Զորի Բալայան․ Մեր պատմական հիշողության արթուն պահապանը/ Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեր պատմական հիշողության արթուն պահապանը

(Էսքիզ դիմանկարի համար)

Հայի ու հայության պատմական հիշողության արթուն պահապանն էր Զորի Բալայանը, այն քչերից, որոնց համար Հայրենիքը ոչ թե վայելքների վայր է, այլ` մաքառումների, պայքարի էպիկենտրոն:

Հայի անհանգիստ, պրպտող, մարտնչող տեսակն է Զորի Բալայանը, որ ողջ գիտակցական կյանքում ձեռքը պահում էր իր փոքր ու մեծ հայրենիքի՝ Հայաստանի ու հայրենի Արցախի զարկերակին: Հայրենիքի դիմագիծ կերտող քչերից է Զորի Բալայանը:

Զ. Բալայանը խրամատի զինվոր էր ոչ թե 88-ից այս կողմ, այլև 88-ից էլ անդին: Նրա միտքը միշտ Ավետյաց Երկրի ճամփեքին էր, նա հայոց կենսահիշողության ճշմարիտ դատավորն էր, նրա կեսագրության համար մարտնչող մահապարտը: Եթե Արցախում ու Հայաստանում որևէ մտահոգիչ խնդիր կար, ապա այդ մասին առաջին բարձրաձայնողներից մեկն էր Զ. Բալայանը: Եվ պատահական չէ, որ հենց նա հայության անսքող երազանքը «Կիլիկիա» նավով պտտեցրեց ողջ աշխարհով մեկ՝ մեզ վերադարձնելով մեր երազանքների «Կիլիլիան»:

Զ. Բալայանը ոչ միայն հայոց մեծ երազանքի կրողն էր, այլև նրա սպեղանին ու բալասանը գտնողը, այդ մեծ ցավի գլխավոր դեղատոմսն առաջարկողը: Նա հայոց ճշմարիտ պայքարի մարտահրավերն էր աշխարհին, հայոց Մեծ Դատի արթուն հիշողությունն էր, այն անհատը, որ հասցնում էր ճիշտ ժամանակին լինել ճիշտ տեղում… Այն անհատականությունն էր, որն իր Մարկոս պապի նման ապրում էր խիղճը ափի մեջ՝ սուրբ-հաց մանանայի պաշտամունքը դարձնելով կեսակերպ: Նա պատկառելի տարիքում էլ ամենուր էր, իսկ ամենից շատ՝ Արցախում:

Հայրենիքի դիմագիծ կերտող քչերից է Զ. Բալայանը: Նա հրաշալիորեն ճանաչում էր ոչ միայն իր երկիրը, այլև երկրի հարևաններին՝ իրենց բոլոր չար ու բարի նկրտումներով: Հրաշալիորեն կանխատեսում էր ապագան, նա այն բացառիկ անհատականություններից էր, որոնք գիտեն, թե ինչ են անելու վաղը, ինչ պիտի անեն վաղվա համար, որ ապագան չապտակի մեզ չարածի, զլացածի համար: Նա աշխարհաքաղաքական  իրողությունները վերլուծելու մեծ կարողությամբ էր օժտված․․․ <<Ես չեմ կարծում, թե տարիներ անց, ինձ, նաև բոլորիս համար որակապես այլ դեր է հայտնվել մեր պայքարում։ Բանն այն է, որ մենք այսօր պետք է շատ ավելի զգոն հայացքով նայենք ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։ Մեծ հաշվով վերցրած՝ մենք չկարողացանք գործուն կերպով գնահատել մեր բուն հաղթանակը։ Այո, մենք հիանալի գիտակցում էինք, որ մեծ հաղթանակները չափվում էին դրանց դժվարությունների աստիճանով։ Եվ իրոք, մշտական պարտություններից հարյուրավոր տարիներ անց Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակը փառահեղ էր։ Սակայն դա չի նանակում, թե Բիշքեկում վերջակետ դրվեց։ Չէ որ Բիշքեկը բոլորովին էլ Նյուրնբերգ չէ։ Բիշքեկը մեզ պարտադրեցին՝ կանգնեցնելով մեր հարձակումն այն ժամանակ, երբ թշնամին լքել էր իր բոլոր դիրքերը, երբ պատրաստ էր թողնել նաև պատերազմի տարիներին զավթած Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտունաշենը։ Համենայն դեպս, Բիշքեկը դադարեցրեց արյունահեղությունը։ Դա նույնպես հաղթանակ էր։ Սակայն մենք չգիտակցեցինք գլխավորը։ Իսկ գլխավորն այն է, հստակ իմանանք․ եթե չես դառնում քո սեփական հաղթանակի տերը, ապա այն, վաղ թե ուշ, անպայման փոխվում է պարտության։ Այնպես որ, մենք այսօր ունենք մեկ կարևոր խնդիր՝ լինել մեր հաղթանակի տերը, որ ձեռք բերեցինք մեծ արյան գնով։  Դրա համար անհրաժեշտ է, որ ամեն օր հաղթենք ինքներս մեզ, կամ, ինչպես Նժդեհն է ասում,  մեր մեջ հաղթենք պարտությանը։ Ամեն օր պայքարենք մեր ժողովրդի պատակտման դեմ>>,- սա իմ՝ նրա հետ ունեցած բազմաթիվ հարցազրույցներից մի հատված է, հավաստումը նրա խորաթափանցության, ճշմարիտ ասված խոսքերի, որոնք այսօր էլ արդիական են:

Զ. Բալայանը, գոնե ինձ համար, իմ ճանաչած նախանձախնդիր ու ամենաաշխատասեր մարդկանցից է։ Նա գրեթե ութ տասնյակ գրքերի հեղինակ է, որոնք ոչ միայն իր անցած ճանապարհի, այլև մեր ժողովրդի պատմության ոսկեղենիկ էջերն են։ Գրում էր ամենուր` կանգնած թե նստած, գրում էր ծովում, օդում ու ցամաքում։ Գրում էր՝ գրիչը թաթախած մտահոգությամբ, տագնապով… Արցախի հերոս Զորի Բալայանը ամենահաս էր, նրա միտքն ու գրիչը չունեին հանգրվան։

Զորի Բալայանը նա է, որը մեզ սովորեցնում էր, թե ինչպես պետք է սիրել Հայրենիքը, ինչպես պետք է ծառայել նրան, ինչ մղումով գրիչ վերցնել և Հայրենիքին ծառայել նրա համար ճակատագրական բոլոր օրերին, և եթե անհրաժեշտ է, գրչին ամրացնել սվին ու մարտնչել գրչով, սրով խաչով ու աջով։ Նրա բառերը վրձնվում ու խմորվում էին հայրենապաշտությամբ, դառնում թթխմորը մեր ներկա ու գալիք հաղթանակների։

Զորի Բալայանը մեր` լրագրողներիս մեծ ուսուցիչն է, մեր իմաստուն ժամանակակիցը, որ ստեղծել է իր ժամանակը, և մենք դեռ հպարտանալու ենք, որ հանդիսացել ենք նրա ժամանակակիցը… Իսկ տողերիս հեղինակի հպարտանալու առիթը մի փոքր ավելին է, զի նա ոչ միայն իմ ավագ գրչակից-գաղափարակից բարեկամն էր, այլև իմ բանաստեղծական առաջին գրքի ու իմ գրական անվան կնքահայրը։ Չորս տասնամյակից ավելի ես վայելել եմ իմ ավագ գրչընկերոջ, իմ գրող-լրագրողական անվան կնքահոր օրհնությունը և ամեն անգամ ստորագրելուց առաջ, լինի այն մեր բանակի, զինվորի, թե խաղաղ բնակչի մասին, մի պահ չափակշռում էի պատասխանատվությունս ու նոր միայն վավերացնում ստորագրությամբ` ձգտելով արժանի լինել նրա օրհնությանը։

Զորի Բալայանի ձայնը հայոց մեր դարակերտ եկեղեցիների զանգն է, որ հնչել է դարեդար, հնչում է այսօր, հնչելու է վաղն ու զրնգալու է հավիտյանս։ Այն մեր խղճի, ապրել-հավերժելու ձայնն է, որ հանգրվան ու դադար չունի։

Լույսերի մեջ մնաս, Զորի Հայկի… Իսկ այն խոստումը, որ տվել էի Ձեզ` Շուշիի մասին եռալեզու գիրք հրատարակել, խոստանում եմ ի կատար ածել մինչև գալիք տարվա մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման 35-ամյակը։

Հավատացած եմ` երկնքից էլ հսկելու ես մեր ընթացքը։

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ                                                                                             Գրող, ռազմական լրագրող,

Պահեստազորի սպա