Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔ
Սյունյաց աշխարհ, սյուն իմ ամուր,
Դու՝ բազմափորձ վահան ու սուր,
Դու՝ բարձրաբերձ արծվաբույն,
Արծվակամ և բարձրանուն.

Ոսոխներիդ համար՝ մեծ սեպ,
Հարվածդ՝ խոլ ու անվրեպ,
Անպարիսպ բերդ և պանծալի
Ու վեհ եզերք Հայաստանի.

Դու՝ ճաքած նուռ, զորեղ ուրան,
Ալպյան ծաղիկ, կենաց օրրան,
Քարե հեղեղ և սրբին հաց,
Արմատդ՝ խոր, ճակատդ՝ բաց.

Դու՝ կամեցող, արդար ատյան,
Մի ձեռքիդ՝ զենք, մեկում՝ մատյան,
Երկրի մի մաս, մի ողջ աշխարհ,
Միշտ ակնառու, անհիշաչար.

Դու՝ հյուրընկալ, անվերջ հեքիաթ,
Ամենավուր հույս ու հավատք,
Արարչամերձ, ավանդապաշտ
Եվ քաջերի թռիչքադաշտ…

ՈՒՆԵՆՔ
Դո՛ւ, իմ կոխկրտված վարունգի թուփ,
Դո՛ւ, իմ դառնացած հա՛յ ժողովուրդ,
Ցավերդ շատ են, դեղերը՝ քիչ,
Նախանձողներդ՝ գողաբնույթ.

Պապս իր ախ-ը հորս տվեց,
Եվ նա հնազանդ կրեց իր մեջ,
Հայրս տվեց ինձ, ես՝ իմ որդուն,
Ու թոռս կողքից նայում է խեղճ.

Մի՞թե հար կապրենք ախ ու վախով
Ու չենք ունենա հուշող փարոս,
Մի՞թե երկիրս պիտի լափի
Մի չկշտացող անդեմ քաոս…

Չէ՛, անհնար է, փնտրենք նորից
Ու ձգվենք էլի, ի՛մ ժողովուրդ,
Ունե՛նք, զգում եմ, ինչ-որ մի տեղ,
Անպատիր մի ելք, փրկիչ խորհուրդ:

ԴԱՌՆ Է
Ես հարբած չեմ, չէ՛, մատռվա՛կ,
Հայհոյում եմ ոչ թե քեզ,
Այլ այս ճապուկ ագռավներին,
Որ արծիվ են կտրել, տե՛ս.

Մեր պայքարի և կռվի մեջ
Երեկ նրանք չկային,
Հիվանդ էին, անպիտանի
Ու… արծիվ են կտրել, տե՛ս.

Ասպարեզ են ելել աշխույժ
Իրենց փայվող խավարից,
Ամեն անգամ փոթորկվում եմ
Այս կրկնվող արարից.
Վերհիշում եմ տղաներին՝
Քրտինքի մեջ ու արյան,
Որ կամավոր կռվում էին
Ու պարզ էին անսահման.

Խեղվում, զոհվում, հաղթում էին
Բախումներում կատաղի…
Չէ՛, մատռվա՛կ, գինիդ դառն է,
Արցունքներս ի՞նչ աղի:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Աշխարհը նորից չի ուզում տեսնել,
Սարից անդին է ցավը ուրիշի,
Տագնապահար է հայը ամենուր,
Մահաբեր արկը հասնում է Շուշի.

Հաշվարկ են անում զորեղներն անվերջ
Ու հետևում են շահի տիրույթից,
Թուրքը փչում է շեփորը մարտի,
Ազերին՝ ճառում արդարությունից.

Արևը սառն է, ու կռիվը՝ թեժ,
Մահը՝ քեֆի մեջ ու խրախճանքի,
Հողը իր բաժին արյունն է խմում,
Շրթեշուրթ անցնում անունը քաջի.

Հովանու տակ է օրինազանցը
Ու հորիզոնը՝ թանձր մշուշի,
Տեսնել չի ուզում աշխարհը նորից,
Ծովից անդին է ցավը ուրիշի:

ՄԻԳՈՏ ՕՐԸ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԵՍ
Փետրվարյան միգոտ օր է,
Բույն է դրել թախիծն իմ մեջ,
Ցուրտն ամենքին տուն է քշել
Եվ գետակն է վշշում անվերջ.

Ու… հիշում եմ Թումանյանին,
Նրա այրող խոսքն համընթաց՝
Փրկությունը ներսում է մեր,
Զի ներսից ենք մենք փչացած…

Ի՞նչ կապ ուներ սա օրվա հետ,
Խորհում եմ ու չեմ հասկանում…

Տեսնես փրկիչ դեղի համար
Ինչ-որ մեկը գո՞րծ է անում…

Մեգ, մառախուղ, ու դողում են
Թռչուններն ու ծառերը խեղճ,
Ցուրտն ամենքին տուն է քշել
Ու հիվանդս՝ ջերմության մեջ…

***
Ա՛խ, շռայլ եղար, անհարկի շռայլ,
Եվ դրա համար ներում չկա քեզ,
Ամուր կանգնիր, ա՛զգ, այս պատառ հողին,
Դու էլ կորցնելու իրավունք չունես:

***
Գրողի համար ի՞նչ ապահով տեղ,
Երբ նա թաքնվել չի կարողանում,
Ամենքի ցավը երբ ցավն է նրա,
Ամենքի հետ է երբ ուրախանում.

Ազգի զինվոր է առաքելությամբ,
Հաճախ է քայլում շեղբի վրայով,
Մտահոգված է հանուր մարդկության
Եվ տիեզերքի ճակատագրով.

Ի՞նչ ապահով տեղ, երբ չի խնայում
Սիրտը վիրավոր և հոգսապարար,
Երբ որ շիկնում է մանուկների դեմ
Ու խոր տագնապում մրջյունի համար:

***
Մենության ժամին ես միայնակ չեմ,
Լիքը լցված եմ մենության ժամին,
Ինձ հետ աշխարհն է ժպիտ ու լացով
Եվ երկինք հանող խենթության քամին.

Այդժամ է, որ ես ինձանից ելնում,
Պեղում եմ հոգուս խորքը անճանաչ,
Սուզվում եմ ծովը անհայտ-անհունի
Ու հաշիվ տալիս իմ խղճի առաջ.
Մարգարեներին հարցերով տանջում
Եվ տիրոջ գործն եմ դնում նժարին…
Չէ՛, բարեկա՛մս, ես միայնակ չեմ,
Լիքը լցված եմ մենության ժամին:

***
Խաղ է կյանքը՝ կանոններով՝
Արդարապահ, անհոգի,
Հաղթում ես ու տանուլ տալիս,
Մերթ էլ խաղում ոչ-ոքի.

Մեկ խաղում ես մեծ հաճույքով,
Մեկ՝ չուզելով և ստիպված,
Մերթ ապրում ես փառքի սիրով,
Մերթ էլ՝ մնում դատարկված…

Խաղե՛ր, խաղե՜ր ամենուրեք
Եվ սահմանված կարգ ու ժամ,
Զգու՛յշ, հոգի, կարմիր քարտի
Չարժանանաս վաղաժամ:

ՏԽՈՒՐ ԵՐԳ
Այսօր այստեղ՝ հողի վրա,
Վաղը այնտեղ՝ հողի տակ,
Ի՞նչ ես դողում կյանքի համար,
Իմ ուրվական-խեղկատակ…

Երգում է մի խոցված հոգի՝
Սրտակոտոր, շանթահար,
Չոքած որդու գերեզմանին,
Բախտի առաջ անիծյալ.

Հետո օղու շիշը հանում
Ու խմում է որպես դեղ,
Եվ գրկում է արցունքախեղդ
Տապան քարը որդու տեղ.

Ողբը ձգվում աղիողորմ,
Տարածվում է շուրջ բոլոր,
Ու ոռնում են դժբախտ հոր հետ
Տապանները մերձավոր.

Շոյի՛ր, հովի՛կ, ցնցի՛ր, քամի,
Որքա՜ն հեշտ է խենթանալ,
Ես ի՞նչ ձևով օգնեմ նրան,
Կարկամել եմ երբ անկար…

Այսօր այստեղ՝ հողի վրա,
Վաղը այնտեղ՝ հողի տակ…
Այս ինչքա՜ն է էժանագին
Ու որքա՜ն է կյանքը թանկ:

ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տարօրինակ օր է այսօր,
Չեմ ճանաչում ինքս ինձ,
Կողքից նայում, զննում երկար,
Խորթ եմ թվում ինքս ինձ.

Ասես նայում մի այլ մարդու
Ու նայում եմ ուրիշ կերպ,
Ցնորական վիճա՞կ է սա,
Թե՞ էակ եմ ես մի խենթ.

Կողքից նայում, զննում երկար,
Տնտղում եմ ինքս ինձ
Եվ հեգնում է մի ուրվական
Հայելային իր դիրքից:

ՉԶՈՀԵՔ
Ծաղիկ չզոհեք շիրիմիս համար,
Ա՛խ, ինձ ծաղիկներ չբերեք հանկարծ,
Թողեք, որ նրանք ապրեն կենսավառ.

Ինչպես ասպետը իր սիրածի դեմ
Ծնկում է սիրով, աներեր ու քաջ,
Չոքում եմ ես միշտ ծաղկունքի առաջ.

Երկրպագում եմ գեղեցկությունը
Եվ փայփայելու, պաշտելու եմ հար…
Ծաղիկ չզոհեք շիրիմիս համար:

Ապրիլ, 2024 թ.

Գրեք մեկնաբանություն