(Պատառիկներ Արտաշ դայու և Շուշան բաբոյի մայրամուտվող կյանքից)
ԴՐՎԱԳ 1
Արտաշ դային մի տարվա մեջ ուղիղ տասներկու անգամ ինքնիրեն մտմտում ու որոշում է. «Չէ՛, էս սարուշինացու հետ էլ ապրել չի լինի. որոշել եմ. վե՛րջ. բաժանվում եմ»:
Այսօր այդ օրերից մեկն էր: Պառկած տեղից վեր կացավ, մեջքը երկար-բարակ տնքոցով ուղղեց ու դիմեց հոնաչրի համար պտղի կորիզները հեռացնող Անդրունց աղջիկ Շուշանին.
– Որոշել եմ քեզանից բաժանվել: Գնա՛ հերանցդ տուն:
– Լավ ես արել, որ որոշել ես… Բայց ես վաղուց է՝ հերանց տուն չունեմ:
– Ես մեղավո՞ր եմ, որ չունես… Գնա՜…
– Մի ամբողջ կյանք տանջվել, տունուտեղ եմ դրել, որ օր ծերության չունեցածս հորական տան չեղած ճամփա՞ն ցույց տաս…
– Մենա՞կ ես տանջվել, որ երեսովս ես տալիս, էդ հոգսս քաշելդ, հագցնել-կերցնելդ աչքիդ երևո՞ւմ է…
– Չէ՛…
– Ի՞նչը չէ:
– Երեսովդ տալը «չէ՛», աչքիս երևալը «չէ՛»… Բայց որ բաժանվել ես ուզում, դիմի՛ր դատարան… Քո աշխատածիցդ դրածը՝ քեզ, իմը՝ ինձ…
– Մերդ չմեռնե՜ր…
– Չմեռնե՜ր…
– Որ մնար, ի՞նչ էր անելու:
– Հե՛չ…
Չարախնդաց… Լռեց… Ու մեկ էլ՝
– Քեզ բան ասել կլինի՞…
– Ուրեմն մի՛ ասա… Որոշել եմ. ասածներդ էլ կուլ չեմ տալու, պատասխանդ հետ եմ տալու. հերիք եղավ…
– Աչքերդ շո՞ւտ չեն բացվել:
– Չէ՛: Վաթսունհինգ տարի ուշացել են:
– Մերդ չմեռնե՜ր…
Շուշանը հոգոց հանեց ու դառնացած մրմնջաց ինքնիրեն.
– Չմեռնե՜ր… Լիներ… ու ասեր՝ քոռանամ քեզ համար, բալա՛ս…
Լռությունը, որ վերջին տարիներին ծերերի հետ ընկերություն էր անում, մի քանի օր իր ներկայության կարևորությունն զգալու հնարավորություն ստացավ:
ԴՐՎԱԳ 2
Քանի օր է՝ անսովոր խաղաղություն է. նման խաղաղությունից ինքը վախենում է. ասես ոչ էլ ապրում է. ասես «սոցիալական հեռավորությունը» իրենց տուն էլ է մտել… ու ինքը կարոտում է… կարոտում է կնոջ՝ լեզվակռվի վերածվող լեզվին տալուն: Սադրանք էր պետք: Գտավ:
– Աշխարհի հերն անիծեցին… «Յութուբներով», էն մեկի անունն ի՞նչ է… էն մեկի, էլի՛, որ հայերեն դարձրած՝ դիմատետր եք ասում. հա՛, հիշեցի՝ «Ֆեյսբուք»։ Ճի՞շտ արտասանեցի. վերջը, ինչ որ է, էդ երկուսը աշխարհը գլխիվայր շուռ տվեցին, կանանց էլ՝ հետը:
Պատասխանի փոխարեն խեթող մի հայացք:
– Դուրդ չեկա՞վ, ա՛ սարուշինացի. ո՞նց են ասո՜ւմ պրափեսրավարի… Հա՛, ասում են՝ ճշմարտությունը շատ դառն է: Ո՞նց դուրդ կգա, է՛…
Պատասխանն ուշանում է…
– Լռում ես, որ ի՛նչ… Քեզանից չէ, խոսի՛ր: Ասում էիր՝ էլ վե՛րջ. պատասխանդ հետ եմ տալու, փլա՜ն, փստա՜ն…
– Ո՛չ փլան, ո՛չ փստան… Ինչ ասելդ, ինչի համար ասելդ չեմ հասկանում:
– Խոսած տեղը պրափեսըր ես դառնում՝ դպրոց եմ ավարտել… էսքան-էսքան գիրք եմ կարդացել, երևանսկի մաքուր գրել-խոսել գիտեմ… Դե հասկացիր, է՛, ինչ եմ ասում: Բա որ դասատվությունդ է բռնում, պա՜հ-պահ-պահ… Քիչ է մնում ասես՝ խոսքիցդ նպատակի… էն անտերի անունը ի՞նչ էիր, է՛, ասում Աննայիս դաս սովորեցնելիս… Է՜, մեծացել եմ, մեծացե՜լ…
– Պարագա են ասում, պարագա… Էդ իբրև ջահել ժամանակ գիտեիր կամ հիշում էիր, էլի՛…
– Քոնն էդ է. խոսքը բերանիցս դուրս չեկած՝ բերանի՛ս եկ… Հա՛, թող քո ասած պարագան լինի… Չէի՞ր ասում՝ Աննա՛, խոսքիցդ էն անտեր պարագան բացակայում է… Էսինչը՝ ըսենց, էնինչը՝ ընենց,- մի պահ Արտաշ դայու հիշողությունը պայծառացավ, արթնացան այն օրերը, երբ ինքը Արտաշես էր,- բա որ կարդալիս էիր դիտողություն անում, թե՝ կոչականը էսպես հնչեցրիր-էնպես չհնչեցրիր, ու դերասանություն անելով՝ ինքդ արտասանում…- ասաց ու զարմացավ՝ էդ «կոչականը» ո՛րտեղից հիշեց:
Շուշանն էլ էր բան հիշել. մոռացավ, որ «կծելու» հերթը իրենն էր:
– Հիշո՞ւմ ես, որ Արամիս օգնում էի նախադասություններ գրել, ասաց. «Քո ասածները չեմ գրի. քո ստորոգյալների ցույց տված գործողությունները ինձ դուր չեն գալիս. ոնց որ աղջիկ գրած լինի. ես տղայի նախադասություններ կգրեմ»: Բալիս ջանին մատաղ. էդպես էլ տղամարդ տղա մեծացավ…- Շուշանի ուրախ հուշի վրայով ստվերի թև անցավ. հիշեց նաև տխուր պահեր ու ձեռքը տարավ թաշկինակին:
– Ո՞ւմ պիտի քաշեր… Հոր տղան է:
– Պա՛հ-պահ-պահ…
– Ա՛, ի՞նչ պահպահպահ, է՛, կարո՞ղ է իմ տղան չէ: Մի ամբողջ կյանք ա՛յ, էսպես բերանիս եկած ապրում եմ, էլի՛. դու՝ վարժապետ, ես՝ աշակերտ. հոգնել եմ. ինձ համար «վերջին զանգ» չկաաա՞…
– Չէ՛:
– Ի՞նչը՝ «չէ՛»:
– «Վերջին զանգդ»՝ «չէ՛»:
– Մերդ չմեռնե՜ր…
– Չմեռնե՜ր…
– Որ չմեռներ, ի՞նչ պիտի աներ:
– Հե՛չ. դաս տվողներիցդ մեկը ավել կլիներ:
– Յաաա՜…
– Ի՜նչ…
– Հե՛չ: Քեզ հետ խոսել կլինի՞…
– Դու էլ մի՛ խոսիր:
(«Էէէ՜, ասա ինչ գործ ունեիր է… Կարոտել էիր… Կարոտդ առա՞ր…»):
Լռությունը եկավ, մի ժամի չափ ծանրումեծ նստեց:
Արտաշ դային չհաշտվեց. լռելը պարտություն համարեց և որոշեց մտքի եղածն ասել, չպահել:
– Քեզանից շուտ պիտի բաժանվեի:
– Բաժանվեիր…
– Առիթ էի՞ր տալիս, որ բռնեի ու բաժանվեի:
– Է՛, ասեիր, որ առիթ է պետք, ստեղծեի:
– Առիթ լիներ՝ ջարդդ կտայի, էլ ինչու էի բաժանվում:
– Չհասկացա՝ ի՞նչն ես ափսոսում՝ որ առիթ չես ունեցել ջարդս տալու, թե՞ որ առիթ չես ունեցել բաժանվելու:
– Երկուսն էլ:
– Էլի չհասկացա:
– Էդ ե՞րբ ես հասկացող եղել որ… Քանի մեծացար, էնքան կարդացած գրքերդ ու էդ «յութուբների» քարոզները խելքդ կերան. ընտանեկան բռնությո՜ւն, հոգեբանական բռնությո՜ւն, փլա՜ն, փստա՜ն… Լեզու դրին բերաններդ… Էլ ձեզ հետ խոսե՞լ կլինի…
– Էդ ինձ հետ Դուք-ո՞վ ես սկսել խոսել:
– Չէ մի չէ, Դուք-ով… Թան էլ չէ, մածուն…
– Ի՞նչ կլինի որ…
– Մերդ չմեռնե՜ր…
– Չմեռնե՜ր… Չմեռներ ու տեսներ, ինչպես էն օրը մի խելոք կին էր հաղորդումով ասում, որ այս շատ փոխված աշխարհում ըստ էության բան էլ չի փոխվել. տղամարդիկ, ինքնակործանումից սարսափած, էլի մտածում են, թե աշխարհն է փչացրել կանանց:
– Պա՛հ-պահ-պահ… Հենց էդպես էլ պրափեսըր-պրափեսըր ասել է, դու էլ էդքանը հիշում, պրափեսրավարի ասո՞ւմ ես:
– Լսել եմ, ասում եմ. կարո՞ղ է կարծում ես՝ գլխումս հուշ չկա: Չնայած քո այդ բնավորության ձեռքին մի օր էդ էլ կկորցնեմ:
– Իմ ձեռքին չէ, է՛, էդ «Յութուբի» ձեռքին կկորցնես էլ, կգժվես էլ… Բերանդ լեզու դնողն էլ է էդ զահրումարը. անջատել եմ տալու, անջատե՜լ…
«Սոցիալական հեռավորությունը» մի առ ժամանակ իր դիրքերը բարելավեց:
Լռությունը սկսեց ձանձրանալ:
Արտաշ դային որոշեց դիրքերը մի քիչ թուլացնել, որոշեց Շուշանի հոգու նուրբ լարերին դիպչել: Տարավ ու բերեց, թե՝
– Վայ թե ես քեզանից շուտ մեռնեմ…
– Թեմա չունե՞ս…
– Յանի չես ուզում էլի…
– Չէ՛:
– Ի՞նչը «չէ՛»…
– Ինձանից շուտ մեռնելդ «չէ՛»…
– Մերդ չմեռնե՜ր…
– Համաձայն եմ:
– Ինչի՞ն ես համաձայն:
– Ասածիդ:
– Տասը բան ասացի… ո՞ր մեկին:
– Տասին էլ…
– Քեզ հետ խոսել կլինի՞…
– Հա՛:
– Ի՞նչը «հա՛»,- տարակուսեց զարմացած:
– Խոսելը «հա՛»:
– Բա ինչը «չէ՛»…
– Էլի սկսեցիր կռիվ փնտրե՞լ: Մտքինդ ի՞նչ է:
– Մտքինս էն է, տիկի՛ն ջան, որ խոստովանես, որ մեռնելս չես ուզում, որովհետև վախենում ես, որ ետևիցս քեզ կտանեմ:
– Մերդ չմեռնե՜ր…
– Յա՜, էս սկսել ես խոսքս բերանիցս առնե՞լ…
– Շուտ պետք է առնեի…
– Չէ՜, էդ «յութուբդ» անջատել պիտի տամ…
ԴՐՎԱԳ 3
Արտաշ դային գիշերը կարգին չէր քնել: Ինքն էլ չգիտի, թե գիշերվա որ ժամից էր սպասում լույսը բացվելուն: Մտքում մի քանի անգամ հասցրել էր իր համար հանգիստ քնած սարուշինացուց նեղանալ: «Ոնց էլ քնել է… Շատ պե՞տքն է, որ ես քնահարամ եղած՝ տեղումս պըպըլպապէլ եմ անում…»,- մտածում էր ու երբեմն-երբեմն սուտհազ անում, որ գոնե այդ ձևով կնոջ քունը խանգարի: Վերջապես հաջողվեց:
– Արտա՛շ, էդ ինչո՞ւ չես քնում:
Արտաշը կնոջ վրա ազդելու իր իմացած ձևով հոգոցանման հառաչեց ու ցավ քաշողի տնքոցով ծանրաշունչ տնքաց…
– Աչքդ ինձ կպել է. ոտքս էսօր շատ է ցավում:
– Գուցե եղանակի փոխվելն է «կպել»…
– Հազար տարի եղանակի փոխվելը ինձ «չկպավ», հիմա՞ կպավ…
– Մի էդքան տարի աչքս չկպավ… հիմա՞ կպավ…
«Դու մի էս սարուշինացուն նայիր, է՛, տնազս անելով էլ խոսում է… Բա ջահել չլինեի՞»,- մտածեց ու բարձրաձայն պատասխանեց.
-Ես ի՜նչ իմանամ. կարող է ջահել էի, չէի զգում:
– Դու չզգայի՜ր… Մերդ չմեռնե՜ր…
– Յաա՜, էլի խոսքս բերանիցս առավ էս կնիկը… Տե՛ր Աստված, ինձ համբերությո՛ւն տուր. մի տասը տարի էլ սրա հետ որ ապրեմ, հաստատ էն աշխարհը կգնամ:
Չնայած Շուշանի քունը փախել էր, միևնույն է, իրեն ամբողջովին արթնացած չէր զգում. մի քիչ էլ ցուցադրական հորանջեց, շրջվեց ու թե.
– Թող քնեմ, հա՛…
Արտաշի մեջ արթնացած Արտաշեսը զայրույթախառն նեղացավ ու որոշեց սարուշինացուն մի լավ «կծել» ու քունը վերջնականորեն փախցնել:
– Թե մայրս ու քույրերս ի՞նչդ էին հավանում… Լա՜վն է, սիրո՜ւն է, խելո՜ք է… Հիմա տեսնեին…
– Դու էլ չէի՞ր հավանում. ուշքդ էլ չէր գնում էլի…- Շուշանը անշրջվել պատասխանեց, ուրեմն պետք է «կծելու» չափաբաժինը ավելացնել:
– Խելք չունեի՜, խե՜լք… Հիմիկվա խելքս լիներ…
- Քոռանամ քեզ համար, 25-ն անց անչափահաս էիր…
– Ջահել էի, այդ ի՜նչ տարիք էր որ…
– Սպասեիր, մի քիչ էլ մեծանայիր…
– Լեզուդ ոսկոր չունի:
– Ուշ չէ, փնտրի՛ր, կարող է բախտդ ժպտա, ընդհանրապես անլեզու մեկը հանդիպի:
– Անլեզո՞ւ… Հերիք է, կուշտ եմ…
– Չհասկացա՝ ի՞նչն է հերիք, ինչի՞ց ես կուշտ…
- Մերդ չմեռնե՜ր… Դու չհասկացա՞ր…
– Չէ՛:
Զարմանալի էր. չհարցրեց՝ ի՞նչը «չէ՛»…
Աչքը կպել էր…
ԴՐՎԱԳ 4.
– Արևնեն կծեմ, տղերք են, էէէ՜…
– Առավոտ շուտ էդ ի՞նչ ես այփադս գրկել-նստել:
– Այփադսսս… տղադ չի ասե՞լ՝ երկուսիդ համար է:
(«Տղադ» ասաց, ուրեմն ինչ-որ բանից դժգոհ է):
– Հաա՜, լա՛վ, էդ ո՞ւմ արևն ես կծում:
– Բա, ասում ես այփադսսս… մի բա՛ց, նայի՜ր, լսի՜ր, տե՛ս ինչեր են կատարվում: Էն շան տղա թորքերը Տավուշին վրա են տալիս:
– Վո՜ւյ, քոռանամ, կռիվը սկսվե՞լ է:
– Կռիվ չէ, է՛, պատերազմ է, միջադեեե՜պ, բախուո՜ւմ… Կարծես պատերազմի գլխին պոզեր է լինում…
Զայրացած մոտեցավ պահարանին. մի բաժակ չխմի՞…
– Ծեգը ծեգին էդ ի՞նչ ես լսել, ա՛յ մարդ. ճնշումդ էս է կբարձրանա։
– Ջհանամին բարձրանա… Թե պիտի դրանից մեռնեմ, թող էսօր լինի… Առյուծ տղերքը տես՝ ի՛նչ են անում, էէէ՜: Բարձունքներ են հետ բերում. հասկանո՞ւմ ես՝ ինչ է դա… հերոսությո՛ւն է, հերոսությո՛ւն… Ես դրանց արևը կծեմ:
– Արտա՛շ, զոհեր կա՞ն…
Արտաշ դային խեղճացավ. սիրտը լցվեց, փուլ եկավ. լացաձայն ասաց.
Բա չկաա՞ն…- Հետո ինքն իրեն արագ ձեռքը հավաքեց (հին զինվոր է. իրեն խեղճանալը բա սազո՞ւմ է), թորքերը տասնապատիկ ավել են զոհեր տվել (տասնապատիկը դուրը չեկավ), քիչ ասացի. քսանապատիկ են ավել տվել. մերոնք ահագին էլ էն բաներից են օդում խփել, արևնեն կծեմ, առյուծի ձագեր են, ի՞նչ եմ, էէ՜, ասում, ի՜նչ ձագեր, առյուծ են, առյուծ: Բա Խաչատուրովի տղան… Առյուծից առյուծ կծնվեր. արևը կծեմ…
– Քոռանամ, քանի մոր սրտի ճրագ մարեց… Անիծվեն… կռիվն էլ, քո ասած պատերազմն էլ…
