ՄԵՍՐՈՊԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Նելլի-ՍահակյանՈրտե՞ղ կարող էր լինել Մեսրոպ Մաշտոցի քանդակը` եթե ոչ Մատենադարանի տարածքում: Մաշտոցն իր սանի հետ: Իսկ իմ երևակայությունը այս պատկերն է արթնացնում…
Պատանի երեց-գրչի ու ծերունու դեմքերը մերթ ընդ մեթ երևակում է մոմի առկայծող լույսը: Պատանին շոյում է ծերունու ձեռքով արտագրված մատյաններն ու հարցախեղդ անում նրան: «Դու իմաստուն ես,- կարծես ասում են նրա աչքերը,- իսկ իմաստությամբ բացահայտում են անհայտը»:
– Լսել եմ, որ Մեսրոպը խիզախ զինվոր էր ու մատենագիր: Այդպես ասում են դեռևս նրան հիշող ծերունիները: Սուրբ հայր, ինչո՞ւ նրա գրերն այդպես ուղիղ են, այդպես խիստ ուղիղ, ոչ մի փոխզիջում չընդունող, երբ հարևան ժողովուրդների գրերը կարծես պաճուճավոր գործվածք են:
– Պատճառները բազում են, զավակս: Նրանցից մեկն այն է, որ օտար տիրակալության դասերն իզուր չեն եղել մեզ համար: Բնույթով` արևելյան, մեր հայացքն ուղղեցինք արևմուտք` հոգեհարազատություն գտնելով նաև այնտեղ: Այո, մենք Արևելք ենք, բայց զուսպ, դարեր առաջ մեղկ թմբիրից արթնացած Արևելք: Դա է պատճառը, որ գործունակ ենք ու աշխատասեր: Դարեր կանցնեն, իսկ մենք կշարունակենք ներդաշնակել այդ երկու սկիզբները` երբեք գերապատվություն չտալով նրանցից մեկին: Մենք սահմանային փոխներթափանցումների երկիր ենք: -Ու նա առանձնացավ իր մտքերի մեջ:
Երեցը խեղդուկ կուլ սրբեց թուքը` վախենալով խախտել լռությունն ու մոմի անխռով լույսը:
– Այլ պատճառ էլ կա, երևի թե` ամենագլխավորը` մեր բնությունը, զավակս,- վերջապես խոսեց ծերունին:- Արարիչը մեզ խստաշունչ, բայց գեղեցիկ երկիր է տվել, բարձունքների կտրուկ փոփոխումները, ամուր բազալտի ուղղահայաց վերելքը` այդ ամենը մեր այբուբենում է` տառերի ամուր, ուղիղ գծերում:
– Ընդամե՞նը, հայր սուրբ,- պատանու աչքերը վառվում էին:
– Ոչ, զավակս,- ծերունին չորուկ ձեռքը դրեց պատանու պիրկ ուսին:- Դարերով մեր երազանքները քանդակել ենք մեր քարերի վրա, իսկ քարը ավելորդություն չի սիրում: Ու վարպետները ընտրել են տուֆը` հարթ, առանց երակների ու օտարամարմին պիսակների: Մեսրոպն էլ տառերն ասես քանդակել է քարին, չէ՞ որ նա հրաբխածին երկրի զավակ էր: Տուֆը քանդակողն ապրում է ամեն հայի մեջ, եթե անգամ նա քարտաշ չէ… Եվս մեկ պատճառ. սուրբ գրերով հայրենիք վերադարձող Մեսրոպն արդեն տարեց այր էր, օտարության մեջ նրա միտքն առավել ուղղամիտ էր, սրաթափանց, մի մոռանա, որ նաև հին զինվոր էր, իսկ այդ ամենը այբուբեն ստեղծողին զերծ է պահում պաճուճանքին տրվելուց: Երազում նա գեղարդ տեսավ, որն ապագա գրերի հիմնական գծագիր նշանը դարձավ: Բայց այն մեկ այլ խորհրդանիշ էր` ավերված երկիրը պաշտպանության կարիք ուներ, նաև` մշակույթի պաշտպանության: Եվ ուրիշ ի՞նչ կարող էր երազում տեսնել հին զինվորը` փառահեղ զենքից բացի:
– Երազո՞ւմ…
– Այդպիսի երազները հայտնության են նման:
– Դու ճանաչե՞լ ես նրան:
– Ոչ, բայց նրա գրերում կարդացել եմ նրա հոգին և նրա անմահ պոռթկումը, առանց որի չի ստեղծվում Մեծը:
– Բայց նա կարող էր շնորհից զուրկ լինել, միայն պոռթկումը քիչ է:
– Այդ դեպքում ճակատագիրը կընտրեր մեկ ուրիշին: Իսկ նա կանխավ է զգացել, որ կարող է, իսկ կանխազգացումը նրա նման մարդկանց երբեք չի խաբում: Այլապես չէր ստանձնի այդ առաքելությունը: Մեր ասացվածքն է, չէ՞. «Աստված ամեն լեռան այնքան ձյուն է ուղարկում, ինչքան կարող են պահել նրա ուսերը»: Իսկ դարավոր հարևանությամբ ապրող մեր լեռները չեն սխալվում…
Երեցը ապշահար էր ծերունու բարությամբ ու նրա ասածի խորախոր ճշմարտությամբ. այդքան իմանալ և այդպես համեստ ապրե՞լ: Նայեց սուրբ ծերունուն, ու նա հասկացավ պատանու լուռ հարցը.
– Զավակս, ալեհեր լեռը չի աղմկում իր մասին…

Հեղինակային թարգմանությունը՝  Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։