Երբ փոքր էի, մոտավորապես 10-11 տարեկան, լսելով Սիքստինյան Մադոննա, կարծում էի Սիքստինյանը Մադոննայի ազգանունն է, և նա հայուհի է։
Երեխան գրկած մանկամարդ կինն այնքան մայրական էր նայում՝ փաղաքուշ մտահոգությամբ, որ մտքումս նմանեցնում էի մորս, որն ամեն օր հետևում էր ինձ և զսպում իմ ֆուտբոլային գժությունը, ծառ բարձրանալու մոլուցքը, Սարի թաղի գաջագույն բլուրներից թռչելու խիզախ անմտությունը և շատ այլ մանկապատանեկան (հիմա ավագ տարիքիս մարդուն բավականին անհեթեթ թվացող) խելառություններ, որոնք շատ էլ սովորական էին թվում ինձ և պարտադիր, քանզի կարդում էի պատմական վեպեր ու հերոսական արարքների մղում էի զգում։
Չգիտեի, որ մայրս, ինձնից առաջ չորս տարեկան տղա է կորցրել, և իմ անկառավարելի վարքը նրան ստիպում է խրատելով, վերջապես մեկ-մեկ ծեծելով փորձել ինձ ետ պահել հանկարծ հաշմանդամ դառնալու, մեռնելու վտանգներից։ Երբ տեսնում էր ոչինչ չի օգնում, նստում ու լաց էր լինում։ Ապա քրթ կտրում էր լացը (նա շատ ամուր կամք ուներ և փխրուն սիրտ) ու համոզիչ ասում.
– Ա՛յ տղա, դու սրտի արատ ունես, տեղդ տիտիկ արա։
Ահա այս մայրական արցունքների միջով էի նայում…
Չէ՛, ճիշտ չէ, այդ ժամանակ չէի պատկերացնում, որ նկարիչները Աստվածամայր ու մանուկ Հիսուս պատկերելիս հաճախ Քրիստոսի խաչելության տանջանքների թանձր արտահայտչականությունն էին գերադասում և՛ Աստվածամոր տխրագին հայացքում, և՛ մանուկ Հիսուսի աչքերում։
Այս տողը գրելիս ընկավ ակնոցիս ձախ կողմի ապակին, գրիչս թողեցի և, զայրանալու փոխարեն, մտքովս անցավ՝ գուցե սա կապ ունի գրվածքը ժամանակավոր ընդհատելու և վերստին ծանոթանալու «Սիքստինյան Մադոննա» խորհրդավոր նկարի բազմաշերտությանը։ Ամեն դիպված, իմ կարծիքով, ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն, սակայն միշտ հնարավոր է ոչ մեծ դժվարությամբ բացասականի մեջ գտնել դրական ակնարկը, որն ամենայն հավանականությամբ հուշում են ենթագիտակցությունդ և քեզնից դուրս գերբնական կամ պարզ բնական ուժերը։ Ներս ու դուրսն այս միջակայքում ներդաշնակվում են և գործում միացյալ։
Ակնոցի ապակին երրորդ անգամ է ընկնում, և սա այնքան էլ մոգական գաղտնիք չի պարունակում, պարզապես պիտի դիմել վարպետի, իսկ ծուլությունը հաղթահարել թելերով ակնոցի ապակին ու շրջանակը ձգելու ինքնագործունեությամբ, պարզ միջոց է ստեղծագործելու պահին, այսքանը, ոչ մի գաղտնիք։ Էլի անցա արհեստավորչության, և ակնոցը ևս մի քանի օր կծառայի նվաստիս։
Երկար տարիներ տարբեր ալբոմներում դիտել եմ նկարը և ոչ մի անգամ չեմ տարբերել կաթնաթույր ֆոնը շնչավորող, հազիվ նշմարելի մարդկային կերպարները, նրանց շուրթերը բամբասկոտ շշնջում են, աչքերը պղտոր նայում Աստվածամորն ու Մանկանը։ 1988 թվականի գարնանը Դրեզդենում էի, փորձեցի գնալ ու տեսնել իմ սիրելի նկարը, սակայն թանգարանը նորոգվում էր ու փակ էր։ Տարիներ անց նկարչի ստեղծագործություններից տեսել եմ Վատիկանի պատկերասրահում։
Հայտնի է, որ Մադոննայի նախատիպը Ռաֆայելի սիրուհին է եղել, Ֆորնարինան, որը երբեմն դավաճանել է նրան, այսպես է գրվում, ճիշտ է, չեմ հավատում, քանզի նման երիտասարդին, որին Հռոմում արդեն անվանում էին divino Pittore (աստվածային նկարիչ), դավաճանելը արվեստասերներիս համար աններելի է։ Եվ մեր դեմքերն էլ ավելանում են կաթնաթույր, կասկածամիտ, պղտոր ֆոնի պատկերաշարում։ Ո՞վ կմոռանա, որ ժամանակակիցները Մարիամին էլ են կասկածել դավաճանության մեջ՝ տարեց ամուսնուց ի՞նչ հղիություն, ի՞նչ Սուրբ Հոգի…
Առանց բամբասանքի ապրելը դժվար կենցաղ էր հնում, հիմա և, համոզվում եմ, նաև ապագայում։
Այս նկարի ֆոնը հավերժ կներկայացնի Մեծ բամբասանքի ուժը, և, ինչքան գիտեմ, սա եզակի նկար է, որում առօրյա շշուկաչարախոսությունը արժանացել է հավիտյան գոյատևելու բարձր պատվին՝ ի նշան մարդկային անմեռ, ամոթալի վարքի։ Լսո՞ւմ եք ինչ են փսփսում այդ գորշ դեմքերը՝ Ռաֆայել, քեզ կկործանի Ֆորնարինայի գեղեցկությունը… նա հիվանդ է… դու կմեռնես վեներական ախտերից…
Նկարիչն ի՞նչ է արել, որ մենք կտրվենք չարակամ շշուկներից ու վեցմատնանի սրբազան Սիքստի (հաշվեք աջ ձեռքի մատները) հետ վեր նայենք՝ նա կանաչ ծանր վարագույր է պատկերել, որ բաժանում է կենցաղը Աստվածային իջվարումից, վարագույրի խնամքով բացված լայն ճեղքից, երկնային տիրական բարձունքից թեթև իջել են նրանք՝ Մադոննան ու Մանուկը։ Մայրը նշխարի պես մեզ է մատուցում նրան։
Գլխաշորի թույլ ծփանքը կամարում է Աստվածամոր մաքուր, առավոտյան ցողի պես հմայող դեմքը, որից ուղիղ մեզ են դիտում գառնուկի պարզ ու մտահոգությունը չկոծկող (նկարչության մեջ, իմ կարծիքով, հավասարը չունեցող) կենդանի, կանացի, թրթռուն աչքեր։
Նրա աջ թևին հենված Մանուկի ձախ աչքը իսկը կրկնում է Մոր աչքերի արտահայտությունը, իսկ աջ աչքը, որ երեխային ու, թերևս, ողջ նկարին հաղորդում է ուրիշ էություն՝ վստահ, լայն բացված, դիմացինին հավատ ներշնչող, ոչնչից չընկրկող Աստվածային տեսողության լույս։ Մանուկն այդ աչքով վերստին ապացուցում է գիտնականների այն հաստատումը, թե մարդու, երևի նաև կենդանական աշխարհի, գուցե նաև բույսերի, դեմքի մի կողմը՝ մայրական, մյուսը հայրականն է։
Թույլ տրվի ասել՝ Մանկան դեմքի աջ կողմը Սուրբ Հոգուց է, աջ աչքը՝ վկա, ձախ աչքը՝ մայրական՝ մարդկային ջինջությամբ ու մտահոգությամբ։ Նկարչի մայրը վաղ էր մահացել, Ռաֆայելը կարոտ էր մայրական գգվանքի։
Հիսուսն էլ մանուկ է, սակայն խիստ մեծական, խոսքիս մեջ մեծ-ը և՛ տարիքային, և՛ հոգևոր իմաստով։
Սիքստի (որն հետո ընտրվեց Հռոմի պապ) աչքերը չեն երևում, խոնարհված են Սուրբ Վարվառայի աչքերը։
Իսկ ահա նկարից դուրս և վեր են նայում երկու հրեշտակ։ Նրանց աչքերը տեսածից տագնապահույզ են։ Ի՞նչ են տեսել։ Նրանք դիտել են մեզ չերևացող այն պատկերը, որը փակցված է դիմացի որմին, և ասում են՝ Խաչելության նկար է։
Չեմ կարող ասել այդպե՞ս է, թե՞ ոչ։ Բայց հրեշտակներն այն մանուկների ոգին են կրում, որոնք նայում էին Մադոննայի նախատիպի, այսինքն՝ Ռաֆայելի սիրուհու վաճառական հոր խանութի ցուցափեղկի ետևի բուլկիներին։
Հրեշտակ են՝ սովից ու տեսածից ահաբեկ երեխայական ու միաժամանակ համամարդկային աչքերով։
Ես չեմ նկարագրի Ռաֆայելի կերպարների հագուստների գույները, գործվածքների որակը, բազմաշերտությունը, լույսի և ստվերի նրբագույն ներդաշնակումը, նաև մերկ հրեշտակների և Մանկան նմանությունն ու աննմանությունը (աջ աչքը)։
Կանաչ վարագույրի բացվածքի եզրերով գծեր եմ իջեցնում՝ շոշափելով սրբազան Սիքստի մեջքը, իսկ մյուս կողմից շոշափելով Սուրբ Վարվառային, և ի՞նչ եմ տեսնում, գուցե մեկ ուրիշն էլ միանա ինձ՝ նմանադիտությամբ, երևում է տաճարի գծագիր, մեջտեղում՝ լույսի սյան մոգական դյութանքով Աստվածամոր գեղուղեշ հասակն ու գրկի նույնքան մոգական Մանկան անտարիք, անժամանակ խորհուրդը։
Է՜հ, Ռաֆայե՛լ, ոչ ոք չի կարող ասել քո անասելին, տվել ես այնքան նշան, որքան կարելի է մեզ այժմ և հավիտյան։
Ուղիղ 500 տարի առաջ, ապրիլի 6-ին (քո ծննդյան 37 տարեկանում) կնքեցիր մահկանացուդ Հռոմում, որի դարավոր արժեքների պահապանն էիր, կառուցվող Սուրբ Պետրոս տաճարի շինարարության հսկիչ ճարտարապետը, և հողին հանձնվեցիր փառապանծ Հռոմի մեծերի պանթեոնում։ Տերը քեզ հետ։
Շեշտեմ, իմ նպատակը չէր վերապատմել նկարը, ասվեց այնքանը, որքան տրվեց իմ զգայությանը և մտքին, մնացյալը տպվել է հոգու աննկարագրելի, անշրջանակ կտավին՝ հյուսված Աստծո, մարդու, հրեշտակների ոսկեղենիկ թելերից։
Հա՛, մեկ էլ ասեմ, որ քո նկարը դյութել է Պուշկինին (նկարին հավերժ հանդիսատես լինելու փափագ է հայտնել), Տոլստոյին, շատ մեծերի, իսկ Դոստոևսկին իր սենյակի պատից է կախել արտատպությունը, նայել, նայել չգիտեմ ի՞ր, թե՞ հորինած հերոսների, ասենք՝ իշխան Միշկինի կամ Կարամազով եղբայրներից կրտսերի աչքերով։
Գուցե երբեմն՝ Ռասկոլնիկովի՞։
Պատմվածքի գեղեցիկ ավարտը լրիվ գործի խտացած պատկերն է։
Վերջակետ։ Երկու կետ, երկու Աչք։
