***
Արևից պոկված անմար մի կայծ՝
Լույս ճառագելն է կոչումը քո։
Նոյան տապանն ես՝ կյանքը փրկած,
Արարատ լեռան շուքի ներքո։
Դու Կաթնաղբյո՛ւրն ես մեր սրբազան,
Դու հավերժամա՛յր իմ Հայաստան։
Կորցրած ցավով, խինդով գտած…
Ծո՜վ համբերություն, դու ծո՜վ հավատ…
Լույս դեմքդ հաճախ ամպով պատած,
Բայց միշտ եղել ես դու անվհատ։
Դու Դավիթ՝ կանգնած ընդդեմ չարի,
Քաղցրություն ծորող խաղողի վազ…
Օրհնա՜նք անսպառ քո հանճարին,
Կենսալի ոգուն քո աննվազ։
Դու լեգենդ, դու ասք, դու առասպել,
Բայց և դու ներկա, բայց և՝ դու կյանք…
Ժամանակներն ես դու միահյուսել…
Դու կա՜ս մեզանով,
Քեզնով մենք կանք։
Դու Կաթնաղբյո՛ւրն ես մեր սրբազան,
Դու հավերժամա՛յր իմ Հայաստան։
ԱՐԱՐԱՏԻՆ
Փոթորիկներ իմ գլխով շատ
Եկել են ու անց կացել,
Գոռ հողմերի օրորի տակ
Դու միշտ կանգուն ես մնացել։
Ժողովրդիս ոգին քո մեջ
Չես խոնարհել գլուխդ ծեր,
Հեքիաթների հուրը որպես՝
Միշտ վառ, անշեջ ես մնացել։
Աչքս հառած քո բարձունքին՝
Քո կարոտից շատ եմ լացել,
Սակայն իմ ծով արտասուքին
Դու անտարբեր ես մնացել։
Ես չգիտեմ հիմա, իրա՛վ,
Թե երբ ինքս էլ դառնամ մի ծեր,
Կհանդիպե՞նք արդյոք իրար,
Թե՞… ընդմիշտ ես դու հեռացել։
ԵՐԱՆԻ
Երանի՜ նրան,
Ում հայրենիքն է այնպես հաստատուն,
Վաղվա օրը վառ՝ այնպես անկասկած,
Որ նա ակամա, խինդ ու հոգս թողած,
Վախով չի նայում գալիքին նրա,
Ապրում է, ինչպես վայել է մարդուն։
Երանի՜ նրան,
Ում հայրենիքը վերք չունի ու ցավ,
Չի հեծում անվերջ ցավերով նրա,
Ով վստահ է, որ՝ եթե ոչ դրսից,
Ներսից իր երկրին դավ չի սպառնա,
Ներկան չի դառնա իր աչքին անցյալ։
Եվ երանի տամ,
Հազար երանի այն հայրենիքին,
Որ ներծծված է զավակների մեջ,
Հույս է ներարկում և արարման տենչ,
Ու թե դրախտ էլ խոստանան նրանց,
Իրեն չեն լքի…
ՄԻ՛ ՏԱՐ ՄԵԶ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
Եվ մենք ոտքի ելանք հանուն ճշմարտության,
Եվ մենք ոտքի ելանք ճշմարտության ձայնով,
Ոտից գլուխ մենք ճիշտ՝ ելանք հպարտությամբ,
Ելանք մեր ունեցած ամեն լավագույնով։
Հույս ասելը քիչ է, ելանք մեծ հավատով,
Ի՞նչ վախ, կասկած անգամ մեր սրտերում չկար։
Եթե Մովսեսն անցավ այրող անապատով,
Տե՛ր իմ, էլ մեր ճանապարհի ի՞նչն էր դժվար։
Եվ մենք առաջ անցանք և լուրջ չընդունեցինք
Բաց թվացող ճամփին բուսնած ինչ-որ քարեր,
Դեն նետեցինք դրանք, երթը չընդհատեցինք,
Առաջ անցանք անկանգ ու անհամբեր։
Սակայն, ահա, դարձյալ քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր…
Քարեր՝ ոչ թե անշարժ, քարեր՝ սպառնացո՜ղ,
Եվ մենք շատ զարմացանք. սա հրա՞շք է, օ՜, Տե՛ր,
Ո՞վ է տեսել այսպես եռուն քարերի ծով։
Եվ կանգ առանք մենք լուռ ու լուռ շշնջացինք՝
Մի՛ տար մեզ փորձության,
մի՛ տար մեզ փորձության,
Ծնված օրից արդար մի շող մենք տենչացինք
Եվ գալիս ենք գտնենք ի մեջ քո մեծության։
Բայց դու ներիր, օ՜, Տե՛ր, կույր ու խուլ ես կարծես,
Էլ հավատի վրա, ի՞նչ է, հույս չդնե՞նք։
Թե՞ ծնել ես մեզ, Տե՛ր, միայն նրա համար,
Որ մեր ցավից անվերջ նոր իմաստներ հանենք։
ՉՓԱԿՎՈՂ ԱՉՔ
Պատեպատ ես զարկվում, ի՛մ ժողովուրդ,
Եվ հուզմունքդ մեծ է, և տեղդ՝ նեղ,
Պատեպատ ես զարկվում դու անհագուրդ
Ու չես գտնում ցավդ դարմանող դեղ։
Խորն է վերքդ, սակայն, վերքից էլ շատ,
Վիրավորանքն է քո սիրտը կրծում…
Բայց չես կորցնում դարձյալ հույս ու հավատ
Ու չես կարծում՝ դեղ է ամեն արցունք։
Պատեպատ ես զարկվում նման ջրի,
Որ հորդում է խորին խորքերից բաց,
Չէ՛, չես մնա դու կես ճանապարհին,
Ի՛մ ժողովուրդ, հավերժ չփակվող աչք։
ՀԵՔԻԱԹ
Արևը մայր մտավ, և լեռ ու դաշտ
Քիչ-քիչ պարուրվեցին մթի քողով,
Երկնքի մեջ մնաց մի լույս գագաթ,
Որ ներքև էր նայում խորին դողով։
Արմատներից պոկվել նա չէր կարող,
Իսկ արմատներն արդեն մութն էր գրկել.
Մութը ջրհեղեղ էր, նա՝ մի խեղդվող,
Եվ ելնում էր հեղեղն ավելի վեր։
Բայց մինչ ամբողջովին կուլ կգնար,
Գագաթն հանկարծ ահով հայտնաբերեց,
Որ երբ արև չկա ու լույս չկա,
Չեն տարբերվում արդեն փոքր ու մեծ։
…Եվ այն օրից, ահա, գագաթները
Խոր կարոտով այսպես վիզը ձգած,
Աղոթում են անվերջ, որ աշխարհում
Ընդմիշտ արև լինի և լուսաբաց։
ՎԵՐԱԴԱՐՁ
Եվ անդեմության անորոշ ճամփին
Կանգ առանք մեկեն՝ ցնցումով մի մեծ.
Մենք, մեզնից ելած, այս ո՞ւր ենք գնում,
Մեր պատմությունը ո՞վ մեր դեմ գոցեց։
Ո՞վ ձեռք բարձրացրեց հավատի վրա,
Խաչ ու խաչքարերն արեց ոտնատակ…
Դեմ չեղանք։ Եվ դեռ՝ օժանդակեցինք։
Հինը կորցրինք, նորը չգտանք։
Թեթև ու անմիտ մի անհոգությամբ
Եվ մեր լեզվի՛ դեմ մենք մեղանչեցինք…
Առանց նեղություն տալու ուրիշի՝
Միշտ պատրաստակամ մենք նվաճվեցինք։
Երես չի տվել մեր անցյալը մեզ,
Տանջել է հաճախ իր անգթությամբ,
Բայց վերջ ի վերջո դիմացել ենք մենք
Անշփոթելի, անխառն ինքնությամբ։
Դուր գա, դուր չգա սրան կամ նրան՝
Դրանից մենք մեծ երաշխիք չունենք։
Իսկ… վիճակված է թե մեռնել անգամ,
Արժե՞, որ մահը այլ կերպ ընդունենք։
Բայց մահվան մասին թող նա մտածի,
Ով դեռ ապրելիս կորցնում է իրեն.
Մենք ետ ենք դառնում մեր արմատներին
Նա՛ է գոյության մեր մեծ մարգարեն։
ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
Ինչպե՞ս ասեմ, որ դու ինձ հասկանաս։
Այն, ինչ ասել եմ քեզ,
Այն, ինչ ասելու եմ,
Սրտո՜վ եմ ես ասել ու ասելու։
Այդպես եմ քեզ տեսել,
Զգացել եմ այսպես
Եվ փորձել եմ թռչել՝ քեզ հասնելու։
Այդպիսին ես, որ կաս,
Եվ ես կասկած չունեմ։
Սակայն, էլ ո՞ւմ ասեմ, եթե ոչ քեզ.
Մեղքի նման մի բան իմ հոգին է ճնշում
Եվ կճնշի անվերջ, թե որ չասեմ։
…Կիսված է տունը մեր,
Եվ, սյուներից շքեղ,
Մնացել ես մեզ հետ դո՜ւ, միայն դո՜ւ։
Ու ես, քեզ նայելով,
Եվ նրա՛նց եմ տեսնում,
Մի աչքով ժպտում եմ,
Մեկով՝ սգում։
Խինդն այնժամ է շռայլ,
Երբ անխառն է, ի՛մ Լեռ,
Իսկ մեզ համար այդպես չի եղել դեռ.
Վիճակվել է, ցավոք, հարսանքատանն անգամ,
Թախծել ավելի շատ, քան՝ ծիծաղել։
Այժմ էլ, ահա՛, ահա՛, ես նույնը չե՞մ անում…
Օ՜, դարավոր մորմոք, անամոք ցավ,
Ե՞րբ, վերջապես դու ե՞րբ պիտի զատվես մեզնից,
Որ մենք էլ շունչ քաշենք թեթևացած։
Թե ոչ՝ այսպես, ախր, մեր հոգին ենք հանում…
Վկա ես դու, մեր խինդ, մեր Արագած,
Երկփեղկված ենք այսպես,
Հաշտեցրո՜ւ մեզ՝ մեզ հետ,
Մոր պես մեզ հասկացիր
Եվ գիրկդ բաց։
Եվ ամրացիր մեզնով,
Եվ ամրացրո՜ւ դու մեզ,
Դարձիր վեր կարկառված հավատ ու հույս
Եվ մեզ գիշեր-ցերեկ,
Եվ մեզ ձմեռ-գարուն
Ժպտա՝ ինչպես պայծառ մի արշալույս։
…Այն, ինչ ասում եմ քեզ,
Այն, ինչ ասելու եմ,
Սրտո՛վ եմ ես ասում և ասելու,
Այսպե՜ս եմ քեզ տեսնում,
Քեզ զգում եմ այսպես
Եվ փորձում եմ թռչել՝ քեզ հասնելու։
