Դարիկո ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՎԵՏՈՒՄ
Մեկն իմ ճամփին աղունակ է թռցնում,
Որ առջևում միայն լույսը թրթռա,
Ավետիսներ հեծյալները ինձ բերեն,
Ու համբուրեն ընծաներն իմ գիշերվա։
Ահա՜ եկավ ծննդյան ժամն այն պահի,
Երբ վսեմը՝ սիգաճեմ ու ցնծալի,
Պիտի իջնի բարձունքներից դրախտի՝
Օծված ոգով Ճորոխ գետի, Արաքսի,
Եվ սնուցված Եփրատի ու Տիգրիսի՝
Ոսկե ձկանց շռայլ խոսքով անձկալի։
Մեկն իմ ճամփին աղունակ է թռցնում,
Որ իջեցնի պատգամն իմ երկնային՝
Տեր ունենան արյան կանչով ցանկալի՝
Հավքը, ձուկը, հողն ու հուրը բաղձալի,
Մի նոր սկիզբ նախատարրերն ավետեն
Ու բա՜ց ծովում ճախրանքներն իմ նավարկեն…

ՊՈԵԶԻԱՆ ԻՄ ԽՈՍՈՂ ՀԱՎՔՆ Է
Ե՞րբ հարցրեցիր ցանկությունս՝ իմ խոսող հավք,
Վերցրեցիր ու թելադրեցիր
Հեռապատկերը խորքային,
Այլուրեքում ծնված սերը
Դարձավ հանկարծ սոսկ երկրային,
Խեղճը քայլեց երկրի վրա, ես՝ անդինում,
Չընկալելով ի՞նչ եմ ուզում
Հորինվածքի կանոնների ելակետում…
Անչափելի տարածք եղա,
Մտքի ընթացք եռաչափով,
Հոգեհմայք այլաշխարհի,
Բայց երկրային կաղապարով։
Ազդակները գալիս էին ոլորտներից,
Ուր եղել եմ նիրվանայի միջնորդությամբ,
Որ ես պեղեմ ինքնին իրը
Եվ սլանամ մետաֆորի ծնկին նստած,
Իրազեկը ներքին ծովից ափ ուղարկեմ,
Ամրագրեմ կատարյալին աստվածային
Ու ամեն օր հաղթահարեմ
Տարածքն այն հաղթահանդես, որ կոչվում է.
«Դիոնիսոսից մինչև Քրիստոս»։
Տեսնեմ խաղաղ հիշողությունն անցած գոյի,
Եվ նվաճեմ հրաշք դռան բանալին լույս,
Որն ապրել է տիեզերքի առավելը,
Ու արտասվեմ այդ դռան մոտ,
Առերեսվեմ ինքս ինձ հետ՝
Ելևէջով շարականի հա՜ր սրտամոտ…

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԹՈՆԻՐՆԵՐ
Այս որոնման հոլովույթում
Մի՞թե հեշտ էր մեկ անունով ճանաչել քեզ,
Երկի՛ր իմ հեզ…
Թախիծներս, կորուստներս, օրհնված սերս
Ի՞նչ կասեին…
Ու ես հոգուս լայն մակույկով,
Լուռ լողալով հասա ափը այն ակունքի,
Որը երբեք չի թարգմանվում ոչ մի լեզվով,
Ուր ծիծաղը նույն արցունքն է քամում աչքից, ինչ՝ կարոտը,
Եվ նորոգում արյան քանդված տանիքները,
Ուր քո խորքում չես ծարավում
Շռայլությանն ազնվության,
Ու ապրում ես, ապրեցնում քեզ
Առանց խեղդող շղթաների՝
Փրկելով ու վեհացնելով հազար անգամ,
Իսկ հեռավոր ափսոսանքը
Նարնջագույն թոնիրների կրակն անշեջ
Բերում է և բոցկլտացնում ափերիդ մեջ՝
Հիշո՜ւմ ես, որ զրուցել ես լույս կավի հետ,
Եվ արարված անունները հայերեն են խոսում քեզ հետ…