Թանկագին Սամվել, Շիրակ աշխարհից ուրախալի լուր ստացա. լույս է տեսել քո հերթական շքեղ բանատեղծական ժողովածուն` կանչող խորագրով` «Մատյան երջանկության. տիեզերքի յոթ հրաշալիքները»: Օրեր անց գրքով հանդերձ ինձ այցելեցիր: Ասացի` «Ծանր «բեռով» ես եկել, եղբա՛յր, ավելի քան չորս հարյուր էջի բարձունք ես հասել»: «Հուսով եմ` «բեռի» ծանրություն շատ չես զգա,- ասացիր,- մի տեսակ` իմ կյանքի գիրքն է, նախորդ 40 գրքերից ակունքված մտորումների նորովի անդրադարձները, մի խոսքով…»: «Մի խոսքով»` խոսքդ կիսատ մնաց: Իսկ ես վերհիշեցի երկու տարի առաջ լույս տեսած «Սամվել Մարգարյան. հայրենախոս բանաստեղծը» խորագրով իմ մենագրությունը, որ ժամանակակից նշանավոր բանաստեղծներին նվիրված գրական դիմանկարների ներառումով 2023-ին արժանացավ ՀԳՄ-ի և համահայկական գրական հիմնադրամի հատուկ մրցանակին: Ինձ թվում էր, թե հնարավոր ամեն ինչ արդեն ասել եմ շիրակցի սիրելի բանաստեղծի անցած ստեղծագործական ճանապարհի մասին` գիրք առ գիրք, ժանր առ ժանր, հուզող թեմա առ թեմա: Բայց դու այս ի՜նչ անակնկալ ես մատուցել նոր գրքով: Թվում է՝ «հին», ծանոթ թեմաներն են` բովանդակային ծանոթ խոսք ու խոհով, ասելիքի` արդեն արտացոլած նրբագծերով, և երբ գրքին հանգամանորեն ծանոթանալուց հետո նման կարծիք հայտնեցի, կտրուկ առարկեցիր. «Արտաքին նշանները, թվում է, հին են, բայց այս մատյանում իր ամբողջության մեջ բոլորովին նոր շերտեր են բացահայտված` «հին» թեմաների նորովի անդրադարձներով»:
Բարեկամս, դու ճիշտ էիր. հաճույքով կրկին ըմբոշխնեցի քո «Երջանկության մատյանը», էջ առ էջ, և հայտնվեցի մի այլ իրականության մեջ` համադրելով, միահյուսելով հոգիդ ալեկոծող տարաբնույթ, թեմատիկ-բովանդակային շերտերը և ընդունելով բնաբանի առաջնորդող խոհը, թե՝ «Բանաստեղծություններում հեղինակը երկրպագում է ու փառաբանում աստվածային սերը, հայրենիքի հանդեպ սերը, մայրական, հայրական, բնության նկատմամբ սերը, քնքուշ սեռի հանդեպ ունեցած մարդկային վսեմ զգացմունքները»: Եվ այս ամենից ճշմարիտ եզրահանգում, թե` «աստվածային, տիեզերական, հավիտենական սիրո շնորհիվ է, որ արարվել, գոյատևում են կյանքն ու աշխարհը»: Սե՛ր, Սե՛ր, Սե՛ր. ուրեմն, ահա թե ինչն է քո այս գրքի ոգին ու էությունը, սիրո հրաշալի զգացման տարբեր առեղծվածային դրսևորումները տարաթեմա և տարաբնույթ բանաստեղծություններում ոչ թե վերացական-ընդհանրական, այլ` իրական, ծանոթ, հարազատ, շոշափելի պատկերների և երևույթների ներկայացմամբ: Այո՛, տիեզերական, աստվածային սեր այն էակի նկատմամբ, որ երկրային-երկնային կյանքի իմաստն է, այո՛, հայրենիքի և բնաշխարհի հանդեպ անսահման սեր` քո պարագայում մարմնավորված Շիրակի և Մշո դաշտի, Սևանի և Արածանիի, Ախուրյանի և Կորսագետի, Երազգավորս հայրենատան և պապենական ծննդավայր Վարդխաղի, Մայր հայրենիքի և Էրգրի մյուս սրբավայրերի խորհրդանիշներով… Եվ այսպես, թվում է, թե անվերջ շարունակվում են ամեն տողի ընթերցումից հետո հնչող նվագները, առաջինից մինչև վերջին էջերի ոգեղեն տարերքում` ոչ մի կեղծ հնչերանգ, պարզ, անկեղծ ու ազնիվ սիրո խոստովանություններ. բոլորն էլ` հայրենախոս բանաստեղծ Սամվել Մարգարյանի տաղանդավոր գրչի արդյունք: Սա իմ կողմից գնահատանքի խոսքի շռայլում չէ, այլ` նաև ուրիշ գրողների, գրականագետների կարծիքներին համահունչ խոսք ու խոհ, որ մեջբերել ես գրքի սկզբում` Հովհաննես Շիրազ, ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյան, Ավիկ Իսահակյան, Լյուդվիգ Դուրյան… Շատ են: Եվ ի՞նչն է շեշտվում այդ կարծիքներում. դե՛, իհարկե, քո սերն ու նվիրումը կյանքին, աշխարհին, երկրին ու տիեզերքին, ամենից ավելի` Երազգավորս հայրենատնից, Շիրակ բնօրրանից «մոլորակի հուրիներին» հղված հոգեբուխ տողերից ու ձոներգերից մինչև ամենաշքեղ` տիեզերական-աստղային սիրո զգացումներից ծնված ութնյակների ծնունդ, որ իմաստավորում ես այսպիսի խոստովանությամբ.
Աստծո ամեն օր սիրահարվում եմ,//Երգեր եմ գրում մեծ սիրո մասին,//Սիրուց տենչում եմ, հրավառվում եմ,//Ճախրում եմ երկինք, հառնում եմ Մարսին://Այս դաժան կյանքը այնքան քաղցր է,//Երբ հուրիներն են ճախրում աստղազարդ,//Կյանքն անծայրածիր, ահեղ օվկիան է,//Իսկ սիրո կղզին այնքա՜ն հարազատ…
Եվ հրաշալի է, որ սիրո այս բոցավառումը, կյանքն «անծայրածիր, ահեղ օվկիանի» և «սիրո կղզու» քո այս համեմատությունն, ի վերջո, հանգում է լայնախոհ իմաստավորման՝ ողջ մարդկությանը հուզող գաղափարին.
Երանի այն օրը, այն ժամն ու վայրկյանը,//Երբ կլռի վերջին կրակոցը զենքի,//Երբ հանգիստ ու խաղաղ կշնչի աշխարհը,//Կխաղաղվի տունը երկիր մոլորակի:
Ուրախ եմ, բարեկամս, որ քո նախորդ քառասուն գրքերի ցանկը համալրվեց ընտրանիի արժեք ունեցող այս ժողովածուով, որ բազում տարաժանր, տարաբնույթ նոր ստեղծագործություններով հանդերձ՝ ներառում է նաև խոհափիլիսոփայական հետաքրքիր և «փորձություն անցած» տաղեր, էջեր նախորդ ժողովածուներից, որոնցով երևակվում են և ինչ-որ տեղ ամբողջանում թեմատիկ-բովանդակային այն ստեղծագործական շրջանակները, որ քո` սահման չճանաչող պոեզիայի արմատ-ակունքներն են և իրար հենասյունելով, զորավիգ լինելով՝ պատկերաարտահայտչական սամվելմարգարյանական ինքնատիպ համակարգի կիրառմամբ արարված մի ժողովածու, որի ներսում, բազում այլաժանր (խոհափիլիսոփայական տրիոլետներ ու պոեմներ, ձոներգ-օրհներգեր, քնարական տաղեր, սիրերգեր և այլն) ստեղծագործությունների շարքում հայտնվել է մի հետաքրքիր ժանր՝ խնկարկում-աղոթքներ՝ ուղղված Տիրոջը, որ Նա տիեզերքը «պահի-պահպանի հուր ու հավիտյան», «սիրուց ծովանա աշխարհը համայն»: «Տիեզերական սեր» նախորդ ժողովածուին անդրադառնալիս ես քեզ կոչել էի «սիրո փիլիսոփա», իսկ այս նոր գրքում խոհափիլիսոփայական մտորումներն առավել ներհուն-խորքային անդրադարձներով ես արտահայտում, և իրոք տիեզերական ընդգրկում ունեն: «Տիեզերքի հրաշալիք». ահա սիրո քո փիլիսոփայության արմատն ու էությունը, իսկ տիեզերքի մյուս հրաշալիքների մասին և «Երջանկության մատյանի» էջերն էլ նույն ոգեղեն տարերքով են շարահյուսվել՝ ամբողջության մեջ քո պոեզիան ներկայացնելով որպես եզակի և ինքնատիպ երևույթ ընդհանրապես ժամանակակից հայ պոեզիայում: Թերևս կրկնում եմ ասելիքս, բայց սա է ճշմարտությունը:
Կրկին հաստատագրելով, որ քո «Երջանկության մատյանը» իր «Տիեզերքի յոթ հրաշալիքներով» նոր երևույթ է ոչ միայն քո, այլև հայ պոեզիայի ժամանակակից դիմապատկերում, հավատում եմ, որ «տիեզերական սիրո՝ յոթ հրաշալիքներով» իմաստավորված այս «Երջանկության մատյանը» կունենա հետագա առավել խորքային անդրադարձներ, իմաստասիրական քո հայացքի՝ սամվելմարգարյանական սևեռումներով և «Ժողովրդական» շարքի ծավալվող մոտիվներով, «սիրո աստվածուհու» հարցին ի պատասխան՝ հավատավոր խոսք ու խոհով.
Զուր ես հարցնում իմ տարիքը,//Իմ սիրելի գեղուհի,//Ես սերն եմ տիեզերական,//Իմ սերը՝ տարիք չունի://Ես սերն եմ, սերն՝ հավերժական,//Որ երկինքն է պարգևել,//Արևի պես միշտ սրբազան,//Միշտ հրածուփ ու ջահել…
«Երջանկության մատյանի» նոր հատորյակների սպասումով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հ. Գ. Սամվել ջան, համառոտ ահա այն ամենը, որ գրքիդ ընթերցումից հետո առաջին տպավորությամբ ուզեցի հաղորդել քեզ։ Մնացյալը և հիմնավորապես՝ այլ առիթներով: Չէ՞ որ հեռու չէ քո ծննդյան փառավոր 75-ամյակը, իսկ «Տիեզերքի յոթ հրաշալիքները» հավերժական երթի մեջ են: Կհանդիպենք:
