ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
Հայաստանի գրողների միությունը և Սփյուռքը ծանր կորուստ ունեցան։ 97 տարեկան հասակում Գլենդելում իր մահկանացուն կնքեց մեծանուն բարերար Հրանդ Սիմոնյանը։ Նա տարիներ առաջ իր տիկնոջ հետ Կալիֆոռնիայի հայ գրողների միջավայրում ստեղծեց «Հրանդ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամը։ Այն աջակցության ձեռք մեկնեց Հայաստանի գրողներին՝ հիմնելով «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակաբաշխությունը, նաև աջակցում էր ՀԳՄ «Գրեթերթ» երիտասարդական պարբերականի գործունեությանը։
Իր երկարամյա աշխատանքի և գրական միջոցառումներին ու մրցանակաբաշխություններին աջակցելու համար Հրանդ Սիմոնյանն արժանացել է ՀԳՄ սահմանած «Գրական բարերար» կոչմանը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին։
Հրանդ Սիմոնյանը մշտապես կապի մեջ է եղել Կալիֆոռնիայի հայ գրողների միության և Հայաստանի գրողների միության հետ։ Նրա 90-ամյակի միջոցառման ժամանակ հայ գրողների անունից ջերմ խոսքեր հղեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Մեր շնորհակալական խոսքն ենք ասում Հրանդ Սիմոնյանին և իր բարեպաշտ կնոջը՝ տիկին Մանուշակին՝ մշտապես հայ գրողներին աջակցելու և նրանց կողքին կանգնելու համար… Արդեն բավական ժամանակ է, ինչ նրանք ամեն տարի հովանավորում են արձակի, պոեզիայի և հրապարակախոսության բնագավառում ստեղծագործողներին։ Մրցանակները օժանդակել են ժամանակակից գրականության ճանաչողությանը, ինչպես նաև հոգևոր ազդակ են տվել գրողին՝ նոր գրքեր հրատարակելու համար»։
Հրանդ Սիմոնյանի 90-ամյակին, հիշում եմ, ջերմ ու սրտաբուխ խոսքեր ասաց նաև Պողոս Գուբելյանը։
Թող լույս իջնի մեծանուն բարերար և հայրենասեր Հրանդ Սիմոնյանի պսակապատ գերեզմանին, թող նրա պայծառ հիշատակը հավերժ խնկարկվի մեր հիշողության մեջ։
Արծրուն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս