2022 անցնող տարին մտահոգվելու մեծ չափաբաժին ուներ: Թշնամին դեռ իր դրոշները ծածանում է մեր սահմաններից ներս ու պահանջում առայժմ Սյունիքը՝ դաժանորեն շրջափակելով Արցախը: Ունեցանք նոր զոհեր, ուրեմն՝ նոր կսկիծներ: Անցնող տարվա լուսավոր պահը կապվում է Խաչատուր Աբովյանի՝ մեծ լուսավորչի անունը կրող մանկավարժական մայր բուհի 100-ամյակի բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների հետ, որի ընթացքում կառավարական մակարդակով և մեծ շուքով հոբելյանը նշվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շքեղաշուք դահլիճում: 2023-ին մաղթում եմ համայն հայության համախմբումը հայրենիքի և այն իմաստավորող հայոց պետականության շենացման շուրջ: Մաղթում եմ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք մեզ համար այնքան թանկ Հայաստանի ու Արցախի բոլոր հայրենակիցների համար: Մաղթում եմ նաև իմ հայրենակիցներին աշխատանքային եռանդ՝ յուրաքանչյուրին իր բնագավառում: Ես հավատում եմ օրհնանքին, երբ այն սրտանց է: Սակայն օրհնանքը ենթադրում է նաև օրհնվողի պատասխանատվությունը՝ իրեն ուղղված խոսքը կյանքում իրականություն դարձնելու խնդրում: Հիմա, երբ մեր երկիրը ծանր օրեր է ապրում, ես հիշում եմ 1946 թվականին Ֆրանսիայի Ազգային ակադեմիայի անդամ, XX դարի մեծագույն արևելագետ Ռընե Գրուսեի խոսքերը՝ գրված Նիկողայոս Ադոնցի «Քննական պատմություն հայոց» գրքի առաջաբանում: Ֆրանսիացի պատմաբանը, հիացած Տիգրան Մեծի գործերով, հավատացած գրում է, թե Տիգրանն իր գործունեությամբ ապահովել է հայ ժողովրդի հավերժությունը: Շատ եմ երազում, որ այս խոսքերին արժանի լինենք մենք, և պատասխանատու դառնան ապագա Հայաստանի սերունդները:
Կարդալ նաեւ․․․
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության համատեղ նիստ։…
Կա՛ ժամանակակից հայ բանաստեղծություն (անդրադարձ պոեզիայի 14.11. 2014-ի լիանիստին) / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
Սուրենին մեր մտերմիկ զրույցներում էի ասել՝ արձակի հետ ինչ արիր-չարիր,…
ՍԵՎ ՕՐԵՐԻ ՀԱՇԻՎԸ ԴԵՌ ՓԱԿՎԱԾ ՉԷ / Սամվել Կոսյան
Դեկտեմբերի 10-ը սև էր Թուրքիայի համար: Ստամբուլում «Բեշիքթաշ»- «Բուրսասպոր» ֆուտբոլային…
