ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ/ Ալբերտ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ 90

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ*

«Ես իմ անուշ Հայաստանի…». դարձյալ Եղիշե Չարենցը՝ մեզնից անբաժանելի, մեր բախտի բոլոր վերիվայրումներին արձագանքած բանաստեղծը «Երեքգույն ծիածան»-ից ու «Տաղարան»-ից մինչև «Կարմիր սոնետ» ու «Երկաթե երգեր»:

Երբ եկան կարմիրները կամ ինչպես այսօր կասեինք՝ դարչնակարմիրներն ու կարմրադարչնագույնները, մտավորականու­թյան ու արվեստի մարդկանցից շատերը խուճապահար փա­խուստի դիմեցին: Դե, մտավոր ուժը այլ չափումների է ենթա­կա. Անդրանիկի ու Դրոյի սխրանքը մի բան է, Ավետիք Իսահակյանի ու Ավետիս Ահարոնյանի սխրանքն այլ բան է: Դրոյի ու Անդրանիկի ժողովուրդը, Ահարոնյանի ու Իսահակյանի ժողովուրդը շատ լավ հասկանում ու տարբերում է այդ բաները: Միայն թե օրվա իշխանավորներն են, որ չեն հանդուր­ժում շեղումներ: Իսկ իշխանավորների մի քանի ալիք իրար հաջորդեց խռովահույզ մի քանի ամիսների ընթացքում՝ խուճապի, փախուստի ու վերադարձի նշաններով:

Ոմանք գնացին անվերադարձ, ինչպես Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ, Ավետիս Ահարոնյան: Վերադարձողներից էր Եղիշե Չարենցր, այն էլ, ով զարմանք, մաուզերով: Զարմանալի, որով­հետև տարիներ շարունակ «մաուզերիստ» ասելիս կամ հայհոյելիս մի կողմն են նկատի ունեցել, կարծես մյուս կողմը ան­զեն հրեշտակների բազմություն է եղել: Վերադարձողներից էր Հակոբ Կոջոյանը` իր հայտնի ու անխուսափելի տուրքերով. արվեստաբանները կարող են, օրինակ, համեմատել, եթե ուզե­նան, 10-ական թվականներին լույս տեսած «Հայ կամավորներ» գրքի ձին այն ձիու հետ, որ պատկերված է Տաթևի գնդակա­հարությունը ներկայացնող կտավում: Կոջոյանն էր, որ գծագրեց ու վերջնական տեսքի բերեց Ալեքսանդր Թամանյանի կազմած Զինանշանը, երբ դրա կարիքը զգացվեց Սևրի ժողովի նախօրյակին: Ի դեպ, մեր օրերի գծագրողները Զինանշանը ընդօրինակելիս չպետք է մոռանան, որ վարպետի ձեռք է դիպել այդ գործին, ու քմահաճորեն ու անմտաբար չկտրեն, ասենք, առյուծի լեզուն կամ չփակեն նրա երախը, և պահպանեն իր գործն իմացող վարպետի գիծը:

Սևրը օգոստոսին էր, մի ամիս հետո սկսվեցին կործանարար իրադարձությունները, իսկ մինչ այդ Սևրի դաշնագիրը ստորա­գրած Ավետիս Ահարոնյանն էր օրվա հերոսը՝ «Հայոց Արամազդ»-ը, ինչպես ախորժել են նրան կոչել այն սրտառուչ օրերին, երբ կյանքն ավելի ուրախ չէր ու բարեկեցիկ, քան հիմա, բայց տագնապի ու մեծ սպասումի ժամանակ էր, իսկ բանաստեղծը նույնիսկ «Գալանտ երգեր» էր հորինում: Ինչևէ:

Եղիշե Չարենցը վերադառնում էր դեպի իր ճակատագիրը: Իհարկե, ճիշտ էր վարվում, նա նոր էր սկսում, նրան երկիր ու ժողովուրդ էր պետք: Անշուշտ ճիշտ էին գնացողները՝ իրենց գործն արած մարդիկ, որոնք ամփոփման պետք ունեին, իսկ այստեղ դա բացառվում էր քաղաքական անհանդուրժողականության բերումով:

Հեշտ է այսօր այսպես արդար-մեղավոր անելն ու չանելն, ու բոլորին՝ անշուշտ արժանավորներին, հաշտեցման հավերժական տաճարի մեջ զետեղելը: Այսօր, երբ թվում է, թե ավարտվել է ունայնամիտ պայքարի ժամանակահատվածը, Եղիշե Չարենցը այստեղից «պնակալեզներ» էր մատնացույց անում, իսկ Նիլոլ Աղբալյանը՝ դրսից, հեռակայորեն, արձագանքում էր, թե՝ «հայ­հոյիր, Չարենց, հայհոյիր, դու ազնվական ես ծնվել»: Արձա­գանքողը ոչ այլ ոք է, քան Չարենցի ակնարկած «Նաիրյան քննադատը», որ ազդարարել է նոր բանաստեղծի ծնունդը: Ավելին է ասել Չարենցը նրա մասին.

«Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,

Ու ես մի գիշեր իմաստուն դարձա»:

Ես համոզված եմ, որ վերադարձողը, իր ճակատագրին դարձողը հենց այդ իմաստուն-իմաստնացած Չարենցն էր, իսկ դուք պատկերացրեք, եթե կարող եք (իհարկե, չեք կարող) ետհանրապետական ժամանակաշրջանն առանց Չարենցի:

Բանաստեղծի ողջակեզը, Չարենցին սպանելը ամենաամոթա­լի ու ստոր արարքն էր, որ թույլ է տրվել, և այս գիտակցումը չի լքելու մեզ նաև հաշտեցման հավերժական սրահ մուտք գոր­ծելիս, որտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ, և որտեղ թևածում է ազգային միաբանության ոգին:

Կարմիր, կապույտ, նարնջագույն: Արյան կարմիրը, երկնա­գույն, որ ջինջ է ու կարծես երկնային մենաշնորհ լինի: Իզուր չէ, որ հները երկնքին սուրբ էին ասում, երբ ջինջ էր, այսինքն՝ մաքրված էր ամպերից ու հստակ էր: Մաքուրը, ջինջը և սուրբը իմաստաբանական նույն շարքից են ու վերագրելի են նաև կարմրին, հատկապես նրա մի երանգին, որ կենդանի է, առողջ ու թարմ. դա բոսորն է, համբարձվող Տիրոջ գույնը, ահեղ պատե­րազմից հետո, «կարմրաձորձ ի բոսորայ, գեղեցիկ պըճնեալ աստուածազարդ լուսով», ինչպես տեսլանում է Գրիգոր Նարե­կացուն համապատասխան տաղի մեջ: Երրորդը՝ նարնջագույն, բաղադրյալ է. ջինջ մակդիրը նրանը չէ, բայց դրա արգասիքն է. «լուսոյն արփի վեհինաճեմ»` օգտվելով հանճարեղ բանա­ստեղծի մի այլ պատկերից:

Ընդհանրապես այս գույների սիմվոլիկայի մասին շատ չի գրվել, բայց ասվել է: Նրանց բովանդակավորած խորհրդի ակն­հայտ ու պարզ բացատրությունը հանգում է հետևյալին. նա­հատակների արյունը, երկնքի խաղաղությունն ու երկրի ոսկե բարիքը:

Գույների այս համադրությունն այնքան գեղեցիկ է ու չքնաղ, որ նրանց իմաստավորումը հազիվ թե վերջ ունենա: Եվ ինչու վերջ ունենան մեկնությունն ու մեկնաբանությունը մի խորհրդի, որ ազգային գոյության ու ապրելակերպի իմաստավորումն է՝ միշտ նորացող, շարունակաբար հմայող ու հավերժո­րեն առկա:

Իսկ նվիրական անունները, որոնք մեր իմաստավոր անցյալի արարիչներն ու վկաներն են և պայմանով ու անպայմանորեն արժեքավոր են, կարոտ են մեր խնամքին ու անընդմեջ գուր­գուրանքին, որ նրանք միշտ մեզ հետ լինեն, ապրեն մեզ հետ և շարունակեն իրենց երթը սերունդների հետ: Որովհետև պատմությունը, պատմություն արարելը հավանական գործողություն լինելուց բացի նաև ենթակայական, սուբյեկտիվ արարք է: Ընտրողն ու արժեքավորողն անհատն է: Ապառնի ժամանակի տեսիլքը նա է հղանում անցյալի փորձից և ընտրությունից վանվելիս:

Մեր ունեցածը մեր հարստությունն է, որ ապրեցնում է մեզ այսօր և ապրեցրել է այն սերնդին՝ հպարտ, առնական ու վեհ, որին ուզում ենք արժանի լինել` համոզված լինելով, որ նրանց համար այդպիսի գիտակցությունը հավատի մաս էր և ազգային խղճմտանքի արտահայտություն:

  • Ա. Կոստանյան «Բացարձակի որոնումը». 2004 թ.