Անահիտ ԱՍԱՏՐՅԱՆ

Գրականությունը անհատական աշխարհընկալման արտահայտությունն է։ Սա հայտնի բան է։ Լայն կրթական և կյանքային փորձառությունը և դիտողականությունը խթանում են Աստծուց տրված ձիրքը ի մի բերելու։ Ժամանակակից գրականության մեջ սեռային սահմանները բավականին մեծ ներազդեցություններ են կրել այն պարզ պատճառով, որ կանայք ավելի էմանսիպացվել են ու ազատագրվել ինքնարտահայտման մեջ ամեն ինչ կոկելու ու հարմարեցնելու կեղծ չափորոշիչներից։ Անգամ թեմատիկ առումով կին գրողը ազատագրել է իրեն ներքին հույզերի կիսատոնային հոգեբանական վերլուծությունից։ Ըստ այդմ փոխվել է բառապաշարը, ինչպես նաև թեմատիկ ընտրությունը՝ այն  դարձել է ավելի ընդարձակ:

Հարցի բանալին, այնուամենայնիվ, թաքնված է հեղինակի ստեղծագործական գործընթացի մեջ ունեցած դոմինանտ դերի մեջ։

Կախված այն բանից, թե ով է ստեղծագործողը, ինչ անհատականություն է նա` այդպիսի գրականություն էլ նա բերում է իր ետևից կամ տանում առաջ։ Սա քննարկման մի ուրիշ հարթություն է։ Հայտնի է, որ անհատին ստեղծագործելու է մղում ժամանակի մեջ ասելիքի շատությունը, ժամանակ, որ տպավորվող անհատի համար միշտ սուղ է։ Սա գուցե առաջին մղումն է, սակայն դրանից կախված չէ հզոր կամ թույլ գրականության կայացումը։

Ստեղծագործությունը միշտ երևակայական է՝ միևնույն ժամանակ համոզիչ, ռեալ։ Այն իր մեջ ներառում է բազմաթիվ և բազմապիսի տպավորություններ, ապրումներ, երբեմն բազմաթիվ կյանքեր։ Այս երևակայական կերտվածքը դառնում է մեծ գրականություն, երբ այն փիլիսոփայորեն ապրված է, և իրերի կամ իրադարձությունների նկարագրությունը գրեթե նույնական են։ Զգացմունքները, իհարկե, այստեղ վերջին տեղը չեն զբաղեցնում։ Այստեղից էլ՝ զգացմունքային դաշտը, որը լեցուն է բազմապիսի հույզերով, ուրախություններով, դառնություններով ու, ամենակարևորը, գրողի համար մշտահմա զարմանքով, առանց որի նյութը կորցնում է իր համն ու հոտը, իր հմայքը։

Եկանք հասանք զգացմունքների օվկիանոս, որն իր մեջ ներառում է ամեն մարդկային բան, ինչով լեցուն է հոգին, սիրտը և մարմինը։

Այստեղ դու կարող ես լինել շառաչող ալիք, օվկիանոսի հայելապատ մակերես, հատակում մոռացված հիշողություն, ի վերջո մի փայտե շեղբ, որին տարուբերում են ալիքները։ Դա արդեն կախված է քո ներքին ընտրությունից։ Եվ գալիս է մի պահ, երբ դու արդեն հաստատ համոզում ունես, թե ամբողջական մի օվկիանոս ես ի՛նքդ, թե դո՛ւ ես սիրո աղբյուրը ու հենց այդ պահից կառավարում ես քո՛ բառը, քո՛ միտքը, քո՛ ասելիքը և քո՛ գրականությունը։ Մի անիմանալի վարպետությամբ որոշում ես, թե ո՛րն ընտրես և ո՛րը բաց թողնես, ո՛րը շեշտադրես և որի՛ մասին չխոսես. այն արդեն ակնհայտ է։ Անքննելի են Աստծո ճանապարհները, ինչպես անքննելի են մարդկային միտքն ու հույզը, շրջելի կամ անշրջելի ասելիքը՝ ոգեշնչված ստեղծողի, իմա՝ գրողի։ Եվ զարդանախշի պես հյուսվում է ասելիքը՝ մեկ սեղմ, մեկ տարածուն։ Այս պարագայում արդեն սեռը ոչ մի կապ չունի։ Այստեղ դո՛ւ ես օվկիանոսը, և ինքդ ես որոշում՝ որտեղ շառաչել, ո՛ր ափերում տեղատվություն կամ մակընթացություն բերել, ո՛ր ջրերի մեջ մեծահոգաբար թույլ տալ նավարկելու քեզ անծանոթ նավերին, առանց դույզն իսկ վախի, որովհետև դու ամենազորն ես, դու ես քո սիրո աղբյուրը, որ ջրերիդ խորքից բերում ու հանում է քո սուրբ մոռացության տրված հույզն ու տողը։ Այս հանգրվանին դու արդեն հաղթել ես, քանզի տողդ դուր գալու խնդիր չի դնում իր առջև։ Նա կա ու վերջ։

Ահա այստեղ է հզոր գրականության ամբողջ գաղտնիքը՝ իմ կարծիքով, որ ստեղծվում է մի շնչով, օվկիանոսի պես հզոր՝ լի վտանգներով ու պերճանքով բառիդ ու մտքիդ տիրույթում։ Այստեղ է, որ ընթերցողը վաղը պիտի ընդունի կամ մերժի քո գրականությունը, բայց երբեք չի կարող անտեսել։ Այստեղ է թույլ և ուժեղ արվեստ ստեղծողների տարբերությունը, որի մեջ երբեմն փոքրիկ ապրումն ավելին է, քան ցուցադրական մերկությունը կամ ամոթխած սեթևեթանքը։

Հարրի Տրումենն ասում է՝ առաջին հաղթանակը ինքդ քո դեմ հաղթանակն է։ Ստեղծագործողի մոտ դա որոշիչ է։

Գրականությունը ամեն մարդկայինի անվերապահ ընդունումն է, երբ դու անաչառ ես քո ապրածի նկատմամբ, ոչ մի ավելորդաբանություն չես խցկում քո և ընթերցողի միջև, սերը քո խաղաղությունն է, ցավը՝ քո շառաչը։ Ու դու մոլորվածի պես հենվելու ուս չես փնտրում, որովհետև դու տարածված ես անսահմանության մեջ, և քո ուրախությունն ու ցավը ոչնչով առավել չէ ուրիշների նույնական ապրումներից։ Ուղղակի քոնն ուրիշ է։ Դու սուրբ մոռացության տիրույթից հատ-հատ հանում ես առկայծող ածուխը, իբրև հղկված ադամանդ, որ այնքան շատ է օվկիանոսի հատակին։

Իսկ ո՞վ գիտե ադամանդի կինն ու տղամարդը։