Արագընթաց ժամանակը ի սկզբանե հազար ձայնով կանչում է անհանգիստ ու որոնող խառնվածքի տեր Չարենցին, առնում նրան իրադարձություններով հարուստ հորձանքի մեջ, կոփում միտքն ու հոգին, խորտակում որոշ հույսեր, թելադրում հեռանկարներ:
Բայց որոշակի գրական ճանապարհ անցնելուց հետո է, որ բանաստեղծը իբրև պատգամ բանաձևելու էր սեփական փորձով ձեռք բերած ճշմարտությունը՝ «Թե ուզում ես երգդ լսեն՝ //Ժամանակիդ շունչը դարձիր»։
Փիլիսոփաներից մեկի այն միտքը, թե «Ժամանակն իր համար սպասավոր է պահանջում», կարծես ասված է Չարենցի կամ, թերևս, նաև նրա համար։ Թվում է, թե 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծության ամենահարուստ, տաղանդներով հագեցած շրջանը հազիվ թե պակաս ուներ ոգու արիության կամ մտքի պայծառության առումով։ Բայց Չարենցը, ի տարբերություն իր ժամանակի հանրահայտ բանաստեղծների, պոեզիա է մտնում կյանքի խառնարանից՝ դառը փորձով հասունացած պատանեկան նրա անորոշ երազանքները բախվում են պատերազմի արյունոտ դեմքին։ Տերյանի երգած երազային, անիրական Նաիրին Չարենցին ներկայանում է հոշոտված ու արյունլվա դեմքով։
«Կապուտաչյա հայրենիքը» կամ այլ կերպ՝ «կապուտաչյա սիրուհին» այլևս առասպել չէր, այլ դանթեական դժոխք։ Բանաստեղծին չի բավարարում սոսկ փաստի արձանագրումը։ Նա ստեղծված իրավիճակի պատճառներ է որոնում միֆական անցյալում («Վահագն»), պատմության մեջ («Աթիլլա»), ներկայում, իր հայրենակիցների վարքագծում («Ազգային երազ»)։ Նա սոսկ պատմության ականատեսը չէ, այլ իրականության մասնիկը, որի սուր աչքը իրավիճակից դուրս գալու հնարավորություն է փնտրում և այն գտնում հեղափոխության մեջ։ Նախ՝ խառնվածքը, ապա՝ որոնող, հույզը տրամաբանության դաշտ տանելու ունակությունը, վերջապես՝ հեղափոխության խոստումները հրապուրում են Չարենցին։ Նա այլևս առաջ է նայում՝ դեպի պատմություն վերադարձը թողնելով ապագային։ Ժամանակի ճեպընթացի մեջ Չարենցն իրեն գտնում է հեղափոխականների կողքին, նրանց գաղափարներով հրապուրված։ Նաիրյան կյանքի դանդաղ, կարծես կանգ առած ռիթմը նրան չի բավարարում, եռանդուն խառնվածքը շարժում, փոփոխություն, նույնիսկ արկածներ է որոնում Հյուսիսային Կովկասի քաղաքացիական կռիվներում։ Մեծ բանաստեղծը ծնվում է կրակների մեջ, հեղափոխական եռուզեռը սնում է բանաստեղծի երևակայությունը, ծնունդ տալիս շարժուն ու անսովոր պատկերների, խանդավառության ու հավատի («Սոմա», «Ամբոխները խելագարված»)։ Չարենցն իր տարերքի մեջ է, ժամանակի վկան ու տարեգիրը, նոր կյանքի ստեղծման հավատավոր մասնակիցը։ Բայց նրա սիրտն ու հոգին երկփեղկված են, որովհետև ռուսական հեղափոխությամբ իր հրապուրանքը հազիվ թե հասանելի կամ հասկանալի լինի իր արյունաքամ ժողովրդին, իր ավերակ երկրում.
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ,
այս երգերը իմ կարմիր-
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում…
Ժամանակն այլ լուծում չէր առաջարկում, և Չարենցն ապավինում է հեղափոխության առաջարկած կարգախոսներին՝ ազատություն, եղբայրություն, հավասարություն, և հույս փայփայում, որ իր երկիրը այդ գաղափարների իրականացման շնորհիվ ստանալու է իր տառապանքների հատուցումը։
Բայց Չարենցն ամենից առաջ բանաստեղծ է, առաջնակարգ բանաստեղծ և իր մտքերը, հույզերն ու ցանկությունները արտահայտելու համար որոնում ու գտնում է նոր ձևեր ու ոճեր, հայտնաբերում նոր ռիթմեր՝ առավել համահունչ հարաշարժ ժամանակի արագության (հայ պոեզիայում աննախադեպ ռադիոպոեմները)։
«Ժամանակի գետը» սակայն հանդարտ չէր հոսում, և բանաստեղծի հույզերը, հատկապես 1920 բարդ ու ճակատագրական տարում, տարուբերվում են խանդավառության և հուսահատության ծայրաբևեռներում։ Մի կողմից ռադիոպոեմների կամքն ու հավատն է, «Տաղարանի» դեռևս մի քանի երգերի, ինչպես նաև «Ութնյակներ արևին» շարքի կենսասիրությունը, մյուս կողմից՝ «Մահվան տեսիլ» բանաստեղծությունն ու «Փողոցային պչրուհին» շարքի դառնությունը, սեփական մեղքի զգացումը՝ «Ոչ մի կրակ հեռուներից ձեզ չբերի»։ Եվ ինքնազոհաբերման պատրաստակամությունը.
Թո՛ղ ո՛չ մի զոհ չպահանջվի
ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին
թող մոտ չգան…
Ժամանակը նաև սրբագրումներ է մտցնում Չարենցի ընկալումների և ակնկալիքների մեջ։ Եվ ահա, կրկին աննախադեպ, ծնվում է բազմախորհուրդ «Երկիր Նայիրի» վեպը, որ դառնում է Չարենցի ոչ միայն ցավի ու դառնության, ապրած ողբերգության, այլև հայրենի երկրի ճակատագիրը տնօրինողների սպանիչ քննադատության արտահայտությունը։ Եվ որքան էլ քողարկված, հեղափոխության «հերոսները» նույնպես իրենց բաժինն ունեն այդ քննադատության մեջ։
Բանաստեղծ Չարենցը նաև պայքարի մարտիկ է։ 20-ական թվականների աղմկոտ տարերքն իր գիրկն է առնում նրան, դարձնում նախաձեռնող, ծրագրեր մշակող, գրական խմբավորումներ ստեղծող, բանավեճեր մղող։ Եվ ամենուրեք նա առաջին գծում է՝ առաջնորդ։ Պայքարը ոչ այնքան մշակութային է, որքան քաղաքական, դասակարգայնության չափանիշը պատնեշներ է դնում հին ու նոր, անցյալ ու ներկա սերունդների միջև։ Այդ գաղափարախոսության ստվերը երբեմն ընկնում է նաև Չարենցի որոշ գործերի վրա։
Բայց ժամանակը փոխում է ընթացքը, պայքարի բովանդակությունը ձևակերպվում է այլ՝ մշակութային բարձր որակի կարգախոսներով, մինչդեռ ներքուստ հասունանում է ուրիշ բնույթի, ավելի վտանգավոր իրավիճակ։ Չարենցի հայացքները զգալիորեն փոխվում են շուրջ յոթամսյա արտասահմանյան ուղևորությունից հետո։ Այնտեղ էլ սերունդների միջև կռիվ կար, այնտեղ էլ կային նոր գաղափարախոսներ և արվեստի ու գրականության զանազան ուղղություններ, բայց կարծես թե «արդիականության շոգենավից» ոչ ոք Հոմերոսին ու Շեքսպիրին դուրս չէր նետում։
Չարենցի խոհերը հանդարտվում են, խտանում, դառնում ավելի իմաստուն։ Ինչպես ինքն է խոստովանում՝
Այդպես ցողո՛ւնն է հանդում
ծանրանում,
Երբ լցվում է ձույլ,
իմաստուն հասկով։
Չարենցն իր ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում է, իր կյանքի կեսօրին։ 1930-ական թվականներ։ Հետզհետե քաղաքական ու հասարակական մթնոլորտը շիկանում է, մարդկանց սրտերում կապարե ծանրություն է։ Ծնվում է «Գիրք ճանապարհին»՝ նրա վերջին «մատյանը», որ կրկին իր ժողովրդի, իր նաիրյան երկրի, նրա անցած պատմական ճանապարհի մասին է։ Տագնապը երկրում դեռևս զգալի չէ, բայց Չարենցը մտահոգ է։ Նա վերանայում է հայոց պատմության էջերը և փորձում գտնել, թե որտեղ է սխալվել իր ժողովուրդը: Նա դառնացած է, որ հայոց «գայլը չի եղել պղնձյա», եղել է թույլ, նիհար, որ հայոց նախնիները իրենց պալատների պատերում ոսկի են պահել և ոչ թե սուր, թեկուզ երկաթի մի կտոր կամ անագե շաղախ, կամ կիր, «Որ փորձության պահին անձրևներից մխար//Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին…»։ Եվ պատմության քառուղիներում ձևավորված «անանցյալ անցյալի» նախավերջին դրվագի դիմակավորված «հերոսները» իրենց «պատիժն են ստանում» բանաստեղծի «Մահվան տեսիլ» պոեմում՝ նույն վերնագրով երկրորդ ստեղծագործության մեջ։ Չարենցը հայտնվում է խաչաձև կրակի տակ. երեսպաշտ «հայրենասերները» նրան մեղադրում են հայոց հերոսական անցյալը թերագնահատելու, «նվիրյալ» հեղափոխականները՝ հեղափոխության բերած բարիքները անտեսելու մեջ։
Չարենցը ժամանակի հետ է, բայց նրա համար ժամանակը երեք չափում ունի՝ ներկայի հիմքը անցյալն է, իսկ գալիքին հասնելու համար էլ պետք չէ կրկնել պատմության քառուղիներում թույլ տրված սխալները։ Բանաստեղծի համար ժամանակը օրացուցային չէ։
Նա դարի ոգու թարգմանիչն է, դարի մարգարեն, և ապագա ընթերցողները նրա միջոցով են ըմբռնելու իր դարի վայրիվերումների բովանդակությունը։
Ժամանակի հաջորդ փուլը Չարենցին հիասթափություն ու ողբերգություն է բերում։ Նրա ողբերգությունն ունի և՛ անձնական, և՛ ազգային, և՛ անանձնական ակունքներ։ Դեռևս քառասունը չբոլորած բանաստեղծի համար հայրենիքն ու այնտեղ ծլարձակած երազները դառնում են անհավանական ու անվերադարձ անցյալ.
Սակայն ո՞ւր է Ղարսը,
և ո՞ւր է պարտեզում մրսող այն տղան –
Որ ուներ երազներ բուրյան,
և ո՞ւր է տխրաձայն Տերյանը…
1930-ական թվականների կեսերն են։ Նստել են հեղափոխության սպիտակ փրփուրները, և մարդկանց գլխավերևում շողում է մի «արեգնացյալ կացին»։ Չարենցի գրչակիցները ամբաստանված են և բանտարկված ( «…Իջել է այսօր Հելիկոնն ամբողջ //Նայիրյան երգի-նկուղ սևասև,-»), և նա պատրաստ է կիսել ընկերների ճակատագիրը «Ոչ իբրև տաժանք, այլ՝ սուրբ խնդություն…»։ Եվ նրան, ի վերջո, տրվեց այդ «խնդությունը»։
Կյանքի ու մահվան միջանկյալ կարճ հանգրվանում Չարենցը ծանրութեթև է անում անցյալն ու գալիքը, իսկ ներկայում մահը գուժող տրիոլետներ է գրում՝ «Մառ մորմոքում է մայրամուտը», «Մխում է մարխը։ Մգլահոտ է», «Մթնում է, մոտ է մայրամուտը»։
Եվ, այսուհանդերձ, Չարենցը գիտակցում է իր արժեքը, իր հանճարի ուժը ու վստահ է իր երգերի ու նրանց միջոցով իր հարատևությանը.
Բայց եթե կա իմ երգում գեթ շեշտ կամ
բառ իմ օրերից,
Ես կմնամ հա՜ր ու հավետ,
ես կարթնանամ մահից նորից…
2022 թ.