ԽՈՍՔ ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ / Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

Թադևոս – 65

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԽՈՍՔ ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ*

Առաջին գրքից հետո հասկացանք, որ գրական աշխարհ, բանաստեղծության աշխարհ, դժվար աշխարհ մուտք է գործում շատ շնորհալի մի մարդ, բայց քանի որ համաձայն հայտնի ասացվածքի`տանու տերտերին  «Տե՛ր, օրհնյա՛» չկա, իսկ Տոնոյան Թադևոսն իմ համակուրսեցին էր, արձագանքներ չգրեցինք և, պատկերացրեք, թույլ տվեցինք շատ կոպիտ սխալ: Ինչո՞ւ: Հայտնի հարցադրում կա, չէ՞, գրականությո՞ւնն է ստեղծել քննադատություն, թե՞ քննադատությունն է ստեղծել գրականություն։  Շատ ակնհայտ է, որ քննադատությունը ածանցյալ է:

Բայց ես ուզում եմ այն վհատ ձայների մասին խոսել, որոնք շարունակ պնդում են, թե մենք չունենք առողջ գրականություն, չունենք կենդանի, իրական, կենսական երակներով լեցուն բանաստեղծություն, և դրա՝ այդ կարծիքի մեղավորը, որքան էլ տարօրինակ հնչի իմ միտքը, պոետներն ու բանաստեղծությունը չեն: Մենք ունե՛նք այդ բանաստեղծությունը: Այդ բանաստեղծությունը մեր կողքին է, վկան՝ այն, ինչի մասին խոսելու եմ։

Ետ է մնում քննադատությունը, ետ ենք մնում մենք՝ գրականագետներս, որ պարտավոր ենք բացել պոեզիայի կոդը, բանալի մատուցել մեր ընթերցողին, որպեսզի մեր ընթերցողը ճանաչի իր բանաստեղծին: Դուք պատկերացրեք՝ բանավեճ չծնվեր Եղիշե Չարենցի բանաստեղծության շուրջ, Սևակի մուտքը չնշեին նրա իսկ համակուրսեցի ընկերները, որոնք  հետագայում եղանակ ստեղծեցին մեր գրականագիտության  ու  գրաքննադատության մեջ՝ կճանաչվե՞ր արդյոք Սևակը. մի քիչ կասկածելի է: Մեծ բանաստեղծները նաև քննադատության միջոցով են ներկայանում հասարակությանը:

Եվ եկել է օրը, որ ինչ-որ ձևով փորձենք բացել Թադևոս Տոնոյանի շատ հետաքրքիր բանաստեղծական աշխարհի ընդամենը մի քանի շտրիխներ, որովհետև մի հոդվածով շատ դժվար է բացել բանաստեղծական աշխարհը, եթե նա իսկապես խորն է, և եթե բանաստեղծն իսկապես ասելիք ունի։ Քաղաքականացված մեր դարում, նյութապաշտ դարձած մեր իրականության մեջ շատ դժվար է լսել  հոգու ճշմարիտ կանչը, իսկ Թադևոս Տոնոյան բանաստեղծի  հոգու կանչը, որ երբեմն վերածվում է ճիչի, ունի քաղաքացիական խիստ ընդգծված  ուղղվածություն և իր հետ բերում է նաև մեր օրերի տարեգրությունը: Նրա առաջին ժողովածուն՝ «Սերմաստղը», տպագրվեց 1994 թվականին: Մենք, չգիտես ինչու, անուշադրության մատնեցինք, բայց բանաստեղծն այդ ժողովածուով արդեն բերում էր իր կրեդոն, իր կոդը.

Կուզե՞ք՝ սիրտս պատռեք, // Ես կկանգնեմ անճիչ,//Լույսս թող ձեզ համար //Դուրս հորդի իմ միջից։

Շատ հստակ մի բաղադրություն. նրա բանաստեղության միջից, ասել է թե` հոգու միջից դուրս է հորդում անպայման լույսը, որ այսօր մեր բոլորի մի քիչ մթնած, մի քիչ մռայլված, երբեմն հուսահատության  հասնող հոգիներին շատ է պետք:

Ո՞րն էր «Սերմաստղ» գրքի  հիմնական, այսպես ասած տարբերակիչ գիծը: Եթե բանաստեղծը  գալիս է կրկնելու իր նախորդներին, անգամ մեծերին, անգամ հանճարներին, տեղ չի ապահովում ո՛չ գրականության մեջ, ո՛չ մեծերի կողքին, ո՛չ հանճարների: Թ. Տոնոյանը, թող չափազանցություն չհնչի, աստիճանաբար բացում է իր տեղը հենց նրանց կողքին՝ մեր մեծերի կողքին, և սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ նա ինձ շատ մտերիմ ու հարազատ մարդ է, ոչ թե այն պատճառով, որ մենք իրար  գիտենք ավելի քան քառասուն տարի, այլ` այն պատճառով, որ նա ճիշտ բանաստեղծություն է բերում գրականություն: …Այդտեղ՝ «Սերմաստղում»,  կար մեծ նորություն. նա չէր խոսում մեզ շատ հայտնի, սովորական դարձած, երբեմն բանաստեղծական բարդ պատկերների լեզվով,  չէր խոսում աշխարհի, իրականության, մարդու՝ մեզ հայտնի արժեքներից, նա բերում էր յուրօրինակ սիմվոլներ՝ ձայն, հնչյուն, հնչույթ, նվագ, համանվագ… և այս ամբողջ ձայներից սկսվում էր ձևավորվել մեզ համար միանագամայն նոր, բայց ոչ խորթ, չափազանց հարազատ մի բանաստեղծական աշխարհ, և մենք սկսում էինք  հասկանալ, որ հնչյունի մեջ նույնպես աշխարհն է, մի բառի մեջ նույնպես աշխարհն է, համանվագը՝ հնչյուններից ձևավորված, մեզ համար մի քիչ վերացական ու երազային, բայց ճշմարիտ ու իրական մեր օրերի աշխարհն է: Հենց սա Թադևոս Տոնոյանի բանաստեղծական աշխարհի մի կարևոր արժանիքն է՝ հնչյունների մեջ, տեսիլքների մեջ, երազների մեջ անընդհատ իրական պահել աշխարհն ու զարմանալիորեն անկրկնելի։

Չուշացավ երկրորդ գիրքը, և նորից ետ մնաց քննադատությունը։  1997 թվականին լույս տեսավ մեր գրականության համար անսովոր մի գիրք՝ «Մայրերու հրեշտակներ» խորագրով։ Այս գիրքը, պիտի ասեմ, շանթյան ինչ-որ որակ ուներ իր մեջ, երբ Արևելահայաստանում ծնված, արևելահայերեն դաստիարակված, արևելահայերենն իր արյան շրջանառության մեջ ունեցող պոետն ինչ-որ մի ներշնչանքով՝ իր նախնիների լեզվով՝ արևմտահայերեն է գրում և համարյա անթերի արևմտահայերենով։ Իսկ մայրերգության պակաս մեր պոեզիան չուներ։ Թվում էր, թե Տերյանից հետո, Չարենցից հետո, Իսահակյանից հետո, Շիրազից հետո, Մուշեղ Իշխանից հետո ի՞նչ պիտի ասի մոր մասին։ Մոր մասին ասել են՝ նա մի տիեզերք է, և ամեն ինչ ասել են։ Ի՞նչ նոր բան պիտի բերեր Թ. Տոնոյանը։

…Մայրերգությունը անձնագիր ունի մեր բանաստեղծության մեջ։ Եվ այդ անձնագիրը հարստացնում է Տոնոյան Թադևոսը ոչ միայն այն պատճառով, որ «Մայրերու հրեշտակներ» ժողովածուն գրում էր արևմտահայերեն, և դա կարող էր գրավիչ թվալ։ Ես, ներողություն հայցելով իմ ընկերոջից, ասեմ, որ նա ապրում էր մոր տիեզերականացման ընթացքը ֆիզիկապես, արյան շրջանառության մեջ նա զգում էր, թե ինչպես իր վաղամեռիկ մայրը խառնվել է տիեզերքին, և տիեզերքը մի քիչ (այս դեպքում դիմեմ Մուշեղ Իշխանի օգնությանը) ավելի է անուշանում։ Այդ մարդը (խոսքս Մուշեղ Իշխանի մասին է) չէր տեսել իր մորը, երեսունյոթ տարի չէր տեսել իր մորը, բայց պիտի ասեմ, որ (այնուամենայնիվ, այդ մեծից նույնպես ներողություն հայցելով) չէր ունեցել ապրումների այն յուրօրինակ խորքը, որ  ունեցել էր Տոնոյանը, որովհետև Մուշեղ Իշխանը գիտեր՝ իր մայրը կա, ապրում է, Խորհրդային Հայաստանում է, և պատ կա իր և իր մոր արանքում, ինքը չի կարող հանդիպել իր մորը, բայց նա կա, և Մուշեղ Իշխանը, ըստ էության, հայկական բանաստեղծության մայրերգությունը զարգացրեց մի շտրիխով, երբ ասում էր՝ «մայրս մեռավ, ու հայրենի հողին պահ տվի նրան, ու հայրենի հողը մի քիչ ավելի անուշցավ»։

Տոնոյան Թադևոսի մայրերգությունը ոչ թե որդիական սիրո երդում է, նվիրվածության խոսք, որը նույնպես արժեք է՝ բնորոշ Շիրազի պոեզիային, ոչ թե մայրական գիրկ՝ իբրև աշխարհի ամենաապահով անկյուն, պատսպարվելու խորհուրդ՝ բնորոշ Ավետիք Իսահակյանին, ոչ թե կարոտ, որ անընդհատ մորմոքում է մարդու մեջ՝ բնորոշ Եղիշե Չարենցին («Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին»), ոչ թե դարձի անընդհատ խորհուրդ և ձգտում՝ բնորոշ Վահան Տերյանին («Ահա դարձել եմ ես տուն…»), այլ` մայր, որ ինքնին տիեզերք է. տիեզերքը կերտվում է մորով, տիեզերքը ոչ թե առնում է իր մեջ մարդուն՝ իբրև մասնիկ, մո՛րը՝ իբրև մասնիկ, այլ` մայրը՝ իբրև մայրականության միակ տրոփ՝ տիեզերքի մեջ, գնում-հարստացնում է տիեզերքը։ Սա Թ. Տոնոյանի մայրերգության գլխավոր մեղեդին է։ Այստեղ իր առաջին գրքից եկած հնչյունները դառնում են զարմանալիորեն հասկանալի, հնչյուններն ու հնչույթներն այստեղ զարմանալիորեն տարբերակված են։ Թեման արծարծված էր դեռ «Սերմաստղում», ու երբ «Սերմաստղում» բանաստեղծը խոսում էր՝

Դուք ասում եք՝ արի,//Սրտիդ մաղձը վանիր,//Ինչ եղել է – եղել,//Հոգիդ պայծառ պահիր։//Իսկ ես ապրում եմ դեռ//Այնպես անհո՜ւն բարի՝//Գերեզմանի լույսով, //Մորս գերեզմանի,-

ես չգիտեմ՝ ավելի դիպուկ հնարավո՞ր էր ասել լույսի խորհուրդը։ Քանի՞ բանաստեղծ կարող եք ցույց տալ գերեզմանի մեջ լույս որոնելիս, գերեզմանի լույսը տեսնելու կարողությամբ։ Ես կարծում եմ՝ այս դեպքում Թադևոս Տոնոյանը շահեկանորեն առանձնանում է։ …Ուշադիր ընթերցողը կնկատի, որ այդ մահվան մեջ զարմանալի դարձի խորհուրդ կա, վերադարձի խորհուրդ կա։ Այդ մահը մարդուն տանում է մեծ իմաստության ճամփեքով։

Նուռը բանաստեղծի խորհրդանիշներից մեկն է. սերունդների որբացման պատկերները նույնպես նրա բանաստեղծության կարևոր խորհուրդներից են և՝ չափազանց անկեղծ, տեսանելիորեն ցավոտ և տեսանելիորեն մարդասիրական։ Նա շատ հստակ, մի տեսակ նուրբ զրույց է բացում մոր, մայրականության մասին։ Սա, եթե կարելի է ասել, որբի, որբացած սերունդների մայրատենչության ամրագրումն է, և թվում է, թե «Ճզմած նուռերուն պես» բանաստեղծության մեջ հավերժորեն հեռացող ու վերադարձող մայրերի պատկերն է կերտում։ Հավերժի յուրօրինակ մի բացահայտում է սա՝ «որովհետև վերադարձի խոսք են տված Աստծուն». մայրերն ամեն գիշեր այցելում են իրենց որբ զավակներին և լուսադեմին հեռանում: Ես կարծում եմ՝ սա պատկեր է այլևս երբեք չգերազանցվող։ Հեռանում են, որովհետև խոսք են տվել Աստծուն, որ կվերադառնան. միայն այդպես։ Եվ որովհետև խոսք են տվել Աստծուն ու վերադառնում են, գիշերի մեջ ծաղկում են ոչ թե աստղերը, այլ՝ արևները. մեծարենցյան բանաստեղծության հզոր շունչը կա այստեղ. «Ու այդպես ամեն առտու,- եզրահանգումն է,- Նորե՜ն կը որբանան որբերը»։ Պատկերացնո՞ւմ եք՝ որբությունը ինչ դառնություն է, բայց որ «նորեն» են որբանում, այդ «նորեն» որբացումն  ինչ դառնություն է. սա յուրաքանչյուր նյարդով, արյան գնդիկով, յուրաքանչյուր շառավղով, ուղեղի ու սրտի միջով շրջանառվում է Տոնոյան Թադևոսի պոեզիայում։ Եվ ցանկացած մայրակորույս զավակի համար իբրև հոգու սպեղանի են հնչում մոր կենսառաք խոսքերը.

Զավա՛կս,//Ով որ ալ ըսե, թե ես մեռած եմ,//Մի՛ հավտար,//Ես կ՚ապրիմ,//Եվ ի հավաստումն այս խոսքերուս՝//Այս գիշեր պիտի արև ծագե,//Արևը հիշատակի։

Եվ սա ռոմանտիզմ չէ, դասական բնութագրմամբ՝ սա, հաստատ, հոգեբանական ռեալիզմ է, այսինքն՝ բանաստեղծը սա հստակորեն ֆիզիկապես ապրել է։ Ե՛վ ցավը, և՛ նրա դարմանումը։ «Մայրերու հրեշտակների» աշխարհը իրական աշխարհ է՝ տեսիլների մեջ, և սա կարողացել է հյուսել շնորհալի, շատ շնորհալի բանաստեղծը.

Կը հիշե՞ք,//Կը հիշե՞ք, եղբայրնե՜ր,//Ի՜նչպես ճանապարհեցինք մեր մայրերուն,//Ու գիտե՞ք՝ ի՜նչպես պիտի ուրախնան  անոնք//Հոն մեզի դիմավորելիս,//Ուր հանգստանանք պիտ//Պատրանքեն այս կյանքի։

Վերնագիրը բանաստեղծության՝ «Ճանապարհողներ, դիմավորողներ»,  հստակ նկատված բանաձև է, որով ապրում է մարդկությունը. չկա որևէ  մեկը, որ հանկարծ մահի մասին ինչ-որ բան մտածի և նախևառաջ չմտածի Այնտեղ իր մորը հանդիպելու մասին։ Եվ այս բանաձևի բացահայտումը անդրաշխարհը դարձնում է իրական և տեսանելի, որովհետև… այնտեղ բնակվում են մայրերը։ Միայն այդպես։  Բայց ոչ ցանկալի է այդ անդրաշխարհը. այսրաշխարհի մեջ հազար կապ կա, ու հեռանալու ցանկությունը բնական չէ։ Հեռանալու ցավի սպեղանի՛ն է բնական, այսինքն՝ հեռանալու ցավի դարմանումը։ Եվ՝ բանաստեղծի ճիչը.

Չեմ ուզեր մեռնիլ.//Որբերս աշխարհքին մեջ անտեր ու մենակ պիտի մնան,//Անձրևներուն տակ՝ տկլոր,//Ձյուներուն մեջ՝ բոպիկ,//Ու գիշերվան սևին մեջ՝//Պզտիկ ճրագի մը քով վախով խմբված։

Ես այսպիսի տողեր մեկ էլ կարդացել եմ Սիամանթոյի մոտ, և սա ոչ թե որպես նույնականություն եմ ասում, այլ՝ տարբերություն, որովհետև, թող ներվի ասել, Սիամանթոյի ասածը կոնկրետ ժամանակի համար է, կոնկրետ որբացածների համար է, կոնկրետ ողբերգական ճակատագիր ունեցողների համար է, իսկ Տոնոյան Թադևոսը խոսում է առհասարակ որբերի մասին և հեռացողների ու վերադարձողների մասին.     ծանր երկվություն մայրերի ու որբացողների, մնացո՛ղ որբացողների միջև, մնացողների  միջև, ապրելու և մեռնելու միջև։ Երկվություն՝ մի կողմից՝ որբերուն թողնելու համար, մյուս կողմից՝ ցանկություն, տենչ՝ մայրերին հանդիպելու համար։ Եվ հայցո՛ւմը, ներողության հայցումը այն գնացած մայրերին, որոնք կարոտով, կարոտով սպասում են իրենց զավակներին։ Դաժան է մի քիչ գուցե, բայց… սա ճշմարտությունն է.

 Կը լսե՞ս, մա՛յր,//Քեզի ես լքեր եմ,//Թե որ մինչև օրս քովդ չեմ եկեր։

. . . . . . . . . . . . .

Ապրելս դրժման կը նմանի,//Թե որ մինչև օրս քովդ չեմ եկեր

Բոլորս դրժողներ ենք, բոլորիս մեջ այս ճիչը կա, իսկ եթե բոլորիս մեջ կա, նշանակում է բանաստեղծությունը ճիշտ հասցեատերերի է ուղղված.

Կը հասկընա՞ք,//Մորս կարոտցեր եմ, կը հասկընա՞ք,//Կը հասկընա՞ք, անո՜ւշ ու պաղ հող կ՚ուզեմ

Ավելին այս գրքի մասին չեմ ուզում մանրամասնել, բայց այս ոճով են գրված քայլերը ներկայացնող բանաստեղծությունը՝ «Համրընթաց»-ը, խոհերը բացող բանաստեղծությունը՝ «Սգախոհ»-ը, մարմնական տենչերը՝ «Մեր մարմինները կ՚ուզեն…» (բայց սա այն տենչը չէ, որ առաջին հայացքից կարելի է հասկանալ․ մարմինների տենչը  մեր մայրերի և մեր սերունդների հետ նույն էներգետիկ դաշտում լինելն է), հրեշտակներին ուղղված որբերի ճիչը՝ «Մայրերու հրեշտակներ»-ը՝ սքանչելի, դասական բանաստեղծություն, և ամեն ինչ լցված է այս խոհերով՝ լեռը, ժայռը, ճանապարհը, մենք։ Բանաստեղծությունն աստիճանաբար լցվում է ընթերցողի երակների մեջ, և սա պատկերավոր միտք չէ։ Դու Տոնոյան Թադևոսի գրչի զորությամբ կտրվում ես իրական աշխարհից, որն այնքան աղքատ է, այնքան անկարող՝ լցնելու քո հոգին այն ճիչը, որ պիտի բերի, քեզ հասցնի դեպի քո նախասկիզբը՝ պապդ, տատդ: Նրանց նախապապերն ու նախատատերն են, որ եկել-գումարվել են մի էպիկենտրոնում՝ մոր մեջ։ Եվ սա բացառապես հայկական մայրատենչություն է, սա կարող է մի քիչ էլ ազգայնական հնչել, բայց ես, որ, համենայնդեպս, մի քիչ մոտ եմ կանգնած գրականությանը, ո՛չ Վեռլենի, ո՛չ Վերհարնի, ո՛չ Անատոլ Ֆրանսի, էլի մի քանի բանաստեղծների մոտ, չեմ նկատել այսպիսի տենչ…

Գիշերս ճամփա պիտ երթամ՝//Որբերուս ձեռքը բռնած,//Անոնց ուխտավոր ոտիկները//Ձեռքերովս պատմուճանած։

Որտե՞ղ եք կարդացել բանաստեղծական այսպիսի պատկեր։ Եվ լցվում է այն վիհը, որ սովորաբար գծված  է լինում սերունդների միջև։ Եվ այստեղ չկան հայրեր և որդիներ, չկան սերունդների միջև տարբերություններ, այստեղ կա բացահայտ ընդգծված, հստակ, ջերմ, տաք ձուլվելու, համախմբվելու մղում։

2015 թվականին այս յուրօրինակ մայրախոհությունը թարգմանվեց տարբեր լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, իսպաներեն՝ մի գրքում, և կարծում եմ՝ այսպիսով Թադևոս Տոնոյանի բանաստեղծությունը գնաց դեպի համաշխարհային բաբախներ, և այն Եվրոպան, որին այսօր կարծես ձգտում են ընդօրինակել, այն Արևմուտքը, որ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ ձգտել է լինել մեր ուսուցիչը, Տոնոյան Թադևոսի պոեզիայի միջոցով սովորելու բան ունի մեզանից։ Եվ սա նորից ազգայնականություն չէ. ես կարծում եմ՝ մայրականության հայկական պատգամ-ճշմարտությունը մեր բոլորի ունկերից կախված է: Բելինսկին ժամանակին ասում էր՝ ինձ համար կատարյալ է այն բանաստեղծը, որի տողերը ես կարդում եմ և մտածում եմ, որ նա ինձ կողոպտել է, որովհետև ես այդպես մտածել եմ, բայց ես չեմ գրել։ Ահա այդպես ինձ կողոպտել է Տոնոյան Թադևոսը, երբ գրել է.

Երբ բացվին կոպերը պայծառ մեռածներու,//Մեզի ծաղիկ պիտի տեսնին,//Որ չորցանք յուրյանց շիրիմներուն վրա

Ես սա հաստատ մտածել եմ, բայց գրել է Տոնոյան Թադևոսը, որովհետև ինքը ինձնից շուտ է մտածել և լավ է գրել։

Հաջորդ գիրքը 2002-ին էր. այս գիրքը շառավիղ նետեց երկրի և երկնքի միջև։ Այս գիրքը մի քիչ ավելի աշխարհիկ էր, ավելի առօրեական էր, ավելի նյութական բան ուներ, և այս ամենով պայմանավորված՝ հրապարակախոսության որոշակի տարրեր ավելացան, և սա բանաստեղծի հոգու ցավն էր. ժամանակներն աղավաղում էին իրենց դիմագիծը, ժամանակները դառնում էին ամենևին էլ ոչ մերը ոչ թե այն պատճառով, որ մենք ժամանակից հետ էինք մնում, այլ՝ այն պատճառով, որ մենք՝ արդեն պայմանականորեն ասած՝ սովորական մահկանացուներս, մեր ժամանակի ջիղը չէինք հասկանում և ըմբռնում, և այդ հասկանալու և ըմբռնելու շնորհը տրված է միայն ընտրյալներին՝ զարմանալի խորհրդավոր աշխարհ ունեցող մարդկանց՝ բանաստեղծներին։ Նրանք են մեր աշխարհը հոգու յուրաքանչյուր նյարդով զգում։ Իսկ դա տվածուրիկ է՝ կասեր ժողովուրդը, ի վերուստ է տրված լինում։ Սա հենց այնպես չի լինում։

Գիրքը ստացա բանաստեղծից յուրօրինակ մի ընծայականով՝ «Մեր սիրելի Ռաֆայել Իշխանյանի հանձնարարությունը իրագործելու հույսով…»։ Իշխանյանը որոշ թերահավատություն ուներ իր ժամանակի ջահել բանաստեղծների նկատմամբ… ու Թադևոսին մի օր կատակախառն ասաց՝ այս ֆակուլտետը ավարտելու ես, գործ չես ճարելու, վերջը բանաստեղծություն ես գրելու, քո ընկեր Սերժին էլ խնդրելու ես՝ մի գրախոսական գրի, ու բանաստեղծ ես հռչակվելու։ Ժպիտ պարգևող այս  հուշը ենթագիտակցությանս մեջ մնացել է, ու ես չափազանց ուշացած, առաջին անգամ հրապարակայնորեն խոսում եմ իմ ընկերոջ բանաստեղծական աշխարհի մասին։ Թադևոսի բանաստեղծության բնութագրիչը այն է, որ խոհն այստեղ տիրապետող է։ Սա ես արժանիք եմ համարում, որովհետև, թող ներվի ասել, բայց ծանծաղ զգացմունքայնությունը և ջրիկ դատումնայնությունը նրանը չեն. ծանրախոհ է բանաստեղծը մի քիչ, գուցե թվա, թե մի քիչ ավելի դժվար կարդացվող, բայց երբ մնում ես նրա բանաստեղծության հետ, զրույցդ ստացվում է շատ  խորքային։ Եվ այս գիրքը եկավ լրացնելու մեր բանաստեղծության մի կարևոր պակասը (գուցե ասենք  «այսօրվա՞ բանաստեղծության»)` քաղաքացիական ջիղը։

Մեր բանաստեղծության առավելություններից մեկը քաղաքացիականությունն է, այն, որ հասարակական կյանքի բաբախը անվերջ տրոփում է հայ բանաստեղծական աշխարհի մեջ։ Եվ այսօր, երբ կյանքը չափազանց շատ է քաղաքականացված,  երբ չափազանց շատ է նյութականացված ժամանակը, պոետները պիտի լինեն առաջնորդներ՝ այդ ժամանակը իմաստավորելու, այդ ժամանակի իմաստները, ներքին ենթաշերտերը բացահայտելու առումով։ Այս գրքում երկիրը, մարդը, տիեզերքը, դրանց աղճատումը պոետական հոգու ցավի էպիկենտրոնն են, իսկ բանաստեղծը շատ հստակ է իր խոսքը հղում ընթերցողին․ ուղղակի բանաձևել է մեր օրերը.

Մեր մոլորակի համար ի վերուստ սահմանված չարի չափը//օր առաջ լրացնելու հանրային տքնանքը//մենակյացներին նետեց հոգեաշունների գիրկը,//ու նրանք դարձան բանաստեղծ՝//գրող թե չգրող՝ կարևոր չէ…

Սա շատ խոսուն ուղերձ է, որը նույնքան խոսուն և նույնքան հստակ բաժանումների է ենթարկված գրքում՝ «Պատժաբաժին», «Երկրապատան», «Բանաստեղծության Բարրաբան», «Գանձ մի՛ դիզիր քո սեփական երկրում», «Արքայական ուղերձներ», «Հողս խառնեք մեր վիպասքին», «Դիպվածը», «Լեզվաղանդական», «Պալատական ծաղրածուի ուղերձները»։

«Լեզվաղանդական»-ը պարզապես գրված է հենց այսօր՝ ուղղակի մի տասնհինգ-քսան տարի առաջ՝ այսօրվա մասին։ Եվ տասնհինգ տարի առաջ էլ մի բարվոք ժամանակաշրջան չէր, և երբ այսօր լեզուն Աբովյանի դիպուկ բնութագրմամբ՝ Կրեսոսի նման հալածված փախչում է մեր դեմից, Տոնոյան Թադևոսի գիրքը ձեռք է բերում միանգամայն նոր արդիականություն։ Ե՛վ անհատական, և՛ հասարակական ցավը ներձույլ են երևում բանաստեղծի ստեղծագործության մեջ.

Տե՛ր իմ, ես չեմ մասնակցել սրանց գինի ու հացին,//Թեև իրենց սեղանից ինձ փշրանքներ են նետել,//Իմ մեղքն այն է, որ ոչինչ չավելացրի եղածին,//Ու չթողի քո որդուն՝ ողնացողունն իմ էտեր:

 

Իսկ մեր ողնացողունն այսօր ոնց որ թե կտրվում է։ Այս գրքում տիրապետող են դառնում կյանքի և մահվան, հոգու և մարմնի, սահմանավորի և անսահմանի, մեղքի ու անմեղության, հիշողության ու մանկուրտիզմի հակադրականությունն ու դրանց գիտակցումից ծնված հույսի և հուսահատության նվագները. սա այս գրքի հիմնական բնութագիրն է։ Բացատրություններն ու ինքնագիտակցման գրգիռներն ու մեկնաբանությունները սուրբգրային են․

Նշխարներս թողեցի, կերա հացը ես սրանց,//Ու մարմինս պահեցի ո՜չ սոսկ հոգու տուն որպես,//Ուստի՝ մեռավ։ Տե՜ր, մեկ այլ մարմին տուր ինձ, ես սրտա՛նց//Մեղքն իմ քավել եմ ուզում, ուստի թույլ տուր՝ դեռ ապրեմ։

Քանի՞սս չունի մեղքի այս զգացումը, և քանի՞սս չի խնդրում Տիրոջից, որ կարողանա քավել իր մեղքերը․

Վտարանդի ու վաշխերին պատանդ՝//Հոգու պարտքերն ենք մարում մեր վերջին..//Ու մեր երկիրը դնում ենք պատան՝//Հանգի՜ստ, անկռի՜վ ու առանց վեճի։

Սա զգուշացում է մեզ ու բոլոր նրանց, ովքեր մեր երկիրը դնում են պատան։

…Պոետը պատմությանն է անդրադարձել՝ Արշակ թագավորին․ հայտնի՝ հողով ու ջրով փորձության տեսարանը, Մուշեղ Մամիկոնյանի սպանության տեսարանը․ այս ամենը բերում են յուրօրինակ եզրահանգման.

Էս սուտը, ցուրտն ու մի կում բարկօղին//Կյանքո՜ւմ չեն դառնա ապրելու պատճառ,//Գարունս գա, ու հանձնվեմ հողին՝//Առանց ծաղիկներ ու  դամբանաճառ։

Հուսահատություն կա գուցե, բայց մեղադրանքով հուսահատություն․ մեղադրվում ենք մենք, մեր օրերը, մեր ժամանակը, մեր ժամանակի հայը, որովհետև հայտնի են վախճանի խորհուրդն ու կերպը։ Ինքը՝ բանաստեղծը շատ լավ գիտի՝ ի՛նչ է վախճանը.

Ես բանաստեղծ եմ,//Ու թվում է՝//Չկա՛ էլ ուրիշ//Վախճան։

Սա դատապարտված, զգացող, տեսնող, ուրվագծող, ստեղծող մարդու ներքին դրաման է։

«Երկրից հետո» գրքին հաջորդեց  «Երկնքից առաջ» գիրքը 2010 թվականին։ Սա հղկված ու կատարյալ գիրք է, նախորդի հետ կազմում է փոխլրացնող ամբողջություն։ «Երկրից հետո»-ն և  «Երկնքից առաջ»-ը մեր կենսընթացքն են, ամբողջ կյանքի ընթացքը՝ ծնունդից մահ շրջագծով, այստեղ նաև հավերժի ծիրն է, որ բանաձևվում է երկրային և երկնային հայրերին ուղղված ուղերձով. երկրային հայրը կոնկրետ բանաստեղծի հայրն է, երկնայինը՝ Աստված։ Եվ Աստծո ու բանաստեղծի հոր միջև որևէ էական սահմանագիծ, բաժանարար գիծ չկա։ Նրանք, ովքեր գնում են առ Աստված, աստվածանում են, և աստվածացման այս դիրքերից բանաստեղծը խոսում է երկու տերերի ՝ մեկ Տեր դարձած էության հետ.

Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում,//Կնքում եմ արդեն ծրարը կյանքիս, խոսքս զմռսում,//Մրսում է արդեն մարմինն իմ՝ որպես հոգի մեղսական,//Սակայն հույս ունեմ, որ չի դառնալու էլ երբեք ավար։

Երբեք չի թալանվելու հոգին, և այս հույսը բանաստեղծին այս կյանքում պահելու,  ապրեցնելու կարևորագույն միջոցն է։  Ուղերձը, որը բանաստեղծը հղում է իր որդուն, ուղիղ իմաստով չհասկանանք, սա ուղերձ է սերնդին, սա ուղերձ է մեզ՝ իր ժամանակակիցներին, որոնք որոշակիորեն ապրում են շեղման գործընթաց.

Նախապատրաստվիր ինձանից հետո ապրելու համար,//Ու գերեզմանիս չարտասվես հանկարծ, տղամա՛րդ եղիր,//Տանուլ տվեցի իմ բաժին երկինքն անճակատամարտ,//Ու ների՛ր, որ քեզ չեմ թողել, ահա, մի կարգին երկիր

Այս սերունդը ահա արդեն քանի տարի, քանի տասնամյակ հավանաբար այսպես  պիտի հրաժեշտ տա կյանքին՝ հաջորդ սերնդին մի կարգին երկիր թողնել չկարողանալու ցավը սրտին։ Այս պոեզիայի միջոցով գնում-կապվում ենք մեր հեռավոր անցյալներին, մեր էպիկական ժամանակներին, մեր էպոսին, մեր էպոսի խորհրդին, և այդ մենք ենք պատճառը, որ Մհերը մինչև հիմա Ագռավաքարում է, այդ մենք ենք պատճառը, որ դուրս չի գալիս մեր փրկիչը՝ ընդհանրական իմաստով ասած․ բանաստեղծը մեզ բացում է գաղտնիքը, որը մինչև այսօր մեր մեջ նստած է եղել, որը մենք իմացել ենք, բայց չենք հասկացել, որ մենք դա գիտենք.

Դեռ նույնն է ցորենն, ու նույնն է գարին,//Ու ոտքերիս տակ՝ դարձյալ փլուզում,//Երկու կողմում էլ Ագռավաքարի//Ես եմ. և՛ ներս, և՛դուրս գալ եմ ուզում:

Այս ներս գալ-ն ու դուրս գալ-ն ուզելը, դժբախտաբար, հազարամյակներ տևեց։ Իհարկե, ունի որոշ թերություններ, եթե այսպես կոչված քննադատական լույսի և քննադատական պրիզմայի միջով անցկացնես, բայց ամբողջության մեջ մենք գործ ունենք դասականին միտող բանաստեղծի հետ, և ես հպարտ նախանձությամբ (էն, որ ասում են՝ բարի նախանձ, այդպիսի բան չկա. է՛, որ նախանձ է, նախանձ է) ցանկանում եմ, որ իմ շատ հարազատ բանաստեղծը, որը ինձ նվեր է տվել այսպիսի մի աշխարհ, գնա, կանգնի մեր դասականների կողքին հետագա իր ստեղծագործություններում։

* Ե. Չարենցի տուն-թանգարան                                                                                                  

  1. 02. 2020 թ