ԿԱՆՉ ՀԱՄՈԶԱԿԱՆ / Վարդ ԱՐԾԱՓԷ

ԿԱՆՉ ՀԱՄՈԶԱԿԱՆ

Անմեկնելի կյանքի համար

ու սպասումի՝

ծնկած անհաս աստղին,

ի՞նձ կշտամբեմ հիմա…

Դո՛ւ, զմրուխտա՜չ թռչուն,

բացուծուփ թևերդ կամուկաց

տեղ կհասցնե՞ն երազողիս…

արի՜, ծփա՜ թաքուն թախիծդ

սրտիս թաղարում,

որ ելնես հույզով շողազարդ:

 

Լույսի հանդերձով եմ ողջունել երկինքդ,

hույսի՛ թռչուն,

տեղ հասցրու ինձ.

բռունցքաչափ սիրտս բնից դուրս ընկել,

խփվում է դեսուդեն:

 

ԹԱԽԾԵ ՏՈՆ

Չեկար…

եկա ինձ թևանցուկ…

Կարմիր սենյակ էր,

սեղանին՝ տարեդարձս,

կենացս մոմերը խմեցին,

վերև փչեցի. երազ էր…

Աչքերս վեր կացան տեղից,

անցան դատարկվող սենյակով,

մի հառաչ պոկվեց անկյունից.

«Ափսոս էր չապրածս անցածը,

կանցնեի հետդ՝ թևանցուկ…»:

Քեզ փնտրող աչքերս կարոտած

կոտրում են խուլ ցնորքն ապակու

ու կարմիր կոշիկները հագած`

լուսնահար պարում փողոցում։

Օրորուն մայթերը ծիծաղ են,

ցնցվում են գիշերվա ուսերը,

մոմացոլք տարափ էր տոնս,

սրտխփոց են մաղթում աստղերը։

Չեկար՝ մնացի քոնը։

 

«ՎԱՐԴԻ ԳԾԻՆ»

Պտույտներում առանցքաշուրջիս

հատեցի հասարակածն անհիշելի անգամ.

Զրոյական միջօրեականում գտածս ես:

Սկսեցիր ինձ:

Ուրեմն, սիրիր, քանի սիրում ես,

քանի ժամանակդ անցնում է միջովս,

ու նույն լարագծին ենք,

քանի դողում է բառս

անուրջիդ անկշռելիությունից,

ու Քո մասին եմ,

քանի ներվում է Քեզնովս, ու ներում եմ Քեզ:

Ամեն երերում՝ անկումի տագնապ,

մի քայլ մոտիկն է:

 

ԷԼԻ ԴԵՊԻ ԴՈՒ

Երկարում եմ

փողոցի շոգեխաշված ողնաշարով,

մեկտեղվում ստվերիս հետ

ու զսպանակի պես նետվում դեպի ելքը.

անօդության չափ անհավանական է

տարածությունը,

բայց գլուխս դեսուդեն է խփվում.

որքա՜ն շատացա չապրածումս,

իսկ դու միակ ճշմարիտ անդունդն ես,

ուր գահավիժում եմ անվախությամբ՝

փրկվելու։

 

ՌԻԹՄ

Ամենն անհետանում է ինձնից,

սառած աչքի պես

անթարթանում անցյալում,

ուր մտածում եմ չվերադառնալ:

Մի մարմնի մեջ՝ սկզբիցս եկող,

անընդհատական մահ ու ծնունդ եմ,

մի մարմնիս մեջ՝ անհամրելի Վարդ:

Լռություններում ես լսում եմ ինձ,

պատասխանողը համբերությունն է,

ու քանի դու կաս բարևի դեմքով,

չեմ ավարտվելու,

իմ բաց աչքով եմ անցնում երազն այս:

 

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ-որ տեղ, մթում, լռամույն մեկը

աստղաթափի հետ երազ է համրում,

ու նրա հուշիկ հոգոցները բիլ

թռչում են հազար ձորի վրայով,

հազար քամի են իրենց մեջ առնում

ու սուլում, սուրում դեպի սիրտը իմ:

Եվ ես մորեմերկ հոգիս եմ դնում

նրա ծնկներին,

և պատրաստ եմ ես ընդունել անգամ

ժամս վերջինեկ,

թե որ արյունս լի է խնդությամբ

զրնգուն երգի՝

ինձաբանության կարոտի մի այլ

ձայնալարի մեջ:

 

Կամքս թողել եմ խաղաղությունում

բողբոջ մի օրվա,

որ բարձրացել է հույզի տոչորվող

ալքերի միջով,

ու ցնծություն է լինելս հիմա,

ամենբարություն,

Աստծո քաղցր աչք՝ նայող ինձ վրա:

Հ.Գ.

Հեկեկացել եմ

մի աստանդական կերպափոխություն

վշտած, գալարուն ծովերի նման

մինչև, մինչև… Դու:

 

ԴԱՐՁ

Աչքերովս երդվիր քո ծիսական սրտում,

որ թե հնար գտնես ինձ քեզ տալու նորեն,

մի փշաքաղ գորով պիտի ծաղկես գրկում՝

հանուն լլկած հոգուս, համբերանքիս ամեն:

 

Մատներովս երդվիր՝ անհունահև ներբող,

խորշոմներդ են փայել ամոքումով գլուլ,

երազագեղ սահքով, ինքնամոռաց, դող-դող

տրոփել են մաշկիդ, կոկել հեզ ու անդուլ:

 

Իմ արձակված հույսի ցողուններին կանաչ

Աստված զատիկներ է շաղել գարնանաթև,

ես հպում եմ նրանց կարոտներդ ճանաչ,

ամեն լույսի մեկին ճանապարհում վերև:

 

Դու իմ փրկած կարմիր հավատներով երդվիր,

թե անհանգիստ կրծքիդ ոչ մի զատիկ չիջավ,

ախր ես պատմել եմ այն տերևի մասին,

որ գարուն է տենչում խորքերումդ ամա:

 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՍ

Երբ մաշկիս հնարավոր ծակոտիում

տեղավորել ես բառդ,

թավալումս լայնաբիբ աչք է` երազ երազող:

Ինչ-որ կեղծություն,

պրկված մի բան կա, որ պարտադրում է

համրել հատերը քո տարբերության…

պատին եմ շրջվում. հաշիվը չկա…

Ու ես ընկնում եմ

ալյումինե ծույլ լուսաբացի մեջ,

փութագին հաշվում

նրանից ձուլված կաթսաները խոր,

մանրահյուսում եմ թելերը նրա,

սիմեր հնարում, բերում սև օճառ,

շփում-շողացնում

այրված տակերը արևի նման,

շուռ տալիս հեռու ցանկապատերի

սուր-սուր մատներին, մինչև չորանան,

մինչև… հեռանաս:

 

ՄԹԱՑՅԱԼԻՆ

Ուսդ ականջիդ հենել,

լսում ես զնգոցս,

մատնեմատդ հուշիկ քաշում է

շրջազգեստս-շալ,

երկնքի ծնկին նետում,

որ գամ ափերովդ տաքանալու,

բայց ես` թևաբաց քամի`

առավոտս` գիշեր ու գիշերս` սկիզբ,

անքույթ անցնում եմ պատուհանիդ միջով,

բարձրանում սրտովս.

չեմ շռայլվում գորովանքիդ`

քերծումներով ինձնից կտանես

խոստովանանքներ.

– Լեռա՞ն քամի ես, ասա` որ լեռան…

այն ծառն ուռի՞ էր` շուքը քեզ արած…

բա ի՞նչ կաթիլ էր` աչքդ ողողեց…

մի բացություն կա, հեչ չի սազում քեզ…

ամոքումներում պոետի՞ պես ես…

 

Տարանցիկ երգ եմ,

գնամ կատարվեմ

իմ տակնուվրա հոգու հեգնանքում,

գնամ` չավարտվեմ…

 

ՉԳԻՏԵՄ

Աչքերս ո՞ւմ հանձնեմ,

որ մեկնի երազներս.

լուսաբացի աղոթքի մեջ

ճամփա եմ ընկնելու…

քիչ էլ կնստեմ սանդուղքին

էն սիրավառ օրվա նման

ու կմտածեմ կարոտս.

մի ծիվ սուտ կպատմի մեզնից,

կհավատամ,

բարի խաբկանք է,

մեկ է, օրավուր եմ խաբել ինձ,

ու պատահմունք չէ ժամը…

Խաղս` հոգեվարքի մեջ,

էլի է ժպտում,

նրա տակավին տրոփող զարկերակով

կբարձրանամ ինձնից,

և օդի մեջ կդոփեն չհասկացված ձիերը…