Օլգա ԴԱՐՅԱՆ

ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՎՍԵՄ
Ես ապստամբում եմ…
Խենթ է իմ հոգին…
Չե՛մ ընդունելու այս դառնությունը։
Հեռվում շողում է Արարատը իմ՝
Աշխարհով սփռում իր վեհությունը…
Ես զրուցում եմ նրա հետ հիմա.
Ոչ ես եմ խոսում ու ոչ էլ ինքը,
Բայց և որսում եմ հոսող ամպերից
Նրա ուժ տվող, զորավոր միտքը։
Աստծո նման՝ իր աջն է մեկնում
Ու խաչակնքում երեսը երկրիս,
Նրա կիսաձայն մրմունջն եմ լսում՝
Վեհափառորեն «Հայր մեր…» ասելիս։
Անառարկելի, անվերջանալի
Վսեմությամբ է օրհնանքը տալիս,
Մեր նախնյաց կանչով տեղահան եղել,
Մեր ցասումին է ընդառաջ գալիս…

ՄԻԱԿ ԱՆՈՒՆԸ
Շները մի մեծ ոհմակ կազմեցին
Ու որոշեցին անունդ փոխել,
Մինչդեռ աշխարհը, համայն աշխարհը
Միայն Արարատ անունդ գիտե…
Քո բիբլիական համոզմունքներով՝
Դու անվանափոխ երբեք չես լինի.
Ո՛չ անվանափոխ, ո՛չ կրոնափոխ,
Ո՛չ էլ ուրիշի գերբը զարդարող…

ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ
Այսօր ուզեցի ես խաչակնքվել
Զույգ թագիդ առաջ,
Կարոտիդ առաջ,
Որ մենք տանում ենք
Այստեղ ազգովի,
Իսկ դու՝ մեն – մենակ,
Հույսերիդ ծփուն հավերժությունում,
(Որոնք անպայման կիրականանան)
Քանզի, լսո՞ւմ ես, և դո՛ւ ես արդար,
և մեր լինելու արդարությունը…
Եվ շենշող վե՛մդ, լուսե Արարա՛տ,
Դարձյալ նորոգեց շնչառությունս։
Խաչակնքվում եմ զույգ թագիդ առաջ,
Խոհերիդ առաջ Սուրբ սպասումների
Ու կանխազգում՝
Հազարապատիկ քեզ կկարոտեմ,
Մինչև հաղթական օրվա հանդիպում…
Ներիր, ուշացա,
Դեռ ուշանում եմ…

ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ես իմ դարերին քարեր եմ կիտել։
Թագավորներիս գերեզմաններին քարեր եմ կիտել։
Պապիս ճամփեքին քարեր եմ կիտել։
Արցախի բոլոր ճանապարհներին քարեր եմ կիտել…
Եռաբլուրին՝ չարքերի ձեռքով,
Անթիվ, անհամար քարեր են կիտվել…
Հիմա ինձ ասեք, իմ մարգարեներ, ի՜մ իմաստուններ,
Թե ես որտեղով պիտի հետ քայլեմ՝
Քարերն հավաքեմ, մեռոնով ցողեմ, օծեմ անպայման
Եվ նոր շինության նոր հիմը լցնեմ՝ քայլելով առաջ…
Եռաբլուրի քարերը միայն մնան անկործան,
Միայն աղաչենք մենք գիշեր ու զօր, որ չավելանան…
Սրտո՛ւմս, հոգո՛ւմս քարեր են կիտվել,
Ծիծաղիս անգամ քարեր են կիտվել։
Բայց համոզված եմ՝ մի ճար կգտնես,
Քարերի երկի՜ր Հայաստա՜նս…

ՔԱՐԱՀՈՒՆՋ
Իմ Հայաստանում քարեր կան՝ խոսում են,
Քարեր կան՝ նվագն է փողերով հոսում,
Քարեր կան՝ պատռել են սրտերը տխուր,
Որ ծաղկաբույլեր ծլեն ակոսում…
Քարեր կան, սպասում են էն անգին պահին,
Երբ կշողշղան շողից արևի,
Եվ Քարահունջը սրտից կշաղի
Ոսկին ժամապահ դարձած քարերի…

ՃԱՔԱԾ ՆՈՒՌ
Խաչի նման բացված նո՜ւռ,
Թե՞ ինքդ քեզ խաչած նուռ…
Նայում եմ քո հատերին,
Որ մի օր կուռ են եղել,
Ներսիդ առատ կենսանյութն
Այսքան արցունք չի հեղել։
Արտասուքդ սրբի՛ր, նո՛ւռ,
Հերիք ափիցս կաթի,
Բուռս սեղմել ուզեցի
Ուժով հզոր պողպատի…
Որ բռունցքվես այսուհետ,
Առաջվա պես լինես կուռ,
Հիշես Աշոտ Երկաթի
Ամրությունը բոցալուր։
Տիգրան Մեծի Արմենիան
Ալեբախի քո սրտում,
Զվարթնոցի սյուների
Շունչը լսես զվարթուն։
Ու ծածանվեն Կիլիկիո՜,
Մե՜ծ Արմենիո դրոշներ,
Դե, բռունցքվի՛ր, բո՛ւռդ առ
Քո դարեկան տարածքներ։
Ճաքած նուռ,
Խաչի նման փռված նուռ,
Ոհմակներին գայլերի
Քեզ մոտենալ թույլ մի՛ տուր։

ԽՈՒՍՏՈՒՓԻ ԳԱԳԱԹԻՆ
Դու եղե՞լ ես Խուստուփի
Չնաշխարհիկ գագաթին,
Ուր ամպերն են ծովի պես
Ալեբախում ոտքի տակ…
Ուր հոգիդ է խառնվում
Հին ու գալիք օրերին,
Ուր հայացքդ սրընթաց
Աղերսում է Հայաստա՛ն…
Ու Խուստուփի անկաշկանդ
Մտքերը տանում են քեզ
Դեպ ԼՅԱ՛ՌԸ մեր հուսառատ,
Դեպի սպասում լուսեղեն…
Դու եղե՞լ ես Խուստուփի
Օվկիանոսոտ կատարին.
Լեռ չէ բնավ, այլ՝ փարոս,
Առագաստնե՜ր՝ ծերպերին…

ՎԵՐՋԻՆ ԼՈԻՅՍ
Մայրամուտին գյուղը հոգնել
Ու թիկնել է վերջին լույսին.
Կարմիր արև, լեռներ կարմիր,
Եվ կարմիր խոտ՝ մայող ուլին։
Տատը հոգնած՝ աչքը հեռուն,
Միտքն է ճնշել վաղվա ձյունից,
Ծարավ աչքով ո՜նց է նայում
Խոխոջացող վերջալույսին…

***
Երկինքը հարս է դառել,
Քողը կախել վերևից,
Մի՞թե մեկին է փնտրում
Հազարավոր էն զորքից…
Թե՞ բոլորն են հիշելու
Հարսանիքները չեղած…
Եղածների սև լուրը
Ու համբույրները սառած…

***
Եթե փուշը ծաղկել գիտի,
Եթե քարը ծաղկել գիտի,
Հայաստանի սիրտը ապա,
Ինչու հաճախ արնել գիտի…
Բայց ուզում եմ ես հավատալ,
Որ վերստին պիտի հառնի,
Եվ արծվացած սիրտը նրա
Արարատի՛ն պիտի հասնի։

***
Ուր եք, մտքեր իմ առատ,
Ուր եք, բառեր – բանալի,
Ուր պահվեցիք, ուր կորաք,
Ինչո՞ւ հոգի չեք հանի…
Շուրջը ծաղկունք է առատ,
Գարնան հույս է ու բողբոջ՝
Դուք անգամ չեք փսփսա.
Թե՞ թաղել եք իմ կարոտ…

ԿԱՐՈՏԻ ԱՆՁՐԵՎ
Երևա՜նն է ինձ սիրտ տալիս,
Ասես հետս խոսում.
«Ես չեմ լալիս անձրևի հետ.
Դա կարոտն է հոսում։
Կարոտներն են հուշիկ-հուշիկ
Թափվում երկնքից՝
Մայրերին են իրենց փնտրում
Ու մի քիչ էլ ինձ…»
Ու թափվո՜ւմ է, թափվում կարոտն,
Հոսում մայթերին,
Դոփում, դոփում Երևանի
Եվ իմ քունքերին…

ԿՅԱՆՔԻ ԾԱՌ
Իմ պապերի Էրզրումի
Եկեղեցուն՝ մի քանդակ.
Կյանքի ծառն է՝ նրա տակին
Զույգ առյուծներ ամրակազմ։
Իսկ սաղարթին թևատարած
Կա թևաբաց մի արծիվ.
Ո՞ւմ է կանչում նա կարոտած,
Որ ընձյուղի ծառը իմ…

ԵՂՐԵՎԱՆՈՒ ՍԻՐԵՆՈՒՄ
Ասիր, որ բախտս փնտրեմ
Հինգթերթանի ծաղկիդ մեջ,
Սակայն խաչերը տեսա
Քո հազարաչ սիրենում…
Հզոր խաչը իմ տեսա
Ու փարթամած ծիծաղներ,
Ու մի ըմբոստ Երևան
Էս գարունի վիհերում…

***
Ուզում եմ պինդ գրկել երկրագնդի ուսերը
Եվ արբենալ նրա սրտի բաբախյունից…
Ասեք՝ ինչպես գտնեմ անկյունն ու բաց դռները
Կլո՜ր – կլո՜ր – կլո՜ր ու փակ երկրագնդի…

Ուզում եմ պինդ գրկել երկրագնդի հույսերը,
Փխրուն սիրտուհոգու նրբին ճենապակին…
Ասա՜, իմ սիրելի Վելասկես Կոնսուելո,
Ինչպե՞ս դու մի երգով աշխարհը գրկեցիր…

Ինչպես եղավ՝ հետո եկան սատանաները,
Իրենց կճղակներով ֆոքստրոտ հնչեցրեցին…
Եվ երանի մի օր գովքդ անենք, Բարձրյա՛լ իմ՝
Ինչպե՜ս այս մահամերձ աշխարհը փրկեցիր…

ԿԾԻԿ
Հեռու մանկության կարոտի կծիկ,
Քո թելի թողած հետքն ինձ ծանո՜թ է.
Մի ծայրը՝ իմ մեջ, սրտիս իլիկին,
Մյուսն էլ ասես դեռ մորս մոտ է…

Մենության ցավից գոյացած կծիկ,
Քո շունչ որոնող հետքն ինձ ծանոթ է.
Մի ծայրը՝ իմ մեջ, սրտիս իլիկին,
Մյուսը քարացած մի ծառի մոտ է…

Փոքրիկ հույսի շուրջ պտտվող կծիկ,
Քո անցած ճամփի հևքն ինձ ծանոթ է.
Մի ծայրը՝ իմ մեջ, սրտիս իլիկին,
Մյուսն էլ միայն Աստծո մոտ է…

ԶԱՆԳ ԱՐԵՎԵ
Ճառագայթներն Արեգա
Սև-մութ ամպերն են ճեղքել,
Մի հսկա զանգ արևե
Երկնքից կախ է ընկել…
Արևազա՜նգն է ասես
Հաստատորեն ղողանջում,
Մի՞թե հոգիդ է, Չարե՛նց,
Անխաղաղ ու հառաչուն…
Սև օրն է սա, ո՛չ մահդ…
Էլ Դու մեզ չես ճանաչում,
Լուսե զանգերն են միայն
Քո բառերով ղողանջում…

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻՆ
Ժայռերը հիմքից ցնցվեցին,
Որ խրոխտ պարով քեզ պատվեն,
Այդ դու՛ մեզ մի օր հիշեցրիր
Թե պապերը մեր ոնց են պարել։
Այդ դու մեզ մի օր պատմեցիր
Կարնո աշխարհի պարերն,
Այսօր ժայռերն հուշապարտ
Քո պարով պիտի քեզ պատվեն…
Անվախ մի արծիվ ես եղել,
Հանուն հայության՝ մահապարտ,
Սլացա՜ր, մեր Արծիվ, դեպ հավերժ,
Դեպ հավերժ ձյուների Արարատ…
Ժայռերն այսօր ցնցվեցին,
Որ խրոխտ պարով քեզ պատվեն,
Հրեղեն սրտով մի Արծիվ
Թևերն է բացել թրեղեն…
Ներիր ինձ, ների՛ր, ների՛ր,
Գրածս շատ քիչ է գուցե,
Ժայռերն են լսում Արծվիդ
Հեռացող կռնչյունը՝ ի զե՛ն…

Գրեք մեկնաբանություն