Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ / ԱՂՋԻԿ–ՏՂԻ  ՔԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱԶԱԽԱՉ

Այս ի՞նչ կրակ էր զիս այրեց,
Կամ ինչ խաւար, որ զիս պատեց.
Ես վէմ անխախտ էի` խախտեց,
Պօղպատ ամուր` զէտ ջուր հալեց:
Հովհաննես ԵՐԶՆԿԱՑԻ (1250–1326)
Խաչքարը, որ անհայտ վարպետի ձեռամբ կազմվել է 1274 թվականին, յուրօրինակ հիմն է սիրո և նախատինք նրանց, ում սիրտը փակ է մնացել, և ովքեր այդպես էլ չեն ապրել մարդու կյանքն իմաստավորող ու գլխիվայր շրջող մեծ ու գեղեցիկ զգացմունքը: Իսկ ավանդազրույցն ասում է, որ ջահել մի տղա սիրեց հարուստի աղջկան, և նրանց սրտերը կապվեցին փոխադարձ սիրով: Բայց դա բնավ հարուստի հաշիվների հետ չէր համընկնում, և նա հարցին դրական լուծում տալու համար անլուծելի թվացող խնդիր դրեց տղայի առջև` մեկ օրում հնձել անսահման թվացող իր արտը: Ամբողջ օրը տղան հնձում էր` ոգեշնչվելով իրեն ուղղված հայացքներից: Իրիկնամուտին, զգալով իր մոտալուտ պարտությունը, աղջկա հայրը նենգության դիմեց: Եվ հայացք գցելով գոռոզ հարուստի ուղղությամբ՝ տղան հասկացավ, որ մարդկային ստորությունն էլ արտի պես անսահման է, և իրեն հասած լուրից, ասես կայծակնահար, անշնչացած վայր ընկավ: Իսկ երջանկությունն այնքան մոտ էր, ինչպես ցորենի արտում սփռված կապուտ տերեփուկները, որ նուրբ սվվոցով հանձնվում էին գերանդու շեղբին: Սիրած տղայի մահվան լուրն առնելով՝ աղջիկն իր հերթին անիմաստ համարեց ապրելը: Դառնացած ու խորապես հիասթափված՝ նա, ժայռերից նետվելով, ավանդեց հոգին` իր հետ տանելով զուլալ-զուլալ մի սեր, որ հետայդու այնպես պակասելու և այրելու էր ապրողներին: Անհոգի հարուստը, որպես ծանրագույն մեղքի քավում, նրանց հուղարկավորեց միասին և քարգործ վարպետին պատվիրեց ամենագեղեցիկ խաչքարը կազմել…
***
Փոքրիկ տղայի իմ հիշողության մեջ աղոտ ապրում է աղբյուրը խաչքարի հարևանությամբ: Ինձ համար խաչքարին հասնելը նշանակում էր վերջ Երևանից Սարուխան գյուղ մեկնելու ամբողջ ճանապարհին ինձ պատած տանջանքներին, որ արտահայտվում էր ավելի փոքր տարիքում տարած վիրահատությունից մնացած ծանր սրտխառնուքներով. քիչ հետո, ուրեմն, կհասնեմ իմ մայրական պապիկ, տատիկին, իմ մանկության ընկերներին, որոնց հետ պիտի անցկացնեի հերթական ամառային երեքամսյա արձակուրդը: Իսկ մինչ այդ ինձ սպասվում էր փրկարար կանգառը Հայրավանք գյուղի «Աղջիկ-տղի» խաչքարի հարևանությամբ աղբյուրի մոտ, որ կառուցվել էր արդեն նոր ժամանակներում: Հերթական ուղերթից վերադարձող վարորդների ամենասիրած վայրն էր, ուր կարելի էր կանգ առնել, հոգնությունը թոթափել, «մի-մի բաժակ» բարձրացնել տարաբախտ սիրահարների համար կամ ծանոթ պատմությունից այդ օրն առավել զայրացած` օղու դատարկ շիշն ուղղակի փշրել աղբյուրի մերձակա քարերին: Այդ տարիներին ես դեռ չգիտեի Թիֆլիսում գործող Ռոտինեանցի տպարանի մասին, որտեղ 1888 թվականին տպագրվել էր Սևանավանքում ծառայող խոնարհ հոգևորական և գրող Սարգիս Փիլոյանի «Կորած մարգարիտը» վիպակը` նվիրված մեկ այլ զույգի` տարաբախտ սիրահարներ Սմբատին և Մարգարիտին, և որոնց հիշատակը հավերժացնելու համար Գավառից Նորատուս մուտքի մերձակա մի բլրի վրա տեղադրվել էր Հազախաչը, և որը ժամանակի ընթացքում ուխտատեղի դարձավ հատկապես նրանց համար, ովքեր տառապում էին անծանոթ հազից:
***
…Երբ անհայտ վարպետները, երբեմն արցունքախառն հայացք նետելով Գեղամա ծովակին, որի ջրերում երկրային իրենց կյանքն ավարտեցին գոռոզ հարուստի աղջիկն ու Մարգարիտը, կամ մտովի զրուցելով լեռների չքնաղ մի օրիորդի հետ՝ հիշելով նրա` «Սիրո համար արյուն թափել պետք չէ» իմաստուն միտքը, որ իբրև թե փորագրված էր Գեղամա լեռների բարձր մի ժայռի վրա, կազմում էին մինչ օրս պատանեկության տարիների զուլալ ու թափանցիկ երազանքի պես կապուտակ ջրերի դեմ հանդիման կանգուն խաչքարերը, Հայոց բարձրիկ աշխարհից հազարավոր կիլոմետրեր հեռու, միջնադարյան եվրոպաներում ծնվել ու սրտեր էր այրում պատմությունը քաջ Տրիստանի և գեղանի ոսկեհեր Իզոլդայի մասին, որոնք մի օր նավի վրա, բնավ չգիտենալով, ըմպեցին մի հեղուկ, որ սիրո օշարակ էր, և որը նրանց երջանկության և դժբախտության պատճառը պիտի դառնար…
Օտարության մեջ հույսով սպասելով իր սիրելիին՝ վիրավոր Տրիստանը խարդավանքի ու խաբեության զոհ դարձավ և այլևս անիմաստ համարեց իր ապրելը, իսկ ոսկեհեր Իզոլդան, տանջվելով նավարկությունից ու սիրելիին վերստին հանդիպելու կարոտից, վերջապես ափ դուրս գալով՝ անշնչացած տեսավ սիրած տղային, որի հետ ամենածանր փորձությունների միջով էր անցել: Եվ ուղղակի պառկեց նրա կողքին, շուրթերն ամուր հպեց նրա շուրթերին և ավանդեց հոգին: Որպես խոնարհում մեծ ու գեղեցիկ սիրո՝ նրանց մարմինները Մարկ թագավորը կարգադրեց հուղարկավորել մի մատուռի բակում` մուտքի աջ և ձախ կողմերում, միմյանց հարևանությամբ: Իսկ գիշերվա ընթացքում կայացավ հրաշքը. բաղեղի թուփը տղայի շիրմից ձգվեց և կամար կապեց աղջկա շիրմի հետ: Երեք օր մարդիկ կտրում էին թուփը, իսկ գիշերը, միևնույն է, բաղեղի շիվը ձգվում ու հասնում էր աղջկա շիրմին: Եվ հասկացան մարդիկ, որ անհնար է կտրել միմյանց ձգտող երկու սրտերի ճանապարհը. այն, ինչ վերին հրամանով է, անհնար է փոխել: Ես չգիտեմ այն մատուռի տեղը, որտեղ հուղարկավորվեցին հոգով և մարմնով հավետ միացած երիտասարդները, իսկ հայրենի իմ եզերքում հարյուրամյակներ առաջ կազմված խաչքարերն հիմա էլ կանգուն են:
Կյանքը փոխվել է, և նախկին ակտիվությունն այլևս չկա: Եվ ոչ էլ զայրացած մի պահի օղու դատարկ շշեր են փշրվում աղբյուրի մոտ: Իսկ զրույցը մնում է ժամանակակիցների հիշողություններում` երբեմն պատմելու մեծ ու գեղեցիկ այն զգացմունքի մասին, որ մի օր այցի գալով՝ երբեք այլևս չի մոռացվում` մնալով որպես ապրելիք ամբողջ կյանքի ուղեկից:
***
Ուշացումով մեծ սիրո առջև ծնկի եկած մարդկանցից այլ պատգամ չմնաց, բացի լուռ հորդորը սերունդներին` առանց սիրո ապրելն անիմաստ է: Եվ որ` ՍԻՐՈ ԳԻՆԸ ՍԵՐՆ Է…
Հունվար, 2024 թ.