ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՆԱԽՆՅԱՑ / Անահիտ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Ուշացած գրախոսականներ» շարքից

Քանզի մեռյալների մոխիրն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը և
առհավատչյան:
Եվ նրանով է դառնում երկիրը`
երկիր,
Եվ ժողովուրդը՝ ժողովուրդ, և գալիքը՝ գալիք՝ անհողդողդ ու անճառ…
Ե. Չարենց, 7 խորհուրդ քաղաք կառուցողներին

Քաղաքական ու հոգևոր ճգնաժամի այս տարիներին կրկին հառնում է մեր լինելության խնդիրը. ինչո՞ւ են մեր հարցադրումները շարունակում մնալ նույնը, կարոտներն ու հույզերը՝ նույնպես. օրավուր սպառվող ազգային ոգին ու հրաբխի վրա գտնվելու մշտամնա զգացումը ստիպում են ետ նայել, փնտրել-գտնելու մոտակա անցյալի այն ոգին, որ ստեղծեց Մուսա լեռան 40 օրեր, դարասկզբի անմոռանալի Կիլիկյան հերոսամարտեր ու Արցախյան շարժում… Մեծ եղեռնի տառապագին հիշողությունը մեզ երբեք չլքեց, այլ՝ հաջորդ տասնամյակների իրադարձություններն ստիպեցին նորովի իմաստավորել հեռավոր թվացող անցյալը, սթափ գնահատականներ տալ հայ ժողովրդի ճանաչած «բարեկամներին», այն անազնիվ դիվանագիտական խաղերին, որոնց կիզակետում մշտապես հայտնվում է Հայկական չարաբաստիկ հարցը։ Այդուհանդերձ, բազմաթիվ վայրերում ժողովուրդն իր առողջ բնազդով դիմագրավեց ոսոխին։ Զապել Եսայանը դեռ Ադանայի դեպքերի ժամանակ, լինելով «նոր» ռեժիմի կազմակերպած նախճիրի հետևանքների ականատես, գրելու էր. «Առ հասարակ կոտորվող գյուղացիներուն մեծ ցավը նա էր, որ անձնատուր ըլլալով կարծեր էին կյանքերնին ազատել, բայց դառն փորձառությունը ցույց էր տվեր, որ ազատվողները անոնք էին, որոնք զենքերնին ձեռքերնին մնացած էին» (Ավերակներուն մեջ, էջ 99)։ Պատահական չէ, որ հայ մատենագրությունը, դեռևս իր սկզբնավորման շրջանում, համարվել է «գոյապայքարի գրականություն» (Մ. Աբեղյան)։
Բանն այն է, որ հայ ժողովուրդն ստիպված է շարունակ պայքար մղել իր ֆիզիկական գոյության և հոգևոր կյանքի շարունակման համար, և գոյապայքարի հոգեբանությունը բախտորոշ նշանակություն է ունեցել նրա պատմական ողջ ճանապարհին։ Զարմանալին այն է, որ մեզանում Հայկական սխրալի լեգեոնի մասին գրեթե չեն գրվել գեղարվեստական էջեր. բացառություններ են Ստ. Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, Շահան Շահնուրի՝ այնքան կրքեր բորբոքած «Պույնուզլուները» ծավալուն պատմվածքը և էլի մի քանի աղոտ արձագանքներ։ Մինչդեռ այն արժանի էր խոնարհման ու մեծարանքի։ Իր հիմնական կորիզը կազմված լինելով մուսալեռցիներից, ճեղքելով պաղեստինյան ռազմաճակատը՝ Հայկական լեգեոնը հաղթական երթով մտել էր Կիլիկիա։ Սակայն հազիվ երկու տարի անց, եվրոպական տերությունների հարափոփոխ շահերի ու խարդավանքների արդյունքում, Հայկական լեգեոնի կյանքը եղավ կարճատև. անգլո-ֆրանսիական հակասությունների պատճառով և նաև ռուսական հեղափոխության ու Լենինի և նրա հաջորդների թուրքամետ քաղաքականության հետևանքով կրկին քաջարի հայորդին մնաց լուսանցքում՝ չնայած Եռյակ միության կրտսեր դաշնակիցն էր եղել և մեծագույն տուրքն էր տվել պատերազմին։
Հեռավոր Ամերիկայում, լսելով կամավորական խմբերի ձևավորման մասին, իր ծննդավայր Չնքուշը և գրեթե բոլոր հարազատներին կորցրած Ղազար Ղասաբյանն շտապեց միանալ նրանց։ Ահա նրա թոռան՝ Հակոբի մեջ, զարմանալի պոռթկումով և իմացական մեծ ներուժով, ծայր է առել պարտքի ու անմեկնելի կարոտի մի զգացում հայրերի անփարատելի կարոտների ու կորուստների հանդեպ, թեպետև նա՝ վեցամյա մի տղեկ, միայն 1965-ին Սիրիայից հայրենադարձվել և ցայսօր բնակվում է Հրազդան քաղաքում։ Եվ նրա համար էլ մի անլուծելի դիլեմա մնաց հայրենիքը ծննդավայրից տարբեր լինելու՝ հայ սերունդներին բնորոշ երկվությունը։ Գիրքը՝ «Կապույտ հազ» վերտառությամբ, հրատարակվեց 2014-ին՝ այդպես էլ սակավաթիվ արձագանքների արժանանալով։ Բանաստեղծն ու էպիկական գրողը այստեղ հերթ չեն տալիս իրար՝ ստեղծելով քնարական հախուռն պատումը եղեռնազարկ հերոսական մի սերնդի մասին, որ իր կազմակերպվածությամբ և զինուժով առասպել է հիշեցնում։ Ահա թե ինչու տասնամյակների հեռվից մեզ է հասնում մեծն Գարեգին Նժդեհի պատգամը՝ «Ապրել լեգեոնականի ոգով և հասունանալ ցեղի մղելիք ճակատամարտերի համար» (Հավելված, էջ 111)։ Մեծագույն քնարականությամբ ու հայրենասիրական պաթոսով գրված այս գիրքը որոշ չափով գալիս է վճարելու մեր պարտամուրհակը անցած սերնդին, գուցեև նոր մղում տալու հայ մարդու ոգորումներին։ Մեր օրերում հաճախ կարելի է լսել անմիտ բարբաջանքը այն մասին, թե ինչու չդիմադրեցին, ինչու ազգովին չպայքարեցին։ Գերմանաթուրքական զինակցությունը «հանճարեղ» դիվային նենգամտությամբ ամեն ինչ կարգավորել էր՝ կանխատեսելով բնակավայրերի թե՛ կտրտվածությունը իրարից, թե՛ մտավորականության ու երիտասարդության հետևողական բնաջնջումը և թե՛ դիվանագիտական երկդիմի խաղերը։ Մինչդեռ Առաջին համաշխարհայինին գրեթե յուրաքանչյուր հայաբնակ վայր յուրովսանն դիմագրավեց թշնամուն, միայն թե աշխարհաբաժանման գազանային մրցակցության մեջ հային բաժին չէր հասնում, մյուս կողմից էլ նորաստեղծ հայկական պետականությունը վերստին, ինչպես միշտ, տեր չկանգնեց իր ձեռքբերումներին… «Դեռևս 1915-ին Եռյակ համաձայնության պետությունները Մերձավոր Արևելքում բանաձևել էին իրենց վարելիք հետպատերազմյան քաղաքականությունը (էջ 114), որի հետևանքով Կիլիկիան հայտնվեց Ֆրանսիայի ազդեցության գոտում»,- կարդում ենք գրքի հավելվածում։ Ի դեպ, ավելացնենք, որ գրքի վերջում զետեղված «Հավելվածը» ևս մի արժանիք է տալիս նրան։ Գրքի բոլոր էջերում Հակոբ պրոտագոնիստը մերթ հանդես է գալիս որպես քնարական դեմք՝ իր հպարտության ու հիացմունքի բուռն դրսևորույթներով, դրանք՝ հատկապես առաջին էջերում։ Մերթ վիպում է հերոսական սերնդի պատմությունը, որ իր արդար վրեժին էր տեր կանգնել՝ իր մարդկային արժանապատվությունը վերականգնելու հնարավորություն վերջապես ստանալով։ Իսկ ամբողջ գրքով, իբրև հիմնական մոտիվ, հնչում է Նահապետ Ռուսինյանի հրաշալի «Կիլիկիան»՝ «աշխարհ, որ ինձ ետու արև…»։ Սա մի համադրական ձոներգ է՝ կանոնի ու սահմանի չենթարկվող։ Հաճախ էլ բառերը պակասում են հեղինակին, ինքն է տեր կանգնում հույզերին, տեր կանգնում բառերի սեփական բառաբարդումներով, որոնք հիացնում են ֆանտաստիկ բանաստեղծականությամբ։ Կյանքը գրողն ընկալում է յուրատեսակ գեղադիտակով, քնարաէպիկական պարտադիր համադրությամբ, որը պայմանավորված է գրողի հախուռն խառնվածքով և վերապրումի պարտադրած հոգեբանական սևեռումներով, նախնիների ոգեկանչով, որն անցել է սենդեսերունդ՝ Նիկողոսից Ղազար, ապա Հարություն և Հակոբ ու նորակոչիկ Ավետիս… Հեղինակը գիտակցում է, որ իր գիրը հախուռն է, հաճախ՝ արձակին աննախադեպ, հետ է նայում և գտնում բացատրությունը. «Ասելիքս ինչպես եկել, այդպես էլ կրակվել է ճերմակին. ինքն է գտել իր կերպը, տեղն ու ժամանակը» (էջ 3)։ Առավել ուշագրավ են գրքի վիպական հատվածները։ Դիարբեքիրի նահանգի Չնքուշ գյուղակը, ըստ Ղևոնդ Ալիշանի տեղադրության, նախկինում եղել է Արշակունյաց Բնաբերդ բերդաքաղաքը։ Շենքուշը համարվել էր ոգիների առասպելական քաղաք, որով էլ պայմանավորված է եղել նրա բնիկների մարտական ոգին, հուժկու խմբապարն ու քարեղեն էանյութը։ Սակայն վրա հասած նախճիրը վերջակետել էր ավանդապաշտ բնակիչների երկրային կյանքը։ Գնալով ընդլայնվել են ողջ մնացած միակ չնքուշցու ընտանիքի բնակության աշխարհագրական սահմանները՝ Ուրֆա, ապա աշխարհի տարբեր երկրներ… «Թերևս աշխարհում լոկ հայերին է տրված Հայրենիքում հայրենակից գտնելու ուրախությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ անթեղված տխրություն» (էջ 23)։ Հայաստանում հայտնվել են միայն Հարությունի զավակները. «Մյուսները դրսում են ու դրսինների պես պաղարյուն…» (էջ 24)։ Գրքի հաջորդ էջերում գրողը վիպում է Հայկական լեգեոնի պատմությունը՝ նրա կազմավորումից, զինավարժանքներից ու փառավոր Արարայից մինչև անակնկալ հանգուցալուծում՝ «ի փառս» պարտված թուրքի։ Իր «Ադամի գիրքը» վեպում Հակոբ Կարապենցը դիպուկ նկատում էր, որ հայը ոչինչ չունի օտարին տալու՝ բացի իր պատմությունից ու հարուստ մշակույթից…, որոնք վաղուց արդեն կորցրել են իրենց գնողունակությունը։ Մինչդեռ թուրքը կարողանում է ըստ ամենայնի ներկայանալ ու ներկայացնել. վկա՝ հայտնի գրող Էլիֆ Շաֆաքի «համադամ» վեպերը։ Հեղինակային ես-ը հանդես է գալիս և՛ իբրև գործող անձ, և՛ մոռացման կոտտացող վիրավորական ցավը ծանրակրելուց հոգնած մեկը, որն իր հոգու պարտքն է համարում իրազեկել ընթերցողին՝ աշխատելով մնալ օբյեկտիվ ճշմարտության սահմաններում։ Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գիրքը օժտված է հոգեբանական ճշմարիտ վերլուծությունների առանձնահատկությամբ նույնպես, որ այնպես հարստացնում է նրա կերպավորման դիմանկարչական պատկերասրահը։ Մնում է մեծ հայի՝ լեգեոնականի վերջին պատգամը սերունդներին. «Հայը պետք է շատ զավակներ ունենա»։ Ուշագրավ է նաև հետևյալ նկատառումը հոր մահվան առթիվ. «Հայրս արդեն արմատ է հողում, իմ արմատը հայկական հողում…» (էջ 71): Իր «Եղեգները չխոնարհվեցին» վեպում Ստ. Ալաջաջյանը նկատում էր. «Այնտեղ, ուր գերեզմանոց կա, նրա կողքին անպայման ապրող սերունդ փնտրիր, իր հիշատակներից չհեռացած սերունդ»։ Մինչդեռ Մեծ եղեռնի խորշակը անհետացրեց «ժամ, օր, թվական, հուշ ու բարեկամ, ազգական, հույզ ու զգացմունք», և «այլևս չկան ոգի սնուցող հիշատակներ ու բազուկը ամուր պահող թանկագին շիրիմներ» (էջ 339)։ Գերմանացի հոգեբույժ ու փիլիսոփա Յասպերսը դեռ 1931 թ. հայտարարում էր. «Համաշխարհային պատերազմը տեսանելիորեն ցուցադրեց մարդկանց, որ պատմական պրոցեսը ինքնին մարդասիրության ոչ մի երաշխիք չունի»։
Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գիրքն ամփոփում է հայրենասիրական մեծ ոգի. այն հիմն է քարին, որ իր մեջ հավերժ կրկնվող ժամանակն է ամփոփում, մարդուն, որ կապված է իր քարին ու հողին և հիշում է ու հիշում… Կան գրողներ, որոնց անցած կյանքի ճանապարհը ոգեկանչ է, մի ամբողջ վիպասք՝ արժանի մեծ ուշադրության։ Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գիրքը հերոսական Հայկական լեգեոնի անմահ ոգու կանչն է, որ փոխկանչ է ակնկալում…