ԿՊԱՇՏԵՄ ԱՄԵՆ ԲԱՆ, ՈՐ ՀԶՈՐ Է / Մանիկ ԱՃԵՄՅԱՆ

Ծաղկաձորի Եղիշե Չարենցի անվան գրողների ստեղծագործական տուն. տուն, ուր գրքի բացվող էջ է լուսացող օրը և մեկուսի պահերի երկխոսություն արձակագիրների և բանաստեղծների սերունդների հետ, որոնք ապրել եւ գեղարվեստի խոսքն են պատգամել մեզ որպես խոհ, արարելու, կյանքը շարունակելու խորհուրդ:

– Ծաղկաձորից մինչեւ Երևան էր Չարենցի վերջին ուղին բանտվելուց առաջ: Այս հարկի տակ էր իր ընտանիքը, միասին մեկնեցին 1936-ին: Մենք նրա ընթերցողը մնացինք և արգելված տարիներին: Գրողների հարկի տակ Չարենցի հևքն ու շնչառությունը միշտ է զգալի: Գրական աշխարհի ամեն սերնդի հետ նա ելումուտ ունի, կրկին ու կրկին վերադառնում է ամեն մեկի հետ…

Ստեղծագործական  տան տնօրեն  Մովսես Մանուկյանի հետ զրույցս Չարենցի բանաստեղծական տողով է ներշնչված. «Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու»…

Ճշմարիտ է ապագային միտված երազը:

Գարնան օրվա լույսը ավետիս է, երբ հոգիդ հպարտ է:

Ժամանակակից գրողները, որ արցախյան հերոսամարտից վերադարձան, չարենցյան տողի կորովն ունեին: Նրանց արձակ ու չափածո գործերը գրվեցին այս հարկի տակ, ուր ժամանակին ապրել ու ստեղծագործել են մեր դասական գրողները:

– Տասնամյակները ժամանակն է թվագրել: Ես, որ շուրջ 47 տարի տնօրենն եմ գրողների ստեղծագործական տան, ինձ միշտ ուղեկիցն եմ զգացել նրանց՝ համախոհ, համաքայլ,- շարունակում է իր խոսքը Մովսես Մանուկյանը:

Ընթերցողը գրողի ժամանակակիցն է. և՛ գիտակցված է՝ միշտ պոետիկ է գրողի միջավայրը, ուր գրական վայելք է, և օրվա տրամաբանությամբ՝ փիլիսոփայական միտք: Քանզի հանրության հետ է, ժամանակից առաջ և առջեւից է նրա ընթացքը:

…Ու սիրում ենք առավոտից իրիկուն

Ճամփա երթալ ու հավիտյան երազել…

Թվագրված է Չարենցի յուրաքանչյուր ստեղծագործություն:

«Հարդագողի ճամփորդները» պոեմը գրված է 1917-18-ին: Կամավորական ջոկատի զինվոր բանաստեղծին մենք հասակակից դարձանք ազգային զարթոնքի 88-ին: Իսկ այսօր…

Խոսքս կրկին ուղղում եմ Մովսես Մանուկյանին:

– Ձեր գրական ճաշակն, անշուշտ, ոգևորում է գրողներիս, և այն անհանգստությունը, որ հոգատարությամբ է դրսևորվում յուրաքանչյուրի նկատմամբ՝ անհատապես, փոխակերպվում է գնահատանքի: Արժևորվում է գրականություն ստեղծող անհատը:

– Ես այն համոզումն ունեմ, որ գրողը ներուժով օժտված մարդն է: Գիրը իր վերելքի ժամանակն ունի: Հայ գրականությունն է կերտել հայ մարդուն: Նա հավատով է գրիչ վերցնում և չի կասկածում, որ իր ընթերցողն ունի: Այո՛, տրված է «ճամփա երթալ ու հավիտյան երազել»…

Վարդգես Պետրոսյանի առաջարկով քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կերտեց Չարենցին՝ խրոխտ երկնատենչ: Արձանը մեր տարածքի բարձունքից է նայում աստղերին: Իսկ դուք վեր բարձրացե՞լ եք անտառի արահետով: Այնտեղ, ուր բացատն է, քանդակագործ Գևորգ Մշեցին է վեր խոյացրել մի հուշաքար, որի վրա արձանագրված է՝ «Այս բացատը սիրել են Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Հրանտ Մաթեւոսյանը…»:

Որ տիեզերքի զառանցանքը մառ

Չցնդի երբեք ու մնա երազ…

Իսկ 19-ամյա Իսահակյանը 1894 թվականի մայիսին գրել է.

Կենսական ծովի հույզերի միջին

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.

Կայծակն է զարկում իմ վես ճակատին,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Հողմ ու փոթորիկ շուրջս են հածում,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Ինձնից բռնվեք, խորտակվող մարդիկ,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

– 70-80-ական թվականներին ստեղծագործող մեր լավագույն գրողների գործերը համաշխարհային մակարդակով իրենց ուրույն տեղն ունեն: Ես այսօր հպարտությամբ եմ նրանց անունները գրել այն սենյակների դռներին, ուր նրանք ստեղծագործել ու իրենց ժամանակի ոգին են փոխանցել գալիք սերունդներին:

Զրույցի ավարտին Մովսես Մանուկյանը  հիշում է  Հրանտ Մաթևոսյանի տողը. «Ես ջանում եմ վկայել իմ ժամանակի հայոց տան այդ ազնվականությունը»: Եվ… ավելացնում.

– Ոչ միայն գրական միջավայրն է այս հարկի տակ գրավում մեր հյուրերին, այլև այն մշակութային կոլորիտը, որ ստեղծել ենք մեր ժամանակակից նկարիչների կտավներով: Նրանք եկել, ներշնչվել և իրենց ստեղծագործություններից լավագույնները թողել են այն սենյակներում, ուր գրողն է եղել: Տեսնում եք մաքրամե  գործվածքները՝ որպես վարագույր, մեր սրահները ձևավորված են հարթաքանդակներով…

Դժվար տարիներ եղել են նաև այս հարկի տակ. ցուրտը, մութը հաղթահարելու օրեր ու  ժամանակ: Բայց ստեղծագործական միտքը, գործն ու անունն են մնացել մեզ: Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանի կողքին մենք էլ ոգևորված ընթերցող մնանք  մեր ժամանակի մեջ և… շարունակենք քայլել՝ «Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու»…

Ծաղկաձորի Եղիշե Չարենցի անվան գրողների ստեղծագործական տուն. տուն, ուր անհատի միտք է ոգևորվում, դառնում բառ, խոսք, ասելիք, արարվում է գաղափար՝ թող լույս լինի…

Թող լույս լինի. Բանն էր սկիզբն ամենայնի. երեկ և այսօր: Կրկին՝ նաև սպասվող ժամանակի  վերասլաց ելևէջում, երբ մարդկայինի նկարագրով, մեր իսկ էությամբ և հույզերով մեր գալիք օրերն ենք հարթում: Բարին հաղթող է՝ երկիրն անպարտ մտածումով, ի վերուստ ներշնչված ճշմարտությամբ և հավատով: Օրն  անցավ. ևս  տարվա   մեկ օր …  «Ներկան  անգո  է,  անցյալը անհայտ»,- գրում  է  Նարեկացին  իր  Մատյանի  էջերում:  ՄԵ՛ՆՔ… Ես և  Ամենքը…  Հիշողությունն  է  կրկին  մեր  վաղվա  օրվա  ընթացքի իր ժամանակի մեջ…

Օրը. այսօր ես  միշտ շնորհակալ  եմ  Հայաստանի  գրողների միության  Ծաղկաձորի  ստեղծագործական  տան  հարկի  տակ  վայելած  ժամ՝ ժամանակի հիշողությամբ…

Ամեն  այցիս  ինձ  դիմավորում  են  երիտասարդ  աղջիկներ  գրանցման  բաժնում՝  ժպիտով   և  բարի   խոսքով: 

Օրը.  երկրորդ հարկում  կրկին   հանդիպում   եմ   տիկին   Արմինեին՝   տարիների ծանոթությամբ   և   կրկին ժպիտով…   նաև  նախաճաշին,  ճաշին  և  ընթրիքի   ժամանակ…  կրկին   օրվա   մեջ. բոլոր   աշխատակիցները   նույն   հարկի   տակ՝ բարեհոգի, ընկերաբար..

Ամենքը՝ ՄԵՆՔ. Շնորհակալ ենք Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրինությանը    նման    ժամանակ    և  օրեր կազմակերպելու համար:

 Վաղը   Նոր    Օր    կլինի՛…