ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ – 160 *

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔ» գրքից
ԱՆԳԻՆ Է ԿՅԱՆՔԸ
Գիտեմ, կցնդի ի վերջո կյանքի տեսիլքը հրաշք,
Եվ վերջին քունը կիջնի ծանրացած կոպերիս վրա։
Սակայն, ինչպես միշտ, գիշերն աստղազարդ կգա վերստին,
Եվ տիեզերքում արթնացող այգը իր ճաճանչափայլ գահին կնստի։
Կշարունակվի կենաց խաղն էլի այս աստվածընծա աշխարհին ի սեր,
Եվ մարդիկ միմյանց կտուրների տակ դարձյալ կցնծան, ցավեր կկիսեն…
Այսպես եմ այսօր աշխարհին նայում,
այս խոկումներն են հմայում ահա,
Եվ տիրակալ է դարձել իմ հոգուն հետաքրքրության ծարավը անհագ…
Ոչինչ ոչ մի տեղ ոչնչություն չէ,– և ես զգացի,
հասկացա հանկարծ,
Որ թանկ է հողի ամեն մի թիզը, ամեն մի գուղձը և պտղունցն անգամ,
Աննկատելի ամեն փոքրություն, մինչև իսկ կյանքը միջատ-մրջյունի,
Մինչև իսկ հոգին անշոշափելի, որ միևնույն է,
իր գինը չունի։
Անգին է ամենն, ինչ ունեցել եմ, ինչի հետևից վազել՝ չեմ հասել,
Ինչը մերժել եմ ինչ-որ ժամանակ և ինչը տեսնել չեմ կարողացել։

ԿԻՆԸ
Հողեղե՜ն չես միայն և ո՛չ միայն Աստծու ստեղծածն ես, օ՜, կին,
Գեղեցիկի տենչով վերստեղծում է քեզ
տղամարդու հոգին։
Բանաստեղծները քեզ մտքի շղարշով են
զուգում ու զարդարում
Եվ քո քղանցքներին մետաֆորի ոսկե թելիկներ են վառում։
Նկարիչները քո զարմանալի՜ մաքուր վեհությունը վերին
Անմահության անեղծ շողերո՜վ են օծում
իրենց կտավներին։
Ի՜նչ զգլխիչ բույրեր, ի՜նչ ներկեր են բերում, որ դու լինես թովիչ,–
Որքան ոսկի՜՝ հողից, որքան մարգարիտնե՜ր՝ խորխորատից ծովի,
Որքա՜ն բզեզիկներ, որ արյունով նրանց ոտնաթաթդ ներկես,
Եվ ծաղիկնե՜ր որքան, որ վարսերիդ հյուսես ու նրանց պես երգես։
Եվ ծածկելու համար շառագույնդ շքեղ դիմաքո՜ղ են հինել,
Որ հա՜ր խորհրդավոր, անմատչելի՜ մնաս ու տենչալի՜ լինես։
Բայց հրերում կրքի ուրի՜շ փայլ է իջնում քո կանացի տեսքին,–
Դու՝ հավիտյան կես-կի՛ն ու կես-ցնո՜րք ես, կի՜ն։
«ՓՇՐԱՆՔՆԵՐ» գրքից
***
Սրտնեղությունից որդը հայհոյեց.
«Ստո՛ր ես դու, հող»։
Եվ բանաստեղծը սաստեց զայրույթով.
«Ի սեր Աստըծո, հայհոյանքդ թո՛ղ,
Ծնվել ես հողից, ապրում ես հողում,
Հողն է քեզ սնում, ապերա՜խտ սողուն»։

***
Ամբարտավան այս եղեգի՜ն հապա նայեք.
Լճին ցողի մի կաթի՜լ է սա ընծայել։

***
Անապատը գովքն էր անում գլխին կիտված ամպերի.
«Ինչո՞վ պիտի հատուցանեմ ողորմությունն այս վերին»։
Եվ ամպերը, ի տրիտուր, շփշփոցով ցնծալի
Անձրևեցին. «Ընծայելո՛ւ երջանկությունն ընծայիր»։

***
Գովքն ու փնովքը բանաստեղծի մոտ ելան – գնացին.
«Ո՞վ է մեզանից թշնամին և ո՞վ՝ բարեկամը քո – գաղտնիքդ բացիր»։
Բանաստեղծն ասաց. «Ոչ մի գաղտնիք էլ, ճիշտն ասած, չկա,
Դուք երկուսով էլ թշնամի եք ինձ և ինձ բարեկամ»։

***
Արեգակը գանգատ արեց՝ հոգնած լուտանք – անեծքներից.
«Ինչպե՞ս անեմ, որ բոլորին լինեմ հաճո,– ասացե՜ք ինձ»։
Աստված լսեց ու դառնությամբ խորհուրդ տվեց.
«Թո՛ղ երկինքը ու քեզ համար
Մի գործ գտիր փոքր ու հարմար»։

***
Ճակատագրին հարց տվի մի օր. «Այդ դո՞ւ չես միթե,
Որ անգթորեն մտրակում ես ինձ – քշում դեսուդեն»։
Եվ նա ինձ վրա քմծիծաղելով, իր խռպոտ ձայնով շշնջաց ծածուկ.
«Քո անցյա՜լն է քեզ այդպես հալածում»։

«ԱԿՆԹԱՐԹ» գրքից
ԿՐԻՇՆՈԿՈԼԻՆ
Կրիշնոկոլին՝ գյուղի վերին թաղամասից՝
Ասես վիթ է վայրի, աչքերի մեջ՝ հրեր։
Ում հարցընես՝ ո՞վ է, Թխուհին է, կասի։
Ես անունը նրա Թուխ ծաղիկ եմ դրել։
Մի օր տեսա նրան առանց գլխաշորի,
Երբ բրնձի դաշտն էր ելնում մոտիկ ձորից։
Թխամա՞շկ էր։ Գուցե։ Միայն մի պահ տեսա։
Լոկ աչքերը տեսա։ Աչքերում ահ տեսա։

Երկինքն ամպեց դանդաղ, մռայլադեմ դարձավ,
Բառաչեցին երկու սևաբղետ կովեր,
Թուխ ծաղիկը վազեց, վազեց՝ մազերն արձակ,
Հասավ, շոյեց նրանց, նայեց երկինքն ի վեր,
Ցասկոտ իր հոնքերի աղեղները լարեց,
Եվ ոռնացին խոցված ամպերը կապարե։
Թխամա՞շկ էր։ Գուցե։ Միայն մի պահ տեսա։
Լոկ աչքերը տեսա։ Աչքերում ահ տեսա։

Հետո վազեց, եկավ հողմը արևելյան,
Եվ բրնձի դաշտում հողմավարի պարեց։
Ամայացավ շուրջս։ Ե՛ս մնացի միայն։
Նա ամպրոպից առաջ տուն էր աճապարել։
Մեզնից բացի ովքե՞ր, կամ ի՜նչ իմանային,
Թե երբ կողքովս անցավ, ինչպե՜ս նայեց նա ինձ։
Թխամա՞շկ էր։ Գուցե։ Միայն մի պահ տեսա։
Լոկ աչքերը տեսա։ Աչքերում ահ տեսա։

Գարնանն այդպես ամպերն իրենց սևմուր ծոցից
Անձրևներ են հեղում, արցունքի պես իստակ։
Այդպես ստվերներն են խաղում պահմտոցի
Եվ գիշերով անտառն առնում փեշերի տակ։
Այդպես անակնկալ մուսսոնները տամուկ
Սրտերի մեջ պապակ ցնծություն են քամում։
Թխամա՞շկ էր։ Գուցե։ Միայն մի պահ տեսա։
Լոկ աչքերը տեսա։ Աչքերում ահ տեսա։

Ես անունը նրա Թուխ ծաղիկ եմ դրել,
Գյուղացիք թող կոչեն, ինչպես կկամենան։
Տագնապահար վիթի այն աչքերը հրե
Տեսա տաղտուկ մի օր, երբ դաշտի մեջ՝ մենակ,
Գլխաշորը նետել, աղեղները լարել
Եվ նշան էր բռնել ամպերին կապարե։
Թխամա՞շկ էր։ Գուցե։ Միայն մի պահ տեսա։
Լոկ աչքերը տեսա։ Աչքերում ահ տեսա։

«ԳՐԵՐ» գրքից
***
Նավը բեռան ներքո օրվա դարդուցավի
Պիտի սուզվեր – կորչե՜ր կյանքի խորխորատում,
Երգս թեթևաթև թևե՜ց – իջավ նավին,
Եվ նա հիմա հանգի՜ստ ալիքներն է հատում։

***
Աստված ուզում է տաճարն իր տեսնել՝
կառուցված սիրուց ու կարեկցանքից,
Իսկ մարդիկ, ահա, խոնարհվում Աստծուն, քարո՜վ են շարում պատերը վանքի։
***
Գարուն։ Տաճարի բակը՝ լեցուն
Մանկանց աղմուկով, ծափ-ծիծաղով։
Մոռացած ձայներն աղոթքների՝
Աստված տարվել է նրանց խաղով։

***
Հաճույքներ է փնտրում
Ամպերի մեջ լեռը,
Ախր նա ի՞նչ գիտի,
Թե ինչ բան է սերը։
Լեռան ոտքերն ընկած՝
Հառաչում է գետը
Եվ չի գտնում լեռան
Սրտի արահետը։

***
Օ՜, ոչ մի բան մեզ չի բերում այնքան չարիք,
Որքան լուծը հեզահամբույր,
«անշահադետ» բարերարի։

«ՆՈՐԻՑ» գրքից
ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ
Այն օրերից ի վեր, երբ Հիսուսը մահվան սկահակում,–
Հանուն աղմկագոչ անկոչների,–
Դրեց անմահությունն իր հալածված հոգու,
Արդեն տարիներ են անցել հարյուրավոր:
Նա իր հավերժական կացարանից այսօր
Մի կարճ ժամանակով իջավ աշխարհն ունայն
Եվ վերստին տեսավ մոլուցքը հնամյա,
որ խոցել էր իրեն.
Տեսավ դաշույնը նենգ, տեգը ամբարտավան
Եվ կեռ յաթաղանը տեսավ վայրագ.
Ծուխ ու մխով լեցուն գործարաններ
տեսավ հսկայական,
Ուր ծայրերն են սրում և սայրերը դրանց,
Շուրջը՝ կայծեր սփռող սրաքարերն
անդուլ ու անդադար:

Ափիբերան մնաց, ոճրագործի ձեռքին շողշողացող
Մի նոր նետի տեսքից սահմռկելի,
Որի երկաթակոփ մարմնի վրա քուրմը
Իր անունն էր քերծել եղունգներով:
Այնժամ Քրիստոսը կրծքին սեղմեց ափերն ու հասկացավ,
Որ պահերը մահվան վախճան չունեն,
Եվ գիտությունը նոր նիզակներ է կռում,
Որ մխրճվում են իր հոդերի մեջ,
Եվ այն մարդիկ, ովքեր խաչ հանեցին իրեն,
Տաճարի մութ ու խուլ անկյուններում անձայն ծպտվելով,
Շատացել են անչափ ու բազմանում են դեռ,
Եվ տաճարի բեմից լսելի է ձայնը նրանց աղոթքների`
Հղված մարդախոշոշ մարտիկներին.
«Սպանեցե՜ք անդուլ, սպանեցե՜ք»:
Եվ երկնքում հնչեց կանչը մարդու որդու.
«Արդարադա՜տ աստված: Մարդկա՜նց աստված, ասա՛,
Ինչի՞ համար, ինչո՞ւ ինձ լքեցիր»:

*Ներկայացվող գործերը այլ հեղինակների կողմից թարգմանված չեն եղել:
Թարգմանությունը՝ Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն