ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նորայր Գրիգորյան

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՇՈՐԵՐ
Սահմանադրությունից ինձ շորեր կարեցի,
Թղթե շորեր՝ սև տառերով,
Գլխատառերով:
Քայլեցի փողոցով.
Գարուն էր:
Տառերը խունացած
Կպան մարմնիս:
Իմ ետևից գալիս էին մարդիկ,
Կարդում մարմնիս անհասկանալի
Արտահայտությունները:
– Այսքան դաջվա՞ծք,- զարմացավ մեկը:
– Քանի՞ պատժաժամկետ է կրել,-
Հարցրեց մյուսը:
Ու փախան, հերթով փախան:
– Ողջ մի կյանք,-
Ասացի ես կույրին,
Որն անտեղյակ էր
Այս պատմությանը,
Եվ ձեռքը պարզած՝
Մանրադրամ էր խնդրում
Փախչող մարդկանցից…

ՓԱԿ ԴՌՆԵՐ
Շունը սատկել էր շեմին:
Նրա ոսկեգույն մազերը
Ծածկել էին կանաչ սիզախոտը:
Տան պատուհաններին
Բազմապատկման նշաններ էին դրված:
Փոշոտ ճանապարհով
Անցել էր զիգզագ
Նկարող մի սողուն՝
Պոչի վրա մանկան հայացք,
Որ մի օր ծակել էր
Բազմապատկման նշան
Չունեցող ապակիները:
Տունը հայացքը պահում էր
Իր մեջ:
Շան աչքերը բաց էին,
Կարծես կատաղած
Բազմապատկման նշանների համար:
Քամին քսվում էր սիզախոտին,
Լուսնահաչ տալիս շան փոխարեն…

ՄԻ ՊՈՒՏ ԱՇՈՒՆ
Ես մի պուտ աշուն հանեցի
Աչքերիս միջից, և տարին ծերացավ:
Ես փողոցները մաքրեցի ձյունից,
Եվ աշունը դեղին անեծք թափեց
Մազերիս վրա:
Ես փորձեցի մոտենալ գարնանը,
Բայց ձնծաղկի բույրն ինձ շպրտեց
Մի տարածություն, ուր ավազների մեջ
Փշեր ու փշերի մեջ
Ավազներ էին աճում:

Ես փորձեցի իմ գլխավերևում
Երկինք գտնել,
Սակայն հրեշտակը մի բուռ արև
Շաղ տվեց աչքերիս մեջ:

Ես կուրացած աչքերով
Սկսեցի գունավոր երազներ տեսնել,
Որոնք հորինել էր մի աղջիկ
Այն ժամանակ,
Երբ ես դեռ աչքեր ունեի:

ԾԱՌԸ ՔԱՅԼՈՒՄ ԷՐ ՓՈՂՈՑՈՎ
Ծառը քայլում էր փողոցով:
Նա գիշերվա իր երազն էր պատմում
Պատահական անցորդներին,
Որոնք իրեն չէին հավատում:
Ինքն ընդամենը երազ էր տեսել՝
Իբր քայլում էր:
Հենակներով կռացած մի ծերունի
Ուշադիր լսում էր ծառին:
«Ես քո երկվորյակն եմ»,- ասում էր ծառը:
Ծերունին քայլում էր ծառի ետևից,
Հենակները ծաղկում էին
Նրա ձեռքերի մեջ:
Ծառը սայթաքեց, ընկավ:
Ծերունին հենակներով
Փորձեց բարձրացնել.
Ծառն անշնչացած էր:
Ծերունին պառկեց նրա կողքին
Ծերացած Ռոմեոյի պես,
Միայն թե նրա սրտից հոսող արյունը
Պարզապես կանաչ էր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.