Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. «Մարդկության մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ պետությունների համար մշակութային ժառանգության պահպանումը կարևոր է ոչ միայն տվյալ հասարակության, այլև ամբողջ մարդկության համար: Փաստաթղթի էությունը մշակութային ժառանգության, հատկապես ճարտարապետական ժառանգության պահպանումն է, անկախ նրանց գտնվելու վայրից: Ադրբեջանն, ինչպես միշտ, ամենատարբեր պատճառաբանություններով շրջանցում է բոլոր այն կոնվենցիաներն ու միջազգային օրենքները, որոնք համահունչ չեն իր ահաբեկչական գործողություններին, շարունակելով արշավը Արցախի և ընդհանրապես հայկական քրիստոնեական ու հնագիտական մշակութային ժառանգության դեմ, փորձելով խաթարել ժառանգության իսկությունն ու պատկանելիությունը, Արցախի հողից վերջնականապես ջնջել հողի պատմական գոյաբանության հետքերը, քանի որ. «Ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական ջնջման եղանակով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի միջոցով»: Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ազերիների հանցավոր գործողությունները այլ բան չեն, քան եղերական ավարտին հասցնելու իրենց ավագ եղբոր դարերի երազանքը՝ աշխարհի երեսից ջնջել յուրաքանչյուր հայի և հայկականը: Ահաբեկչությունն ու մշակութային ցեղասպանությունն այսօր նրանց արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է, ըստ ազերիական տրամաբանության՝ չկա մշակույթ, նշանակում է հողը նրանցն է, ովքեր տվյալ պահին ապրում են այդ հողի վրա: Ինչ վերաբերում է պատմությանը, այն ավելին չէ, քան պլաստիլինը, որին մշտապես կարելի է ուզած ձևը տալ՝ արհամարհելով, թե աշխարհն ինչ կմտածի: Օգտվելով աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակից՝ շտապում են հնարավորինս արագ իրականացնել Արցախի հայաթափումը, ուժային մեթոդներին զուգահեռ, գործի դնելով շանտաժի ու կեղծիքի, սադրանքների և պատմության աղավաղումների ու նենգափոխումների հայտնի ու անհայտ հնարավորությունները, չմոռանալով իրենց վերահսկողության տակ անցած՝ Արցախի տարածքներում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման մասին: Դեռ մուտք չգործած Բերձոր՝ արդեն իսկ ծրագրել են տեղի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածել, անգամ նոր «կառույցի» մակետն են ներկայացրել, ըստ որի, վերացվում է եկեղեցու գմբեթը, փոխարենը առջևում երկու մինարեթների պատկերն է: Այդ առիթով Oxu.az-ը՝ հայկական կողմի քննադատությունները կանխելու և ազերիների ապօրինությունն արդարացնելու իր խմբագրականում, շտապել է խեղված մեկնաբանություններով և հակահայ քարոզչությամբ մոլորեցնել ոչ միայն հայ, այլև միջազգային հանրությանը: Ըստ կայքի՝ քանի որ հայերը Սուրբ Համբարձումը կառուցել են 1996-1998 թթ., իրենց կողմից օկուպացված տարածքում, ապա այն չի կարող օրինական կոչվել, առավել ևս, չի կարող պատմամշակութային ժառանգություն համարվել: Այնուհետև նույն խմբագրականում. «Ովքեր անկեղծորեն մտահոգված են պատմական և մշակութային հուշարձանների ճակատագրերին առնչվող Ադրբեջանի մշակութային քաղաքականությամբ, խորհուրդ ենք տալիս չանհանգստանալ: Ադրբեջանը հետագայում էլ կպահպանի իր տարածքում գտնվող մշակութային հուշարձանները, լինեն դրանք մուսուլմանական, քրիստոնեական կամ այլ կրոնների: Հայկական օկուպացիայի ժամանակ ամբողջ ավերակված, աղավաղված ու պղծված պատմական և մշակութային հուշարձանները կվերադարձվեն իրենց նախաստեղծ վիճակին: Ադեկվատ մոտեցումներ կձեռնարկվեն նաև Ղարաբաղի օկուպացված տարածքներում անօրինական կառույցների նկատմամբ: Այնպես որ, միջազգային կառույցները, որոնց դիմում են նախկին օկուպանտները, այդ օրինական քայլերը կասեցնելու ոչ մի հիմք և առիթ չեն ունենա»: Եվ սա այն պարագայում, երբ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է տագնապել հայկական հուշարձանների ճակատագրով, որի ներկայացուցիչներին ազերիներն այդպես էլ թույլ չեն տալիս մտնել Արցախ: Արդեն իսկ ոչնչացվել ու անարգվել են Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ Ժամը, Մատաղիսում վանդալիզմի ենթարկված Սուրբ Եղիշեն և այլն: Oxu.az-ի խմբագրականի հեղինակները կա՛մ անտեղյակ են, կա՛մ ձևացնում են, թե անտեղյակ են իրենց առաջնորդի հայտարարությունից, ով կոչ էր արել եկեղեցիներից հեռացնել հայկական արձանագրությունները, կա՛մ Ադրբեջանի ճարտարապետների միության տնօրենի բարբաջանքից, ում կարծիքով. «Արցախի բոլոր եկեղեցիները պետք է ավերվեն»: Այս տարվա փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարություններից անցել է գործնական քայլերի, հիմնելով «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», նպատակ հետապնդելով, այսպես կոչված, աղվանական ճարտարապետական հուշարձաններից մաքրել «կեղծ հայկական հետքերը»: Ակնհայտ է, որ նման գործողության նպատակը Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է, որից հետո ազերիները կլեգիտիմացնեն նաև Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ստացվում է, ազերիների մշակութային քաղաքականություն ասվածը հիմնականում, ամենաստոր միջոցներով, պարզապես արցախահայությանը սեփական հողի վրա ապրելու իրավունքից զրկելու ահաբեկչությունն է: Պարզվում է նաև, որ ազերիների համար պահպանում և ոչնչացում բառերն ընդամենը հոմանիշներ են: Լեհաստանի իրավագետ Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը փաստում է, որ ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, որոնք փաստագրված են: Մինչդեռ միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը և ցեղասպանական գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից: Նախիջևանի ճակատագիրը հուշում է, որ ազերիների վայրագությունները չզսպելու պարագայում եղերական պատկերը կրկնվելու է նաև Արցախում: Նախիջևանում՝ 1964-ից մինչ 1989 թվականը, նախիջևանագետ Արգամ Այվազյանը հասցրել է վավերագրել 89 հայկական եկեղեցի, 5840 նախշազարդ խաչքար և 22000 հորիզոնական տապանաքար: 2005-ին, շոտլանդացի հետազոտող Սթիվեն Սիմը՝ Նախիջևան այցի ընթացքում հաստատել է, որ Այվազյանի լուսանկարած միջնադարյան հայկական եկեղեցիներն այլևս գոյություն չունեն: Ազերիները 44-օրյա պատերազմից հետո ավելի կտրուկ են անցել՝ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, ռազմավարությանը: Ալիևի ուղերձը՝ իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի մասնակիցներին, այլ բան չէ, քան ազերիների հակահարձակման հերթական գործողություն: Ալիևը չի զլացել գանգատվել, որ Հայաստանը «գրավյալ» տարածքներում ոչնչացնում է մզկիթներ և իսլամական մշակութային հուշարձաններ: Կոնֆերանսի ընդունված ամփոփիչ հռչակագրում՝ առանց կոնկրետ փաստերի և ուսումնասիրությունների, բնականաբար, դատապարտվել է Հայաստանի կողմից պատմամշակութային հուշարձանների «ոչնչացումը»: Մինչդեռ իրականությունն այն է, որ ազերիների տարածած տեղեկությունները ոչ միայն չեն արտացոլում իրականությունը, այլև ներկայացվում են կեղծիքի ամենատարբեր փաթեթավորումներով, քանի որ իրականում թե՛ Արցախում և թե՛ նրան հարակից տարածքներում իսլամական պատմամշակութային արժեքները հիմնականում պահպանված են: Ներկայումս կանգուն են Շուշիի մզկիթները, Աղդամի մզկիթն ու դամբարանները, Խոջալուի գերեզմանները, Ֆիզուլիի մզկիթը և այլ հուշարձաններ: Թերևս դա է պատճառը, որ ազերիների բողոքները, որպես կանոն, զուրկ են կոնկրետությունից, ընդհանուր են, առանց տեղանունների հիշատակման և հուշարձանների մասին տեղեկատվության: Նրանց համար կարևորը աղմուկն է, և փորձում են աղմուկի մեջ լռեցնել ճշմարտության ձայնը: Ազերիների ամենամեծ խաղաթուղթը շարունակում է մնալ կեղծիքն ու շանտաժը և կմնա, քանի դեռ միջազգային կազմակերպությունները կարծում են, որ ճշմարտությանը կարող են պաշտպանել ընդամենը գունաթափ ու սնամեջ հայտարարություններով… Այդպես էր, երբ ահաբեկիչները քանդում էին Սիրիայի հնադարյան հուշարձանները, այդպես էր, երբ թուրքերը Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը վերածեցին մզկիթի, այդպես է ազերիների կողմից հայկական հուշարձանները պղծելու դեպքում…
Կարդալ նաեւ․․․
Վեթթինգ… անցումային արդարադատություն… լյուստրացիա…
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ Ի՞նչ է, եթե Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ չարձակեին,…
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ Առաջին. Հայաստանի Հանրապետությունը պետք է…
2022 թ. դեկտեմբերի 5-ից Լաչինի միջանցքը փակ է, Արցախը՝ շրջափակված…
Ալիսա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հերթական անգամ արցախցին հայտնվել է ծանր կացության մեջ։…