Ի սկզբանե
Ես չեմ գրում սա իմ մասին, այլ՝ այն պատի,
գիշերը քո մահճից, ծովից, ամեն տեղից
վերև ձգվող դեպի երկինք,
հպվող ոտքին քերովբեի:
Հիմա պիտի սրբի իր ոտքը ու տրտմի,
քանի հպվեց պատին:
Ուրիշ աշխարհ…
Սովոր է նա կյանքին իր երկնային
ու կանիծի պատին ու քեզ,
որ առնչվեց կեղտին:
Է՛, ինչ արած, դու շոշափել ես այն ծնված օրից,
Չոր պատը քո առաջ, քո մեջ դրված,
Դու հենց պատի հետ ես ծնված,
անգամ եթե այն անտեսես:
Դու զգում ես ստվեր, կամ մի արգելք,
կարծես մի սուր է կոկորդիդ խրված:
Թող այս բառերը չթվան բիրտ,
երբ այն կրքով է տոգորված,
Միգուցե քիչ մեղմվի,
Արդարացվի հանցանքդ շեղ,
Օգնի լեզու գտնել ինքդ քեզ հետ
ու դուրս ելնի այն սուրը կոկորդիդ…
Դե մի՛ լռիր,
Ու հաշտվիր քո պատի հետ:
Ու պետք է ձեզ խոստովանեմ մի նոր երազ.
Պատից այն կողմ տեսա մեկին,
որ շունչ փչեց իմ մեջ,
Ես նախապես նրան ասացի.
«Դու որտեղի՞ց և ո՞ւմ կողմից ես ուղարկված»,-
«Ինձ վստահիր, հզորություն է քեզ տրված»,-
Մաքրեց շուրթերը ու գնաց վեր
կամ իջավ ցած…
Ինձ գթացեք, աչքե՛ր,
թող լինի վեր…
Ինչո՞ւ, ուրեմն, չեմ հաղթում պատին,
Ամեն մեկին իր պատն է վիճակված,
բայց ինձ թողնենք ու քո մասին խոսենք,
որ հուսահատ կառչել ես քո պատից,
Ես չգիտեմ՝ դա լավ է, կամ էլ վիհ.
Գուցե գտնես հավերժություն՝ քայլ անելով պատից անդին,
Բացահայտես լուռ թափրտած քարերի մեջ
Մինչ այժմ դիտարկված անշարժ մի գոյ հենց քեզ նման,
Գուցե մի քիչ ջանք գործադրես, հակադրվես օրենքներին,
ի հակառակ գահավիժես,
Ինչո՞ւ այդպես անշարժ մնաս ու քար լինես,
Ոչինչ չանես ինչպես անկամ մի առարկա,
Չճաշակես չարն ու բարին,
թեկուզ օրերդ կարճանան:
Կբղավեն քարերը մյուս.
«Տե՛ս, շարժվում է, քարը այս,
Հոգի ունի անկման պատրաստ,
նա այլ է, նա սխալ էր հենց սկզբից»:
Չկա շարժում քար բնույթին,
Կզարմանան իրենց ձայնից
Չէ՞ որ մինչ այդ չկար և միտք քար ուղեղին,
Սխալները դյութական են ու մշտարթուն,
Կհայտնվի նոր պատվիրան
այս քարերի համար գրված այլկերպ
ու նոր աստված…
Մոլորություն հավերժական, դու չունես վերջ,
Ետ գնացեք, հրեշտակնե՛ր, կա՛մ վեր, կա՛մ ցած,
ձեզ հետ տարեք պատը սաստման,
Ոտքով սրբում եմ ու հարթեցնում տեղը պատի…
Ձուլում
Լսելի ամեն ձայն ու շրշյուն,
երբ արթուն է քո հոգին գիշերվա պես հար,
և խորքը հավերժության լաբիրինթոս,
ուր չկար վախ հանդիպելու այլևս մեկին:
Թող չթվա, թե թաքնվել ենք,
Մշտապես արթուն
հետևում ենք՝ մսի պատառը ինչպես է ալիքվելով կուլ գնում
որս անող գազանին:
Նա այնքան նման է ինձ, որ փակում եմ դեմքս հրճվանքից,
Թվում է՝ իմ բերանից է ծոր տալիս լորձանքը բյուրեղյա,
Ահա հագնում եմ նրա զոլավոր մորթին անթերի…
Օ, ո՛չ, ես չեմ կարող մաշել
ինչ-որ անմիտ արարքով անփույթ,
Քսվել անարգ գիշերներին
Կամ վազվզել վարդերի թավուտներում փշոտ,
Չքերծել այս կատարյալ մորթին,
Էլ չեմ ձուլվի բնության հետ,
Թե կա հուզում, պետք է զսպել իրավ,
Պահել կաղկանձը սրտի տակ կամ թակարդված:
Եղյամը իր գրկում առած մի խոտ
Ինչ ներդաշնակ է վերանում,
Չի ընդվզում իրեն ծամող ատամներին.
Հանդարտություն նախանձելի…
Գոնե պետք է զսպել,
Չտրվել անձրևներին աղմկոտ,
Ցասումը նույն անձրևների տեսքը ունի:
Աչքերս ծույլ են ու անկամ
Ես չեմ կարող այդպես հանդարտ լինել
ու հանձնվել խոտակերի ատամներին,
կամ բնազդով նետվել առաջ.
Չեղարկում եմ անմիտ պայմանը ծառի հետ
Թե ճյուղ աճի իմ թիկունքին, կամքովս չէ…
Նրանց ապրելու մեջ չկա ափսոսանք, ոչ էլ սպասում.
Էլի հիշեցի հյութալի խոտին….
Նայում եմ աղջամուղջին հավերժական
Նրա մատներով գծագրվող անտառներին:
