«Չկա չարիք առանց բարիք» կամ «թաքնված օրհնություն» ասույթը, որը չինարեն հնչում է որպես՝ «Սայ Վըն շը մա, յէն ճը ֆեյ ֆու»1 (sՈi wēng shī mǎ, yān zhī fēi fՕ/ 塞翁失马,焉知非福), Չինաստանում շատ վաղուց արդեն դարձել է ամենատարածված և ամենասիրված ասույթներից մեկը: Բառացի այն թարգմանվում է «Ծեր մարդը կորցնում է ձին, արդյոք դա օրհնություն չէ՞»: Ավելի երկար տարբերակը հնչում է այսպես՝ «Ձիուց զրկվելը ոչ միշտ է չարիք, ձի ձեռք բերելը՝ ոչ միշտ բարիք» (塞翁失马焉知非福,塞翁得马焉知非祸): Այն երկու տարբերակով էլ օգտագործվում է:
Այս բարոյախրատական պատմության սկզբնաղբյուրը Լյու Անի կողմից կազմված «Խուա ՆանՁը» կոչվող ժողովածուն է (մ.թ.ա. մոտ 139 թ.): Հետագայում ժողովածուի մեջ ընդգրկված այս փոքրիկ պատմությունը ենթարկվել է տարբեր վերամշակումների, վերածվել նաև ասույթի: Հայ ընթերցողներին եմ ներկայացնում «Ծեր մարդու կորած ձին» (Սայ Վըն շը մա / sՈi wēng shī mǎ -塞翁失马) առակը2:
***
Հնում Հյուսիսային սահմանների մոտ ապրելիս է լինում մի մարդ, որ կարողանում էր բուծել շատ լավ ձիեր: Բոլորը նրան կոչում էին Սայ Վըն: Մի օր Սայ Վընի ձիերից մեկն ախոռից փախչում է ու գնում-հասնում սահմանի մոտ գտնվող Խու ցեղի բնակավայրը: Հարևանները հենց իմանում են այդ լուրը, շտապում են մխիթարել Սայ Վընին, որ նա շատ չտխրի ձիու կորստի համար: Սակայն Սայ Վընը բնավ էլ տխուր չէր, այլ ժպտալով պատասխանում է.
– Թեև իմ ձին անհետացել է, սակայն դա դեռ չարիք չէ:
Մի քանի ամիս հետո այդ նույն ձին, որ փախել էր, վերադառնում է՝ իր հետ բերելով Խու ցեղից մեկ այլ շատ ընտիր տեսակի ձի: Հարևանները, լսելով այդ մասին, հերթով շտապում են Սայ Վընի մոտ՝ շնորհավորելու նրան: Սակայն Սայ Վընը, ընդհակառակը, հոնքերը կիտելով, ասում է նրանց.
– Պատահական կերպով եկած այս ընտիր ձին, վախենամ, այնքան էլ բարիք չէ:
Սայ Վընն ուներ մի որդի, որը շատ էր սիրում ձի հեծնել: Մի օր տղան հեծնում է Խու բնակավայրից եկած ձին և անզգուշաբար ընկնելով՝ կոտրում ոտքը: Հարևանները նորից վազում են Սայ Վընի տուն՝ նրան մխիթարելու, սակայն զարմանում են, երբ նա անտարբեր կերպով ասում է.
– Չնայած իմ տղան կոտրել է ոտքը, բայց, ո՞վ գիտե, գուցե դա բարի է:
Հարևանները, ապշած նրա խոսքերից, մտածում են, թե Սայ Վընը վշտից խելքը թռցրել է:
Շատ չանցած՝ Խու ցեղը նրանց դեմ պատերազմ է սկսում: Բոլոր երիտասարդ տղաները կանչվում են բանակ: Նրանց մեծ մասը զոհվում է պատերազմի դաշտում՝ արագաշարժ ու դաժան Խու զինվորների ձեռքից, իսկ Սայ Վընի տղան, ոտքը կոտրած լինելու պատճառով, չի կանչվում բանակ՝ այդպիսով փրկելով կյանքը: Միայն այդ ժամանակ են հարևանները հասկանում, թե այն օրը Սայ Վընի ասած խոսքերի տակ ինչ իմաստություն էր թաքնված:
Մեր կյանքում կան շատ բաներ, որոնք նախասահմանված են: Նույն բանը կարող է լինել և՛ օրհնություն, և՛ անեծք, միշտ չէ, որ կարելի է միանշանակ դատել՝ այն բարի՞ք է, թե՞ չարիք: Ընդհակառակը, պետք է թողնել, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով. հանդիպելով բարեբախտության՝ չպետք է չափազանց ինքնագոհ դառնալ, իսկ դժբախտության ժամանակ չպետք է հիասթափվել, այլ՝ խնդրին նայել սթափ:
—————————-
- Չինարեն՝ sՈi wēng shī mǎ , yān zhī fēi fՕ /
塞翁失马,焉知非福:
- Այս առակն ունի իր ավելի կարճ տարբերակը, որի բովանդակությունն ամբողջովին նույնն է, միայն այն տարբերությամբ, որ կարճ տարբերակում բաց են թողնված մի շարք տեղեկություններ: Օրինակ, կարճ տարբերակում չենք հանդիպում Սայ Վըն անվանը:
Թարգմանությունը չինարենից՝
Աննա ԱԴԱՄՅԱՆԻ