարիետա Շահինյանի «Ճանապարհոր­դություն Սովետական Հայաստանով» գրքի համար 1947 թ. կատարված նկարազարդումները, որոնք ցավոք, ինչ-ինչ պատճառներով տեղ չեն գտել տպագրված գրքում:
Ամփոփելով ասենք, որ Ռ. Սարյանի աշխատասիրությամբ հրատարակված «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գործը ներ­- կայացնելով Սարյանի ստեղծագործական աշխարհի մի կարևոր կողմը, ցույց է տալիս և նկարչի աշխարհայացքային ու ոճական բազմաձևությունը: Արվեստագիտական արժեքից բացի այս նկարազարդումները արդիական են նաև այն պատճառով, որ օրինակ կարող են ծառայել գրքի այսօրվա նկարազարդողների ու ձևավորողների համար, թե ինչպես պետք է ներթափանցել հեղինակի ստեղծագործությունների աշխարհը և այն պատկերել ընդգրկուն և ընդհանրացված ձևերով:

Գրեք մեկնաբանություն