Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի անցյալ տարվա չորրորդ համարը: Հանդեսը բացվում է գլխավոր խմբագիր Լիլիթ Հովսեփյանի` Հայաստանի գրողների միության 85-ամյակին նվիրված շնորհավորանքով: ՀԳՄ հոբելյանին է նվիրված նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համառոտ խոսքը: Այնուհետև ներկայացված են տարբեր տարիներին ՀԳՄ-ն ղեկավարած գրողները: Դրաստամատ Տեր-Սիմոնյան (1934-1937), Նաիրի Զարյան (1944-1946), Ավետիք Իսահակյան (1946-1957), Էդուարդ Թոփչյան (1959-1975), Վարդգես Պետրոսյան (1975-1988), Հրաչյա Հովհաննիսյան (1988-1990), Վահագն Դավթյան (1990-1994), Ռազմիկ Դավոյան (1994-1996), Հրանտ Մաթևոսյան (1996-2001), Լևոն Անանյան (2001-2013):
Արձակի բաժնում ներկայացված են Հրաչ Բեգլարյանի «Սարյակի պատուհանը» վիպակը, Գևորգ Գրիգորյանի «Հերթական այցը Ֆեմիդային» և Մարիանա Պէրթիզլեան Ղազարեանի «Քելէր ցոլէր» պատմվածքները: Տպագրվել է նաև Գրիգոր Ջանիկյանի «Հայաստանը Հայաստանում է միայն» խոհագրությունը:
Պոեզիայի խորագրի տակ տեղ են գտել Կլարա Պողոսյանի, Մարինա Գևորգյանի, Երվանդ Պետրոսյանի բանաստեղծական շարքերը, ինչպես նաև Ջաո Սիի, Պավել Գրուշկոյի, Գեննադի Այգիի բանաստեղծությունները` Շանթ Մկրտչյանի թարգմանությամբ: Գրախոսություն բաժնում հրապարակվել է Էդուարդ Մկրտչյանի «Բանավեճի ընթացքը և ամփոփումը» ծավալուն հոդվածը:
