Հովիվ Արմենակը Շուշան անունով աղջիկ ուներ։ Արմենակի ու նրա կնոջ՝ Աստղիկի ուրախությունն էր Շուշանը։ Նա շատ էր բարի և բոլորին օգնում էր։ Օրերը թռչում էին. չգիտես ինչու, ամռան մի օր Աստղիկը ծանր հիվանդանում է և այլևս չի կարողանում անկողնուց վեր կենալ։ Շուշանը շատ տխրեց։ Նա մտածեց բարձրանալ մոտակա սարը՝ հորը և՛ ուտելիք տանել, և՛ բանջար հավաքել ու դրանցով ճաշ պատրաստել, որ մայրը ուտի և գուցե լավանա։ Աղջիկը վերցրեց ուտելիքով զամբյուղը և տանից դուրս եկավ։ Նա գնում էր ու արտասվում, խնդրում էր Աստված պապիկին, որ իր մայրիկին առողջացնի։ Ու երբ սկսեց բարձրանալ սարն ի վեր, հանկարծ թիկունքից մի ձայն լսեց։
– Աղջիկս, այս սարում մոլորվել եմ ու քաղցած եմ, ինձ մի կտոր հաց կտա՞ս․․․
Շուշանը ետ նայեց ու տեսավ մի ծեր տատիկի։
– Ես հովիվ հորս ուտելիք եմ տանում, բաjց նրա ուտելիքի կեսը քեզ կտամ,– ասաց Շուշանը և բացելով ուտելիքի տոպրակը՝ կեսը տվեց ծեր տատիկին: Հանկարծ տատիկը կերպարանափոխվեց՝ դառնալով սպիտակազգեստ, գլխին քող ունեցող կին։
– Երևում է՝ դու բարի սիրտ ունես, ես էլ քեզ բարի բախտ եմ տալիս, միայն ոչ ոքի ոչինչ չասես,- ասաց նա և անհետացավ, կարծես չէր էլ եղել։
– Ի՞նչ բարի բախտ,- մտածում է Շուշանը ու չի հասկանում։
Դեռ երկու քայլ չարած՝ տեսնում է հովիվ հորը, տալիս է ուտելիքը, մի քիչ բանջար հավաքում ու սարից իջնում է տուն։ Հաջորդ օրը Շուշանը, հորը ուտելիք տանելու համար նորից բարձրանալով սարն ի վեր արտասվելով, մտածում էր, թե ինչպես օգնի հիվանդ մորը։ Նրա առջև հայտնվում է նույն սպիտակազգեստ կինը և ասում է․
– Քո արցունքներից աղբյուր կառաջանա, նայի՛ր,– և իր ձեռքի գավազանով խփում է գետնին։
Իսկույն մի առվակ է հոսում նրանց ոտքերի մոտով։ Սպիտակազգեստ կինն ասում է Շուշանին․
– Այս առվի ջրից տար, թող մայրիկդ խմի․․․
Շուշանը այդպես էլ արեց, և Աստղիկ մայրիկը մինչև երեկո արդեն առողջ էր։
Շուտով գյուղով մեկ լուր տարածվեց, որ քաղաքում թագավորի միակ տղան ծանր հիվանդ է։ Ոչ մի բժիշկ չէր կարողանում բժշկել։ Սակայն հեռու երկրից եկած մի բժիշկ ասել էր, որ արքայազնը այնպիսի մի ջուր պիտի խմի, որ քաղցր լինի, և տեսնի սպիտակ շուշաններ, որ առողջանա։ Շուշանը որոշեց հաջորդ օրը բարձրանալ սարը։ Նա մտածում էր առվակի ջրից տանել արքայազնին, բայց այն ինչպե՞ս պիտի դարձներ քաղցր, իսկ սպիտակ շուշաններ որտեղի՞ց գտներ, չգիտեր, և, ամենակարևորը, ինչպե՞ս պիտի քաղաք գնար։
Հաջորդ օրը սպիտակազգեստ կինը նորից հայտնվեց Շուշանի ճանապարհին ու ասաց.
– Ես ամեն ինչ գիտեմ, այս առվի ջուրը կդարձնեմ քաղցրահամ․․․
Շուշանը սկսեց ուրախությունից բարձրաձայն ծիծաղել, և իսկույն սարի ամբողջ լանջը լցվեց սպիտակ շուշաններով։
– Դե՛, աղջիկս, ահա քաղցրահամ ջուրը և ահա սպիտակ շուշանները, հայրիկիդ հետ սայլով գնա քաղաք, պալատում դու երջանկություն կգտնես,- ասաց սպիտակազգեստ կինը և անհետացավ։
Շուշանը գնաց քաղաք, բուժեց արքայազնին։ Թագավորն ու թագուհին շատ ուրախացան, իսկ արքայազնը սիրեց Շուշանին ու ամուսնացավ նրա հետ։ Այդ օրվանից, երբ Շուշանը ծիծաղում էր, սարերում շուշաններ էին բացվում, երբ լաց էր լինում, արցունքները առվակներ էին դառնում։
Ջրի քաղցրության համար առուները կոչվեցին Շաքարաջուր։
